ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Featured

(0 votes)

Արդեն 41 տարի է, ինչ դասավանդում եմ, բայց երբեւէ չեմ հոգնել, ընդհակառակը, քանի գնում, ավելի մեծանում է հետաքրքրությունս մեր ոլորտի հանդեպ   

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նյարդային համակարգի հիվանդությունները բավական տարածված են, ուստի խիստ արդիական է բարձրակարգ մասնագիտացված ծառայությունների եւ որակյալ մասնագիտական ներուժի առկայությունը:

 http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Ունենալով երկար տարիների ներդրում մեր բժշկության մեջ` նա դժվարին պահերին կանգնում է հիվանդի կողքին, կիսում նրա դժվարությունները, հաճախ անհնարինը դարձնում հնարավոր եւ, իր կոչմանը հավատարիմ լինելուց բացի, սիրում է իր երկիրը:

-Բժիշկ, ընտրել եք շատ պատասխանատու, ռիսկային աշխատանք, ինչպե՞ս եւ ե՞րբ գնացիք այդ քայլին:

-Իրականում յուրաքանչյուր աշխատանք այսօր, անկախ  բնագավառից, ռիսկային կարող ենք համարել: Գործունեությունս սկսել եմ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո: 1976-1977թթ. սկսել եմ աշխատել Չարենցավան քաղաքի բուժսանմասում, իսկ արդեն 1978 թվականից աշխատում էի Երեւանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (այսօր այն կոչվում է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ) նյարդաբանության ամբիոնում, եղել եմ լաբորանտ, ամբիոնի ասիստենտ, դոցենտ, այդ ընթացքում պաշտպանել թեկնածուական, ապա դոկտորական թեզերը, դարձել գիտությունների դոկտոր եւ ամբիոնի վարիչ: Ներկայումս նյարդաբանության մեկ ամբիոն կա Երեւանի պետական բժշկական համալսարանում, որտեղ ամբիոնի պրոֆեսոր եմ: 1978 թվականից առ այսօր շարունակում եմ աշխատել նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Այդ ընթացքում եղել եմ ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբանը, բայց 2018 թվականին առողջապահության նախարարի հրամանով գլխավոր մասնագետների համակարգը դադարեց գործել: 2001 թվականից մինչ օրս Պաշպանության նախարարության բուժվարչության գլխավոր  նյարդաբանն եմ: Շուրջ 10 տարի Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահն եմ:

-Ի՞նչ են տալիս մասնագիտական ասոցիացիաները:   
-Ասոցիացիաները բժիշկներին տալիս են գիտելիքների նոր եւ մեծ բազա, փորձի փոխանակություն արտերկրյա նյարդաբանների հետ: Անցյալ տարվա սեպտեմբերին անցկացրեցինք «Brain-2018» միջազգային համաժողովը, որին, ԱՄՆ նյարդաբաններից բացի, ժամանել էին ներկայացուցիչներ նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից: Հայաստանի նյարդաբանները ծանոթացան մեր բնագավառի նորություններին:

2019 թվականի հուլիսին տեղի ունեցավ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության» խորագրով, որի շրջանակներում անցկացվեց մեր նյարդաբանական գիտաժողովը «Սուր կաթված» թեմայով` նվիրված սուր ինսուլտի բուժման ժամանակակից մոտեցումներին: Պատրաստվում ենք 2020 թվականին անցկացնել «Brain-2020» կոնֆերանս, որի կազմակերպելն այնքան էլ հեշտ չէ: Սպասում ենք տարբեր երկրներից մոտ քառասուն հյուրերի ժամանմանը, որոնց կեցության կազմակերպումը ասոցիացիայի համար լուրջ պատասխանատվություն է: Այս գիտաժողովների անցկացումը լինելու է շարունակական: Ասոցիացիայի ղեկավարության նպատակը մեր երկրի նյարդաբաններին աջակցելն է, որպեսզի նրանք արտերկրյա վերապատրաստումների հնարավորություն ունենան: Կցանկանամ, որ ասոցիացիաները կարողանան վճռական դեր խաղալ մեր երկրի բժիշկների պաշտպանվածության, նրանց աշխատանքի ճիշտ կազմակերպման հարցերում:  

-Ի՞նչ կասեք ձեր ոլորտի երիտասարդ կադրերի մասին:

- Այսօրվա դրությամբ բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնում 48 նոր մասնագետ 3 տարի ժամկետով անցնում է նյարդաբանական մասնագիտացում: Նրանք բավական զարգացած են, ունեն մեծ ձգտում եւ կատարելագործվելու ծարավ, ցանկանում են դառնալ լավ մասնագետ: Բայց նրանք պետք է նաեւ լավ հոգեբան լինեն, եւ մենք աշխատում ենք նաեւ այդ ուղղությամբ: Սակայն կան որոշակի դժվարություններ ուսումնական գործընթացում, որոնցից մեկն էլ հայերեն լեզվով մասնագիտական գրականության պակասն է: Ռեզիդենտները հիմնականում օգտվում են ռուսերեն եւ անգլերեն ինտերնետային աղբյուրներից, սակայն ոչ բոլորն են լավ տիրապետում այդ լեզուներին: Ամբիոնում այսօր պատրաստվում է հայերեն լեզվով նյարդաբանության ազգային ձեռնարկ, որը կբարձրացնի ուսուցման որակը եւ առարկայի ընկալումը: Արդեն 41 տարի է, ինչ դասավանդում եմ, բայց երբեւէ չեմ հոգնել, ընդհակառակը, քանի գնում, ավելի մեծանում է հետաքրքրությունս մեր ոլորտի հանդեպ   

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողերի մասնագիտական ուղին, Ձեր երեխաների դեպքում այդպե՞ս է:

-Իրականում այդպես է, եւ բժշկական մթնոլորտում մեծացած երեխան հիմնականում ձգտում է բժիշկ դառնալ: Կինս, ես եւ ավագ դուստրս նյարդաբան ենք, կրտսեր աղջիկս՝ ատամնաբույժ, իսկ մեծ թոռնիկս բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող է:  Ի դեպ, մայրս նույնպես բժիշկ է եղել, մանկաբույժ, եւ լինում էին դեպքեր, երբ կեսգիշերին հարեւանը դուռը թակում եւ խնդրում էր մայրիկիս օգնությունը, որ գնա եւ իրենց վատառողջ երեխային նայի: Նույնը այսօր տեղի է ունենում նաեւ ինձ հետ:

-Ըստ Ձեզ, բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:

-Իհարկե, առաջին հերթին մասնագիտություն է: Բայց երբ տարանջատում են լավ եւ վատ բժիշկ հասկացողությունը, կարծում եմ, նկատի ունեն ոչ թե բժշկի մասնագիտական գիտելիքները, այլ մոտեցման ձեւը, հիվանդին հոգեբանորեն օգնելը, նրան այդ ծանր վիճակից դուրս բերելու կարողությունը: Նյարդաբանների  մոտ հոգեբանությունը շատ մեծ նշանակություն ունի, եւ ես միշտ աշխատել եմ այնպես, որ ինձ դիմող ոչ մի հիվանդ դժգոհ չհեռանա: Իսկ դա անչափ կարեւոր հանգամանք է:

-Կվերհիշե՞ք Ձեր առաջին պացիենտին:

-1976 թվականին` բժշկական ինստիտուտի 7-րդ կուրսում, երբ 2-րդ հիվանդանոցում աշխատում էի որպես ինտերն, մենք համարվում էինք, այսպես ասած, բժիշկների օգնականներ: Եվ իմ առաջին պացիենտը, որ իշեմիկ ինսուլտ էր տարել, ապաքինվեց  գրեթե լիովին:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Պրոֆեսոր, ակադեմիկոս Սուրեն Գեղամի Զոհրաբյանին, ով, ցավոք, մահացավ երկու տարի առաջ: Ես նրա մոտ եղել եմ 1978 թվականից` Երեւանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, երբ նա ամբիոնի վարիչն էր, ու միշտ երախտապարտ եւ պարտական կլինեմ նրան:

-Տեղեկացված ենք, որ գեներալ-մայորի կոչում եք ստացել, մի փոքր կխոսե՞ք այդ մասին:

-Տարին այս պահին չեմ կարող կոնկրետ հիշել (ինձ թվում է` միջազգային ահաբեկչության ալիքի բարձրացման ֆոնի վրա էր), երբ մեր երկրում բացվեց Մոսկվայի «Антитеррор» կազմակերպության մասնաճյուղը, եւ ինձ առաջարկեցին անդամակցել այդ կազմակերպությանը, ու ես, իհարկե, համաձայնեցի: Ես այնտեղ բժշկական տարբեր թեմաներով դասախոսություններ էի կարդում, նաեւ այլ գործունեություն ծավալում: Մեկ տարի հետո ինձ շնորհվեց գնդապետի կոչում, երկու տարի անց պարգեւատրեցին «Սուրբ Գեորգի Հաղթաբերի», «Գեներալ Պլատով» ոսկե շքանշաններով: Առողջապահության ազգային ինստիտուտի 50-ամյակի կապակցությամբ առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար ՀՀ վարչապետի կողմից պարգեւատրվել եմ շնորհակալագրով` արցախյան ազատամարտի ընթացքում բժշկական օգնության ցուցաբերման գործում ունեցած ակտիվ մասնակցության ու նշանակալի ավանդի համար:  Պարգեւատրվել եմ նաեւ «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» շքանշաններով: Իսկ 4-5 տարի առաջ ինձ արդեն շնորհվեց գեներալ-մայորի կոչում, ունեմ պատվոգիր ՀՀ-ում ռուսական զորքերի հրամանատարից:

-Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ մեր երկրում լինի համերաշխություն, պատերազմ չլինի, մեր սահմանը լինի առանց կրակոցների, եւ զոհեր չլինեն: Ցանկանում եմ, որ մեր երկիրը ծաղկի, շենանա, ոչ մեկը չլքի հայրենի եզերքը, եւ այն մարդիկ, որոնք 1992 թվականից հեռացան հայրենիքից, ետ վերադառնալու հնարավորություն ունենան:

Եվ, իհարկե, բոլորին մաղթում եմ առողջություն:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր