Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց

(0 votes)

Մենք ենք մեր կրթության ճարտարապետները

Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել՝ հարստացնելով մարդու միտքն ու աշխարհայացքը: Կրթված մարդը, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը շրջապատում: Կրթությունը գիտելիքների մի աղբյուր է, որը չունի ավարտ: Կրթված լինելու գրավականը որակյալ կրթությունն է:

Ասօրվա կրթական համակարգի որակի շուրջ ծավալված մեր զրույցը Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն ՀԱՅԿԱԶՆ  ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ է, ով  տարիներ շարունակ այդ գործում ներդրել է իր ողջ ուժն ու եռանդը:  

-Պարո՛ն Նավասարդյան, մի փոքր պատմեք դպրոցի անցած ճանապարհի մասին:  

-ԽՍՀՄ-ում 1963թ.-ից սկսած`ստեղծվեցին ֆիզիկամաթեմատիկական ուղղվածության դպրոցներ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, իսկ 1965 թվականին`նաև Անդրկովկասում: Դրանց հիմնական նպատակը բնագիտությունը, մասնավորապես`  ֆիզիկա և մաթեմատիկա առարկաները զարգացնելն էր:
Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը կառավարության որոշմամբ հիմնադրվել է 1965 թվականին` ակադեմիկոս, գիտնական, մաթեմատիկոս, լավ մանկավարժ և հայրենասեր մարդ Արտաշես Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ: Ստեղծման առաջին իսկ օրվանից այն ստացավ հատուկ կարգավիճակ, այսինքն` դպրոցի սաներն ունեին այդտեղ գիշերելու հնարավորություն, ինչն առ ասօր պահպանվել է: Դրա նպատակն այն էր, որ հանրապետության մարզերի, ինչպես նաև  Ջավախքի, Լեռնային Ղարաբաղի երեխաները կարողանային մնալ դպրոցում: Իսկ նրանց սննդով ապահովում էր և շարունակում է ապահովել պետությունը:

Դպրոցը ստեղծման օրվանից համալրված էր լավագույն (ընդ որում, ոչ միայն ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների) մասնագետներով: Ես որպես սան ընդունվել եմ այս դպրոց 1971 թվականին և այդ ժամանակաշրջանից լավ ծանոթ եմ մանկավարժական կազմին ու դպրոցի անցած ճանապարհին: Մեր դպրոցի մանկաավարժական կազմը եղել է ճանաչված թե՛ հանրապետությունում, թե՛ նրա սահմաններից դուրս: Կրթօջախում միշտ հարգի է եղել լավ սովորելը, երեխաներն իրենց բավականին լավ են դրսևորել տարբեր մրցույթներում, մասնավորապես` ինչպես  հանրապետական, այնպես էլ, 1993 թվականից սկսած, միջազգային օլիմպիադաներում և միշտ պատվով ու հաղթանակած են վերադարձել դրանցից: Եթե հանրապետությունից օլիմպիադայի ընդհանուր մասնակիցների թիվը, ասենք, վեցն է, ապա դրանցից չորսը հաստատ մեր դպրոցից է: Մենք միշտ փորձել և փորձում ենք պահպանել կրթական որակի բարձր մակարդակը: Լինելով իր տեսակի մեջ միակը հանրապետությունում` դպրոցը 50 տարուց ավելի հավատարիմ է իր առաքելությանը, և պատահական չէ, որ 2015 թվականին`կրթօջախի 50-ամյա հոբելյանի տոնակատարության  ժամանակ դպրոցը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց Մովսես Խորենացի մեդալով:

- Ինչպե՞ս է կատարվում աշակերտների ընտրությունը:

-Մեզ մոտ ի սկզբանե ընդունելությունը կատարվում էր 8-10-րդ դասարաններում, իսկ այժմ, երբ արդեն գործում է 12-ամյա կրթական համակարգը, ընդունելությունը 7-րդ դասարանից է: Անցյալ տարի բավականին լուրջ ընդունելության մրցույթ կազմակերպվեց, որի արդյունքում 700 դիմորդից անցավ ընդամենը 150-ը: Մեր դպրոցի հաջողությունների կայացմանը նպաստում են նաև 10 առարկայական խմբակները: Ունենալով լավ մանկավարժական կազմ`փորձում ենք պահպանել տարիների մեզ փոխանցված ավանդույթները, մեր լավագույն կադրերին ճանաչելի դարձնել աշխարհով մեկ:

- Ձեր դպրոցում երեխան ստանում է փայլուն կրթություն, այնուհետև պետք է կրթությունը շարունակի բուհում: Չկա՞ մտավախություն, որ երիտասարդը, արդեն դպրոցում սովորած լինելով նոր մոտեցումներին, այն ավարտելուց հետո կհայտնվի բուհում, որտեղ քիչ բան է փոխվել վերջին 15 տարվա ընթացքում: Այս դեպքում կարող է էլ ավելի ուժեղանալ արտերկրում ուսումը շարունակելու ցանկությունը:

-Երբ կազմվում էր ավագ դպրոցի հայեցակարգը, ես նույնպես համապատասխան հանձնաժողովի կազմում էի, և քննարկումների ժամանակ իմ առաջին հարցը եղել է այն, թե ովքեր են դասավանդելու ավագ դպրոցներում: Եթե իրականում մեր նպատակը մասնագիտացված առարկաների ուղղվածության խնդիրները լուծելն է, ուրեմն պետք է գիտակցենք, որ մեզ բարձրակարգ մասնագետներ են անհրաժեշտ, և առաջնահերթ կարողանանք այդ հարցը լուծել: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ կրթական համակարգը կարգավորելու համար պետք է սկսել բուհական համակարգից, այլ ոչ թե դպրոցից: Օրինակ, եթե մենք դպրոցում անցնում ենք բնագիտություն առարկան, բայց որևէ բուհում այդպիսի  մասնագիտություն չունենք, ստիպված ենք լինում «յոլա» տանել այդ առարկան ֆիզիկայի կամ քիմիայի մասնագետների միջոցով: Իսկ դա նշանակում է, որ լուրջ գիտելիքներ չենք տալիս այդ ոլորտում: Այսօրվա մեր բուհերը շարժվում են 60-70թթ. կրթական ծրագրերով, ճկուն չեն, չեն փոխվում: Միանշանակ դպրոցում պետք է լավ մանկավարժ լինի, որպեսզի կարողանա կրթության լավ որակի հիմքը դնել, բայց այսօր մեր մանակավարժական համալսարանի ֆակուլտետներում դասավանդում են այնպիսի մեթոդիկա, որը գիտնականին միգուցե պետք է, բայց ապագա մանկավարժին` ոչ: Այսինքն՝ մանկավարժական համալսարանը պետք է լուծի ոչ թե գիտնականի, այլ լավ մանկավարժ կրթելու խնդիրը: Ես միշտ համարել եմ, որ բարձր` 10-12-րդ դասարաններում շատ առարկաների դասավանդումը խանգարում է երեխային իր մասնագիտական առարկայի մեջ խորանալուն, վնասում ապագա մասնագետներ ձևավորելուն, ուստի այդ առարկաների խնդիրը պետք է լուծվի խմբակների միջոցով: Ի վերջո, եթե ցանկություն ունես քո ոլորտում լինել գերաստղ, ապա միանշանակ պետք է լրացուցիչ աշխատես քեզ վրա: Դասագիրքը համարվում է հանրակրթություն, այսինքն`այն բոլորի համար է ստեղծված, իսկ եթե լավ մաթեմատիկոս կամ ֆիզիկոս դառնալու ցանկություն ունես, ապա դասագիրքը շատ քիչ է:

Երեխաներ ունենք, ովքեր բավականին լուրջ տիրապետում են ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներին, այսինքն` բուհերի 1-2 կուրսերի ծրագիրը գրեթե գիտեն, բայց ստիպված նստում են 50-60 հոգանոց խմբում, լսում դասախոսություն, որն իրենց չի հետաքրքրում: Իսկ դա կարող է առաջացնել հիասթափություն: Ահա թե ինչու շատերը մտածում են իրենց բարձրագույն կրթությունը արտերկրում շարունակելու մասին, որովհետև արտերկրի բուհը յուրաքանչյուրին մոտենում է յուրովի, մեծ լսարարաններում դասախոսություններ շատ քիչ են կարդացվում: Յուրաքանչյուրն իրեն տրված առաջադրանքն է կատարում: Նրանք շնչելու ժամանակ չեն ունենում, նրանց մոտ կրթական մթնոլորտ է տիրում: Եթե մեր երկրի սոցիալական և տնտեսական վիճակում, ինչպես նաև կրթական որակում էական փոփոխություններ չկատարվեն, ապա միշտ էլ պետք է սպասենք արտահոսքի: Մեր երկրում բուհերում կրթական որակը ցածր մակարդակ ունի, որովհետև ուսանողների մեծ մասը վճարովի համակարգում է սովորում, որը, այսպես թե այնպես, բացասական է անդրադառնում կրթական որակի վրա: Բոլորն էլ ուզում են կրթվել, լավին ու վատին, բազմաթիվ մեդալակիրներին և սովորական ուսանողներին  խառնում ենք իրար: Ու մինչև չառաձնացվեն կրթական ծրագրերը լավի ու վատի, մենք լուրջ հաջողություններ չենք կարող ունենալ կրթական ոլորտում:

-Տեղյակ ենք, որ Ձեր դպրոցում գործում է ռոբոտաշինության լաբորատորիա: Կխնդրեինք մի փոքր պատմեք դրա մասին:

-       Եթե ասեմ, որ մեր դպրոցը ռոբոտաշինության ոլորտում լուրջ առաջընթաց ունի, ճիշտ չի լինի:  Նախ, այդ ոլորտում լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, երկրորդը՝ պետք է հնարավորության ունենանք ազատությանը ձգտող աստիճանի մտքի վերելք ապահովել, այսինքն`ավելի կատարելագործել ռոբոտաշինությունը: Մինչդեռ երեխաներն ավելի խորանում են մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկաների մեջ և որոշ բաներ չեն կարողանում ֆիզիկապես հասցնել: Ամբողջ խնդիրն այն է, որ, ցավոք, բնագիտության մասնագիտական խնդիրներից շատերը դրված են ընդամենը 1-2 դպրոցների ուսերին, օրինակ, պետք է մի դպրոցում ծնվեն ռոբոտաշինության լավ մասնագետներ, մեկ այլ դպրոցում` լավ մաթեմատիկոս կամ ֆիզիկոս: Տաղանդավոր երեխան լավն է շատ ոլորտներում, բայց, ի վերջո, հիմա 21-րդ դարն է, Վերածննդի ժամանակաշրջանը  չէ, երբ նույն մարդը և՛ փիլիսոփա է, և՛ բժիշկ: Այնքան է ամեն ինչ խորացել և զարգացել, որ եթե որևէ մեկը ցանկություն ունի մի ուղղվածությամբ զարգանալ, ապա պետք է նեղացնի մասնագիտական ուղղվածությունը: Աշխարհայացքը թող մեծ լինի, եթե նա ցանկություն ունի իր ոլորտում կատարյալ դառնալ: 2-3 հոգով չես կարող որևէ բան անել, դրա համար առաձին մոտեցումներ են պետք: Նշեցի, որ կան խմբակներ, այսօր էլ ցանկություն ունենք բացել քիմայի լաբորատորիա: Մեզ այդ գործում մեծ աջակցություն է ուզում ցուցաբերել պրոֆեսոր, բժշկական համալսարանի քիմիայի հանձնաժողովի նախագահ Լիդա Արշակովնան: Ավագ դպրոցը պետք է կոնկրետ մի ուղղվածության լինի: Անցած տարի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր մեզ, և ես բարձրացրեցի այն հարցը, որ մի քանի լավագույն դպրոցները պետք է մի ուղղվածությամբ լինեն: Մեր դպրոցում, իմ կարծիքով, իմաստ չունի դասավանդել 12-14 առարկա. անցել են 60-ական թվականները: Եթե այսօր երեխան այդքան առարկա սովորի, ապա նա ժամանակ կկորցնի և չի կարողանա համընթաց շարժվել կրթական նորարարությունների հետ իր ընտրած մասնագիտական ուղղվածության մեջ: Այսինքն՝ երեխաները կորցնում են  լավագույնը դառնալու հնարավորությունը: Կան տաղանդավորներ, որոնք ձգտում են հասնել կատարելության բոլոր ոլորտներում, բայց պետք չէ տանջել մեր բոլոր երեխաներին:

-Որպես տնօրեն ի՞նչ խորհուրդ կտաք կամ կմաղթեք Ձեր դպրոցի սաներին:

- Բազմիցս ասել եմ, որ կրթական համակարգում փոփոխությունն անհրաժեշտ է: Բայց մենք մի քիչ թերանում ենք հետադարձ հայացք գցել, ինչ-որ ծրագիր կատարելուց հետո լրջորեն ուսումնասիրություն անցկացնել, երբեմն էլ տեսնում ենք բազմաթիվ թերություններ ու չենք ուզում մատնանշել դրանք:

Ես կցանկանամ, որ ոչ միայն մեր սաները, այլ ընդհանրապես ցանկացած սովորող, ուսանող, աշխատող լուրջ մտածեն մասնագիտության ընտրության հարցում, որովհետև երջանկությունը ոչ թե պարզապես բուհ դիմելու, այլ նրա մեջ է, թե ով դարձավ լավ գիտնական, լավ դասախոս կամ լավ շինարար: Երևի թե երջանկությունն այն է, երբ յուրաքանչյուրն իր հոգուն հարազատ, սիրելի գործով զբաղվի, և այդ դեպքում հաստատ գործի արդյունքը շատ ավելի լավը կլինի: Եթե մարդն ուղղակի իր ընտանիքը պահելու համար ընտրում է ինչ-որ մասնագիտություն, ասենք, պատ է շարում, բայց չի սիրում այդ գործը, նրա շարած պատը չի կարող ամուր լինել, քանի որ սիրով չի շարվել: Նույնը վերաբերվում է այլ մասնագիտություններին նույնպես. եթե պարտադրված ես այդ գործն անում, հաստատ դա իր արդյունքը չի տա, պետք է հոգի և սեր ներդնես գործիդ մեջ: Իմ հորդորն է երիտասարդներին. «Փորձեք ընտրել այնպիսի մասնագիտություն, որը կկարողանաք սիրով կատարել, և ձեր արած գործից հաստատ գոհ կլինեք թե՛ դուք, թե՛ հասարակությունը: Հավատացե՛ք, դա ավելի ազգանվեր գործ է, քան թե որևէ դիպլոմ կամ ինչ-որ մի գիտական աստիճան ստանալը»: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր