Կատարելության հասնելու համար չպետք է վախենալ դիմել առավելագույնին

Գաղտնիք չէ, որ պլաստիկ վիրաբուժությունը բժշկության մեծ պահանջարկ վայելող ոլորտներից է: Մարմնի և դեմքի բնածին, ձեռքբերովի ցանկացած թերություն և արատ ենթակա է շտկման, եթե խոսքը վերաբերում է պլաստիկային: Ելնելով ազգային դիմագծերից և գենետիկ առանձնահատկություններից` կան մի շարք պլաստիկ վիրաբուժական ծառայություններ, որոնք առավել տարածված են հենց հայերի շրջանում:

Էսթետիկ բժշկության շնորհիվ բնության թերացումը կամ գեների դրսևորումներն այևս «ճակատագիր» չեն։ Գիտության հնարավորություններից օգտվելով՝ այսօր իրենց «ճակատագիրը» շատերն են շտկում։

Պլաստիկ վիրաբուժությունն օգնում է մարդուն գեղեցկանալ և ձերբազատվել հոգեբանական բարդույթ առաջացնող արտաքին թերություններից:

Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում բավականին բարձր մակարդակ ունի և շատ ակտիվ զարգանում է:  Հայ մասնագետների արվեստի զգացողությունը նկատում են նաև դրսում, և դա նպաստում է էսթետիկ բժշկական տուրիզմի զարգացմանը մեր երկրում։

 Մեր զրուցակիցն է <<Հերացի>> թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ ԳՈՌ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԸ:

-Պարո՛ն Ամիրբեկյան, ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

-Դեռ մանուկ հասակում մարդկանց օգնելու ցանկություն առաջացավ ինձ մոտ` իրենց առողջական խնդիրների լուծման գործում, և հենց այդ իսկ պատճառով էլ ընտրեցի բժշկի մասնագիտությունը, իսկ պլաստիկ վիրաբույժի, միկրովիրաբույժի մասնագիտությունն ընտրեցի արդեն ուսանողական տարիներին, երբ ավելի հոգեհարազատ դարձավ մարդկանց էսթետիկական աջակցություն ցուցաբերելու բնագավառը: 

-Ըստ  Ձեզ,  նորաձևությունից ելնելո՞վ են մարդիկ ավելի շատ ձգտում էսթետիկ փոփոխությունների:

-Եթե տարիներ առաջ մարդիկ պլաստիկ վիրաբույժին դիմելը գաղտնի էին պահում, ապա մեր օրերում արդեն շատ հանգիստ դիմում են նրա օգնությանը, և, բնական է, ավելացել է դիմողների թիվը: Ժամանակին հիմնականում կանայք էին դիմում, իսկ այսօր՝ արդեն նաև տղամարդիկ: Հայաստանում ավելի շատ դիմում են քթի դեֆորմացիայի շտկման, ինչպես նաև կրծքի չափերի փոփոխության համար: Մեր օրերում քթի շնչառական խանգարումների, հիմնականում ալերգիկ հիպերտոֆիկ ախտանիշի դեպքում լազերային եղանակով խեցիները հանվում են: Ընդ որում, միջամտությունը կատարվում է ոչ թե ընդհանուր, այլ տեղային անզգայացմամբ,  և այն տևում է մոտ 20-30 րոպե: Հիվանդը հենց վիրահատության ընթացքում արդեն սկսում է ավելի լավ շնչել:

-Իսկ հետագայում հետվիրահատական բարդություններ լինո՞ւմ են:

-Հետվիրահատական բարդություններ շատ քիչ են լինում այս դեպքում, քանի որ չի լինում արնահոսություն: Հետվիրահատական շրջանում պացինտները ստանում են դեղորայքային բուժում՝ կաթիլների տեսքով: Լազերային միջամտությունը կարելի է կիրառել նույնիսկ միջնապատի փոքր թեքվածությունների դեպքում, իսկ մեծ թեքվածությունների դեպքում արդեն պետք է դիմել վիրաբուժական միջամտության: Երբեմն դիմում են տարիքային փոփոխությամբ պայմանավորված կոպերի կախվածության դեպքում՝ դեմքի ձգման համար կամ էլ՝ հղիությունից հետո որովայնի առաջնային պատի կախվածության ժամանակ: Բավականին շատ են դիմում նաև բազուկների, ազդրերի պլաստիկայի խնդրով: Մարդկանց մոտ քաշի կորստից հետո բազուկերի միջին մակերեսի մաշկի կախվածություն է առաջանում, և այդ դեպքում կատարվում են լիֆտինգներ: Մինչ այդ նախօրոք պացիենտի հետ քննարկվում է, թե նա ինչ արդյունք է ակնկալում, և մենք պատկերացնում ենք մեր հետագա քայլերի ընթացքը: Պետք է միշտ գիտակցել, որ լիպոսակցիայի միջոցով չեն կարող նիհարել, լիպոսակցիան հիմնականում մարմնի կոնտուրային պլաստիկա է, այսինքն` ինչ-որ հատվածի դեֆեկտը շտկման դեպքում է հնարավոր մարմինն ավելի գեղեցիկ դարձնելը:

-Բժիշկ, տեղյակ ենք, որ գոյություն ունի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիա,  համագործակցո՞ւմ եք այդ կազմակերպության հետ:

-Այո, սերտ համագործակցում ենք ասոցիացիայի հետ, ինչպես նաև արտերկրներում մասնակցում վերապատրաստումների, կոնֆերանսների: Եթե բժիշկը չմասնակցի կոնֆերանսների, չվերցնի դրսի փորձը, կլճանա, տեղում կդոփի, իսկ բժշկությունը, բոլորս էլ գիտենք, շատ արագ է զարգանում,  ու մենք պետք է նրան համընթաց քայլենք: Օրեցօր նոր տեխնոլոգիաներ են զարգանում, նոր սարքավորումներ են արտադրվում, բայց մեր երկիրը, ցավոք, դրանք ձեռք բերելու ֆինանսական հնարավորություններ չունի: Իսկ ընդհանրապես մեր երկրում բժշկությունը մատչելի է, և մեզ դիմում են Ռուսաստանի Դաշնությունից ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ ռուսները: Ունենք պացիենտներ Գերմանիայից, Հոլանդիայից, այլ երկրներից: Մեզ դիմում են նաև մեզ մոտ նախկինում վիրահատված պացիենտների ծանոթները, բարեկամները:

-Ի՞նչ կասեք այն պնդման մասին, որ տեխնիկան օգնում է լավ բժշկին:

-Տեխնիկան օգնում է բժշկին, բայց, օրինակ, ռենոպլաստիկայում` քթի վիրահատության դեպքում թե՛ մեզ մոտ, թե՛ արտերկրներում օգտագործվում են նույն գործիքները: Իսկ լազերային վիրաբուժության և լազերային  լիպոսակցիայի համար նախատեսված տեխնիկան այսօր բավականին թանկ է, և, քանի որ Հայաստանում շուկան համեմատաբար փոքր է, այդ որակի տեխնիկան ձեռք բերելու դեպքում ծախսերը փոխհատուցելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվելու: Մինչև դա կատարվում է,  արդեն տեխնիկան շատ հնացած է լինում, և առաջանում է նորը ձեռք բերելու անհրաժեշտություն:

-Ձեր կլինիկա շա՞տ դիմողներ կան:

-Չնայած այսօր մեր երկրում բավականին շատացել են պլաստիկ վիրաբույժները, սակայն մեր կլինիկա դիմողները շատ են, ինչը պայմանավորված է թե՛ մեր որակյալ աշխատանքով, թե՛ մեզ մոտ գործող զեղչային ճկուն համակարգով:

-Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ հրաժարվում եք վիրահատությունից՝ զգալով, որ դրա կարիքը չկա, բայց պացիենտը ստիպում է գնալ այդ քայլին:

-Այո, լինում են դեպքեր, երբ կունսուլտացիայի ժամանակ հասկանում ենք, որ վիրահատությունից հետո կարող են հետագա խնդիրներ առաջանալ և զգուշացնում ենք այդ մասին: Կան նույնիսկ մարդիկ, ովքեր վիրահատության գերազանց արդյունքից հետո էլ, միևնույն է,  դժգոհ են ինչ-որ բանից: Իհարկե, նման խնդրին ճիշտ լուծում տալու համար կիրառում ենք համակարգչային մոդելավորման մեթոդը: Այսինքն, նախքան վիրահատությունը այցելուին  տարբեր դիրքերից նկարում ենք և ծրագրի միջոցով նրան ցույց տալիս այն արդյունքը, որը գործնականում  կարող ենք ստանալ: Եթե զգում ենք, որ, այսպես ասած, բարդ մարդիկ են, գերադասում ենք  չվիրահատել նրանց, որ հետագայում խնդիրներ չունենանք: Հրաժարման պատճառը պացիենտի պահանջների և բժիշկների առաջարկների անհամապատասխանությունն է:

-Պարո՛ն Ամիրբեկյան, ի՞նչ կցանկանայիք ավելացնել` որպես վերջաբան:

- Սիրեք ձեզ: Դուք եք որպես նկարիչ նկարում ձեր ճակատագիրը: Ինչպես ասում են, գեղեցկությունը զոհեր է պահանջում: Երբեք չպետք է վախենալ կատարելության հասնելու համար դիմել առավելագույնին: 

28 Հլս

ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Written by

 Ցանկության և ձգտումի շնորհիվ մարդու մոտ ամեն ինչ կստացվի

Դիմածնոտային վիրաբուժությունն իր մեջ ընդգրկում է վիրահատությունների բավականին մեծ խումբ` դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների ու դեֆեկտների վերականգնում, դիմային ոսկրերի վնասվածքների բուժում, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների ու ոսկրերի բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում,  ատամնային իմպլանտացիա, այդ թվում` ծնոտների ատամնաբնային ելունների արտահայտված ատրոֆիաների դեպքում։ Իրականացվում են նաև դեմքի էսթետիկ վիրահատություններ` ռինոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, դեմքի մաշկի լրիվ կամ մասնակի ձգում, դեմքի ուրվագծերի շտկում դիմային իմպլանտների կիրառմամբ և այլն:

Մեր զրուցակիցը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիմածնոտային վիրաբույժ, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի  ղեկավար ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆՆ է։

-Տիկի՛ն Պողոսյան, խնդրում ենք մի փոքր պատմել Ձեր անցած ճանապարհի մասին:

-1996թ. ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատալոգիական ֆակուլտետը, որից հետո արդեն նեղ մասնագիտացում  եմ անցել ստոմատոլոգիայով և դիմածնոտային վիրաբուժությունով: Առաջին քայլերը դիմածնոտային վիրաբուժության մեջ 2000թ. կատարել եմ հայրիկիս` Յուրի Պողոսյանի ղեկավարությամբ` կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նա իմ առաջին և հիմնական ուսուցիչն է եղել այս ոլորտի նվաճման ճանապարհին: 2003 թվականից  միասին հիմնեցինք դիմածնոտային վիրաբուժության կլինիկա ներկայիս «Մուրացան» հիվանդանոցում  (այն ժամանակ կոչվում էր <<Հայք>> բժշկական կենտրոն), որտեղ ես բաժանմունքի վարիչն էի: 2010թ. կլինիկան տեղափոխվեց  Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Այստեղ շարունակում եմ աշխատանքս որպես դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար: Ընթացքում անցել եմ շատ վերապատրաստումներ, որոնց թվում՝ նաև արտերկրում: 2003 թ. պաշտպանեցի բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005թ. ստացա դոցենտի գիտական կոչում: 2012թ. ստացել եմ բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի ու դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսորի կոչում:

-Կարևորո՞ւմ եք վերապատրաստումները, մասնակցո՞ւմ եք դրանց։

-Իհարկե անչափ կարևորում եմ: Դրանք օգնում են մեզ աճել մեր մասնագիտությոն մեջ, տեղեկացված լինել աշխարհում կիրառվող նոր վիրահատական կամ կոնսերվատիվ բուժման մեթոդների մասին, փորձի փոխանակում կատարել մեր արտերկրյա գործընկերների հետ, ծանոթանալ տեխնիկայի նորագույն նվաճումներին:

-Կարողանո՞ւմ եք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:

- Իհարկե, ուզենք թե չուզենք, համատեղում ենք, որովհետև առանց դրա հնարավոր չէ։

-Իսկ ինքներդ սովորեցնո՞ւմ եք նորավարտ սերնդին Ձեր մասնագիտությունը:

- Իհարկե: Մեր բազայում ուսուցում են անցնում թե՛ ուսանողները, թե՛ կլինիկական օրդինատորները: Սիրում եմ երիտասարդ և ձգտում ունեցող սերնդին սովորեցնել ոչ միայն մասնագիտության հիմունքները, այլ նաև կիսել այն բոլոր գաղտնիքները, որ պաշարել եմ տարիների փորձի ընթացքում: Նրանք մեր ապագան են:

-Իսկ Հայաստանում  կա՞ դիմածնոտային վիրաբույժների ասոցիացիա:

-Այո, այն հիմնվել է դոցենտ Գրիգորի Խաչատրյանի նախաձեռնությամբ, ինչի համար շատ երախտապարտ ենք նրան: Կարևոր է ունենալ ասոցիացիա, որը կմիաձուլի բոլոր դիմածնոտային վիրաբույժներին`թե՛ լուծելու ընդհանուր խնդիրներ, թե՛ հավաքների ժամանակ ծանոթանալու մեկս մյուսի նվաճումներին կամ հետաքրքիր վիրահատական դեպքերին:

2016թ.–ից  ընտրվել եմ դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբուժության հայկական ասոցիացիայի նախագահ։

-Դիմածնոտային ի՞նչ հիվանդություններով են ավելի շատ դիմում։ Ձեր բաժինը տեխնիկապես զարգացա՞ծ է, չի՞ զգացվում արտերկիր դիմելու կարիքը:

-Դիմածնոտային բոլոր հիվանդություններով էլ մեզ դիմում են: Ըստ վիճակագրության, դիմածնոտային վիրաբուժության ճյուղով ամենաշատը դիմում են բորբոքային պրոցեսների հետ կապված խնդիրներով, որոնց մեջ մեծ տոկոս են կազմում հայմորիտները, վնասվածքները և ուռուցքները:  Օրեցօր շատանում է կոսմետիկ վիրահատությունների (ավելի հաճախ` քթի պլաստիկայի)  և դենտալ իմպլանտացիայի դիմելիությունը:

 Մեր կլինիկան տեխնիկապես բավականին հագեցած է, բայց տեխնիկան այնպես արագ է զարգանում, որ երբեմն չենք կարողանում շարժվել նրան համընթաց։  

-Բժշկուհի, ի՞նչ մակարդակ ունի բժշկին դիմելու կուլտուրան:

-Չհաշված էսթետիկ վիրահատությունները, ցավոք, մնացած դեպքերում դիմում են բավականին ուշացած: Պատճառը գուցե ֆինանսական է, գուցե վախն է վիրահատության նկատմամբ կամ էլ մեր բժշկական համակարգում պարտադիր պրոֆիլակտիկ բուժզննման բացակայությունը….

-Բժշկուհի, որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

- Ցանկության եւ ձգտումի շնորհիվ մարդու մոտ ամեն ինչ կստացվի: Կարեւորը՝ առողջություն լինի:

Ամեն մարդ իր ճանապարհն է գնում, ամեն մարդ իր վերջնական կանգառին է հասնելու

Կինեզոթերապիա բառը հին հունարենից թարգմանաբար նշանակում է բուժում շարժմամբ, «kinesis»՝ շարժում, «therapia»՝ բուժում: Մեր մկաններն աշխատում են գիտակցության շնորհիվ և իրենց ազդեցությունն են ունենում ամբողջ օրգանիզմի վրա: Բայց որպեսզի դրանք աշխատեն, բավարար չէ միայն մկանաթելերի, ջլերի, կապանների կծկումը: Այդ գործընթացում իրենց մասնակցությունն ունեն նաև նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, աղեստամոքսային համակարգերը: Մկանային կծկման ժամանակ արտադրվում են մորֆիանման միացություններ՝ էնդորֆիններ, որոնք օժտված են ցավազրկող հատկությամբ: Դա է պատճառը, որ կինեզոթերապիայից հետո ցավային զգացումները հիվանդների մոտ լիովին կամ մասնակի անհետանում են: Ազդելով  մկանային համակարգի վրա՝ խթանվում է օրգանիզմի ինքնակարգավորման գործընթացը, քանի որ մարդկային օրգանիզմը միասնական ինքնակարգավորվող համակարգ է:

Կինեզոթերապիայի կենտրոններում որպես օրգանիզմի վրա ազդող գործոն օգտագործում են ուժային մարզման ձևերն ու մեթոդները:

Կինեզոթերապիայի և մի շարք այլ հարցերի մասին զրուցեցինք «Աքսիոմեդ» վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնի տնօրեն, օրթոպեդ, վնասվածքաբան ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ է իրենից ներկայացնում կինեզոթերապիան:

-Դեռ կոմունիստական ժամանակաշրջանում կինեզոթերապիան մեզ առավել ծանոթ էր բուժական մարմնամարզություն անվանումով, բայց իրականում կինեզոթերապիան շատ ավելի լայն ընդգրկում ունի և իր մեջ ներառում է ոչ միայն կոնկրետ բուժական մարմնամարզություն,  այլև մեխանոթերապիա, տրակցիոն բուժում և շատ այլ մեթոդներ: Կինեզոթերապիա կիրառվում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական խնդիրների ժամանակ: Խոսքը ոչ միայն ողնաշարային կամ խոշոր հոդային, այլև ցանկացած նևրոլոգիական խնդիրների մասին է: Իսկ հակացուցումները խիստ սահմանափակ են. ասենք, հենաշարժիչ համակարգի ուռուցքային ախտահարումները, ծանր սիրտ-անոթային և սիրտ-թոքային անբավարարությունները։ Ընդհանրապես բացարձակ հակացուցումներ կինեզոթերապիան չունի:

-Պարո՛ն Հովհաննիսյան, իսկ Ձեր աշխատակիցներին ընտրելիս ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվել և առաջնորդվում:

-Առաջնորդվել ենք և շարունակում ենք առաջնորդվել պրոֆեսիոնալիզմի սկզբունքով ու մարդկային հատկանիշներով: Կադրերի հավաքագրումը բավականին երկար տևեց մեզ մոտ, քանի որ ես միշտ խուսափել եմ վերցնել առաջին պատահած մասնագետին: Նշեմ, որ մենք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոն ենք համարվում, և մեզ մոտ այսօր աշխատում են ամբիոնի աշխատակիցներ, դասախոսներ, որոնք բոլորն էլ ունեն գիտական կոչումներ, այսինքն՝ բոլորը կրթված մասնագետներ են, պատահական աշխատակիցներ չեն ընտրված: Պետք է նշեմ նաև, որ մեզ մոտ վերապատրաստում և ուսուցում են անցնում համալսարանի ուսանողներ:

-Հասցնո՞ւմ են արդյոք  Ձեր աշխատակիցներն իրենց աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

-Իհարկե համատեղում ենք։ Ընդ որում, վերջին 3-4 տարիներին մենք ենք կազմակերպում վերապատրաստման դասընթացներ արտերկրից ժամանած մասնագետների օգնությամբ, որոնք մեզ մոտ թրեյնինգներ են անցկացնում ոչ միայն մեր աշխատակիցների, այլև մեր քաղաքի մասնագետների հետ:

-Բժի՛շկ, մի փոքր խոսեք այն մասին, թե Ձեր կլինիկայում նիհարելու ինչ ծրագիր է իրականացվում:

-Արդեն մի քանի տարի է, ինչ մեր կլինիկայում կիրառվում է նյութափոխանակության կարգավորման մեթոդ, որն անվանում են մարմնի բաղադրիչների ախտորոշում: Մեզ դիմած պացիենտն անցնում է հատուկ հետազոտություն, որի ժամանակ ախտորոշվում են մարմնի բաղադրիչները, ճարպերը, մկանային, ակտիվ բջջային զանգվածը, հեղուկներն ըստ ֆրակցիաների, պացիենտի մետաբոլիկ տարիքը, հանգիստ վիճակում կալորիաների ծախսը, որից հետո ստուգվում է պացիենտի էնդոկրին վիճակը: Այդ ամենի արդյունքում պացիենտին նշանակվում է անհատական հինգանգամյա սննդակարգ: Արդյունքները բավականին լավ են, և պետք է հավելեմ նաև, որ այս ծրագիրը համարվում է ոչ թե նիհարելու, այլ նյութափոխանակության կարգավորման ծրագիր, որի ընթացքում քաշի կարգավորումը կատարվում է երկրորդային ճանապարհով: Առաջնայինը նյութափոխանակության կարգավորումն է, և այս ծրագիրը նաև անորեքսիայով տառապողների համար է:

-Պարո՛ն Հովհաննիսյան, մասնագիտական ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև կլինիկան հիմնադրելը:

-Դեռ ուսանողական տարիներից սկսել եմ աշխատել այժմյան Միքայելյանի անվան ինստիտուտի ընդունարանում՝ որպես ֆելդշեր, ինչն էլ ինձ վիրաբուժության մեջ բավականին մեծ փորձ է տվել: Այդ տարիներին լայն կիրառություն ուներ Միքայելյանի ինստիտուտի միկրովիրաբուժության ճյուղը: Պատերազմական ժամանակաշրջան էր, հիվանդերի հսկայական հոսք կար, և բավականին շատ վիրահատություններ էին կատարվում: Այնուհետև տեղափոխվել եմ ներկայիս «Իզմիրլյան» կենտրոն, որն այդ ժամանակ կոչվում էր Նազարովի անվան պրակտոլոգիայի ինստիտուտ, որտեղ էլ իմ մասնակցությունն եմ ունեցել օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի հիմադրման գործում։ Այնուհետև տեղափոխվել եմ 8-րդ հիվանդանոց, սկզբնական շրջանում աշխատել որպես բժիշկ, հետո՝ բաժնի վարիչ: Կլինիկայի բացվելուց հետո հրաժարվեցի այդ պաշտոնից, բայց հիմա էլ շարունակում եմ կատարել վիրահատական միջամտություններ:

-Ուսանողության հետ շփվելով՝ ի՞նչ պատկերացում եք կազմում մեր առողջապահության ոլորտի ապագայի մասին:

-Կան լավ, ձգտում ունեցող, բավականին նպատակալսաց, խելացի, աշխատասեր ուսանողներ, որոնք ամեն ինչ անում են լավ մասնագետ դառնալու համար, և դա չի կարելի չտեսնել, հաշվի չառնել։ Սակայն նրանց կողքին կան նաև գործնականում ոչնչով չհետաքրքրվող, ոչնչով չզբաղվող ուսանողներ: Այնպես որ՝ պետք չէ ընդհանրացնել. ամեն մարդ իր ճանապարհն է գնում, ամեն մարդ իր վերջնական կանգառին է հասնելու:

-Շփվելով բազմաթիվ պացիենետների հետ՝ ի՞նչ կարծիք եք կազմել մեր հասարակության՝ բժշկի դիմելու կուլտուրայի մասին:

-Այդ առումով այս օրերին դրական տեղաշարժ կա. կան պացիենտներ, որոնք ոչ թե վերջին պահին, այլ զուտ պրոֆիլատիկ նպատակներով են դիմում մեզ, որպեսզի հետագայում իրենց մոտ չառաջանան առողջական խնդիրներ: Ասեմ ավելին. կան երիտասարդ կին պացիենտներ, որոնք նախապես են դիմում՝ առաջիկայում պլանավորելով հղիանալ, մայր դառնալ։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ հիվանդները դիմում են միայն այն ժամանակ, երբ արդեն անհնար է լավ արդյունքների հասնել ապաքինման հարցում, երբ արդեն պահանջվում է շատ երկարատև ու դժվարին աշխատանք: Ես միշտ շեշտել եմ այն միտքը, որ մեր հենաշարժիչ համակարգը մեր ամենաշնորհակալ օրգան համակարգն է, և ցանկացած այլ օրգան համակարգերի բուժման դեպքում (սիրտ-անոթային, միզասեռական և այլն) շատ հնարավոր է, որ կրկին առաջանան անլուծելի խնդիրներ, իսկ հենաշարժիչ համակարգը միշտ համարժեք պատասխան է տալիս ձեր տարած աշխատանքի դիմաց։  

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանաք մեր ընթերցողներին:

-Կցանկանամ, որ մարդիկ ավելի առողջ լինեն, որ քիչ ծուլանան, քանի որ շատ շարժվելը մեր հենաշարժական համակարգին, ընդհանրապես մեր օրգանիզմին խիստ անհրաժեշտ է։ 

23 Հլս

ՀԱՍՄԻԿ ՍԱԻՅԱՆ

Written by

Բժիշկն այսօր գնահատվում է ըստ իր ունակությունների, այլ ոչ թե հասարակության մեջ գրաված դիրքով

Բժշկությունը սերվում է գիտությունից ու արվեստից, իսկ դրանք լրացվում են հերոսության քողով: Բժշկի կոչումը կյանքից սովորելու և անընդհատ կատարելագործվելու կամքն է: Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, այլ նաև պայքարող ճակատային զինվոր`   հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործական կյանքի, հանուն խաղաղության: Մեր հյուրը սրտաբան, <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի թերապիայի բաժանունքի փոխտնօրեն ՀԱՍՄԻԿ ՍԱԻՅԱՆՆ է, ում հետ զրուցեցինք ոլորտի գերակա խնդիրների և մի շարք այլ հարցերի շուրջ:

-Տիկին Սաիյան, ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել մինչ օրս:

-1994թ. ավարտել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որից հետո <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում անցել կլինիկական օրդինատուրա, այնուհետև աշխատել նույն բաժանմունքում։ Երկու տարի հետո ինձ առաջարկվեց ընդունարանի վարիչի պաշտոնը, որը փորձել եմ համատեղել իմ կլինիկական գործունեության հետ:  2007 թվականից աշխատել եմ թերապիայի գծով փոխտնօրեն, բայց երբեք չեմ դադարեցրել իմ կլինիկական գործունեությունը, շարունակել եմ ընդունել և բուժել իմ հիվանդներին: Այս երկու գործերը, կարծես, մեկը մյուսին լրացնում են։

-Ձեր բաժանմունք հիմնականում ո՞ր հիվանդներն են դիմում։

-Հիվանդների ընդունում եմ սիրտ-թոքային բաժանմունքում, որտեղ հիմնականում հոսպիտալացվում են սրտաբանական և թոքաբանական խնդիրներով տառապող անձինք: Ընդհանրապես օրգանիզմի օրգանները փոխհամակցված են, փոխկապակցված, և դժվար է ասել, թե որ բաժանմունքն ինչ հիվանդների է ընդունում։ Իհարկե, որոշակի ուղղվածություն կա, բայց միևնույն է, եթե մի օրգանը  հիվանդ է, ապա այն որևէ ձևով ազդում է այլ օրգան համակարգերի վրա, իսկ սիրտն ու թոքն իրար ավելի արագ են լրացնում թե՛ հիվանդելիության, թե՛ հիվանդացության տեսակետից:

-Հասցնո՞ւմ եք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:

- Շատ հաճախ չէ, բայց հատկապես վերջին շրջանում տարեկան երկու անգամ կարծես ինքս ինձ պարտադրում եմ ժամանակ հատկացնել վերապատրաստումներին, քանի որ դրանք այսօր շատ կարևոր նախապայմաններ են մեզ համար։ Բժիշկը պարզապես ի վիճակի չէ ամեն մի նորություն կարդալ, ընկալել, իսկ առանց դրանք իմանալու անհնար է առաջ շարժվել հոսքին համընթաց:

-Սիրտ-անոթային ոլորտում  ավելի շատ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացել:

-Երևի թե սրտի իշեմիկ հիվանդությունը. լինում են դեպքեր, որ 20 տարեկան երիտասարդներն են ինֆարկտով հոսպիտալացվում մեզ մոտ։ Նախկինում, համենայնդեպս, մեր ուսանողական տարիներին այդպիսի դեպքերի չէինք հանդիպում: Երևի այդ տարիներին ախտորոշումն էր դժվար, և այդ հիվանդությանն այլ անվանում էին տալիս։ Իշեմիկ հիվանդության տանող ռիսկային գործոններ են համարվում սնունդը, մեր էկոլոգիան, սթրեսները...

-Իշեմիկ հիվանդության դեպքում ո՞ր տարիքն է ավելի խոցելի համարվում:

-Խոցելի տարիքը 35-55 տարեկանն է, բայց այսօր բժշկությունն այնքան է զարգացել, ինֆարկտն այնպես են բուժում, որ հետագայում, այսպես ասած, տեղն էլ չի երևում, իսկ ստենդավորման պայմաններում դա փրկություն է համարվում։ Դա էլ իր հերթին կրճատում է անաշխատունակությունը, հիվանդները ապաքինվում են ամբողջությամբ:

- Արդյոք հնարավո՞ր է մեր երկրում սիրտ-անոթային բոլոր հիվանդությունների բուժումն իրականացնել, թե ամեն դեպքում արտերկիր մեկնելու կարիքը զգացվում է:

 -Պետք է նշեմ, որ սիրտ-անոթային հիվանդությունների բուժման արդյունավետության առումով Հայաստանը չի զիջում եվրոպական երկրներին, ԱՄՆ-ին։ Դա այն բնագավառն է, որտեղ մենք համարյա թե նրանց հավասար քայլում ենք: Շատ ցանկալի կլիներ, որ մյուս հիվանդությունների դեպքում էլ այդպիսի զարգացում ապրեր մեր երկիրը։ 

- Բժշկուհի՛,  տեսնելով  այսօրվա ուսանողներին՝ ի՞նչ կարծիք եք կազմում մեր առողջապահական համակարգի ապագայի մասին։

-Ցանկանան թե ոչ, այսօրվա պայմաններում նրանք դառնալու են լավ բժիշկներ, քանի որ մրցակցությունը շատ ուժեղ է, և բոլորն էլ ստիպված են լինելու հաշվի առնել դա։ Բժիշկն այսօր գնահատվում է ըստ իր ունակությունների, այլ ոչ թե հասարակության մեջ գրաված դիրքով։ Հիվանդն է իր բժշկին ընտրում, ու եթե վերջինս չլինի պատասխանատու, ժամանակակից պահանջներին համապատասխան, պացիենտը շատ շուտ դա կզգա և կընտրի մեկ ուրիշին։ 

- Եվ վերջում ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը կարողանա գնահատել այն, ինչ ունի: Երբեմն լինում են դեպքեր, երբ հիվանդները մեզ դիմում են արդեն ծայրահեղ ծանր վիճակում: Կցանկանամ, որ նրանք երբեք չդիմեն ինքնաբուժության, գնահատեն և փայփայեն իրենց ունեցածը: Դրա համար պետք է միշտ կապ հաստատեն բժիշկների հետ, և մենք՝ բժիշկներս,  կտանք շատ լավ խորհուրդներ: Եղե՛ք առողջ, սիրե՛ք և գնահատե՛ք ձեզ։

Մեր բժիշկները բավականին բարձր դիրքերում են թե՛ մարդկային, թե՛ ինտելեկտուալ առումներով

Ուռուցքաբանությունը, որպես բժշկության մի ճյուղ, ուսումնասիրում է ուռուցքների առաջացման պատճառներն ու զարգացման մեխանիզմները, իրականացնում տարբեր տեսակի համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են դրանց կանխարգելմանը, վերացմանն ու բուժմանը: Շատերը կարծում են, թե «ուռուցքաբանություն» ախտորոշումն արդեն իսկ դատավճիռ է, սակայն, շնորհիվ ժամանակակից բժշկության ձեռքբերումների, դա այլևս այդպես չէ: Ուռուցքաբանության արդի նվաճումները վկայում են, որ քաղցկեղն անբուժելի հիվանդություն չէ, քանի որ ժամանակին ու ճիշտ բուժման դեպքում հիվանդների մեծ մասն ապաքինվում է: Ուռուցքաբանության այսօրվա խնդիրների, ոլորտի նվաճումների և սպասվող ծրագրերի մասին զրուցեցինք «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի և կոնսերվատիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Ալինա Չոբանյան-Հովհաննիսյանի հետ:

-Տիկի՛ն Չոբանյան, ինչպե՞ս  կբնութագրեք բժշկի մասնագիտությունը:

-Պրոֆեսիոնալ բժիշկը պետք է միշտ ձգտի կատարելագործվել, չդոփել տեղում, պետք է քայլի ժամանակի զարգացումների հոսքին համընթաց: Պետք է միշտ լինի պրպտող, քայլի նորարարություններին համահունչ, զարգանա, կարդա, սովորի, քանզի բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ շատ արագ է զարգանում բժշկության մեջ: Այն ռիթմը, որով պրոֆեսիոնալ ճանապարհ են անցել մեր գործընկերները 20 տարի առաջ, անհամեմատելի է այսօրվա գիտության զարգացման հետ: Հիմա ամեն ինչ շատ արագացված է: Օրինակ, եթե կարդում ենք նոր բժշկական գիրք, որը հրատարակվել է հենց այս տարի, ապա այն արդեն համարվում է հին, քանի որ մինչ տպագրվելն անցել է որոշակի ճանապարհ: Այսինքն, եթե բժիշկը ցանկանում է լինել միշտ տեղեկացված, ապա պետք է մշտապես հետևի ինտերնետին, այլ ոչ թե առաջնորդվի տպագրված նյութերով: Բացի այդ, պետք է միշտ մասնակցի գիտաժողովների, կոնգրեսների, շարժվի նորություններին համընթաց:

-Բժշկուհի՛, կխոսե՞ք Ձեր բաժանմունքի մասին:

-Մեր բաժանմունքը ստեղծվել է 2013 թվականի սկզբին, և համարում եմ, որ այն բավականին լուրջ հաջողությունների է հասնում, ինչի մասին վկայում է մեր պացիենտների բարձր գնահատականը: Այսինքն՝ բժշկին գնահատողը գործընկերները չեն, այլ, հատկապես ուռուցքաբանության մեջ, նրա հիվանդները։ Եթե հիվանդն ու նրա ընտանիքի անդամները քեզ հիշում են, քեզնից գոհ ու շնորհակալ են, դա ամենամեծ գնահատականն է։  Բժշկին ոչ թե ինքը, այլ նրա հիվանդները պետք է գովազդեն։  

-Բժշկուհի՛, կարողանո՞ւմ եք համատեղել վերապատրաստումները աշխատանքի հետ:

- Այո՛, մենք այլ տարբերակ չունենք. եթե չհասցնենք, ուրեմն չենք կարող լավագույնս դրսևորել մեզ մեր ոլորտում: Դա անդադար և բովանդակալից գործընթաց է, որից չպետք է երբեք ետ մնալ:

-Տիկի՛ն Չոբանյան, բժշկին դիմելու կուլտուրան ի՞նչ մակարդակի վրա է այսօր:

-Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի հիվանդները մեզ ավելի վաղ դիմեին, քան հիմա դիմում են: Այսինքն՝ դիմում են այն ժամանակ, երբ արդեն հիվանդությունը բարդ ստադիայում է: Մեր հայկական մտածելակերպի առանձնահատկություններից մեկն էլ դա է, որը չի փոխվել: Բնականաբար, ինչքան վաղ դիմեն մեզ, այնքան լավ կլինի հենց իրենց համար. և՛ շատ ավելի քիչ  ֆինանս կծախսեին, և՛ բուժման ընթացքն ավելի կարճ կտևեր, և՛ արդյունավետությունը բարձր կլիներ:

-Երբ հայտնաբերում եք չարորակ գոյացություն, կարողանո՞ւմ եք հիվանդին ասել  դրա մասին:

-Ո՛չ, ասում եմ միայն հարազատներին։ Ընդ որում, դա մի քանի փուլով է արվում։ Սկզբնական շրջանում հիվանդների հարազատները կարծում են, որ հնարավոր չէ այդպիսի բան լինի, որ մենք սխալվում ենք: Մեր հանրապետությունը երևի միակ երկիրն է աշխարհում, որտեղ ախտորոշման արդյունքը բացեիբաց չեն ասում: Կարծում եմ՝ պետք է ճշմարտությունն ասվի, որպեսզի հիվանդը բժշկի հետ կարողանա հավասար անցնել այդ բարդ ճաապարհը: Հիվանդն իրավունք ունի իմանալ իր առողջական վիճակի մասին ամբողջ տեղեկատվությունը՝ առանց փափկացնելու, մեղմելու իրավիճակը: Հաճախ լինում են դեպքեր, երբ մարդը հասուն է, զարգացած, բայց նրա փոխարեն որոշում են կայացնում ընտանիքի անդամները: Բայց պետք է թողնել, որպեսզի հիվանդն ինքը որոշի՝ իրեն ինչ է անհրաժեշտ իրականում: Հաճախ լիարժեք բուժում իրականացնելու համար մեզ խանգարում է հիվանդի անտեղյակությունը, և, երբ հետագայում այդ դժվարին ճանապարհն անցնում ենք, հիվանդը չի գիտակցում, չի գնահատում այդ ամենը։ Եթե հիվանդն իրեն դատապարտված է համարում, չի ցանկանում պայքարել հիվանդության դեմ, նշանակվող դեղորայքային և ճառագայթային բուժումը չեն տա իրենց արդյունքը: Հիվանդը և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես պետք է պատրաստ լինի դուրս գալ այդ վիճակից: Լինում են նաև դեպքեր, երբ հիվանդը տեղեկացվում է իր հիվանդության մասին և հրաժարվում է առաջարկվող հետագա բուժումից: Իհարկե, դա նույնպես նրա իրավունքն է, և մենք պետք է հարգենք այդ իրավունքը։ Կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ ավելի շատ կխոսվի, կբարձրաձայնվի այս հիվանդության մասին: Մեր ոլորտում պետք է ներգրավվեն նաև հոգեբանները, քանի որ այն շատ բարդ հոգեբանական լարվածությամբ ոլորտ է: Հոգեբաններ պետք են ինչպես հիվանդների և նրանց հարազատների, այնպես էլ մեզ` բուժանձնակազմի համար: Դա գործնականում ոչ մի տեղ չի կիրառվում, քանի որ հոգեբանության մեջ ուռուցքաբանության ճյուղ չկա: Հայաստանում չկա այդ հասկացողությունը, և մենք փորձում ենք մեր ուժերի ներածին չափով այդ բացը լրացնել, քանզի հիվանդի հոգեբանական նախապատրաստվածությունը հավասար է ճառագայթային քիմիաթերապիայի բուժմանը: Այն պետք է լինի պարտադիր պայման, որը, ցավոք, չկա մեզ մոտ: Բայց ասեմ, որ մեր առողջապահական համակարգը բավականին լավ վիճակում է գտնվում, տեխնիկապես բավականին լավ է զարգացած՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ապրում ենք փոքր պետությունում: Մեր բժիշկները բավականին բարձր դիրքերում են թե՛ մարդկային, թե՛ ինտելեկտուալ առումներով, և այն, ինչ արվում է մեր բժիշկների կողմից, գովեստի է արժանի, ավելին՝ պարզապես հրաշք է:

- Գոյություն ունե՞ն ուռուցքաբանության ասոցիացիաներ:

-Կան թե՛ հայաստանյան, թե՛ եվրոպական ասոցիացիաներ: Ցանկացած ոք կարող է բացել ասոցիացիա, սակայն կարևոր է, որ դրանք իմաստավորված գործունեություն ծավալեն: Դա իրականում անհրաժեշտ է, բայց դրանց ձևական առկայությունը ոչ մի բան չի նշանակում:

- Իսկ վերջում ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

-Կցանկանամ, որ բոլորը միշտ առողջ լինեն, որ երբեք չհուսահատվեն, չընկճվեն` անկախ իրավիճակից, հետևեն իրենց առողջությանը:  Մաղթում եմ բոլորին սեր, երջանկություն և ամենայն բարիք:

Խորհուրդ  կտայի  բոլորին առողջ կենսակերպ  վարել

Ժամանակին համընթաց մեր կյանքը փոխվում է. ջնջվում են սահմանները՝ երկրների, խոչընդոտները` հասարակությունների և անջրպետները` սոցիալական խավերի միջև: Եվ ամեն մեկը կարող է ընտրել իրեն բուժող բժշկին աշխարհի ցանկացած կետում:

Յուրաքանչյուր ոք ժառանգում է նախորդ սերունդների փորձը` հետագայում այն լրացնելով սեփականով: Բուժման և բժշկության ընդհանուր սկզբունքները ձեռք են բերվում հարյուրամյա փորձի շնորհիվ, որոնց կիրառումը հիվանդին զերծ է պահում հետագա բարդություններից:

Անդրադառնալով կոլոպրոկտոլոգիային` նշենք, որ մինչև 1997թ. բժշկական այս ուղղությունը կոչվել է պրոկտոլոգիա, իսկ 1997թ.-ին վերանվանվել է կոլոպրոկտոլոգիայի: Վերջինս բժշկության ճյուղ է, որն ուսումնասիրում է հաստ և ուղիղ աղիքի  հետ  կապված առողջական  խնդիրներն ու   հիվանդությունները: Եվ այդ հիվանդությունները բուժելու համար հեռու գնալ պետք չէ. նշանակալի նվաճում ունեցած,  առողջապահական ոլորտում լավագույն և առաջատար բժշկական հաստատություններից մեկում` «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իրականացվում են կոլոպրոկտոլոգիայի` հաստ և ուղիղ աղու ցանկացած՝ սուր ու քրոնիկական հիվանդության ախտորոշում, թերապևտիկ և վիրաբուժական բուժում՝ ներառյալ նաև առավել ծանր  ընթացող հիվանդությունները, ինչպիսին են հաստ աղու բորբոքային և ուռուցքային ախտահարումները: Հիվանդների բուժման ժամանակ կիրառվում են ժամանակակից միջազգային ուղեցույցներ և բարձր տեխնոլոգիական նվազագույն ինվազիվ մեթոդներ՝ հետվիրահատական վերականգնման սեղմ ժամկետներով: 
Կլինիկայի աշխատանքի հիմնական սկզբունքը հոսպիտալիզացման նվազագույն ժամկետում բուժման առավելագույն արդյունք ապահովելն է, և պատահական չէ, որ բաժանմունքն ապահովված է ամենաժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով:

Մեր զրուցակիցը «Էրեբունի» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ է, ում հետ զրուցեցինք ոլորտում առկա խնդիրների մասին:

- Պարո՛ն Շահնազարյան, հիմնականում ի՞նչ վիրահատական միջամտություններ են իրականացվում ձեր բաժանմունքում:

-Մեզ մոտ կատարվում են կոլոպրոկտոլոգիական ցանկացած ծավալի և բարդության՝ սկսած սովորական թութքահատումից մինչև ծանրագույն, բարձր տեխնոլոգիաների կիրառում պահանջող հաստ աղու քաղցկեղի վիրահատություններ: 

-Ի՞նչ մակարդակի է Ձեզ մոտ դիմելիությունը: Ձեր պրակտիկայի ընթացքում ո՞ր խնդիրներով են ավելի շատ դիմում, ի՞նչ կասեք ուռուցքային հիվանդությունների մասին:

-Չեմ կարող ասել, որ դիմելիությունը բարձր մակարդակի է. մեզ մոտ բժշկին ուշ են դիմում: Հաճախ  դա պայմանավորված է սոցիալ-տնտեսական  վիճակով  կամ բժշկին դիմելու նկատմամբ ունեցած վախով:

Ինչ վերաբերում է ուռուցքային հիվանդություններին, ապա դրանք շատացել են: Վերջին տարիներին կրկնակի անգամ ավելացել է հաստ աղիքի ուռուցքային հիվանդություններով դիմողների թիվը, որն ավելի շատ պայմանավորված է արտաքին ռիսկի գործոններով՝  սթրես, անկանոն սննդակարգ,անորակ սնունդ: Ընդ որում, դրա մասին վկայում են ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհում կատարված հետազոտությունները, վիճակագրության արդյունքները։

-Բժիշկ, ուռուցքային հիվանդություն հայտնաբերելու դեպքում այդ մասին ասո՞ւմ եք  հիվանդին:

- Չնայած արտերկրում վաղուց արդեն ընդունված է անմիջապես հիվանդին տեղեկացնել իր վիճակի մասին, սակայն, հաշվի առնելով մեր հասարակության մեջ ձևավորված կարծրատիպը, սկզբնական շրջանում ասում ենք միայն նրա հարազատներին։ Բայց շատ բան կախված է անհատի ինտելեկտից, և ամեն մի հիվանդի պետք է մոտենալ յուրովի։ Կան, օրինակ, կարդացած, տեղեկացված մարդիկ, ովքեր ցանկանում են մեզ հետ հավասար անցնել այդ ծանր ուղին, և նրանց հետ աշխատելը  բավականին հեշտ է։

-Պարո՛ն Շահնազարյան, բուժումից հետո որքա՞ն է ուռուցքային հիվանդության կրկնվելու՝ ռեցիդիվի հավանականությունը:

-Ռեցիդիվի հավանականություն կա և՛ վիրահատական, և՛ոչ վիրահատական մեթոդների կիրառման դեպքում, ու կարևորն  այն  նվազագույնի  հասցնելն է: Իսկ դա պայմանավորված է ժամանակին բժշկին դիմելու հանգամանքով, բժշկի հմտությամբ, կիրառվող սարքավորումներով,  բարձր տեխնոլոգիական գործիքներով:

-Հայաստանում կա՞ պրոկտոլոգների ասոցիացիա:

-Այո։ Այն ստեղծվել է երկու տարի առաջ, ունի 30-ից ավելի անդամ, որոնցից մեկը ես եմ։ Ես նաև ՌԴ և եվրոպական ասոցիացիների միության անդամ եմ:

-Հասցնո՞ւմ եք մասնակցել վերապատրաստումերի:

-Առանց դրանց հնարավոր չի լինի առաջնորդվել նոր մեթոդներով, և ես  վերապատրաստումներից հենց վերջերս եմ վերադարձել։ Մոսկվայում մայիսի 29-30-ը մասնակցում էի «Կոլոնոպրոկտոլոգիայի ռուսական դպրոցը» թեմայով մի շատ հետաքրքիր և բովանդակալից գիտաժողովի։ 

-Վերջում ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Կմաղթեմ միայն ու միայն առողջություն։ Խորհուրդ  կտամ  մեր հասարակությանը  առողջ կենսակերպ  վարել, նույնիսկ փոքր գանգատների  ու, առավել ևս,  հիվանդության դեպքում չվախենալ ու անմիջապես դիմել համապատասխան մասնագետ բժշկին։ Եվ միայն այդ դեպքում հնարավոր կլինի կանխել հիվանդության հետագա բարդացումներն ու անդառնալի հետևանքները: 

Մեր նպատակն է ապահովել երեխայի ներդաշնակ և բազմակողմանի զարգացումը

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր բոլորն էլ լավ գիտակցում են հոգեբանության դերն ու նշանակությունը երեխայի դաստիարակության, զանազան բարդ խնդիրները հաղթահարելու և, վերջապես, հետագայում որպես մարդ կայանալու անչափ կարևոր գործում։ Այսօրվա մեր զրուցակիցը «Զարգացում» հոգեբանական համալիրի տնօրեն  ԷԼՈՆՆԱ  ԱՎԵՏՅԱՆՆ է։

-Տիկի՛ն Ավետյան, ի՞նչ կարևորագույն ձեռքբերումներ է ունեցել «Զարգացում» հոգեբանական համալիրն այս տարիների ընթացքում: Մի փոքր պատմեք կենտրոնի ստեղծման, աշխատանքային սկզբունքների և գործունեության  մասին:

-«Զարգացում» հոգեբանական համալիրը հիմնադրվել և սկսել է իր գործունեությունը 2014 թվականի սեպտեմբերից: Համալիրի ստեղծման նպատակն է տրամադրել խորհրդատվական, հոգեթերապևտիկ, սոցիալ-հոգեբանական և հոգեբանամանկավարժական ծառայություններ բոլոր տարիքային խմբերին պատկանող մարդկանց։ Այն նաև իրականացնում է սկսնակ հոգեբանների վերապատրաստում և տարիքին համապատասխան զարգացման ապահովում նախադպրոցական տարիքի երեխաների համար։ «Զարգացում» հոգեբանական համալիրին կից գործում է «Մանկան ակադեմիա» քոլեջ–նախակրթարանը։ «Մանկան ակադեմիայի» ձեռքբերումներից կարևորագույնն ենք համարում երեխաների տարիքային, անհատական որակների բացահայտումն ու նրանց ներդաշնակ, բազմակողմանի զարգացած և հաղորդակցման հմտություներով ապահովված լինելը։ 

- Կենտրոնում ի՞նչ ծրագրեր են իրականացվում երեխայի անձնային, սոցիալական, հուզական ու հաղորդակցման հմտությունների, խոսքի, ստեղծագործական ընդունակությունների, երևակայության և աշխարհընկալման զարգացման ուղղությամբ: 

«Զարգացում» հոգեբանական համալիրում իրականացվում են հետևյալ աշխատանքները՝
- Անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվություն (երեխաների, դեռահասների, ծնողների, մեծահասակների),
- Զույգերի և ընտանեկան խորհրդատվություն,
- Ուսուցողական և թերապևտիկ հոգեբանական թրեյնինգներ,
- Դասապատրաստում (ուսումնական գործունեության գնահատում և զարգացում),
- Սուպեր վիզիաներ,
- Քեյսերի քննարկումներ,
- Ռելաքս մեդիտացիաներ,
- Ակումբներ` քննարկման հարթակ, կանանց ակումբ, ծնողների ակումբ և ծնողական հմտությունների թրեյնինգներ,
-3-6տ. երեխաների հոգեկան զարգացումը գնահատող դիագնոստիկ փաթեթ (պրոֆկողմնորոշում) մասնագիտական կողմնորոշում և այլ ախտորոշումներ,
- Կամավորների, ապագա հոգեբան մասնագետների վերապատրաստում:

«Մանկան ակադեմիա» քոլեջ–նախակրթարանն իրականացնում է՝ 
- Տրամաբանության և մտածողության զարգացում,
- Խոսքի զարգացում,
- Օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն),
- Երևակայության զարգացում,
- Մանր մոտորիկա` ձեռքերի մկանախմբերի շարժունակության զարգացում,
- Խոշոր մոտորիկա` մարմնի խոշոր մկանների զարգացում,
- Հույզերի զարգացում` ճանաչում և սեփական հույզերի արտահայտում,
-Հաղորդակցման հմտություններ` հասակակիցների և մեծահասակների հետ փոխհարաբերությունների ձևավորում և մարդկային աշխարհը ճանաչելու ու գնահատելու ունակություն,
- Նախապատրաստում դպրոցին,
- Մանկական թատերական ներկայացումների կազմակերպում:
Տարիքային խմբերը երեքն են` 2.5-4 տարեկան, 4-5 տարեկան և 5-6 տարեկան։
Մեր նպատակն է, բացահայտելով երեխայի տարիքային և անհատական զարգացման հոգեբանական առանձնահատկությունները, ապահովել նրա ներդաշնակ և բազմակողմանի զարգացումը: «Մանկան ակադեմիա» քոլեջ–նախակրթարանում 3–6, 7-11, 12-15 տարեկան երեխաների և դեռահասների համար գործում է ամառային ակումբ։ 
Ակումբում իրականացվում են դպրոցական արձակուրդների հանձնարարությունների կատարում, հետաքրքրաշարժ և զարգացնող խաղեր, երեխաներին հուզող թեմաների քննարկումներ, շախմատ, ավազաթերապիա, հեքիաթների բեմադրություն, նկարչություն։

 -Հոգեբանի  մասնագիտությունն  այսօր,  կարելի  է  ասել,  բավական արդիական  ու  պահանջված  է,  և  շատերն  են  հոգեբան  դառնում: Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում ձեր կենտրոնի աշխատակազմն ընտրելիս:

-Ելնելով աշխատանքային փորձիցս՝ կարող եմ ասել, որ հասարակության մոտ հոգեբանի մասին պատկերացումները հիմա այլ են, և մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել հոգեբան մասնագետներին։ «Զարգացում» հոգեբանական համալիրում աշխատող մասնագետներն են՝ հոգեբանները, հատուկ հոգեբանները և լոգոպեդները։ Աշխատակազմի ընտրության ժամանակ կարևորել ենք մասնագետների կրթությունը, անձնային որակները։ Մեզ մոտ աշխատանքային փորձ չունեցող, նորավարտ մասնագետներին տրվում է աշխատելու հնարավորություն՝ համապատասխան ժամանակաշրջանում փորձաշրջան անցնելուց հետո։

-Ինչպե՞ս  է  կազմակերպվում  աշխատանքն  այստեղ,  մասնագիտական  ներուժը  թույլ  տալի՞ս  է  ներգրավել հոգեբանության  տարբեր ուղղությունները։

-Մեր կենտրոնի աշխատանքում հնարավորություն է տրվում ներգրավել հոգեբանության տարբեր ուղղություններ, քանի որ հաճախակի իրականացվում են սեմինար-թրեյնինգներ, որոնց ժամանակ քննարկվում են նեղ մասնագիտական հարցեր, կատարվում է փորձի փոխանակում: Խմբում հայտնված հոգեբանական կամ խոսքային խնդրով երեխաների հետ իրականացվում է համապատասխան մասնագիտական շտկողական աշխատանք՝ նկատի ունենալով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները: Այս ամենին զուգահեռ աշխատանքներ են տարվում խոցելի երեխաների ծնողների հետ:

- Տիկի՛ն Ավետյան, Ձեր կենտրոնում աջակցո՞ւմ եք խոսքի հետ կապված դժվարություններ ունեցող երեխաների, օգնո՞ւմ եք երեխաներին հաղթահարել ուսման ու դասապատրաստման հետ կապված դժվարությունները, լիարժեք  վերաինտեգրվել ու մասնակցել ուսումնառության գործընթացներին:

-«Զարգացում» հոգեբանական համալիրում իրականացվում են ինչպես խմբակային, այնպես էլ անհատական լոգոպեդական աշխատանքներ, որոնց ժամանակ բացահայտվում և շտկվում են խոսքային խանգարումները: Այստեղ բոլոր առարկաներից կատարվում են նաև դասապատրաստման աշխատանքներ:

-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:

-Սիրելի՛ ընթերցողներ, ցանկանում ենք, որպեսզի ձեր առօրյան միշտ զուգակցված լինի յուրահատուկ զգացողությամբ ՝ազատությամբ, արվեստով և ներդաշնակությամբ:

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ  ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ԲԱՐԴ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ,  ԲԱՅՑ  ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԲԱՂՄՈՒՆՔ Է

Երեխայի դաստիարակությունը դժվարին և շարունակական գործընթաց է: Յուրաքանչյուր ծնող ունի իր պատկերացումներն այդ հարցում, սակայն, իհարկե, տարբեր են նաև դաստիարակության արդյունքներից ակնկալիքները:

Նախադպրոցական կրթությունը կրթական համակարգի առաջին օղակն է, որի հաջողություններով է պայմանավորված ողջ կրթական համակարգի առաջընթացը:

     Մանկապարտեզի հիմնական խնդիրներից մեկը երեխային դպրոցին նախապատրաստելն է: Իսկ դա նշանակում է, որ երեխան ոչ միայն որոշակի գիտելիքներ, ունակություններ, այլ դրանց ամբողջական համալիրը պետք է ստանա, որքան էլ յուրաքանչյուր երեխա զարգացման տարբեր մակարդակ ունենա: Երեխան հայտնվում է մի նոր միջավայրում, նոր աշխարհ է մտնում` իր կանոններով, նոր առօրյայով:

Դպրոցին պատրաստ լինելը նշանակում է ունենալ կազմակերպված  վարք, հմտություններ, գիտելիքների պաշար և դպրոց ընդունվելու ձգտում: Եվ պատահական չէ, որ դպրոց գնալու ավելի մեծ ցանկություն են ունենում հատկապես մանկապարտեզ հաճախած երեխաները:

Մանկապարտեզից դպրոց գնացող երեխաներն անհամեմատ հեշտ են յուրացնում դպրոցում առաջին քայլերը, որովհետև ոչ միայն կարողանում են շփվել, հաղորդակցվել ընկերների, ուսուցիչների հետ, այլև տիրապետում են գիտելիքների անհրաժեշտ պաշարին:

Մանկապարտեզը երեխայի մթնոլորտն է, նրա մեջ աճում ու զարգանում են մտավոր ուժերը, հոգեկան զորությունը և բարոյական հատկանիշները: Այսօր մանկապարտեզները բազմազան են, և լավագույնն ընտրելը ծնողների համար կարևորագույն խնդիրներից մեկն է, դժվարին ու ժամանակատար աշխատանք է պահանջում:

«Հրաշք մանկիկ» լեզվական թեքումով մանկապարտեզը համարվում է Երևան քաղաքի լավագույն մանկապարտեզներից մեկը, որն իր գործունեությունը սկսել է դեռևս 2007 թվականից՝ իր հյուրընկալ դռները բացելով բոլոր փոքրիկների առջև: Դռներից այն կողմ հեքիաթային աշխարհ է, որտեղ ուզում ես մանկանալ և միահյուսվել փոքրիկների «մոլորակին»: 

Մեր զրուցակիցն է «Հրաշք մանկիկ» լեզվական թեքումով մանկապարտեզի տնօրեն ՍՈՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ:

-Տիկի՛ն Մարկոսյան, Դուք ստանձնել եք մի շատ պատասխանատու գործ՝ ղեկավարելով մի կառույց, որը գործ ունի երեխային կրթելու, նրան  ձևավորելու հետ: Ո՞րն է «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի առաքելությունը:

-Արդեն երկար տարիներ է, ինչ մանկապարտեզը մեծ սիրով ընդունում և ճանապարհում է փոքրիկներին: «Հրաշք մանկիկ»-ն առանձնահատուկ է ոչ միայն իր նորարարական մեթոդներով, այլև բարեկարգ ու ժամանակակից շենքային պայմաններով. հիանալի կահավորված սենյակներ, մուլտֆիլմերի հերոսների պատկերներով զարդարված պատեր, ջերմ ու տրամադրող մթնոլորտ: Մանկապարտեզում հատուկ ուշադրություն է դարձվում առողջ և օգտակար սննդակարգին, սանիտարահիգիենիկ պայմաններին, այն նաև վերահսկվում է հմուտ մանկաբույժի կողմից: Մանկապարտեզի մանկավարժական կազմը համալրված է փորձառու, երկարատև աշխատանքային փորձ ունեցող դաստիարակներով ու դայակներով, ովքեր ջերմությամբ են պարուրում փոքրիկներին` նրանց թույլ չտալով զգալ մայրիկի բացակայությունը: Մեծ ուշադրություն է դարձվում կրթական ոլորտին, որը շատ կարևոր է երեխայի զարգացման և ճիշտ ձևավորման համար: 

«Հրաշք մանկիկ»-ի աշխատանքի կարևորագույն բաղադրիչն է փոքրիկների գեղագիտական դաստիարակությունը: Այստեղ փոքրիկներին ուսուցանում են ձեռքի աշխատանք, ծեփագործություն, նկարչություն, մարմնամարզություն, պար, երաժշտություն, ինչպես նաև պարտադիր են անգլերենի, ռուսերենի և շախմատի դասերը, մաթեմատիկան, տրամաբանությունը, կիրթ վարվեցողության դասընթացները, ծանոթացումը շրջակա միջավայրին:

Մեզ մոտ առանձնահատուկ է նաև մարզադահլիճը, որտեղ երեխաները մարզվում են պրոֆեսիոնալ մարզչի հետ: «Հրաշք մանկիկ»-ում առանձնահատուկ նշվում են բոլոր տոները՝ Սուրբ Զատիկ, Մայրերի տոն, Հունիսի 1, Ամանոր և այլն: Մանկապարտեզում պարբերաբար կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ: «Հրաշք մանկիկ»-ը բաց է իր գործունեության մեջ, և բաց դասերի ժամանակ ծնողները կարող են տեղեկանալ այն ամենի մասին, ինչով զբաղվում են իրենց բալիկները:

 -Տիկի՛ն Մարկոսյան, ըստ  Ձեզ, արդյոք Ճիշտ դաստիարակությա՞մբ են պայմանավորված իրականության  երեխայի ընկալումը, նրա հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ:

-  Այո, միանշանակ համամիտ եմ այդ մտքի հետ: Դաստիարակության  հարցն  այսօր  շատ  լուրջ  խնդիրների առաջ է կանգնեցնում թե՛ մեզ, թե՛ ծնողներին,  քանի  որ  ներկա  սերունդն  ավելի շատ տեղեկացված է,  շուտ է զարգանում,  ուստի նրանց հատուկ մոտեցում է պետք:

Մի բան պարզ է, որ երեխային պետք է դաստիարակել մանկուց, այլապես ուշ կլինի: Մեր փորձից ելնելով՝ կասեմ, որ երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու, բայց շնորհակալ և հետաքրքիր  զբաղմունք է: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության և վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասուն դառնալը: Շրջապատը,  այսպես  թե  այնպես,  ազդում է  երեխաների դաստիարակության, նրա աշխարհընկալման  վրա  անկախ նրանից՝ նա դա ուզում է, թե ոչ: Երեխաները, այսպես ասած, սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց խոսքերը, վարքագիծը: Կարևոր է, որպեսզի բոլորս գիտակցենք, որ շատ բան նաև մանկապարտեզից է կախված, թե ապագայում ինչպես կձևավորվի երեխան: Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է երեխայի մոտ ձևավորել անհատականություն: Բայց չի կարելի մոռանալ համընդհանուր արժեքները, որոնք ապագայում կօգնեն նրանց լինել ինքնուրույն և նպատակասլաց:

Երեխաների դաստիարակության գործում կան մի շարք նրբություններ և կանոններ. հարկավոր է լինել սիրալիր երեխայի հանդեպ: Մեր աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում այդ գործում, քանի որ սերը, գուրգուրանքը փոքրիկին թույլ են տալիս զգալ իրեն պաշտպանված, վստահ իր անձի նկատմամբ: Պետք է երեխաների մեջ սերմանենք լավատեսություն և պատասխանատվություն: Հաջողակ մարդիկ գիտակցում են, որ միայն իրենք են պատասխանատու այն ամենի համար,  ինչ  կատարվում  է  իրենց  կյանքում:

Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության ռեալ նպատակը հուզականորեն կայացած, արտաքին աշխարհին համարժեք արձագանքող, ներդաշնակ զարգացած երջանիկ երեխայի ձևավորումն է: Անհրաժեշտ է մանկապարտեզներում մշակել այնպիսի ձևեր, որոնք կնպաստեն ուղղորդել, խթանել և շահագրգռել երեխաներին` ինքնուրույն հասնելու հաջողության: Դա մեր մանկապարտեզի կարևորագույն նախապայմաններից մեկն եմ համարում:

- Ի՞նչ կմաղթեք մեր փոքրիկներին:

-Մեր փոքրիկներին մաղթում եմ անամպ երկինք, առողջություն և մանկական իղձերի իրականացում:  Թող անհոգ մանկություն ունենա մեր մոլորակի յուրաքանչյուր փոքրիկ, թող այդ անմեղ ժպիտները երբեք չպակասեն նրանց դեմքից: Մենք ձեզ շատ ենք սիրում, մեր կյանքի անմաս մասնիկներ, Աստված պահապան բոլորիդ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր