Print this page
Գնել Անանյան

Գնել Անանյան

(0 votes)
There is no translation available.

Մեր բժիշկներն արտերկրների մասնագետներից ոչ պակաս ճանապարհ են անցել, մեծ փորձ ու բարձր գիտելիքներ ունեն

Հայաստանում իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերվող ախտորոշման եւ բուժման  բոլոր միջոցառումները, հիմնական հիվանդությունները մեզ մոտ բուժելի են, եւ կարիք չկա մեկնել արտասահման: Իսկ տեղացի բժիշկների վերջին տարիների մասնագիտական ձեռքբերումները գնահատելի են ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դոցենտ,քիթ-կոկորդ-ականջաբան, «Նաիրի» բժշկական կենտրոնի եւ Դա Վինչի կլինիկայի ԼՕՌ հիվանդությունների ծառայության ղեկավար Գնել Անանյանն է:

-Բժշկի հանդեպ վստահությունը մի քանի օրում չի ստեղծվում: Խոսենք Ձեր անցած ճանապարհի մասին:

-1987 թվականին ավարտել եմ մեր մայր բուհի (այն ժամանակ կոչվում էր Երեւանի բժշկական ինստիտուտ) բուժական ֆակուլտետը, 1987-1988թթ. անցել եմ ինտերնատուրա ԼՕՌ-hիվանդությունների ամբիոնում: Այնուհետեւ աշխատել եմ «Մալաթիա» հիվանդանոցում: Վերապատրաստվել եմ Երեւանի Կոսմետոլոգիայի եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոնում` ղեկավար` երջանկահիշատակ Հրաչյա Կոստանյանի, նաեւ Հայկ Բարսեղյանի հետ, որոնք Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունների հիմնադիրներից էին:

Երկրաշարժից հետո եւ Ղարաբաղյան պատերազմի տարիներին մենք դարձել էինք բազմապրոֆիլ բժիշկներ, լինում էինք աղետի գոտու եւ պատերազմական գործողությունների տարբեր բնակավայրերում: Այդ ժամանակ սփյուռքահայ շատ բժիշկներ եկան, որոնք մեզ մեծ օգնություն բերեցին, եւ բավականին սերտ համագործակցություն ստեղծվեց հատկապես «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ, բացվեցին բազմաթիվ բաժանմունքներ: 1992թ.-ից սկսած՝ ԼՕՌ բաժանմունքը բացվելուց հետո`10 տարի անընդմեջ, մոտավորապես 2-3 ամիս անց էինք կացնում Փարիզի առաջատար Armand-Trousseau, այնուհետեւ Neker հիվանդանոցներում, որոնք ղեկավարում է համաշխարհային ճանաչում վայելող Եղիա Նոել Գարաբեդյանը:

2003 թ. նշանակվել եմ «Նաիրի» բժշկական կենտրոնի ԼՕՌ հիվանդությունների ծառայության ղեկավար: 1996թ. սկսած` նաեւ դասավանդում եմ պետական բժշկական համալսարանում, նախ, որպես ասիստենտ, ապա, մինչ օրս, ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու եմ, «Նաիրի» ուսումնական բազայի ղեկավարը:

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:

-Այո, երջանկահիշատակ մայրս իր գործունեությունը սկսել է որպես մանկաբույժ, այնուհետեւ եղել է նյարդաբան, աշխատել 8-րդ հիվանդանոցում: Մինչեւ կյանքի վերջին օրերը աշխատում էր եւ ղեկավարում Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի նեւրոլոգիական բաժանմունքը:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Որդիս արդեն ավարտել է բուհը, անցել ռեզինդետուրան, ասպիրանտուրա, 2016 թվականին պաշտպանել թեկնածուական թեզը, եւ հաջողությամբ միասին աշխատում ենք «Նաիրի» բժշկական կենտրոնում ու Դա Վինչի նորաստեղծ կլինիկայում: Իսկ դուստրս 16 տարեկան է, սովորում է ավագ դպրոցում, ծրագրում է բժիշկ դառնալ:

-Տարիների ընթացքում փոփոխություն զգո՞ւմ եք պացիենտների մոտեցման մեջ, մասնավորապես,  դիմելիության կուլտուրայի հարցում դրական տեղաշարժ կա՞:                              

-Ցավոք, ոչ դրական բաներ պիտի ասեմ այդ առումով: Իմ գործունեության սկզբում ինձ թվում էր, թե բժիշկներն ավելի մեծ հարգանք են վայելում բնակչության շրջանում, բայց վերջին երկու-երկուսուկես տասնամյակի ընթացքում բժշկական ոլորտի ղեկավարության, իմ կարծիքով, ոչ օպտիմալ մոտեցումների պատճառով մեր մասնագիտությունը, կարծես թե, հակադրվեց հասարակությանը: Բայց մենք էլ ժողովրդի, հասարակության մի մասն ենք, եւ ես կցանկանամ, որպեսզի հարգեն բժիշկներին, որոնք մարդկանց առողջություն, կյանք են պարգևում, եւ փոխհարաբերությունները լինեն ավելի բարձր մակարդակի վրա: Մեզ դիմողները պետք է գիտակցեն, որ, բացի մարդկային բարձր հատկանիշներ ունենալը, բժիշկները ձգտում են ընթանալ նորարարություններին, գիտության վերջին նվաճումներին համընթաց, իսկ դա հեշտ աշխատանք չէ: Եվ նրանք պետք է բժշկից խորհուրդ ստանան, հավատան ու վստահեն նրան, այլ ոչ թե հակադրվեն: Իսկ հակադրվելու դեպքում թանկ ժամանակ է կորչում, նյարդեր են քայքայվում: Երբ մեր պացիենտները մեկնում են Ռուսաստանի Դաշնություն կամ այլ երկիր, այնտեղի բժիշկների կարծիքներն անվերապահորեն ընդունում են:Մինչդեռ մեր բժիշկներն արտերկրի մասնագետներից ոչ պակաս ճանապարհ են անցել, մեծ փորձ ու բարձր գիտելիքներ ունեն:

Հա­տուկ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ չեմ կա­տա­րել ու չեմ կարծում, թե որ­եւէ մեկն ուսումնասի­րած լի­նի այս հար­ցը, բայց, հեն­վե­լով իմ ան­ձնա­կան փոր­ձա­ռու­թյան վրա, չեմ կարողանում մտաբերել նույնիսկ մեկ դեպք, երբ բժիշ­կը կո­պիտ կամ փոքր­-ի­նչ անքաղաքավա­րի է եղել պացիենտի նկատմամբ: Պարզապես ժա­մա­նա­կի հետ բո­լոր տե­սակի սպա­սարկ­ման ոլորտ­նե­րում մար­դիկ դառ­նում են ավե­լի պա­հանջ­կոտ, ին­չը միան­գա­մայն բնա­կան է: Չա­փա­նիշ­ներն են փոխ­վել:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իմ նեղ մասնագիտացման ոլորտում, բարեբախտաբար, շփվել եմ երջանկահիշատակ Կիմ Հայկի Շուքուրյանի, պրոֆեսոր Դունայվիցերիի, պրոֆեսոր Խանամիրյանի, դոցենտ Գեորգի Արմենակովիչի հետ, պատիվ եմ ունեցել մեր մասնագիտության այդ հզոր հիմնադիրների հետ աշխատել, սովորել նրանցից: Իմ կյանքում, իհարկե, մեծ եւ կարեւոր դեր է ունեցել ու մինչ օրս ունի պրոֆեսոր Եղիա Նոյել Գարաբեդյանը` Փարիզի Trousseau և Neker հիվանդանոցների քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկաների ղեկավարը: Ուզում եմ նշել քիթ-կոկորդ-ականջաբան Ժորժ Տաշչյանին եւ, իհարկե, Գեւորգ Աբգարյանին, ով մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռենիմատոլոգ է, 1990-ականներին UMAF նախագահն էր եւ մեծ դեր ունի իմ ու ընդհանրապես «Էրեբունի» հիվանդանոցի կայացման գործում:

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ի՞նչ կարծիք եք կազմել նրանց մասին:

- Ես լավատեսորեն եմ տրամադրված: Նրանք իրենց բնույթով եւ արտահայտման ձեւերով շատ տարբեր են, իսկ բժշկությունն այն ոլորտն է, որտեղ պետք է որոշ հատկանիշների տիրապետող մարդիկ լինեն: 2003 թվականից «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայությունը համալրվել է իմ սաներով, որոնք արդեն մեծ փորձ ունեն, կայացած բժիշկներ են: Սերնդափոխությունը շարունակական բնույթ ունի, այն երբեք կանգ չի առնում: Մեր բազա գալիս են թե ուսանողներ, թե կլինիկական օրդինատորներ, երեք տարի ուսումնասիրում քիթ-կոկորդ-ականջաբանությունը, անցնում լավ դպրոց, դառնում լավ մասնագետներ, լիարժեք բժիշկներ:                                                                                                                                                             

-Կվերհիշե՞ք  Ձեր առաջին պացիենտին։                                                                                                        

-Իմ առաջին պացիենտը եղել է 1988 թվականին, երբ կատարելագործվում էի պլաստիկ վիրաբուժության կենտրոնում: Նշեմ, որ 2-րդ կուրսից` 1982 թվականից, աշխատել եմ բազմաթիվ կլինիկաներում, մասնակցել վիրաբուժական միջամտությունների, արդեն պատկերացում կազմել վիրաբուժական հիմունքների, դրույթների մասին: Իմ այդ ջիղը ուսուցիչներս շուտ նկատեցին եւ 2-3 ամիս հետո ինձ վստահեցին ինքնուրույն վիրահատություն կատարել: Իմ հիշելով` պացիենտը Մոսկվա քաղաքից էր, ամեն ինչ հաջող անցավ, որին հետեւեցին շարունակական հաջողությունները:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:

-Ես շատ կցանկանամ, որ հայերը մի օր արթնանան ու լուսաբացի հետ շտկեն իրենց փոխհարաբերությունները:Երբ ասում ենք` հեղափոխության հետ իրավիճակ է փոխվել, ես կցանկանամ, այդ իրավիճակը փոխվի մարդկանց փոխհարաբերություններում, եւ մարդը մարդուն որպես ընկեր, այլ ոչ թե որպես թշնամի ընդունի: Շատ ճիշտ  է ասված` ինչ ցանես, այն էլ կհնձես, ուստի պետք է կողքինիդ բարություն անես, լավ բաներ ասես, ոգեւորես… Ամեն մարդ ունի իր իրավունքները, ցանկությունները, եւ մենք պետք է հարգենք դրանք, սիրենք դիմացինին:Ու, եթե մեր փոխհարաբերությունները դրականորեն զարգանան, մեր ազգը կցուցաբերի իր լավագույն որակները` աշխատասիրությունը, կրթված, բանիմաց, իմաստուն լինելը:

Ու սարեր շուռ կտա: