ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ Featured

(0 votes)

Ես շատ կցանկանամ, որ հայերը մի օր արթնանան ու լուսաբացի հետ շտկեն իրենց փոխհարաբերությունները

Այսօր մասնագետների բարձր որակավորումը թույլ է տալիս կատարել ամենաբարդ  միջամտությունը դիմածնոտային վիրաբուժության ոլորտում եւ կարճ ժամանակում պացիենտին վերադարձնել առօրյա կյանքին: Ժամանակակից վիրաբուժության մեջ կիրառվող մեթոդները ներառում են մի շարք վիրաբուժական ու նվազագույն ինվազիվ միջամտություններ` ուղղված նաեւ բնածին եւ ձեռքբերովի արատների շտկմանը:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Երեւան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմածնոտային ամբիոնի դոցենտ, երրորդ կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Նա հաճելի զրուցակից է, իր գործի մեծ գիտակ, մարդ, որն իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում է հիվանդների վստահությունը։ Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլեւ հոգեբանական շփմամբ, հետեւաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին:

-Քիմքի կամ վերին շրթունքի  բնածին ճեղքվածքները, ժողովրդական լեզվով ասած, «գայլի երախն» ու «նապաստակի շրթունքը», դեռ միջնադարում հայտնի պաթոլոգիաներ էին։ Նման արատ ունեցող մարդկանցից փախչում էին, ինչպես բորոտներից, նրանց նույնիսկ համարում էին կենդանիներ։ Ժամանակակից բժշկության տրամադրության տակ կա՞ն դիմածնոտային այս արատն ուղղելու միջոցներ։

-«Գայլի երախ» առաջանում է բերանի խոռոչի ոսկրային քիմքը ձեւավորող ոսկորների եւ գանգոսկրի, այսպես կոչված, խոփոսկրի սերտաճման պրոցեսը կանգ առնելու դեպքում։ Արդյունքում քիմքի վրա առաջանում է ճեղքվածք։ Փափուկ հյուսվածքները նույնպես հեռանում են՝ երբեմն դիպչելով նաեւ շրթունքին։ Ճեղքված շրթունքն անվանում են նապաստակի, որովհետեւ ճագարների եւ նապաստակների վերին շրթունքը ճեղքված է երկու մասի։ Քիմքի եւ վերին շրթունքի արատը հանդես է գալիս ինչպես առանձին, այնպես էլ՝ ծնոտի այլ պաթոլոգիաների հետ համակցված։ Հիվանդության պատճառը մեծամասամբ գենետիկական է, սակայն կան նաեւ ձեռքբերովի գործոններ, ինչպիսիք են մոր՝ ծանր գրիպով հիվանդանալը հղիության առաջին երկու-երեք ամիսների ընթացքում, երբ ձեւավորվում է դիմածնոտային հատվածը, տրավման, քիմիական արդյունաբերությունում աշխատանքը:

-Ոմանց կարծիքով հիվանդությունն ազդում է երեխայի մտավոր զարգացման վրա:    

-Սխալ է այն պատկերացումը, թե մտավոր տեսանկյունից հիվանդությունը ազդում է երեխայի զարգացման վրա։ Իսկ ահա ֆիզիկապես երեխան կարող է հետ մնալ իր հասակակիցներից զարգացման տեմպերով։ Ծննդաբերության ժամանակ նման երեխայի մոտ կարող են բարդություններ առաջանալ պտղամերձ հեղուկի՝ նրա շնչուղիներ թափանցելու պատճառով։ Նորածինը դժվար է շնչում, նա չի կարողանում ծծել, եւ այդ պատճառով  հետ է մնում քաշի մեջ։ Նման արատով երեխաները մնացած երեխաներից ավելի հակված են հիվանդանալու։ Նրանք ունենում են դիմածնոտային կմախքի, ատամնաշարի, լսողության հետ կապված խնդիրներ։

Դիմածնոտային այս թերությունը լիովին վերացվում է վիրահատության միջոցով։ Թեպետ նման վիրահատություններ անում են Երեւանի մի քանի հիվանդանոցներում, բայց երրորդ կլինիկականը միակն է, որտեղ խորությամբ զբաղվում են հենց այս խնդրով։ Որոշ դեպքերում պահանջվում է կրկնակի կամ նույնիսկ մի քանի վիրահատություն։ Երբեմն մնում է փոքր սպի, որը հետագայում շտկվում է պլաստիկ վիրահատությամբ։ Ե՛վ նախքան վիրահատությունը, ե՛ւ վիրահատությունից հետո երեխան գտնվում է դիսպանսերային հսկողության տակ, բուժման գործընթացը չի ավարտվում միայն վիրահատությամբ։ Մեզ հետ աշխատում են մանկաբույժներ, հոգեբաններ, օրթոդոնտներ, լոգոպեդներ եւ այլ մասնագետներ։ Այսինքն՝ դա մի համալիր է, որը երեխան անպայման պետք է լիովին ստանա։

-Ծնողները հեշտությա՞մբ են հաշտվում վիրահատության մտքի հետ:

-Ծնողների հետ զրուցում, նրանց բացատրում ենք, որ արատը կարելի է վերացնել վիրահատության շնորհիվ, որ նման երեխան մտավոր թերզարգացած չէ, եւ հաշմանդամության հաշվառումից էլ նրան կհանեն վերականգնողական գործընթացն անցնելուց հետո։ Եվ մի քանի անգամ ինձ հաջողվել է համոզել ծնողներին։ Հիվանդանոցը համագործակցում է մանկատների հետ, ու արդեն մանկատուն հանձնած երեխային եւս վիրահատում են։ Եղել են դեպքեր, երբ վիրահատությունից հետո ծնողները երեխային հետ են վերցրել մանկատնից։ Սակայն ավելի հաճախ են դեպքերը, երբ այդ երեխաներին որդեգրում են հիմնականում արտերկրյա քաղաքացիներ եւ տանում Հայաստանից։

Ըստ վիճակագրության, աշխարհում յուրաքանչյուր հազար երեխայից մեկը ծնվում է այս արատով։ Հայաստանում վիճակագրությունը տարեկան 40-50 երեխա է։

 -Իսկ, որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք ավելացնել ու մաղթել մեր ընթերցողներին:

-Ես շատ կցանկանամ, որ հայերը մի օր արթնանան ու լուսաբացի հետ շտկեն իրենց փոխհարաբերությունները: Երբ ասում ենք` հեղափոխության հետ իրավիճակ է փոխվել, ես կցանկանամ՝ այդ իրավիճակը փոխվի մարդկանց փոխհարաբերություններում, եւ մարդը մարդուն որպես ընկեր, այլ ոչ թե որպես թշնամի ընդունի: Շատ ճիշտ  է ասված` ինչ ցանես, այն էլ կհնձես, ուստի պետք է կողքինիդ բարություն անես, լավ բաներ ասես, ոգեւորես… Ամեն մարդ ունի իր իրավունքները, ցանկությունները, եւ մենք պետք է հարգենք դրանք, սիրենք դիմացինին: Ու, եթե մեր փոխհարաբերությունները դրականորեն զարգանան, մեր ազգը կցուցաբերի իր լավագույն որակները` աշխատասիրությունը, կրթված, բանիմաց, իմաստուն լինելը:

Կյանքը բնության ամենաթանկ պարգեւն է, իսկ առողջությունը`ամենամեծ արժեքը: Հարգենք կյանքը եւ պահպանենք առողջությունը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր