ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ Featured

(0 votes)

Ինչքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան ավելի հեշտ կլինի բուժօգնություն ցուցաբերելը

Բժշկությունն օրեցօր առաջընթաց է ապրում, եւ արդի նորարարությունների զարկերակին համընթաց պետք է քայլել:Ակնաբուժության ոլորտը պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն, նվիրվածություն:  http://bestgroup.am/  կայքի  զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, ՀԱՆ աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող, Ամերիկայի ակնաբույժների ասոցիացիայի անդամ (AAO) եւ Եվրոպական կատարակտալ-ռեֆրակցիոն վիրաբույժների միության անդամ (ESCRS), բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ: Նա իր գործի նվիրյալներից մեկն է, ում անմիջական մասնակցությամբ բազմաթիվ հիվանդներ վերականգնել են իրենց աչքի լույսը եւ սկսել բոլորովին այլ գույներով ընկալել աշխարհը: Բժշկի լավ կազմակերպած աշխատանքի շնորհիվ կատարվում է հիվանդների ճշգրիտ ախտորոշում եւ հետագա բուժում:

-Մի քիչ կխոսե՞ք «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին:

-Պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի եւ ամերիկահայ բարերար պրոֆեսոր Ռոջեր Օհանեսյանի համատեղ գաղափարի արդյունքում, «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ արդեն 16 տարի է՝ Հայաստանում իրականացվում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը: Շարժական ակնաբուժական կլինիկան, որը հագեցած է ահրաժեշտ սարքավորումներով եւ համալրված է համապատասխան մասնագետներով, շրջում է Հայաստանի բնակավայրերում, անվճար բուժզննություններ, անհրաժեշտության դեպքում` նաեւ վիրահատություններ կատարում,  կանխարգելում ձեռքբերովի կուրությունը: Շրջանների բուժկետերում մեր խմբերը կամ տեղի ակնաբույժները նախօրոք իրականացնում են բնակչության բուժզննում` սքրինինգ եղանակով: Մոտավոր որոշվում է հիվանդների թիվը, եւ ուղեգրվող հիվանդներին տրվում է կտրոն, որի վրա նշվում է այցելության օրը եւ ժամը: Պլանավորված ժամանակահատվածում շարժական հիվանդանոցով մեկնում ենք մարզ եւ կատարում գործիքային հետազոտությունները, լազերային միջամտությունները եւ վիրահատությունները: Ընդ որում, վիրահատությունների եւ լազերային միջամտությունների քանակը գրեթե միշտ նախատեսվածից շատ է լինում, բայց մինչեւ հերթագրված վերջին հիվանդը բոլոր վիրահատությունները կատարվում են: Շարժական կլինիկան կշարունակի գործել այն վայրերում, որտեղ ռեգիոնալ ակնաբուժական կլինիկաներ չկան։

-Պարոն Հովսեփյան, ի՞նչ խնդիրներով են ավելի հաճախ Ձեզ դիմում մարզերում:

-Հաճախակի հանդիպող հիվանդությունը կատարակտն է, որի զգալի մասն արդեն գերհասուն բարձիթողի վիճակում է լինում: Վիրահատության ընթացքում դրվում է արհեստական ոսպնյակ: Արդեն մի քանի տարի է, որ առավելապես կիրառում ենք վիրահատության ֆակոէմուլսիֆիկացիոն (առանց կարի) ժամանակակից եւ արդյունավետ մեթոդը,  որի շնորհիվ շատ հաճախ վիրահատության հենց հաջորդ օրը հիվանդի մոտ տեսողությունը 80-100%-ով վերականգնվում է: Հաճախակի են նաև գլաուկոման, մսամոլները, ավելի հազվադեպ` կոպերի խնդիրները:

Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր մարզերում «Լույս հայի աչքերին» ծրագիրն իրականացնելու ընթացքում մշտապես ոգեշնչվել ենք հազարավոր մարդկանց շնորհակալական խոսքերից: Սոցիալապես խոցելի անձինք հնարավորություն ունեն անվճար օգտվելու ակնաբուժական ժամանակակից ծառայություններից եւ արդյունքում՝ վերականգնելու իրենց աչքի լույսը:

-Խոսենք արհեստական ոսպնյակի ֆիքսացիայի Ձեր անհատական մեթոդի մասին: Կիրառվո՞ւմ է այդ մեթոդն այսօր ակնավիրաբուժական պրակտիկայում:

-Այս մեթոդը հայտնաբերել եւ կիրառության մեջ եմ դրել 2007 թվականից, երբ Մալայան կենտրոնում հիվանդներիցս մեկի վիրահատության ընթացքում հետին խցիկային ոսպնյակի հենարանի անլիարժեքության պատճառով, ընդունված կանոնների համաձայն, անհրաժեշտ էր գնել նոր առաջային խցիկային մոդելի ոսպնակ: Իսկ դա հիվանդիս համար մատչելի չէր, եւ ես ստիպված էի օգտագործել արդեն ներդրված հետին խցիկային մոդելի ոսպնյակը, որի համար մտածեցի նոր ֆիքսացիայի մեթոդ: Առայսօր մեթոդը կիրառել եմ այն բոլոր բարդ դեպքերի ժամանակ, երբ ոսպնյակի բնական հենարանը շատ թույլ էր կամ իսպառ բացակայում էր: Այս մեթոդն ավելի շատ կիրառվում է անվճարունակ հիվանդների համար, ուստի այդ գաղափարը սկսեց ներդրվել «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագրում:

Վերջին տարիներին նոր ուլտրաձայնային ֆակոէմուլսիֆիկացիայի եղանակն է հիմնականում կիրառվում կատարակտի վիրահատության ժամանակ, ինչն ակնավիրաբուժության մեջ համարվում է ժամանակակից առաջատար եղանակ: Առաջարկված ֆիքսացիայի մեթոդը համադրելի է նաեւ կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիայի եղանակով վիրահատության գնացող հիվանդների համար, որոնց մոտ առկա է բնական ոսպնյակի հենարանի թուլություն:

-Բժշկությունը կոչո՞ւմ է, թե մասնագիտություն:

-Բոլոր բժիշկներս էլ Հիպոկրատի երդում ենք տվել եւ ուզում ենք աշխատել ի շահ պացիենտի: Ցանկացած հիվանդի երջանկություն է պատճառում, երբ իրեն աջակցության ձեռք են մեկնում: Հաճելի է, երբ տեսնում ես, որ կարողանում ես հեռավոր գյուղերի բնակիչներին բուժօգնություն ցուցաբերել ու փրկել հետագա կուրացումից, մինչդեռ նրանք օրվա հացը հոգալու խնդիր ունեն եւ ի վիճակի չեն մասնագետի դիմել:

-Բժիշկ, կներկայացնե՞ք Մալայան կենտրոնում առկա նորագույն տեխնոլոգիաներից մեկը:

-Մալայան կենտրոնում գործող առաջատար հանրահայտ «Ալկոն» ֆիրմայի ֆեմտովայրկյանային լազերը տեսողության շտկման բացառիկ սարք է եւ ունի կանխատեսելի ճշգրտություն: Այն հնարավորություն է տալիս ձեւավորել համաչափ բարակ տափակ եղջերաթաղանթային լաթ ամբողջությամբ վերահսկվող տրամագծով, հաստությամբ եւ կենտրոնի տեղակայմամբ: Նրան զուգակցված այլ սարքի (էքսիմերային) միջոցով շտկվում է կարճատեսությունը, հեռատեսությունը եւ ասիգմատիզմը: Ֆեմտովայրկյանային սարքը կիրառվում է նաեւ կերատոկոնուսի ժամանակ կերառինգերի ճշգրիտ տեղադրման համար:

-Իսկ ի՞նչ կասեք առաջնային օղակի մասին:

-Մեր առաջնային օղակներում բավականին բանիմաց բժշիկներ կան, եւ նրանք, անհրաժեշտության դեպքում, հիվանդներին ուղեգրում են ակնաբուժական կլինիկաներ: Մեր դեպքում նախօրոք հերթագրում են հիվանդներին, թղթաբանությունը իրականացնում, եւ մենք ընդունում ենք նրանց: Իհարկե, բժշկի ընտրությունը կարեւոր է:

-Ձեր կարծիքը երիտասարդ սերնդի մասին, ըստ Ձեզ, ի՞նչ ապագա կունենա մեր ակնաբուժությունը:

-Այժմյան սերունդը ձգտող է, պրպտող, ցանկանում է մշտապես քայլել նորարարությունների զարկերակին համընթաց: Այսօր երիտասարդների համար ավելի հասանելի են թե գրականությունը, թե լայնածավալ տեղեկատվությունը: Իսկ մեր ժամանակներում մենք բժշկական գրականություն էինք փնտրում գրադարաններում, որ անհրաժեշտ նյութը կարդանք: Եվ համոզված եմ, որ յուրաքանչյուր պրպտող անձ կհասնի իր նպատակին:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իհարկե, միանշանակ Ալեքսանդր Սերգեյի Մալայանին եւ Կարեն Ալեքսանդրի Շաղբաթյանին, որոնց տված գիտելիքներն ինձ համար անգնահատելի են:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

-Ուզում եմ բոլորին ասել, որ հիվանդության կանխարգելումը շատ ավելի դյուրին է, քան բուժումը, ուստի թող պացիենտներն ավելի վստահաբար դիմեն բժշկի, որովհետեւ մենք՝ բժիշկներս, օրնիբուն ջանք չենք խնայում, որպեսզի որակյալ եւ նպատակային բուժօգնություն ցուցաբերենք: Կցանկանամ, որպեսզի ավելի շատ վստահեն ու հարգեն բուժաշխատողներին: Մաղթանքս էլ մշտապես անփոփոխ է. «Առողջ ապրեք, ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ»: Բոլորին խորհուրդ կտամ շատ հետեւողական լինել իրենց աչքերի առողջության հարցում, կանխարգելիչ նպատակներով գոնե տարին մեկ անգամ անցնել բուժզննում, քանի որ, ինչքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան ավելի հեշտ կլինի բուժօգնություն ցուցաբերելը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր