Արաքսյա Առաքելյան

(0 votes)
There is no translation available.

Եթե դպրոցներում անցկացնենք պրոֆիլակտիկ ստուգումներ, կպարզենք, որ ամեն երկրորդ երեխան ունի աչքի խնդիր»

Ժամանակակից բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում տեսողությունը պահպանելու ու զարգացող հիվանդությունը կանխարգելելու եւ բուժելու համար: Սակայն, ինչպես ցանկացած այլ օրգան-համակարգերի, այնպես էլ աչքի հիվանդությունների պարագայում  կարեւորագույն դերակատարումը վերապահված է ճիշտ ժամանակին մասնագետներին դիմելու հանգամանքին: Եթե անհատը շարունակաբար ուշադիր է եւ գանգատների հենց առաջին նախանշանների դեպքում դիմում է համապատասխան մասնագետի, ապա մեծ է հավանականությունը, որ կկատարվի անհրաժեշտ հետազոտություն, կտրվի ճիշտ ախտորոշում, եւ կիրականացվի արդյունավետ բուժում: Ցանկացած աշխատանք, որտեղ մարդու հետ կա շփում, հատկապես բժշկությունը, անկախ նրանից` ակնաբույժ է, թե այլ մասնագետ, պահանջում է համբերություն եւ, ամենակարեւորը, սեր մասնագիտության հանդեպ: Լավ բժիշկ դառնալու համար առաջին կարեւորագույն  նախապայմանը հոգեբան լինելն է: Հիվանդը պետք է վստահի քեզ: Միայն այս պարագայում հնարավոր կլինի հասնել դրական արդյունքի:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի ակնաբույժ-միկրովիրաբույժ Արաքսյա Առաքելյանը: Նա, առաջնորդվելով մարդկանց աջակցելու մարդասիրական մղումներով, ընտրել է բժշկի մասնագիտությունը եւ իր ուրույն ձեռագիրն ունի ակնաբուժության բնագավառում:

-Տիկի՛ն Առաքելյան, շփվելով երիտասարդ կադրերի հետ՝ ի՞նչ կարծիք եք կազմում մեր ապագա ակնաբուժության մասին:

-Այդ առումով մեր օրերին երիտասարդների մեջ, կարծես, երկու ծայրահեղ կողմեր կան. շատ վառ ու պայծառ ուղեղներ եւ երիտասարդներ, որոնք հենց այնպես, անտարբեր ընտրել են իրենց մասնագիտական ուղին ու ամեն կերպ փորձում են խուսափել պատասխանատվությունից: Նրանք երեւի մոռացել են, որ մարդկային կյանքի հետ պետք է գործ ունենան եւ փորձում են ավելի թեթեւ, դիագնոստիկ գործով զբաղվել, իսկ բուժելու, վիրահատելու ձգտում չունեն: Իհարկե մի կողմից հասկանալի է, որ բժիշկ դառնալու համար բավականին երկար ճանապարհ պիտի անցնես, մինչդեռ կան այլ մասնագիտություններ, որոնք ընտրելով՝ ավելի արագ ես, այսպես ասած, ոտքի կանգնում, անցնում աշխատանքի: Մի կողմից հուսադրող է, որ ունենք ձգտող, պրպտող երիտասարդներ, բայց մյուս կողմից էլ վախ կա, որ նրանք արտերկրում վերապատրաստվելուց հետո կցանկանան մնալ տվյալ երկրում: Ընդ որում, կան կադրեր, որոնք կարող են միանգամից արտեկրում ընդունվել աշխատանքի: Իրավիճակ, որը կանխել չենք կարող, որովհետեւ բուժաշխատողը վստահ չէ, որ կվարձատրվի իր կատարած աշխատանքին համապատասխան: Ցավալին նաեւ այն է, որ ինտերնետ պորտալով շատ ժամանակ պախարակում են որեւէ բժշկի՝ առանց ստույգ տեղեկատվություն ունենալու: Իսկ ահա լավագույն դեպքերը չեն լուսաբանվում կամ լուսաբանվում են շատ քիչ ծավալով: Լինում են դեպքեր, երբ մեր երկրում արտառոց վիրահատություններ են կատարվում, կան դեպքեր էլ, երբ վիրահատության ժամանակ են արտառոց որոշումներ կայացնում, եւ դրանք շատ քիչ են լուսաբանվում: Մեր հասարակության մեջ ընդունված է խոսել վատ արդյունքերի մասին, քննարկել, հաճախ հանիրավի դատապարտել դրանք՝ հարգանք չտածելով բուժաշխատողի նկատմամբ: Ասածս այն է, որ պարզապես հարգեն բժիշկներին: Մեր երկրում հաճախ պացիենտները գալիս են արդեն իրենց «դիագնոզը ինտերնետով դրած», եւ շատ դեպքերում դու համբերատար սպասում ես. կարծես թե քեզնից քննություն են ընդունում: Մի կողմից լավ է, կարծես թե, որ պահանջատեր են դարձել, եւ բժիշկներն էլ ավելի զգոն կլինեն, սակայն, մյուս կողմից, պարզապես վարկաբեկում են մեր մասնագիտությունը, այն դարձնում զանազան անտեղի ու անիմաստ հարվածների թիրախ:

-Ի՞նչ կասեք ակնաբույժների ասոցիացիայի մասին:

-Ասոցիացիաներն առաջնահերթ կոնֆերանսներ են կազմակերպում, փորձի փոխանակություն է տեղի ունենում, մասնագետները կարողանում են կիսվել իրենց նորարարական հաջողված գործնական գիտելիքներով: Մեզ մոտ, իհարկե, քիչ են լինում միջազգային կոնֆերանսներ, եւ բժիշկներն անհատապես գոնե տարին մեկ անգամ մասնակցում են կոնֆերանսների: Այսօր ամեն ինչ տպագրվում է, ու կարող ենք նաեւ նյութերի միջոցով տեղեկանալ նորարարություններին: Շատ անգամ էլ արտերկիր վերապատաստման գնացող մեր գործընկերները նյութեր են բերում այնտեղից: -Որքա՞ն է տարածված կերատոկոնուս հիվանդությունը:

-Կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է, որի ժամանակ սկսում է բարակել եղջերաթաղանթը: Բարձր աստիճանի աստիգմատիզմի պատճառով պատկերները լինում են ծռմռված, լղոզված, ինչը չի ենթարկվում կորեկցիայի ակնոցով ու կոնտակտային ոսպնյակներով, տեսողության սրությունը տարեցտարի նվազում է: Այդ հիվանդությունը շատ է հանդիպում հին ազգերի՝ հայերի եւ հրեաների մոտ: Կցանկանայի հպարտությամբ նշել, որ Հայաստանում 2009 թվականին առաջինը մեր կլինիկան էր, որ սկսել է բուժել նախկինում անբուժելի համարվող կերատոկոնուս հիվանդությունը: Կերատոկոնուսը վիրահատում ենք կոլագենային քրոսլինքինգի միջոցով, ինչը նշանակում է եղջերաթաղանթի ամրացում ուլտրամանուշակագույն ճառագայթի օգնությամբ: Ինչքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան ավելի արագ, հեշտ եւ արդյունավետ է բուժվում այն, ավելին` նույնիսկ ունենում ենք տեսողության լավացում: Կերատոկոնուսի քրոսլինքինգի ախտանիշները շատ նման են կարճատեսության ախտանիշներին, եւ, երբ սկսում է վատթարանալ տեսողությունը, մարդիկ կարծում են, թե դա կարճատեսություն է, ձգձգում են այցը բժշկին եւ գալիս են արդեն այն ժամանակ, երբ վիճակը բարդացած է լինում: Ի դեպ, նախկինում այդ հիվանդությամբ տառապողները բուժման այլ տարբերակ չունեին եւ ստիպված կրում էին կոշտ լինզաներ, կաթիլներ էին կաթեցնում եւ սպասում, որ դա այնքան բարակի, որպեսզի եղջերաթաղանթի փոխպատվաստում կատարվեր, որը բավականին  ծանր վիրահատություն է: Իսկ այսօր այդ վիրահատության շնորհիվ բավականին լավացել է բուժման ընթացքի արդյունավետությունը, ու, եթե ժամանակին ամրանում է պատը, նույնիսկ լինում են դեպքեր, երբ ակնոց կրելու կարիք էլ չի լինում: Տարիներ առաջ ինչ-որ սարքավորում էին ուզում ստեղծել վիրահատված հիվանդների տեսողությունը վերականգնելու համար: Դա դեռ փորձնական փուլում է, իսկ մեր մյուս քայլն այն կլինի, որ այդ մագնիսային ճառագայթների հիման վրա փորձենք վիրահատված հիվանդների մոտ մի փոքր լավացնել տեսողությունը:

-Բժշկուհի՛, անապահով ընտանիքներին անվճար հիմունքներով բուժօգնություն տրամադրելու պետական ծրագիր  կա՞:

-Ուրախալի փաստ է, որ պետության կողմից աջակցությունը մեր պացինտներին ավելի է ակտիվացել: Պետությունը ֆինանսավորում է զինաշխատողների եւ նրանց ընտանիքի անդամների, ոստիկանության աշխատակիցների վիրահատություններ: Իհարկե, ցանկալի է, որպեսզի այդ շրջանակն ավելի ընդլայնվի, եւ այնտեղ ընդգրկվեն, ասենք, ուսուցիչներ, ավելի լայն զանգվածներ: Վերջին տարիների նորությունն այն է, որ անցած տարվանից ամբողջությամբ պետության աջակցության ներքո վիրահատվում են կերատոկոնուսով տառապող հիվանդները, մինչդեռ ժամանակին չէինք կարողանում ապացուցել, որ դա բարդ վիրահատություն է, որ մարդիկ այդ վիրահատության համար պետական աջակցության կարիք ունեն:

-Կարո՞ղ եք Դուք Ձեզ մի փոքր բնութագրել:

-Բնավորությանս ուժեղ կողմ կարող եմ համարել իմ պարտաճանաչությունը, չեմ սիրում մեր պացինտների ժամանակը խլել, սպասեցնել, սիրում  եմ գնահատել նրանց ժամանակը: Սակայն, ցավոք, նման ճշտապահություն չեմ նկատում մեր այսօրյա երիտասարդության շրջանում: Բնավորությամբ ես ավելի հանգիստ միջավայր, մթնոլորտ սիրող մարդու տեսակ եմ, չեմ սիրում մարդաշատ վայրեր, սիրում եմ ուղղակի քայլել, սիրում  եմ հանգիստս անցկացնել տան պատերից ներս, ընթերցանությամբ զբաղվել:

-Ըստ Ձեզ, աչքի հիվանդությունները «երիտասարդացե՞լ» են:

-Քանի որ մեզ մոտ հիմնական ուղղվածությունը կարճատեսության եւ հեռատեսության լազերային վիրահատություններն են, ապա ստացվում է այնպես, որ մեր այցելուները հիմնականում ավելի երիտասարդ շերտի ներկայացուցիչներն են լինում: Ցավոք, նրանց մոտ աչքի հիվանդությունների աճի մեծ միտում եմ նկատում: Հիմա շատ են աշխատում համակարգչային տեխնիկայով, քիչ շարժունակ են, շատ է մոտիկ առարկայի հետ աշխատանքը, եւ այդ ամենը հանգեցնում է աչքի հիվանդությունների զարգացմանը: Չմոռանանք, որ էկրաների լույսը համարվում է կարճալիքային կապույտ լույս, որը վնասակար է աչքերի համար, վնասակար են նաեւ «ցերեկային լույս» կոչվող լամպերը: Ու, եթե դպրոցներում անցկացնենք պրոֆիլակտիկ ստուգումներ, կպարզենք, որ ամեն երկրորդ երեխան ունի աչքի խնդիր: Դրականը միայն այն է, որ 20 տարուց ավելի աշխատել ու համոզվել եմ, որ, բարեբախտաբար, կոտրվել է այն կարծրատիպը, երբ ամաչում են ակնոց կրել: Նրանք հիմա գիտակցում են, որ 18 տարեկանից հետո կարող են ազատվել այդ խնդրից՝ անցնելով անհրաժեշտ բուժական մեթոդները: Նրանք պետք է հետեւեն իրենց աչքերին, հետագա բարդություններից խուսափելու համար գոնե տարին մեկ անգամ գան հերթական ստուգման: Իսկ որպես խորհուրդ կհորդորեմ, որ ճիշտ դասավորեն երեխայի ուսանելու սենյակը, ցանկալի կլինի, որ ցերեկային լույսն ընկնի ներս, այլ ոչ թե լամպի լույսը, եւ ժամը մեկ երեխան իր դիրքը փոխի:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Առաջին հերթին մեր երկրին խաղաղություն եմ ցանկանում: Եվ թող ամեն մարդ եւ հատկապես  ամեն մի բժիշկ ճիշտ իր աշխատանքը կատարի, լինի իր տեղում, զբաղվի ինքնազարգացմամբ, որպեսզի տեղում չդոփի, հետեւի նորարություններին, տեղյակ լինի միջազգային չափանիշների մասին, դրանք կիրառի եւ երիտասարդ սերնդին տա փորձի փոխանակություն, զարգացնի մեր ոլորտն ու մասնագիտությունը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր