Արթուր Շուքուրյան Featured

(0 votes)

Բժիշկը հիվանդի վստահված անձն է. Արթուր Շուքուրյան

Քիթ, կոկորդ, ականջ՝ երեք տարբեր, սակայն միևնույն ժամանակ՝ խիստ փոխկապացված օրգաններ, որոնցից մեկի ախտահարումը շատ դեպքերում ազդում է նաև մյուսի վրա, ընդ որում՝ այս երեք օրգաններից ցանկացածի հետ կապված խնդիր ունենալու դեպքում բժիշկը մեկն է՝ քիթ-կոկորդ-ականջաբան:

http://bestgroup.am/-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր բժիշկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը:

Արդեն քանի՜ տարի շարունակ հոգատար ու բանիմաց բժիշկն իր ծով գիտելիքների և սեփական աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ օգնության ձեռք է մեկնում իրեն դիմած հիվանդներին, որոնց առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ, ինչը փաստում են հենց իրենք՝ հիվանդները՝ շնորհակալության խոսքեր շռայլելով իրենց իրապես առողջություն պարգևած բժշկին:

Ի դեպ՝ Արթուր Շուքուրյանի տիկինը ԵՊԲՀ Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, բ. գ. թ. Աննա Վարդանյանն է,  իսկ նրանց զավակները՝ Լորա և Միքայել Շուքուրյանները, նույնպես ընտրել են ծնողների բարդ ճանապարհը, և այսօր երկու երիտասարդ ու խոստումնալից բժիշկներն էլ աշխատում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

-Պարոն Շուքուրյան, ո՞վ է բուժող բժիշկը հիվանդի կյանքում:

-Դա այն մարդն է, որին հիվանդն այն ժամանակ, երբ դիմում է, վստահում է իր կյանքի մի հատվածը, որ կարողանա ճիշտ պատասխան ստանալ իր հիվանդության հետ կապված, չգիտեմ՝ ինչպես ձևակերպել, գուցե՝ մոտիկ մարդ, անձնավորություն, որն այդ ժամանակ դառնում է հիվանդի վստահված անձը: Նա իր հարազատը չէ, որովհետև հիվանդը չգիտի, թե ով է բժիշկը, բայց մյուս կողմից էլ քանի որ դիմել է, ուրեմն՝ գիտի բժշկի մասին, վստահում է նրան, կարելի է ասել, շատ դեպքերում՝ անգամ կյանքը:

-Երբ հիվանդը դիմում է բժշկին, հոգեբանական տեսանկյունից բժիշկն առաջինն ի՞նչ պիտի անի նրա համար:

-Քանի որ մարդը քեզ դիմում և վստահում է, ուրեմն՝ դու պիտի աշխատես այդ վստահությունը ոչ միայն արդարացնել, այլև կարողանալ ազնվորեն պատասխանել բոլոր հարցերին և լիարժեք բացատրել, թե ինչի՛ հետ է կապված հիվանդությունը, ո՛րն է պատճառը, ի՛նչ արդյունք կարող է տալ բուժումը, ի՛նչ հնարավորուոթուններ կան ժամանակակից բժշկության մեջ և այլն:

-Դուք, որպես բժիշկ, ի՞նչ առաքելություն ունեք:

-Պետք է արդարացնես այն վստահությունը, որ կա հիվանդների կողմից, կարողանաս իրենց ճիշտ ձևով բացատրել ամեն ինչ հիվանդության, քո հնարավորությունների, բժշկության հնարավորությունների մասին և իսկապես լինես ազնիվ հիվանդի նկատմամբ: Ամենակարևորը դա է, բժիշկը պետք է վերաբերվի հիվանդին այնպես, ինչպես իր հարազատին, մտերիմին, կամ ինչու չէ՝ ինքն իրեն, երբ ինքը լիներ հիվանդի տեղը, ինչպե՞ս կցանկանար, որ իրեն վերաբերվեին… Կարևորը ազնվությունը, ճշմարտությունն է:

-Մասնագիտական ասպարեզում բժիշկը վախենալու իրավունք ունի՞:

-Կարծում եմ, որ բժիշկը պիտի վախենա, վախի զգացումը պետք է լինի, բայց դա ոչ թե այն վախն է, որ չես կարող անել, բայց պիտի անես որևէ բան, այլ ինչ-որ չափով վախը կապված պիտի լինի այն բանի հետ, թե ինչ արդյունքի կհասնես վերջիվերջո, վախն այդ տեսակետից պիտի լինի, որովհետև շատ անգամ բժիշկը, իհարկե, համարյա հարյուր տոկոսով գիտի ելքը, թե ինչ արդյունք կլինի բուժումից, վիրահատությունից հետո, բայց, միևնույն է, նրա մեջ մնում է, կարելի է ասել, կասկած: Բժիշկը գործ ունի մարդկային օրգանիզմի հետ, որը մեխանիզմ չէ, մեքենա չէ, որ դու կարողանաս ինչ-որ սարք օգտագործել, մի մասը փոխել և իմանալ՝ ինչ կլինի, դրա համար սա է հիմնական վախի գաղափարը:

Ես էլի եմ կրկնում՝ բժիշկը, իհարկե, վախի զգացում կարող է ունենալ, ու թեև համարյա միշտ վստահաբար գիտի իր արդյունքը, սակայն դարձյալ ինչ-որ կասկած մնում է: Ցանկացած բժշկի մոտ դա կարող է լինել, և դա ճիշտ է, որովհետև հնարավորություն է տալիս բուժման ընթացքում, երբ տեսնում ես, որ արդյունքն այն չէ, փոխել բուժման տակտիկան, ռազմավարությունը, ուրիշ մեթոդ օգտագործել:

-Ի՞նչն է ամենադժվարը Ձեր մասնագիտության մեջ:

-Ամենադժվարը ճիշտ ախտորոշումն է, որովհետև տարբերակված ախտորոշումն ամենակարևորն է՝ ճիշտ հասկանաս ո՛ր հիվանդությունն է հիվանդի մոտ, ինչու՛ է այդպես ,և ճիշտ ուղղորդված ձևով կատարես բուժում:

-Որևէ արտառոց, տարօրինակ, հետաքրքիր դեպք կհիշե՞ք Ձեր մասնագիտական գործունեությունից:

-Այս վերջերս եղավ՝ մի ամիս առաջ, հայմորիտի՝ վերին ծնոտային խոռոչի բորբոքման վիրահատության ժամանակ խոռոչի մեջ գտանք կաթնատամ: Հիվանդն այդքան մեծ չէր տարիքով՝ 30-32 տարեկան, խոռոչի բորբոքում էր առաջացել, այնպիսի բորբոքում էր, որ հիվանդը երկարատև դեղորայքային բուժում էր ստացել, որն էֆեկտիվ չէր, և նշանակվեց վիրահատություն, որը կատարվեց էնդոսկոպիկ մեթոդով, այսինքն՝ քթի խոռոչի միջից մենք հատուկ գործիքներով մտանք հայմորյան խոռոչ, և այդ ժամանակ հայտնաբերվեց կաթնատամ, որը, ինչպես պարզվեց, երկար ժամանակ իր մոտ պահպանվել է մանկական հասակից, կաթնատամը թռել էր դեպի  խոռոչ և առաջացրել բորբոքում:

-Երեք օրգաններից՝ քիթ, կոկորդ, ականջ, ամենաշատը որի՞ հետ կապված խնդրով են Ձեզ դիմում:

-Տոկոսային առումով՝ սովորաբար վերին շնչուղիների հետ կապված, ֆարինգիտներ, տոնզիլիտներ, այսինքն՝ քմային նշիկի բորբոքում, քթի խոռոչներ, միջնապատի ծռվածություն, շնչառության հետ կապված խանգարումներ, պոլիպներ, վերջերս նաև՝ կապված մեզ մոտ ախտորոշման զարգացման հետ, ականջի տարբեր պաթոլոգիաներով են շատ դիմում:

Ներկայումս ՀՀ-ում գործում են երկու պետական ծրագրեր: Մեկը խխունջային ներպատվաստման ծրագիրն է, երբ մանկական հասակում հայտնաբերվում են լսողության թերություններ նորածինների մոտ, և մինչև մեկ տարեկան փորձում ենք շտկել՝ կատարելով վիրահատություններ, և երկրորդ պետական ծրագիրը մանկական հասակում նորածինների աուդիոլոգիական սկրինինգն է, որն արվում է մինչև հինգ օրական երեխաներին. ախտորոշում ենք խանգարումները:

Բացի դրանից՝ գիտեք նաև, որ Աշխատաքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մենք փորձում ենք հաշվառել այն մարդկանց, որոնք ունեն լսողության այս կամ այն խանգարումը, և օգնել նրանց, մանավանդ մեծահասակներին՝ տրամադրելով լսողական ապարատներ, այսինքն՝ կատարվում է պրոթեզավորում:

Առաջին ծրագիրը 2008 թվականից է ներդրված, դա նորածինների աուդիոլոգիական սկրինինգն է: Այն ժամանակ առողջապահության նախարարը պրոֆեսոր Քուշկյանն էր, որը հաստատեց այս ծրագիրը, որը մինչ օրս գործում է: Դրան ավելացավ խխունջայիյն ներպատվաստման ծրագիրը, իսկ 1993 թվականից հենց մեր կլինիկայի բաժանմունքում կատարում ենք պրոթեզավորում:

-Պարոն Շուքուրյան, կյանքի նշանաբան ունե՞ք:

-Կարծում եմ՝ հիմնականը, որ լինես քո տեղում, միշտ կարողանաս որոշել՝ ո՛րն է քո տեղը, ինչպե՛ս կարող ես օգտակար լինել քո շրջապատին, քո ընտանիքին, հարազատներին, ընկերներին, հիվանդներին…

-Ինչպե՞ս կշարունակեք այն միտքը, որ բժշկի գործը որքան էլ բարդ է, նույնքան էլ…

-Այստեղ պիտի պատասխանեմ այսպես, որ երբ հիվանդը բժշկին շնորհակալություն է հայտնում, դա ամենաբարձր զգացումն է, որ բժիշկը վաստակում է:

-Ի՞նչ ապագա եք տեսնում Ձեր ոլորտում գործող երիտասարդների համար:

-Կարծում եմ, որ մեր երիտասարդները շատ բանիմաց են, ձգտող, նպատակային գաղափարներ ունեն… Շատ բան մեզնից է կախված՝ կկարողանա՞նք նրանց ճիշտ ուղու վրա դնել, տալ այն հնարավորույունները, որոնց կարիքն ունեն… Նրանք կարող են դառնալ շատ լավ մասնագետներ, ես ցանկանում եմ և համոզված եմ, որ նրանց սպասում է լավ ապագա:

-Հայաստանում Ձեր ոլորտում ի՞նչ բացեր կան:

-Ցավալի է, բայց եթե անկեղծ լինենք, դա կապված է սարքավորումների հետ: Ցավոք սրտի, ցանկացած ասպարեզում բժշկության մեջ երևի դա է հիմնականը, որովհետև մեր մասնագետները բավականին հմուտ են, փորձառու, ճիշտ ուղու վրա են, բանիմաց են, նրանց դժվարությունները կապված են այս կամ այն սարքավորման բացակայության հետ: Սա է հիմնական բացը, որը կապված է ֆինանսական դժվարությունների վրա:

-Քիթ-կոկորդ-ականջաբանը, բնականաբար, համագործակցում է այլ ոլորտի բժիշկների հետ, ամենաշատը ո՞ր մասնագետի հետ եք առնչվում:

-Հիմնականում նյարդաբանների հետ, դիմածնոտային բժիշկների, ատամնաբույժների հետ, նաև վիրաբույժների, նեյրովիրաբույժների…

-Ո՞րն է եղել ամենաբարդ վիրահատությունը Ձեր գործունեության ընթացքում:

-Ամենաբարդ վիրահատությունները կապված են ականջի հետ, և երբ կան ներգանգային բարդություններ, որոնց ժամանակ, ճիշտն ասած, և՛ բժիշկն է մի քիչ դաժվարություններ զգում, որովհետև չգիտի՝ ինչպիսի արդյունք կլինի, և հիվանդի, նրա հարազատների համար մի քիչ ավելի դժվար է, բայց երբ ճիշտ ձևով է ամեն ինչ կատարվում, և կարողանում ես օգնել այդ հիվանդներին… Ամենադժվարը ներգանգային բարդություններն են…

-Ի՞նչ եք կարծում, բժիշկը հիվանդին պիտի ասի՞ ողջ ճշմարտությունը հիվանդության հետ կապված, թե՞ ոչ:

-ԽՍՀՄ տարիներին մոտեցումն այնպիսին էր, որ եթե, օրինակ, հիվանդի մոտ կար ուռուցք, չգրված օրենք կար, որ մինչև վերջ ախտորոշումը չէր ասվում հիվանդին, ասվում էր բարեկամներին, և տառապողը դառնում էր բարեկամը, կամ այն անձը, որին ասում էինք: Եվ հիվանդի մեջ, չիմանալով, արդեն կասկածներ էին առաջանում:

Այսօրվա ժամանակակից մոտեցումն այն է, որ հիվանդին ամբողջությամբ ասում ես, բայց ախտորոշումն ասելով՝ նաև նշում ես, թե ինչպիսի՛ հնարավորություններ կան, այնպես չէ, որ հիվանդը դառնում է մի հուսահատ անձ, որովհետև իրեն ասում են՝ կներես, ոչ մի հնարավորություն չկա:

Կարծում եմ, որ հիվանդը պիտի ամբողջությամբ իմանա իր ախտորոշումը, իր հնարավորությունները, իմանա, թե դրանք նա կարո՞ղ է իրականացնել մեր երկրում, թե՞ պիտի փորձի այլ երկրների բժշկական կենտրոններում գտնել իր բուժման ձևը, հնարավորությունները… Դա էլ պիտի անկեղծ ասենք իրենց:

Մեզ մոտ ինչքան այդպիսի դեպք լինում է, մենք ինֆորմացիան տալիս ենք, եթե մենք անզոր ենք, չենք կարողանում բուժումն ապահովել ամբողջությամբ, այդ ժամանակ անկեղծորեն ասում ենք, թե որտեղ կարելի է այն ստանալ:

-Գաղտնիք չէ, որ ապրում ենք տեղեկատվական հեղեղի դարում, ամեն մեկը կարող է համացանցում որոնել և ցանցացած հիվանդության մասին տեղեկություն ստանալ: Դուք, որպես բժիշկ, խորհուրդ կտա՞ք որևէ հիիվանդության մասին տեղեկություն ստանալ ցանկացողին վերցնել այն համացանցից, թե՞ ավելի ճիշտ է միանգամից մասնագիտական գրականություն կարդալ կամ դիմել բժշկի…

-Համացանցի ընձեռած այդ հնարավորությունը պետք է հիվանդին էլ, ցանկացած մարդու էլ, որ նա ընդհանուր գաղափար ստանա, բայց, հավատացեք, ինտերնետում եղած ողջ ինֆորմացիան չի կարող փոխարինել բժշկին, որովհետև ցանկացած բժիշկ իր փորձն ունի իր ասպարեզում, և չի կարող պատահել՝ նա ինչ-որ ձևով ավել տեղեկություն  չտա այլ հնարավորությունների մասին, դրա համար հիմնվել միայն այդ ինֆորմացիայի վրա՝ ճիշտ չէ, պետք է անպայման դիմել մասնագետի:

-Ի՞նչ կցանկանաք հավելել, պարոն Շուքուրյան:

-Ես կցանկանամ, որ մեր ազգը փոխի իր մոտեցումն առողջ ապրելակերպի հետ կապված, կուզեմ, որ լինենք ավելի սպորտային… ԽՍՀՄ ժամանակներում տարբեր համակարգեր կային, որոնք օգնում էին ավելի սպորտային լինել, ավելի ճիշտ ձևով սնվել, իսկապես՝ առողջությունն ամենաթանկ բանն է, դա չպետք է մոռանալ, և դրա մասին պետք է մտածել երիտասարդ տարիքից:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր