ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ

(0 votes)

«Հուսով եմ, որ մեր երիտասարդները կմնան, կարարեն իրենց երկրում»

Գալիս է մի պահ, երբ յուրաքանչյուր անհատ, կարծես թե, զգում է տեսողության վատթարացում, իսկ դրա պատճառ կարող են լինել ֆիզիկական եւ հոգեբանական ծանրաբեռնվածությունը, քնի պակասը, բարձր ճնշումը, ինչպես նաեւ համակարգչի, բջջային հեռախոսի օգտագործման չարաշահումը: Նման երեւույթները կարող են լինել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական:

Գլաուկոմա հիվանդության ամենատարածված տեսակը զարգանում է դանդաղ, հետեւողականորեն եւ անսպասելի վնաս է հասցնում նյարդային հյուսվածքներին, որոնք կապում են աչքը ուղեղի հետ։ Աչքի թաց կամ չոր լինելը, կարդալ-գրելիս տառերը պարզ տեսնելու կամ չտեսնելու կարողությունը որեւէ առնչություն չունեն գլաուկոմայի հետ։ Հնարավոր է, որ ձեր աչքերը ոչ մի ձեւով չանհանգստացնեն ձեզ, սակայն դուք լրջորեն հիվանդ լինեք այդ հիվանդությամբ։ Ինչպես նշում են բժիշկները, եթե ճիշտ ժամանակին սկսեք համապատասխան բուժումը, ապա կկանխեք այն վնասների մեծ մասը, որ կարող է հասցնել գլաուկոման։

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԸ:Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց, երբ արդեն հաշվարկում ես, թե ինչ ներդրեցիր եւ ինչ ստացար, ինչ ձեռքբերումներ եղան բժշկության ասպարեզում, համոզվում ես, որ աշխատանքդ եղել է բազմաբովանդակ եւ հետաքրքիր: Եվ մեր զրուցակիցը նման երջանիկներից մեկն է:   

-Տիկի՛ն Ոսկանյան, գլաուկոմա հիվանդության բուժման մեջ նորարարական ի՞նչ մոտեցումներ կան:

-Հուրախություն մեզ ասեմ, որ այսօր հակագլաուկոմատոզ վիրահատությունները համալրվել են եւս մեկ նորարական վիրահատական միջամտությամբ. նախկին ստենտավորմանը` շունտավորմանը, ավելացել մինիմալ ինվազիվ` մինիմալ միջամտությամբ վիրահատությունը: Դրա նպատակը նոր անցք բացելն ու բավականին արագ վիրահատությունն է, որը նոր ուղի է բացում հեղուկի արտահոսելու, ինչպես նաեւ ներակնային ճնշումը իջեցնելու եւ նորմայում պահպանելու համար: Այս վիրահատության առաջին դրական կետն այն է, որ հետվիրահատական բարդությունները շատ չնչին տոկոս են կազմում, իսկ ներվիրահատականը գրեթե հավասարեցված է զրո տոկոսի, այսինքն` վիրահատության ընթացքում մենք ոչ մի վտանգ չունենք, քանի որ կտրվածքը ասեղի չափով է լինում, եւ այն չի կարող շատ իջեցնել աչքի ճնշումը վիրահատության ընթացքում: Մայիս ամսից մինչ օրս կատարել ենք արդեն 100 վիրահատություն, եւ չկա մեկ պացիենտ, որի վրա այն բացասական ազդեցություն է թողել: Ստենտավորման համեմատ այս վիրահատության տարբերությունն այն է, որ կարող է կատարվել նաեւ գլաուկոմայի բարդացած դեպքերում, իսկ ստենտավորումը արդյունավետ է գլաուկոմայի վաղ փուլերում, քանի դեռ արտահոսող ճանապարհը չի վնասվել:

Ակնաբուժության մեջ նորարարություն է նաեւ վիրահատական միջամտության այն տարբերակը, երբ կատարակտա հիվանդության վիրահատության շնորհիվ հնարավորություն ունենք հիվանդին լիովին ազատել ակնոց կրելուց այն դեպքերում, երբ հիվանդը, բացի կատարակտայից, այլ հիվանդություններ չունի:

Ուզում եմ խոսել նաեւ աստիգմատիզմի (տարաբեկություն) մասին: Այն աչքերի օպտիկական թերացում է, որը բերում է ոչ պարզ տեսողության։ Այս վիճակը կարող է լինել ի ծնե, զարգանալ կյանքի ընթացքում կամ առաջանալ աչքի հիվանդության կամ վնասվածքից հետո։ Տեսողության ստուգմամբ աստիգմատիզմը հեշտությամբ հայտնաբերվում է եւ կարող է բուժվել ակնոց կամ կոնտակտային լինզա կրելով կամ աչքի լազերային վիրահատությամբ։ Այն առաջանում է, երբ, ավելի հաճախ, եղջերաթաղանթի անատոմիական համաչափ կորությունը խախտվում է, որի արդյունքում տեսողությունը դառնում է տարբեր աստիճանի, մշուշոտ, եւ ակնոց կրելը այս հիվանդության դեպքում դժվար, գրեթե անհնար է: Կատարակտայի վիրահատության ընթացքում հատուկ ներակնային ոսպնակների տեղադրման շնորհիվ հիվանդը կարող է լիարժեք ազատվել ակնոց կրելուց, այսինքն՝ կատարակտայի վիրահատությունից հետո միաժամանակ ազատվում է ե՛ւ կատարակտայից, ե՛ւ աստիգմատիզմից: Բավականին կիրառելի են նաեւ կոնտակտային լինզաները, որոնք կարող են առավոտյան կրել առանց վիրահատության, իսկ երեկոյան հանել՝ խստագույնս պահպանելով դրանց կրման հիգիենայի կանոնները: Այդպիսով կարգավորվում է թե՛ հեռատեսությունը, թե՛ կարճատեսությունը:

-Ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին:

-Բժշկական ասոցիացիաները զարգանում եւ ավելի մեծ գործունեության են ծավալում, ու լավ է, որ առողջապահության նախարարությունն էլ է դրանց խրախուսում, ու գիտական աշխատանքները պետք է նայի ու գնահատի ասոցիացիան: Մասնագիտական ասոցիացիաներն անփոխարինելի են, եւ կարծում եմ՝ դրանց ակտիվ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր գիտության առաջընթացն ակնառու է:  

-Ի՞նչ կասեք երիտասարդ բժիշկների մասին, ի՞նչ ապագա կունենա մեր բժշկությունը:

-Կարող եմ ասել, որ մենք ունենք բավականին լավ երիտասարդություն: Հույս ունեմ, որ մոտ ապագայում երիտասարդները կսկսեն զբաղվել մեր բնագավառում, այսպես ասած, «դատարկ եւ կիսադատարկ» ճյուղերով ու իրենց տեղը կգտնեն հարազատ  ոլորտներում: Նրանք գիտակ են, պրպտող, ինտերնետ պորտալով գտնում են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, նոր գիտելիքներ են քաղում: Իհարկե, գործնականում պետք է օգտագործեն իրենց գիտելիքները՝ նաեւ շփվելով պացիենտների հետ: Ես ճանաչում եմ բավականին լավ բժիշկների, որոնք, արտերկիր վերապատրաստումների գնալով եւ հնարավորություն ունենալով դրսում բնակություն հատատել, վերադառնում են հայրենիք: Ճիշտ է, չենք կարող հերքել, որ մեր երկրում, ինչու չէ, նաեւ մեր ոլորտում շատ դժվարություններ ունենք, բայց հուսով եմ, որ մեր երիտասարդները կմնան, կարարեն իրենց երկրում, կծաղկեցնեն հայրենիքը:

-Ի՞նչ կասեք ակնաբուժության մեջ բժշկական տուրիզմի մասին:

-Մենք գիտենք, որ բժշկական տուրիզմը բավականին զարգացում է ապրում ստոմատոլոգիայի եւ  պլաստիկ վիրաբուժության ոլորտում, բայց մեր ոլորտում այն դեռեւս հեռու է բավարար լինելուց: Սակայն վստահ եմ, որ մոտ ապագայում այդ առումով կունենանք դրական տեղաշարժ:

-Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում մեզ մոտ դիմելիության կուլտուրան:

-Ուրախալի փաստ է, որ այսօր մեր հասարակությունն ավելի ուշադիր է իր առողջության նկատմամբ, ինչի շնորհիվ բավականին վաղ են հայտնաբերվում հիվանդությունները, իսկ դա  մեզ օգնում է ավելի արդյունավետ բուժել դրանք: Այսօր գլաուկոմա եւ կատարակտա հիվանդությամբ հիվանդների մեծ բանակ ունենք, բայց ժամանակին դիմելու շնորհիվ կարողանում ենք հիվանդությունը վաղ փուլերում բուժել: Ինձ թվում է՝ մոտ ապագայում դա կլինի առաջնային օղակի`պոլիկլինիկաների բժիշկների գործը, պացիենտները մշտապես կլինեն ընտանեկան բժիշկների հսկողության տակ, որոնք, հարկ եղած դեպքում, նրանց կուղարկեն համապատասխան նեղ մասնագետների մոտ:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեծ է լրատվամիջոցների դերը բժշկության լուսաբանման հարցում, եւ դրանց շնորհիվ  կապ է ստեղծվում պացինտների հետ, ու զգալիորեն ավելանում է վաղ փուլերում դիմողների թիվը: Եվ դրա արդյունքում ավելի արդյունավետ են լինում բուժման հետագա արդյունքները:

-Բայց հասարակության մոտ առաջնային օղակի նկատմամբ բացասական մոտեցում կա:

-Ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում դա կշտկվի, քանի որ գնում ենք դեպի եվրոպական չափանիշները, եւ, ինչպես այնտեղ է, մեզ մոտ էլ արդեն պացիենտները պետք է նախապես հերթագրվեն բժշկի մոտ այցելության համար: Պետական մակարդակով էլ կան ծրագրեր, որոնք ավելի կակտիվացվեն առաջնային օղակի ծառայությունները:Ի վերջո, չարժե ամեն մի փոքր խնդրի համար դիմել նեղ մասնագետների, պետք է առաջնահերթ դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկա:Մասնագիտական գիտաժողովներում շփումները հնարավորություն են տալիս մարզային բժիշկներին մշտապես շոշափել նորարարությունների զարկերակը, տեղեկացված լինել իրենց ոլորտի նոր ասելիքներից: Իսկ մարզերում կան շատ լավ մասնագետներ:

-Օրվա գերլարված աշխատանքից հետո որտե՞ղ եք գտնում Ձեր անդորրը:

-Միանշանակ՝ ընկերներիս եւ ընտանիքիս հետ: Սիրում եմ ընտանիքս, ունեմ լավ ընկերներ, առանց որոնց ես ինձ չեմ պատկերացնում, մշտապես ասել եմ ու նորից կկրկնեմ, որ ե՛ւ ընտանիքս, ե՛ւ ընկերներս երբեք ինձ չեն դավաճանել: Ունեմ մտերիմ ու վստահելի ընկերներ, եւ ամենանեղ պահերին զգացել եմ նրանց աջակցությունը, հիմա էլ ավելի շատ եմ զգում: Ինձ համար երեք վստահելի, թանկ օղակ կա՝ ընտանիք, աշխատանք, ընկերներ: Իմ ձեռքբերումն իմ ընտանիքն է՝ աշխարհի ամենալավ ընտանիքը: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, որը Աստծուց չի ցանկանում ավելին, բավարարաված է իր ունեցածով:

-Իսկ որպես վերջաբան, Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

-Ես ինձ էլ համարում եմ երկրիս մի մասնիկը եւ ցանկանում, որ մեր ազգին շնորհվի խաղաղություն: Մենք արարող ազգ ենք, պրպտող, ամեն ինչ կկառուցենք, կարարենք, մենք շատ դժվարությունների միջով ենք անցել, բայց մշտապես փառքով ենք դուրս եկել: Հուսամ, որ այս նոր փոփոխությունները կտան իրենց լավ պտուղները, ու համախմբված եւս մեկ քայլ առաջ կշարժվենք: Իսահակյանն ասում էր, որ դրսից ոչ ոք չի կարող քանդել ո՛չ ընտանիքը, ո՛չ ազգը, եթե ներսից նա ինքն իրեն չքանդի: Եթե յուրաքանչյուր հայ գիտակցի, որ ինքն է իր երկիրը շենացնողը, դրա արդյունքում ապագայում կունենանք մեր երազած երկիրը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր