14 Հնս

ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

(0 votes)

«Փորձում ենք նվազագույն ռիսկով ստանալ առավելագույն արդյունք»

2012 թվականից Երեւանում գործում էր «Քանկոր» սրտաբանական բժշկական կենտրոնը, որտեղ կատարվող սրտաբանական վիրահատությունները մեծաթիվ մարդկանց նոր կյանք են պարգեւել: Այն Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում միակ բժշկական կենտրոնն է, որտեղ աշխարհահռչակ «Բիոտրոնիկ» ընկերության կողմից հատուկ վերապատրաստում անցած, արտոնագրված եւ լիցենզավորված մասնագետները կարող են տեղադրել ներծծվող ստենտներ։ Հայ-ճապոնական կենտրոնում առաջնորդվում են «Ոչ թե բուժել ինֆարկտը, այլ կանխարգելել դրա առաջացումը» սկզբունքով: Արդյունքների մասին խոսում են վիճակագրական տվյալները. 6 տարում կատարվել է շուրջ 12.000 սրտի միջամտություն` ստենտավորումներ, բաց վիրահատություններ…

2019թ. հայ-ճապոնական բժշկական կենտրոնն սկսեց իր գործունեությունը հիմնովին վերակառուցված եւ համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող ախտորոշման եւ բուժման բարձր որակի ապահովումն է: Կենտրոնը համագործակցում է աշխարհի լավագույն՝ գերմանական «Բիոտրոնիկ», ճապոնական «ԱՍԱԻ» եւ ամերիկյան «Մեդլայն» միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնի հիմնական նպատակն է կազմակերպել բժշկական օգնությունն ու սպասարկումը հանուն որակի՝ կիրառելով լավագույն «Օրսիրո» ստենտները, ինչպես նաեւ «Մագմարիա» լուծվող ստենտներ:

Կենտրոնի բժիշկներն ունեն բարձր որակավորում, ակտիվորեն համագործակցում եւ փորձի փոխանակում են կատարում Ճապոնիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի գիտահետազոտական կենտրոնների առաջատար բժիշկների հետ:

Մեր զրուցակից, «Բեսթ Լայֆ» կենտրոնի գլխավոր բժիշկ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ պատմում է.

-2019 թվականի մայիսի վերջին որոշվեց Հայաստանում մի նոր նախագիծ իրականացնել: Լավ գիտեք, որ մեզ մոտ կան բազմաթիվ հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնար անոթների ստենտավորումով, բայց դա արվում է, այսպես ասած, մի քիչ ոչ կենտրոնացված, ամեն մի կլինիկա իր ձեռագիրն ունի. մի կլինիկայում բաց վիրահատություններ են լավ կատարվում, մի տեղ՝ ստենտավորում, մեկ այլ տեղ՝ ուղեղի անոթների վիրահատություն կամ, ասենք, դիագնոստիկա: Ընդհանրապես ամեն ինչ արվում է, այսպես ասած, ավանդական ձեւով, այսինքն, եթե հիվանդը խնդիր ունի, մի կենտրոնում ախտորոշվում է, մեկ ուրիշ կենտրոն բուժում է: Եվ մենք այդ նախագծով որոշեցինք ամեն ինչ՝ սկսած ախտորոշումից, կենտրոնացնել մի տեղ, այսինքն՝ մեր կենտրոնում: Իսկ հիվանդության վաղ հայտնաբերումը եւ դրա կանխարգելումը շատ ավելի արդյունավետ է, քան հետագայում բարդացած հիվանդությունը բուժելը: Ճապոնիայի մեր գործընկերների եւ ինվազիվ սրտաբանների հետ համատեղ զրույցների եւ քննարկումների արդյունքում եկանք այն որոշմանը, որ պետք է ճապոնական «ԱՍԱԻ» ընկերության հովանու ներքո ստեղծել «Բեստ Լայֆ» կենտրոնը: Առանց ինքագովազդի կարող եմ ասել, որ այն համարվում է լավագույններից մեկը Հայաստանում թե՛ իր ապրանքատեսականիով, թե՛ իր լավագույն հավելյալ պարագաներով, իսկ գների իջեցումը չի ազդել ծառայությունների որակի վրա: Նաեւ հավելեմ, որ մենք միակն ենք, որ աշխատում ենք գերմանական «Բիոտրոնիկ» ընկերության ստենտներով, որոնք աշխարհում լավագույնն են, չնայած նաեւ թանկ արժեն: Մենք միակն ենք, որ ներմուծեցինք լուծվող ստենտը, որը մեկ տարի հետո ներծծվում է, հիվանդի մոտ չի լինում օտար մարմնի զգացողություն, ինչը նախկինում առկա էր: Կենտրոնում բարձրակարգ սրտային վիրաբույժներն իրականացնում են այնպիսի ժամանակակից վիրահատություն, ինչպիսին, օրինակ, մարդու աորտայի փականի վիրահատությունն է սեփական պերիկարդից: Եվ կարիք չի լինում արյան մակարդելիության համար ջրիկացնող դեղամիջոցներ կիրառել, որպեսզի հետագայում տրոմբներ, ինսուլտներ չլինեն: Մենք հագեցրեցինք մեր դիագնոստիկ ծառայությունը, ունենք նյարդաբան, ընտանեկան բժիշկներ, էնդոկրինոլոգներ, դուպլեքս, դոպլեր, սոնոգրաֆիա ծառայություններ, մի խոսքով՝ համատեղ աշխատանք է տարվում սրտաբանների հետ, որպեսզի վաղ ախտորոշվի խնդիրը, եւ դրական արդյունք ապահովվի: Նման աշխատանքի շնորհիվ մեր պացիենտների այցելությունների թիվը կլինիկայում եռակի, քառակի ավելացել է, գրանցվել են հիվանդների մահվան նվազագույն դեպքեր, հիվանդությունների կրկնման նվազագույն ցուցանիշ: Դա ամպագոռգոռ հայտարարություն չէ, այլ իրական վիճակագրություն: Ծրագրում ենք ապագայում ավելի ընդլայնել նեյրոինվազիան, ուղեղը սնուցող անոթների վրա գործողությունները: Մեզ մոտ իրականացվում է նաեւ ոտքերի անոթների ստենտավորում, արգանդի միոմայի դեպքում կատարվում է արգանդային զարկերակի էմբոլիզացիա, եւ պահպանվում է մանկածնման ֆունկցիան: Սովորաբար միոմայի դեպքում արգանդը շատ ժամանակ հեռացվում է, բայց երբ մենք արգանդը սնուցող անոթը փակում ենք, միոման հետ է զարգանում, հետագայում դրա չափերը եռակի փոքրանում են, նույնը կատարվում է ուռուցքային գոյացությունների դեպքում, երբ լյարդի եւ փայծաղի սնուցումը կասեցվում է:

-Ի՞նչ կասեք բաժանմունքների մասին:

-Կենտրոնում միշտ առաջնորդվում են նորարարություններին համընթաց քայլելու գործելաոճով, ընդլայնում են բաժանմունքերը, համալրում՝ ապրանքատեսակները, որպեսզի մեր պացիենտները նույնպես կարողանան օգտվել բժշկագիտական նորագույն ձեռքբերումներից: Կլինիկայի առաջին հարկում գործում է դիագնոստիկ բաժանմունքը, զարգացնում ենք պոլիկլինիկայի ծառայությունները, մոտ ապագայում պետք է ունենանք նաեւ գինեկոլոգ, քանի որ պրակտիկայում մեր երկրում չկա մի սրտաբանական կենտրոն, որտեղ գինեկոլոգ է աշխատում: Փորձը ցույց է տվել, որ կանանց խնդիրների դեպքում անհրաժեշտ է մեր համատեղ աշխատանքը նաեւ գինեկոլոգների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ բուժում է ցուցված պացիենտին: Երկրորդ հարկում գործում է ստացիոնար բաժանմունքը, որտեղ հիվանդները բուժվում են բուժական միջամտություններից հետո: Իսկ երրորդ հարկում արդեն վերակենդանացման եւ վիրահատական բաժանմունքներն են, որտեղ իրականցվում են սրտային վիրաբուժության բոլոր գործողությունները:

-Մի քիչ մանրամասն խոսեք ստենտավորման մասին:

-Ստենտավորւմը սրտի իշեմիկ հիվանդության բուժման տարբերակներից մեկն է, եւ մենք համակարգված մոտեցում ենք ցուցաբերում, այսինքն՝ սրտի իշեմիկ հիվանդի հետ աշխատում են սրտաբանը, ինվազիվ սրտաբանը եւ բաց վիրաբույժը: Ու, եթե զննումների արդյունքոմ գալիս ենք եզրահանգման, որ պետք է տարվի դեղորայքային բուժում, սրտաբանը վարում է դեղորայքային բուժում, եթե տեսնում ենք, որ անոթի ախտահարվածության տոկոսը բարձր է, քննարկում ենք, թե որ միջամտությունը հիվանդին կտա լավագույն արդյունք. ստենտավոր՞ւմը, թե բաց վիրահատությունը: Այսինքն՝ փորձում ենք նվազագույն ռիսկով ստանալ առավելագույն արդյունք: Ստենտավորման միջոցով փակ եղանակով հասնում ենք սիրտը սնող անոթ՝ լայնացնելով նեղացած հատվածը, դրանք կոչվում են բալոնային կատետրներ: Դա կարելի է համեմատել թունելի հետ, որը փլվել է, ու պետք է ներս մտնես, պատերը վերականգնես: Վնասված անոթի դեպքում այն վերականգնես, որպեսզի արյունը հասնի սրտամկանին եւ ապահովի նորմալ սնուցում: Կան ստենտների տարբեր տեսակներ՝ դեղպատ (ոչ դեղապատ) կամ լուծվող, որից կախված է հիվանդության կրկնման հավանականությունը:

-Պարո՛ն Համբարձումյան, չնայած երիտասարդ եք, սակայն Ձեր ուսերին եք վերցրել բավականին պատասխանատու եւ ռիսկային աշխատանք՝ ստանձելով կենտրոնի գլխավոր բժշկի պաշտոնը: Մի փոքր կպատմե՞ք դրա մասին:

-Կասեմ, որ Աստված իմ հանդեպ շատ բարեհաճ է եղել: Մեր կենտրոնը նախկինում կրում էր «Քանկոր» անվանումը, որը հիմնադրվել է Հայաստանի ինտերվենցիոնալ սրտաբանության առաջատար, սրտաբանների ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ Շահեն Խաչատրյանը: Ութ տարի առաջ, լինելով բավականին երիտասարդ, այստեղ զբաղեցրել եմ ստենտավորման բաժանմունքի վարիչի պաշտոնը, որից հետո զորակոչվել եմ բանակ: Մեկ տարի ծառայելով Արցախի Հանրապետության զինված ուժերում՝ տեղափոխվել եմ Գորիսի ֆրանս-հայկական սիրտ-անոթային կենտրոն, որտեղ 5-6 տարի զբաղեցրել եմ բուժական մասի ղեկավարի պաշտոնը: Չեմ ուզում ինքնագովազդով զբաղվել, սակայն նաեւ չեմ կարող չասել, որ այդ տարիներին կլինիկան դարձավ Հայաստանում լավագույն ինվազիվ սրտաբանության կենտրոններից մեկը, որտեղ երկար տարիներ Երեւանից, ինչպես նաեւ արտերկրից ունեցել ենք պացիենտներ, իսկ արդյունքները գոհացուցիչ էին: Ես այդ ժամանակ զգացի, որ այդ կլինիկայում հասել եմ մի մակարդակի, որ արդեն անիմաստ էր շարունակել այնտեղ աշխատել: Պիկը ապրել էի, հասել առավելագույնին: Չպետք է մոռանալ, որ ցանկացած առաջընթաց նաեւ ֆինանսական լուրջ ներդրում է պահանջում: Մի խոսքով՝ եղավ առաջարկը, եւ ես գտա, որ այստեղ անելիքների, սրտաբանների հետ համատեղ աշխատանքներ տանելու, զանազան կոնֆերանսների, միջոցառումների մասնակցելու, մասնագիտական առաջընթաց ապրելու հնարավորություն ունեմ, առանց որի ինձ չեմ էլ պատկերացնում: Բայց իրականում անչափ դժվար էր բաժանվել մի կոլեկտիվից, որտեղ ունեի իմ բավականին մեծ ներդրումը, ուր ձեւավորվել էին շատ մտերիմ հարաբերություններ: Ամեն դեպքում ընտրեցի իմ կյանքում այս շատ լուրջ, շրջադարձային փոփոխությունը՝ ստանձնելով գլխավոր բժշկի պաշտոնը: Եթե Գորիսի կլինիկայում կոլեկտիվը բաղկացած էր 30-40 հոգուց, ապա այստեղ աշխատում է 120-130 հոգի, ընդ որում, բազմապրոֆիլ հիվանդանոց է, եւ, բացի մասնագիտական ունակություններից, պահանջվում է նաեւ ղեկավարելու ձիրք: Ու, փառք Աստծո, մեկ տարվա ընթացքում արձանագրվել են բավականին մեծ հաջողություններ, թիմային աշխատանքի շնորհիվ մեր պացիենտների թիվը քառապատկվել է:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Միանշանակ՝ Շահեն Խաչատրյանին, որն իր մեծ ներդրումն ունի իմ մասնագիտական կայացման գործում, նա մշտապես մեր կողքին է, մեծ ավանդ ունի մեր սրտաբանության մեջ: Կնշեմ նաեւ երկար ու բեղմնավոր մասնագիտական ճանապարհ անցած սրտային վիրաբույժ Ավետիս Ահարոնյանին: Ես առաջնահերթ շնորհակալ եմ Աստծուց եւ այն մարդկանցից, ովքեր իմ առջեւ զարգանալու, առաջընթացի դռներ են բացել: Մենք դիմում ենք բժշկական ուսումնական հաստատություններ ու պատրաստ ենք անվճար հիմունքներով երիտասարդներին փոխանցել մեր գիտելիքները: Եթե մարդ սովորելու, կատարելագործվելու մեծ ձգտում ունի, պարտադիր չէ դրա համար արտերկիր հասնի, քանի որ այսօր Հայաստանում կան բավականին լուրջ կենտրոններ եւ լավագույն բժիշկներ, ովքեր պատրաստակամ են երիտասարդ կադրերին փոխանցել իրենց փորձը, ապա նրանց հանձնել մեր ապագա բժշկությունը: Երիտասարդները պետք է շատ կարդան, միշտ ձգտեն սովորել, մի կողմ դնեն մեծամտությունը, ինչի պատճառը երբեմն ինտերնետ պորտալն է, որը ողողված է տարատեսակ տեղեկատվությամբ: Ու լավ կլինի, որ նրանք նախ մտածեն լավ մասնագետ դառնալու, այլ ոչ թե գումարի մասին: Մենք այս 10 ամսվա ընթացքում արժանացանք մի քանի մրցանակների, իսկ ես միակ մասնագետն եմ, որ անցել եմ վերապատրաստում եւ ստացել լիցենզիա, որն իրավունք է տալիս տեղադրել լուծվող ստենտը:

-Ասոցիացիաներն ի՞նչ են տալիս բժիշկներին:

-Ասոցիացիաները, որտեղ համախմբված են տարբեր կլինիկաների բժիշկներ, տալիս են փորձի փոխանակում եւ, ինչ-որ տեղ, պաշտպանվածություն, քանի որ ասոցիացիան ունի իր կանոնակարգը եւ ցուցումները, գիտական մակարդակով մոտեցումները: Հասարակությունն այսօր մի տեսակ ավելի պահանջատեր է դարձել: Մենք մեր ուսուցիչների նկատմամբ պատկառանք ունեինք եւ ունենք, բայց այսօր, կարծես թե, ամեն մեկը կարող է անել այն, ինչ ուզում է՝ կարծելով, թե դա է ճիշտը: Աստվածավախություն կար, բժիշկների հանդեպ՝ մեծ հարգանք, իսկ տարիների ընթացքում այդ ամենը վերացել է, եւ ամեն մեկն այսօր իրեն իրավունք է վերապահում քննարկել եւ քննադատել բժշկին՝ չխորանալով խնդրի մեջ: Ես կարծում եմ՝ բժշկին պետք է բժիշկը քննադատի, որակում տա: Այս ամենը ցավալի է, եւ ես կցանկանամ, որպեսզի վերադառնանք մեր ակունքներին, մեր քրիստոնյա երկրին, հոգեւոր Հայաստանին, հարգենք միմյանց ու պատկառանք տածենք արժանիների նկատմամբ:

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

-Որպես վերջաբան մեր հասարակությանը կոչ կանեմ ընտրել առողջ ապրելակերպ, չվախենալ որևէ վիրուսի ազդեցությունից, գնահատել մեր ազգային արժեքները, որոնք դարերով սերմանվել են մեր մեջ: Հավատացե՛ք Աստծոն, հարգե՛ք ծնողներին, եղե՛ք համբերատար, զիջող, զինվե՛ք գիտելիքներով:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր