ՆՈՒՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

(0 votes)

Մեր աշխատանքը պետք է լինի թիմային

 Հայաստանում բժշկության ոլորտում վերջին տարիներին զգալի առաջընթաց է նկատվում թե´ նորագույն սարքավորումների ձեռք բերման, թե´ մասնագետների պատրաստման առումով: Բուժհաստատությունները ոչ միայն հագեցած են նոր սարքավորումներով, այլ նաեւ համալրված են բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներով: Իրականում Հայաստանը ընտրել է մի ուղի, որտեղ մեծ նշանակություն է տրվում առողջապահական համակարգում եղած միջոցներն առաջին հերթին մասնագետների պատրաստման գործում ներդնելուն, որը շատ կարեւոր է: Առանց որակյալ ախտորոշման անհնար է​ կազմակերպել որակյալ բուժում: Ռադիոլոգիան (ճառագայթաբանությունը) արագ տեմպերով է զարգանում, բայց ներկայումս միանշանակ չեն այս ախտաբանական վիճակի ճառագայթային ախտորոշման արդյունավետության մասին կարծիքները,​ մշակված չեն հիվանդների ճառագայթային հետազոտման առավել արդյունավետ ախտորոշիչ միջոցներ:

<<Իզմիրլյան>> բժշկական կենտրոնը ղեկավարում է Արմեն Գերասիմի Չարչյանը, որն ունի մեծ ավանդ մեր բժշկագիտության զարգացման մեջ, մարդ, որն իր գործի նվիրյալն է եւ մեծ առաքելություն ունի <<Իզմիրլյան>> բժշկական կենտրոնի կայացման գործում: Հանրապետության խոշորագույն բժշկական հաստատություններից է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է համաշխարհային չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ եւ բարձր որակավորված բժշկական օգնություն: Համակարգչային նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ կենտրոնի ախտորոշման բաժանմունքը ուլտրաձայնային մեթոդի ախտորոշիչ եւ տեսողական հնարավորությունները զգալիորեն հարստացրել է, ինչը հնարավորություն է տալիս այն կիրառել ոչ միայն ախտորոշման նպատակով, այլեւ իրականացվող բուժման արդյունավետության վերահսկման, ինչպես նաեւ որոշ բուժական միջոցառումներ ու միջամտություններ իրականացնելիս` տեսողական հսկողության ժամանակ: Կիրառվող սարքերի բարձր մակարդակը մեծացնում է ախտաբանությունների հայտնաբերման, հյուսվածքների մանրագույն կառուցվածքի առավել հստակ զննման հնարավորությունները, բարձրացնում դիֆերենցիալ ախտորոշման արդյունավետությունը՝ դրանով իսկ օգնելով հիվանդությունները հայտնաբերել եւ արդյունավետ բուժում կազմակերպել դրանց զարգացման առավել վաղ փուլերում: Ճառագայթային ախտորոշման յուրաքանչյուր մեթոդ ունի իր նպատակը, իսկ ինքնուրույն որոշումների դեպքում հիվանդը կրկնակի ռեսուրս է վատնում:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, Հայաստանի բժշկագիտության մեջ մեծ ավանդ եւ ներդրում ունեցող բժշկուհի,<<Իզմիրլյան>>  բժշկական կենտրոնի ռադիոլոգ ՆՈՒՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Իսկական բժիշկը նա է, որը ոչ մի դեպքում չի կորցնում զսպվածությունը, համբերատար փորձում է օգտակար լինել հիվանդին, կարողանում է դրական ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա: Եվ հենց այդպիսին է մեր զրուցակիցը, որն ունի նաեւ խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը:
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​
-Տիկի´ն Բաղդասարյան, ի՞նչ գործառույթներ է իրականցնում Ձեր բաժանմունքը, ովքե՞ր կարող են դիմել Ձեզ:
- Մեզ հիմնականում կարող են դիմել որովայնի խոռոչի օրգանների, կրծքագեղձի,վահանաձեւ գեղձի խնդիրներ ունեցողները: Վահանաձեւ գեղձի խնդրի ժամանակ լինում է դիֆուզ եւ հանգուցավոր փոփոխություններ, իսկ հանգույցների ուսումասիրման ժամանակ պետք է պատկերացում տալ հանգույցի չարորակ եւ բարորակ լինելու մասին, ինչպես նաեւ շատ ուշադիր լինել կառուցվածքի եւ անոթավորման ու շրջակա ավշահանգույցների չափերի նկատմամբ: Կասկածելի դեպքերում մենք կատարում ենք հերթական հետազոտություններ՝  դոպլերոգրաֆիկ, կասկածելի հանգույցների դեպքում՝ էլաստոգրաֆիա կամ ասեղային պունկցիոն բիոպսիա, 40 տարեկանից բարձր մարդկանց մոտ՝​ ՀՇ կամ ՄՌՏ հետազոտություններ, սցինտիգրաֆիա։
Բաժանմունքը հագեցած է հանրահայտ ՙToshiba՚ ընկերության արտադրության լավագույն տեխնիկայով, սարք, որը կարող է առկա խնդրի դեպքում որակական առումով մեզ տալ հստակ պատկեր: Մեր բաժանմունքի ղեկավարը տոմոգրաֆիայի բժիշկ Արամ Ցոլակի Դանիելյանն է` շատ լավ անձնավորություն, լավ մարդ ու մասնագետ, լավագույն ղեկավար, որը մշտապես գնահատվել եւ գնահատվում է մեր անձնակազմի կողմից:
-Ի՞նչ մակարդակ ունի մեզ մոտ բժշկին դիմելու կուլտուրան:
-Դիմելիության կուլտուրայի մակարդակը մեր երկրում վերջին տարիներին բավականին բարձրացել է: Մենք ըմբռնումով ենք մոտենում մեր աշխատանքին, որը, ամեն դեպքում, նաեւ սպասարկող ոլորտ է, ամեն տեսակի ու որակի մարդկանց հետ ենք շփվում, եւ բժիշկը պետք է կարողանա իրավիճակին տիրապետել, որպեսզի մեզ դիմող պացիենտները գոհ հեռանան մեր կենտրոնից: Ինձ թվում է` այդ առումով ես խնդիր չունեմ. փառք Աստծո, իմ պացիենտները միշտ ինձնից գոհ են հեռացել:
- Ընտրել եք մի մասնագիտություն, որը պահանջում է մեծ պատասխանատվություն:​ ​
-Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Ծնողներս եղել են բժիշկներ, եւ, մեծանալով նման մթնոլորտում, ապրում եմ բժշկությամբ ու մինչ օրս ինձ առանց դրա չեմ պատկերացնում: Ընդհանրապես պետք է սիրես քո մասնագիտությունը, որպեսզի նվիրումդ եւ ավանդդ արդյունք տան: Ավարտելով բժշկական համալսարանը, ստանալով ընտանեկան բժշկի որակավորում` մի քանի տարի աշխատելուց հետո որոշեցի նեղ մասնագիտացումս փոխել եւ մասնագիտանալ դիագնոստիկայի մեջ: Ընտրեցի ռադիոլոգիայի ճյուղը, սովորեցի օրդինատուրայում, որից հետո աշխատել եմ ԱրմաՄեդ կենտրոնում, որից հետո՝ տեղափոխվել ՙՆաիրի՚ բժշկական կենտրոն, ապա տեղափոխվել եւ մինչ օրս աշխատում եմ ՙԻզմիրլյան՚ բժշկական կենտրոնում: Մինչ նեղ մասնագիտացում ընտրելս հայրս միշտ պնդում էր, որ գինեկոլոգ դառնամ, բայց, ճիշտն ասած, ես ինձ չգտա այդ ոլորտում: Ճառագայթաբանության մեջ ինձ ուսուցիչ կարող եմ համարել Արմեն Կարպի Ղազարյանին, Սուրեն Հակոբի Պետրոսյանին եւ Գեղամ Գուրգենի Աղաբեկյանին, որոնք իմ մեջ սեր ներշնչեցին դեպի այդ ոլորտը:
Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների մասնագիտությունը, բայց իմ երեխաների դեպքում այդպես չէր. երկու աղջիկներս բժշկությամբ չզբաղվեցին` ընտրելով​ այլ մասնագիտություններ. մեկը տնտեսագետ է, մյուսը` իրավաբան: Ես այդ հարցում չեմ խառնվել` ցանկանալով, որ իրենք ընտրեն իրենց հոգեհարազատ մասնագիտությունը:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Մեր հասարակությանը կցանկանամ միմիայն առողջություն, համբերատարություն եւ լավատեսություն: Կցանկանամ, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին, եւ մեր երկրում վերջապես վերանա հայկական այն մտածելակերպը, երբ դանակը ոսկորին հասնելու դեպքում միայն դիմեն բժշկի: Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ եւ լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում եւ կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն: Սիրեք ձեզ եւ ձեր մարմինը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր