ՆՈՒՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

(0 votes)

Իմ կարգախոսն է. «Առաջընթաց, առաջընթաց, հետ նայել չկա» 

Բժշկի աշխատանքն այնքան յուրահատուկ է, որ բժիշկն ինքն էլ պետք է յուրահատուկ լինի ու պատրաստ` այլոց տառապանքի, հույզերի կրողը դառնալուն: Նա ամեն օր  տառապանքի ուղիով է անցնում, դռներից այս կողմ մի աշխարհ է, դռներից այն կողմ՝ բոլորովին այլ աշխարհ:http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՆՈՒՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մասնագիտությունն ընտրել է՝ լավ գիտակցելով բոլոր բարդությունները:

-Մասնագիտական  բավականին երկար ճանապարհ եք անցել, մի փոքր կմանրամասնե՞ք: 

-Մանրամասնելը դժվար է, բայց CՕVID-ը երեւի անցած ճանապարհը վերարժեքավորելու հնարավորություն տալիս է: Ես բազմիցս ասել եմ, որ ոչ բժիշկների ընտանիքից եմ, իսկ դա մեծ դժվարություն է ստեղծում մասնագիտության ընտրության առումով: Իսկ իմ մանկաբույժ աղջիկը, օրինակ, ընտրությունը կատարեց, ենթադրում եմ, տեսնելով իմ աշխատանքը:Ես մաթեմատիկոսների  ընտանիքից եմ, որտեղ բացարձակ արժեքները, թվերը, տրամաբանությունն առաջին տեղում էին, եւ մյուս աղջիկս ընտրեց մաթեմատիկոսի մասնագիտությունը: Իսկ բժշկությունը, այնուամենայնիվ, մի քիչ ավելի վերացական, ինչու ոչ, զգացմունքային մասնագիտություն է, չնայած այսօր բացարձակ վերացական չէ, եւ գիտենք, թե որքան ջանքեր են պահանջվում բժիշկ մնալու համար: 

Ուղիս ընտրել եմ ծնողներիս կամքով, որպեսզի բժիշկ լինի ընտանիքում, բայց դա ինձ համար երջանկություն է: Պատահական ոչինչ չի լինում, ու, եթե նորից ընտրելու կարիք լիներ, նույն ընտրությունը կկատարեի: Ընդունվել եմ բժշկական ինստիտուտ (այժմ` համալսարան), որտեղ ուսուցումն էապես տարբերվում էր իմ պատկերացումներից: Ես դեռեւս ուսանողական տարիներից նկատել եմ բժշկական ուսուցման կազմակերպման թերությունները ու բազմիցս ասել, որ մեր համալսարանը տալիս է շատ լավ գիտելիքներ, բայց կիրառական ունակությունները ցանկալի մակարդակ չունեն: Ես տարիներ շարունակ ղեկավարել եմ հզոր ամբիոն, որտեղ մենք անում էինք այնպես, որ փորձը եւ գիտելիքը հակադիր հարթությունների վրա չլինեին: Իմ ամբողջ նպատակը եղել է այն, որ, երբ ուսանողն ավարտի, միանգամից հիվանդի հետ աշխատանքը նրա համար չլինի ինչ-որ նոր փորձ, փորձություն, դրան նա արդեն պատրաստ լինի: Մեր համալսարանում ստացել եմ փայլուն գիտելիքներ, բայց կիրառական գիտելիքների բացը լրացրել եմ Մոսկվայի մանկաբուժական ինստիտուտում: Այ, դրանք երջանկության տարիներ էին ինձ համար, բայց նաեւ՝ շատ ծանր: Հաճախ ասում եմ, որ ես ծառայել եմ, բայց արդյունքը ֆանտաստիկ էր: Ես երազում եմ, որ այդպիսի բժշկական կրթություն ստանան մեր ուսանողները, որպեսզի ավարտելուց հետո մեկ էլ հանկարծ չբախվեն շատ նոր բաների հետ: Ընդ որում, նրանք այդտեղ գրեթե մեղք չունեն. ուղղակի մեր բժշկական համակարգն այդ առումով, ինչպես ասացի, լուրջ բաց ունի:  

Բնականաբար, բժշկի կյանքն անընդհատ փորձառություն է, գիտեմ, որ հենց այսօր էլ նոր բաներ եմ տեսնելու հերթապահությանս ընթացքում ու պետք է ինչ-որ ձեւով դրան պատրաստ ու նաեւ հանգիստ լինեմ: 

-Իսկ որպես կին դա Ձեզ չի՞ խանգարում: 

-Ոչ, հակառակը:Ես բազմիցս ասել եմ` անպատասխանատու աշխատանք չկա, իսկ եթե աշխատանքին վերաբերվես անպատասխանատու ձեւով, չեմ կարծում՝ բավարարվածության զգացում կունենաս:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: 

-Կարող եմ ասել, որ նրանք մեծ ձգտում ունեն, բայց նորից խանգարում է այն հանգամանքը, որ հնարավորություն չունեն փորձով, կազմակերպված աշխատել, իսկ դա չի բարձրացնում նրանց մոտիվացիան, դժվարությամբ են կայանում, դանդաղում է նրանց՝ բժիշկ դառնալու գործընթացը: Ես ենթադրում եմ եւ հույս ունեմ, որ այդ միջոցները շատ ավելի կինտենսիվանան: Իսկ ընդհանրապես հրաշալի կադրեր, հրաշալի երիտասարդություն ունենք: 

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը: 

-Ուսուցիչ համարում եմ իմ ծնողներին, որոնց պարտական եմ, որոնք անփոխարինելի մարդիկ են ինձ համար: Իսկ մասնագիտական առումով ուսուցիչներս շատ-շատ են, նրանց թիվ ու համար չկա: Եվ ընդհանրապես ինձ շատ է դուր գալիս ամեն րոպե, ամեն վայրկյան սովորելու գործընթացը: 

-Կարո՞ղ եք ասել՝ որո՞նք են Ձեր բնավորության խոցելի կողմերը: 

-Չեմ կարող անարդարության կողքով հանգիստ անցնել: Երբեմն ասում եմ` լավ, լռի՛ր, բայց անարդարությանը նայում եմ աննկարագրելի ցավոտ ու շատ վատ ռեակցիա եմ տալիս, չեմ կարող անտարբեր մնալ, երբ թույլին են նեղացնում, երբ ակնհայտ սուտ են խոսում, երբ բաներ են անում՝ զուտ շահից դրդված:  

-Ընտանիքին չի՞ խանգարում մասնագիտությունը, կարողանո՞ւմ եք համատեղել: 

-Ոչ միայն չի խանգարում, այլ, հակառակը. օգնում է: Շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին, որովհետեւ նրանք ոչ միայն հասկանալով, այլեւ ոգեւորված են արձագանքում: Շատ ճիշտ, կայացած մարդիկ են իմ կողքին՝ մայրս, հայրս, նրանք միմյանց լրացրել են, նույնն է իմ ընտանիքի դեպքում: Իհարկե, ընտանիքում ամեն ինչ պատահում է, բայց ընտանեկան կյանքս երբեք չի տուժել մասնագիտականից, իսկ վերջինս՝ ընտանեկանից: Քանի որ փոքր հասակից սպորտով եմ զբաղվել՝ մեծ թենիսով, համարում եմ, որ դա ինձ վրա մեծ ազդեցություն է թողել. չափից ավելի կազմակերպված եմ ու երբեք իմ հոգսը ուրիշի վրա չեմ դրել:

-Կցանկանայի, որ խոսենք  COVID-ից:

-Ես բազմիցս իմ հարցազրույցներում ասել եմ` երեխաներն այդ առումով շատ պաշտպանված են: Մենք հիմա զբաղվում ենք ե՛ւ մեծերով, ե՛ւ փոքրերով, բայց երեխաների առումով այն գրեթե աննկատ է անցնում: Մինչդեռ տարիներ առաջ H1N1-ը մեզ համար լուրջ, ծանրագույն բեռ էր, ընդ որում, նման բարձր կարգի արձագանք-օգնություն էլ չենք ունեցել, բայց լուռ, դժվար, ծանր անցկացրել ենք այդ օրերը: Մենք գիտենք, որ վաղ տարիքի երեխաները հաճախ են վարակվում վիրուսներով, ինչը կարող է դրսեւորվել հազով, ջերմության բարձրացմամբ, փսխումով, դիարեայով եւ այլն, ու դա մեզ համար հասկանալի երեւույթ է: Նույնը եղավ երեխաների COVID-ի դեպքում, իսկ թե ինչպես կլինի վաղը, ինչպիսին կլինեն իմունոլոգիական արդյունքները, ժամանակը ցույց կտա: Կարծում եմ՝ լուրջ շեղումներ չեն լինի, ես դրանք գնահատում եմ որպես նոր վիրուսի հետ երեխայի օրգանիզմի ծանոթացում, որը ոչ մի արտառոց խնդիր չի առաջացնում՝ տեղի է ունենում իմուն համակարգի հասունացում: Այլ հարց է, որ կա մուլտի համակարգային բորբոքային համախտանիշ կոչվող մի շատ ծանր իրավիճակ: Այ, սա խնդիր է, որը նաեւ այլ պատճառներից է առաջացել, մեզ համար սա նորություն չէ, բայց ծանր ընթացք է ունենում:  

-Ընդհանրապես մասնագիտական ասոցիացիաները ի՞նչ են տալիս բժիշկներին: 

-Ես չեմ կարող ասել, որ շատ լուրջ համագործակցություն եմ ունեցել ասոցիացիայի շրջանակներում, բայց լավ բան է, երբ գործընկերներիդ հետ ունես նույն մակարդակի շփում, նույն հարցի շուրջ կարծիքներ, եւ դա առողջ վիճակ է, արտակարգ երևույթ: Ցանկանում եմ ինքս բացել ասոցիացիա, պարզապես ժամանակս չի ներում:

-Հարցերից դուրս ինչի՞ մասին կցանկանայիք, որպեսզի լուսաբանվեր: 

-Ես տեսա, թե ինչի պակաս ունի մեր ազգը. առողջ ապրելակերպին շատ թեթեւամտորեն է մոտենում, ինչը ցավալի է: Ես շատ կուզենայի, որ մարդիկ վստահեին բժիշկներին, մյուս կողմից՝ բժիշկներն ունենային լավ որակ: Կցանկանամ,  որպեսզի մարդիկ վայելեն կյանքը, կարողանան անգամ այս սահմանափակումների պայմաններում ունենալ հետաքրքիր ապրելակերպ: Այս սահմանափակումներին էլ ճիշտ ադապտացվեն, որ ունենան ճիշտ կազմակերպված, իրենց պոզիտիվ տրամադրություն տվող բաներ, որոնք սիրում են անել:

-Դիմելիության կուլտուրայի մասին ի՞նչ կասեք: 

-Իմ տպավորությունն այն է, որ մարդիկ շատ սիրում են դեղեր ընդունել, իրենք ուզում են, բայց ես չեմ տալիս: Ասում են` բա դեղ չե՞ք նշանակում: Ասում եմ` սխալ մարդու մոտ եք եկել. ես դեղ չեմ նշանակում: Դեղը նշանակում են այն ժամանակ, երբ կա հիվանդություն: 

Մեծ խնդիր է, երբ ինքնաբուժությամբ են զբաղվում՝ հետեւելով հարեւանի տված խորհրդին: Իհարկե, խնդիրներ ունի նաև առողջապահական համակարգը. դիմելը դժվար է լինում, բայց կարծում եմ՝ այդ առումով դրական միտում է նկատվում:  

-Կանխարգելիչ բուժումը ի՞նչ մակարդակի է այսօր: 

-Շատ վատ այն առումով, որ տարրական գիտելիքներ չկան: Մենք տեսնում ենք, որ երեխային ընդամենը պետք է հեղուկներ խմեցնել, բայց դրա համար նրան բերում են հիվանդանոց, պառկեցնում, որ սիտեմաներ ընդունի: Մի բան, որ կարելի էր տանը հեշտությամբ կատարել: Ծնողների հետ աշխատանքը շատ վատ մակարդակի է, եւ ասոցիացիա բացելու նպատակներիցս մեկն էլ ծնողներին գիտական առումով կրթելն է: 

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը: 

-Կուզենայի, որ իրենց առողջությանը վերաբերվեն գոնե տարրական կանոնները պահելով: Հասարակ օճառը եւ դիմակը մեզ պաշտպանում են շատ ծանր հիվանդությունից: Ու, եթե դու կարող ես այդ հասարակ միջոցներով պաշտպանվել, կարող ես քո կյանքն էլ հասարակ միջոցներով դարձնել շատ ներդաշնակ, հետաքրքիր եւ ապահովել առաջընթաց: Իմ կարգախոսն է. «Առաջընթաց, առաջընթաց, հետ նայել չկա»: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր