ԳԱԳԻԿ ՀԵԲՈՅԱՆ

(0 votes)

Յուրաքանչյուր բժշկի համար ամենակարեւորը հիվանդներին առողջ տեսնելն է

Սիրտ-անոթային հիվանդությունները մշտապես բազմաթիվ կյանքեր են խլում։ Բժշկության այս ոլորտն անընդհատ զարգացման եւ նոր տեխնոլոգիաների ու դեղորայքների կիրառման կարիք ունեցել է եւ ունի։
Ոլորտի զարգացման համար կարեւորվում են բազմաթիվ խնդիրներ, ու պետք է մասսայականացնել սիրտ-անոթային հիվանդությունները կանխարգելող միջոցառումները եւ մեծացնել առողջ ապրելակերպի մասին տեղեկատվությունը։
Ինչ վերաբերում է սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացմանը,  ապա, սրտաբանների կարծիքով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է այդ հիվանդությունների երիտասարդացում, ինչը պայմանավորված է նյարդահոգեբանական ծանրաբեռնվածությամբ, լարվածությամբ, ինչպես նաեւ ոչ առողջ ապրելակերպով:
Սրտաբանությունը մշտապես զարգանում, վստահորեն ընթանում է նորարարություններին ընդառաջ: Ուրախալի փաստ է  նաեւ այն, որ վերջին տարիներին երիտասարդներն ավելի հետեւողական են եւ հաճախ են անցնում բուժզննում, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդ տարիքում կանխել հիվանդության հետագա զարգացումը:

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է սրտաբանության մեջ մեծ ներդրում ունեցող, իր գործի նվիրյալ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժ, սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ սրտի վիրաբուժության գծով խորհրդական ԳԱԳԻԿ ՀԵԲՈՅԱՆԸ: Բժիշկը պատրաստ է օրվա ցանկացած ժամին օգնել իրեն դիմող ցանկացած պացիենտի: Հոյակապ մարդ, որի շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկվել, եւ որի դերը, անձնուրաց նվիրումը անգնահատելի են սրտաբանության զարգացման մեջ:

-Պարոն Հեբոյան, ի՞նչ գործունեություն է ծավալվում բաժանմունքում, եւ ովքե՞ր կարող են Ձեզ դիմել:

-«Նորք-Մարաշ»  բժշկական կենտրոնի սիրտ-անոթային վիրաբուժության ծառայությունը ստեղծվել է Հայաստանում սրտային վիրաբուժության դպրոցի հիմնադիր, Ալբերտ Սթարի անվան ակադեմիական կենտրոնի (Պորտլենդ, ԱՄՆ) առաջատար սրտի վիրաբույժ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի գլխավորությամբ` հայ բժիշկների հետ համատեղ: Ծառայությունը համալրված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով եւ հագեցած է նորագույն սարքավորումներով: Կենտրոնում կատարվում են բոլոր տեսակի սրտի վիրահատություններ` անկախ պացիենտի տարիքից, քաշից եւ հիվանդության բարդությունից (բացառությամբ սրտի փոխպատվաստումը): Բաժանմունքում մատուցվող ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ու պատահական չէ, որ Կենտրոնում բուժում են ստանում ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ օտարերկրյա  պացիենտներ: Բաժանմունքը զբաղվում է սիրթ-անոթային բոլոր այն հիվանդություններով, որոնք վիրաբուժության կարիք ունեն թե՛ մեծահասակների, թե՛ մանկական, թե՛ նորածնային խմբերում:

-Բժի՛շկ, կվերհիշե՞ք Ձեր կողմից իրականացված առաջին վիրահատությունը, որը տպավորիչ էր Ձեզ համար:

-Ես առաջին վիրահատությունն իրականացրել եմ բժիշկ Արա Անանյանի գլխավորությամբ: Իհարկե, դա ինձ համար բավականին հուզիչ եւ տպավորիչ պահ էր ու այն դարձել է վառ հիշողություն:

-Ընտրել եք շատ պատասխանատու եւ ռիսկային աշխատանք, ե՞րբ եւ ինչպե՞ս գնացիք այդ քայլին:

-Անկեղծ ասած, սրտային վիրաբույժ դեռ շատ վաղուց էի որոշել դառնալ, չնայած այդ ժամանակ` դպրոցական տարիներին, երեւի թե, չէի էլ պատկերացնում, թե ինչ մեծ պատասխանատվություն եմ փորձում վերցնել իմ ուսերին: Դպրոցն ավարտելուց հետո ուսանել եմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, այնուհետեւ սրտային վիրաբուժության օրդինատուրան անցել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բազայում, ապա նեղ մասնագիտական շարունակական կրթություն ստացել նույն բժշկական կենտրոնում`Հրայր Հովագիմիանի առաջնորդած եւ գլխավորած դպրոցում: Մարդ, ով իմ ուսուցիչն է սրտային վիրաբուժության մեջ (եւ ոչ միայն սրտային վիրաբուժության մեջ): Շնորհակալ եմ նաեւ այն բոլոր ավագ բժիշկներին, որոնք միշտ ինձ աջակից են եղել, ինձ տվել են շատ մեծ գիտելիքների բազա: Կցանկանամ նշել նաեւ, որ շատ շնորհակալ եմ Աստծունայն բանի համար, որ իմ կողքին կան շատ լավ ընտանիք եւ լավ ընկերներ, որոնք ըմբռնումով են մոտենում իմ աշխատանքին, ներողամտորեն վերաբերվում իմ բացակայություններին: Իմ առօրյա գերլարված աշխատանքից հետո իմ անդորրը գտնում եմ ընտանիքում` իմ փոքրիկ տղայի հետ:

-Մասնագիտական ասոցիացիայի անդա՞մ եք:

-Այո՛, վիրաբուժության ասոցիացիայի անդամ եմ: Ընդհանրապես ասոցիացիաները բժշկական հասարակության մեջ շատ լուրջ դեր ունեն, մասնագիտական շատուշատ հարցերի հարթակ են համարվում եւ անհրաժեշտ են մասնագիտական զարգացման համար:

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ի՞նչ կասեք նրանց մասին:

-Մեր ապագա բժշկությունը տեսնում եմ բավականին խոստումնալից դիրքերում եւ հուսալի ձեռքերում, որովհետեւ ունենք բավականին շատ լավ երիտասարդ մասնագետներ, որոնք աչքի են ընկնում ժամանակակից մտածելակերպով, նվիրված են գործին եւ սիրում են իրենց մասնագիտությունը, ունեն շատ մեծ ներուժ: Մնում է միայն, որ պետական մակարդակով այնպիսի հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի մեր համակարգը կարողանա արագ զարգանալ: Ես, լինելով առողջապահության նախարարի սրտային վիրաբուժության մասով խորհրդական, շատ մեծ հույսեր ունեմ առողջապահության նախախարության հետ կապված,  որտեղ տարվող աշխատանքերը եւ դրանցից բխող արդյունքերն արդեն իսկ խոստումնալից են: Բավականին լուրջ գործեր կան արված եւ պլանավորված:

-Բժշիկ, ի՞նչ խնդիրներ եք տեսնում ձեր ոլորտում:

-Իրականում որոշակի ախտորոշումներ կան, որոնք կյանքի համար սպառնալիք են հանդիսանում: Նկատի ունեմ առաջին հերթին աորտայի շերտազատումը եւ հույս ունեմ` մի օր այնպիսի համակարգ կունենանք, որ աորտայի շերտազատումը պետական հոգածությամբ լուծվելիք խնդիր կդառնա: Բժիշկը եւ պացիենտը վիրահատությունն արագ կազմակերպելու համար շատ կարճ ժամանակ ունեն, որպեսզի հետագայում հիվանդի ապրելու հավանականությունը մեծ լինի: Հետեւաբար, կցանկանամ, որ ֆինանսական հարցեր շատ չծագեն,  իսկ պետության կողմից մշակվի ավտոմատ մեխանիզմ:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը եւ հորդորը հայ հասարակությանը:

-Հորդորս եւ մաղթանքս այն է, որ մեր հասարակությունն առողջական խնդիր ունենալու դեպքում անհապաղ բժշկի դիմի: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ մարդիկ մեզ դիմում են շատ բարձիթողի իրավիճակներում, երբ արդեն թե՛ վիրահատական միջամտության վտանգն է ավելի մեծ, թե՛ կյանքի որակի բարելավման խոստումներն են պակասում: Կցանկանամ, որ լինեն ավելի զգոն, ունենան լուրջ մոտեցում իրենց առողջության նկատմամբ ու բժշկի դիմեն այն դեպքերում, երբ դեպի վտանգ գնացող սահմանագիծը դեռ չեն անցել: Իսկ երբ վտանգները բավականին մեծ են, ակնկալիքները քիչ են լինում: Յուրաքանչյուր բժշկի համար ամենակարեւորը հիվանդներին առողջ տեսնելն է: Եղեք առողջ, սիրեք այն, ինչ ձեզ տրված է Աստծո կողմից:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր