Լիլի Պետրոսյան

(0 votes)
«Մանկուց երազել եմ բժիշկ դառնալ»

Հիվանդության հավանական բարդացումների կանխարգելումը, նախեւառաջ, պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ: Բարեբախտաբար, վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը եւ նորագույն տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են, իսկ դա հնարավորություն է տալիս ստանալ հետազոտությունների գերճշգրիտ արդյունքներ:

Ժամանակակից ախտորոշման տեխնոլոգիաները ներդրվել ու կիրառվում են նաեւ Հայաստանում: Արտաշիսյան 50/8 հասցեում տեղակայված «Ռեզուս» ախտորոշիչ կենտրոնի լաբորատորիաների ցանցը վերազինվել է նորագույն սարքերով եւ առաջարկում է լաբորատոր, դիագնոստիկ հետազոտություններ՝ կլինիկական, արյան կենսաքիմիական, իմունոֆերմենտային, բակտերիոլոգիական, գենետիկ ախտորոշումներ, ԳՁՀ (սոնոգրաֆիկ) հետազոտություններ, էլաստոգրաֆիա, դուպլեքս հետազոտություններ: http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ Լիլի Պետրոսյանը:

Չնայած երիտասարդ տարիքին, ժպտադեմ, բարեհամբույր, բանիմաց բժշկուհին ոչ մի պարագայում չի կորցնում զսպվածությունը, համբերատար փորձում է օգտակար լինել հիվանդին, կարողանում է դրական ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա:

-Բժշկուհի, որո՞նք էին ռադիոլոգիան որպես նեղ մասնագիտություն ընտրելու շարժառիթները:

-Մանկուց երազել եմ բժիշկ դառնալ: Որոշումս ավելի հաստատակամ դարձավ երկարամյա վաստակաշատ մանկավարժ տատիկիս խորհրդի շնորհիվ. նա միշտ ասում էր. «Ուսուցիչները բուժում են մարդու հոգին, իսկ բժիշկները` մարմինը»: Մեր մասնագիտությունը, մարդասիրական լինելուց բացի, նախեւառաջ վեհ կոչում է, որին պետք է միշտ հավատարիմ մնալ: Բժշկության մեջ շատ բնագավառներ են ինձ հետաքրքրել եւ մինչ օրս շարունակում են հետաքրքրել, բայց ռադիոլոգիան ընտրելու շարժառիթն այն փաստն է, որ ցանկացած հիվանդություն դրական ելք է ունենում միայն ու միայն ճիշտ ու ժամանակին ախտորոշման դեպքում:

 Ի՞նչ նորարարություններ կան ախտորոշման մեթոդների մեջ:

-Բժշկությունը ամենօրյա, ես կասեի՝ ամենժամյա զարգացող գիտություն է, եւ պետք է քայլել ժամանակի զարկերակին համընթաց: Ընդհանրապես ժամանակակից բժշկությունն ունի մեծ հնարավորություններ,  որոնց նպաստում են օրեցօր կատարալագործվող, ինչու ոչ, նոր ի հայտ եկող ախտորոշման մեթոդները, որոնք մի քանի տարի առաջ միգուցե անիրական էին թվում: Այսօր մենք հնարավորություն ունենք ոչ միայն հետազոտելու եւ ուսումնասիրելու սիրտը, վահանաձեւ գեղձը, կրծքագեղձերը, միզասեռական համակարգը, այլ նաեւ ստանալու այդ օրգան-համակարգերի 3Դ, ռե կոնստրուկցիաները: Իսկ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մեջ ուլտրաձայնային հետազոտությունը համարվում է անփոխարինելի ախտորոշիչ մեթոդ, որի շնորհիվ կարողանում ենք հայտնաբերել պտղի մոտ առկա պաթոլոգիկ պրոցեսները:

Այսօր լայն տարածում է ստանում էլաստոգրաֆիան, որը համարվում է երիտասարդ մեթոդ, եւ նրա միջոցով 95 տոկոսով բարձրանում է, օրինակ, վահանաձեւ գեղձի, կրծքագեղձերի հանգույցների, գոյացությունների ախտորոշման ճշգրտությունը: Չնայած մեթոդի երիտասարդ լինելուն, մեր կլինիկան արդեն բավականին փորձ ունի դրա կիրառման մեջ: Կցանկանայի առանձնացնել նաեւ անոթների դոպլերոգրաֆիան եւ դուպլեքս սկանավորումը, որոնց միջոցով որոշում ենք գլխի, պարանոցի, վերին եւ ստորին վերջույթների անոթներում արյան հոսքի արագությունը, հայտնաբերում առկա շեղումները, կարծիք կազմում արյան հոսքի առանձնահատկությունների մասին, եւ հենց այդ տեղեկությունը շատ դեպքերում բավական է լինում վերջնական  ախտորոշման համար:

-Բժշկուհի, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ռադիոլոգիան Հայաստանում:

-Հպարտությամբ կարող եմ ասել, որ Հայաստանում ռադիոլոգիան բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում: Այսօր մենք ունենք ռադիոլոգների հայկական ասոցիացիա, որի նպատակն է մեկ տանիքի ներքո հավաքել թե սկսնակ, թե փորձառու բոլոր ռադիոլոգներին: Տեղի է ունենում փորձի փոխանակություն, ինչու ոչ, մշակվում են նոր մեթոդներ: Ասոցիացիայի ջանքերի շնորհիվ մենք հնարավորություն ունենք առանց արտերկիր մեկնելու վերապատրաստվել արտերկրից հրավիրված կոմպետենտ մասնագետների կողմից կազմակերպված կոնֆերանսների միջոցով:

–Ինչո՞վ է պայմանավորված բուժման արդյունավետությունը:

-Կարծում եմ՝ բուժման արդյունավետությունը պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ, ինչը դեպի առողջացում տանող ճանապարհի առաջին եւ ամենամեծ քայլն է: Հետեւաբար, կարեւորում եմ ախտորոշիչ հետազոտման բոլոր մեթոդները:Պարզապես պետք է ապահովել հետազոտությունների ճիշտ հաջորդականությունը:

– Լինո՞ւմ են գործընթացի ակտիվության և հետազոտությունների արդյունքների միջև անհամապատասխանություններ: Լաբորատորիաների մեծ ցանցը դրանց վերահսկողությունն անկասկած դարձնում է դժվար: Որքանո՞վ են վստահելի մարդկային կյանքի համար այդքան կարևոր այդ արդյունքները:

-Մասնագիտական էթիկայից ելնելով՝ չեմ ուզում այդ հարցին պատասխանել միանշանակ, բայց հնարավոր են գործընթացի ակտիվության եւ հետազոտությունների արդյունքների միջեւ անհամապատասխանություններ` մարդկային գործոնից ելնելով: Ուղղակի բժիշկը սխալվելու իրավունք չունի, քանի որ այդ սխալը, ցավոք սրտի, կարող է մարդկային կյանք արժենալ:

-Կա՞ն հակացուցումներ, ո՞ր դեպքում կիրառելի չէ այս ախտորոշիչ մեթոդը:

-Ուլտրաձայնային հետազոտությունն այն եզակի հետազոտություններից է, որը չունի որեւէ հակացուցում, անցավ է, մատչելի եւ որոշ դեպքերում՝ նաեւ անփոխարինելի:

-Որքանո՞վ է ուշադիր մեր հայ հասարակությունն իր սեփական առողջության նկատմամբ:

 -Դեռեւս ոչ վաղ անցյալում մենք նկատում էինք, որ մեր հասարակությունը անտարբեր է իր առողջության նկատմամբ, բայց վերջին տարիների պատկերը բավականին փոխվել է. այժմ մեր հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում առողջ ապրելակերպին, որին նպաստել է նաեւ պետության կողմից ներդրված բժշկական ապահովագրական ծառայությունների ընդլայնումը հասարակության լայն շերտերի համար: Որոշ դեպքերում դա նույնիսկ պարտադիր է, եւ մարդիկ, կամա թե ակամա, տարին գոնե մեկ անգամ անցնում են պարտադիր բուժզննում:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Թերեւս մեջբերեմ կարդացածս վերջին գրքից՝ «Ալքիմիկոսից» մի նախադասություն. «Բոլորն իրենց ուղեղում ստույգ պատկերացում ունեն այն մասին, թե ինչպես պիտի ապրես, բայց պատկերացում չունեն, թե ինչպես պիտի սեփական կյանքով ապրեն»: Մաղթում եմ մեր հասարակությանը ապրել սեփական կյանքով եւ լինել բարի ու կամեցող: Կարծում եմ՝ բարի կամքն ու պոզիտիվ կենսակերպը նույնպես նպաստում են օրգանիզմի դրական, դինամիկ զարգացմանը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր