ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

 «Մենք կարող ենք վերահսկել ու փորձել կանխարգելել շաքարախտի առաջացումը»

Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի՝ ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում ու նաեւ այն ժամանակ, երբ օրգանիզմը ինսուլինը չի կարողանում յուրացնել, ինչն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:

Շաքարային դիաբետը բազմաթիվ հիվանդությունների նման ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական խնդիր է: Այն այսօր, չնայած իր տարածվածությանը, չի համարվում այնպիսի հիվանդություն, որը զրկում է մարդուն բնականոն ապրելակերպից. բժիշկների ցուցումներին հետեւելու եւ նշանակված դեղորայքը ժամանակին ընդունելու դեպքում հիվանդությունը մեղմանում է՝ հասնելով կյանքի որակին չխանգարող մակարդակի: Ի տարբերություն նախորդ տասնամյակի, վերջին ժամանակներում դիաբետն առավել մեծ տարածում է ստացել: Այս հիվանդության առաջացման պատճառները բազմաթիվ են, որոնցից են սխալ սնունդը, քիչ շարժվելը, ժառանգականությունը, սթրեսը եւ այլն: Դիաբետի առաջին ախտանշաններն են՝ հիվանդի արյան մեջ շաքարի մակարդակի բարձր քանակությունը, որը հանգեցնում է հաճախակի միզարտադրման, անընդհատ քաղցի զգացման, այսպես կոչված, «գայլի ախորժակի», ինչպես նաեւ քնկոտության, մշտական հոգնածության, քաշի կտրուկ կորստի, քորի, տեսողության անկման եւ այլն: Շաքարային դիաբետի հետագա բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել բժշկի:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է «Էլիտ-Մեդ» եւ «Աղաբեկյան» բժշկական կենտրոնների էնդոկրինոլոգ ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ, ում հետ զրույցը ծավալվեց շաքարային դիաբետ հիվանդության շուրջ:

-Ո՞րն է համարվում արյան մեջ նորմալ շաքարի մակարդակը:

-Գլիկեմիայի նորման համարվում է 3.5-5,6 մմոլ/լ-ը: 5.6-ից բարձրի դեպքում կատարվում են գլյուկոզայի ծանրաբեռնման փորձ եւ հավելյալ հետազոտություններ ախտորոշումը հաստատելու նպատակով:

-Խոսենք շաքարային դիաբետի տարածվածության եւ տեսակների մասին:

-Շաքարային դիաբետը (լատիներեն՝ diabetes mellītus) հիվանդություն է, որի առաջացման պատճառը կապված է գլյուկոզայի յուրացման խանգարման հետ, որն էլ իր հերթին հարաբերականորեն կամ բացարձակ ձեւով կախված է ինսուլինի քանակից, ինչի արդյունքում էլ առաջանում է հիպերգլիկեմիան՝ արյան մեջ գլյուկոզայի քանակության կայուն բարձրացումը։ Հիպերգլիկեմիայի պատճառն ինսուլինի արտադրության կամ ինսուլինի ազդեցության խանգարումն է, կամ էլ՝ երկուսը միասին։

Շաքարային դիաբետը համարվում է 21-րդ դարի էպիդեմիա, այսօր ԱՀԿ-ի կողմից հրապարակված են հետեւյալ թվերը՝ 422 միլիոն մարդ ունի շաքարային դիաբետ ամբողջ աշխարհում, եւ այդ թիվը աճում է տարեցտարի: Օրինակ, 2045թ. այդ թիվը կհասնի 629 միլիոնի: Չմոռանանք, իհարկե, որ սա միայն հետազոտված եւ ախտորոշված հիվանդների թիվն է: Համարվում է, որ ամեն 10-րդը տեսականորեն ունի շաքարային դիաբետ, ուղղակի առայժմ ախտորոշված չէ:

Հիվանդությանը բնորոշ է քրոնիկական ընթացքը, ինչպես նաեւ նյութափոխանակության բոլոր տիպերի խանգարումները՝ ածխաջրատային, սպիտակուցային ճարպային եւ ջրա֊աղային։ Շաքարային դիաբետով հիվանդանում են ոչ միայն մարդիկ, այլ նաեւ մի շարք կենդանիներ՝ շներ եւ կատուներ։ Շաքարային դիաբետի հիմնական տիպերն են՝ տիպ 1, տիպ 2, հեստացիոն, ստերոիդ դիաբետ:

Շաքարային դիաբետ, տիպ 1: Այս հիվանդության պատճառը ենթաստամոքսային գեղձի անբավարար քանակի (բացարձակ անբավարարություն) ինսուլինի արտադրումն է բետտա բջիջների կորստի պատճառով: Այս տեսակը նաեւ կոչվում է ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ: Հիվանդությունն ունի աուտոիմուն գենեզ եւ բուժվում է բացառապես ինսուլինով:

Շաքարային դիաբետ տիպ 2-ը հանդիպում է ավելի հաճախ մեծահասակների մոտ, կազմում է շաքարախտի ամբողջ քանակի 90%-ը: Այս դեպքում հիվանդությունը հիմնականում ժառանգական բնույթ է կրում: Նույնիսկ, եթե ծնողներից մեկն ունի դիաբետ, երեխայի մոտ հիվանդանալու ռիսկը հասնում է 70-80%-ի: Իսկ, եթե ախտորոշումը կատարվում է երկու ծնողների մոտ, ապա ժառանգվելու հավանականությունը 95-100% է կազմում: Ուզում եմ նշել, որ տիպ 2 դիաբետի առաջացման մեջ մեծ դեր ունեն ռիսկի գործոնները, օրինակ՝ ճարպակալումը, նստակյաց կյանքը, ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահումը, սթրեսը (քանի որ կորտիզոլը նպաստում է գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը): Դիաբետի այս տեսակը բուժվում է դեղորայքով (հաբեր եւ ինսուլին), ապրելակերպի եւ սննդակարգի կարգավորումով: Տիպ 2 դիաբետի ժամանակ ինսուլինի անբավարարությունը հարաբերական է, այսինքն, ենթաստամոքսային գեղձը արտադրում է ինսուլին, բայց որակապես ընկճված, կամ ընկալիչների քանակը ոչ բավարար է այդ ինսուլինը յուրացնելու համար, որի հետեւանքով զարգանում է ինսուլինոռեզիստենտականություն: Ասեմ նաեւ, որ ռիսկի գործոն է նաեւ քիչ շարժուն կենսակերպը: Հիշեցնեմ, որ ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ: Այսինքն, այդ տիպի շաքարային դիաբետի բուժումը պետք է սկսել ապրելակերպից եւ սննդակարգից՝ համակցված եւ խիստ տարբերակված սննդամթերքի ընդունումից:

-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում ստերոիդ դիաբետը:

-Ստերոիդ դիաբետը նույնպես տիպ 2 դիաբետի տեսակ է, բայց առաջացման պատճառը դեղորայքն է (կորտիկոստերոիդներ), որոնք նշանակվում են զանազան հիվանդությունների բուժման նպատակով: Այս տեսակի շաքարախտը բուժվում է նույն դեղամիջոցներով, ինչպես արդեն ասվեց:

-Իսկ ո՞րն է հեստացիոն դիաբետը:

 -Հեստացիոն դիաբետը շաքարախտի տեսակ է, որն առաջանում է հղիության ընթացքում եւ կարող է ավարտվել ծննդաբերությունից հետո: Պետք է իմանալ, որ ռիսկը մոր եւ երեխայի համար, իհարկե. պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Հեստացիոն դիաբետի առաջացման հիմնական դրդապատճառներն են՝ մետաբոլիկ համախտանիշը, հավելյալ քաշը, ինսուլինոռեզիստենտականությունը, ժառանգականությունը, կորտիկոստերոիդների եւ պսիխոտրոպ պրեպարատների ընդունումը… Հեստացիոն դիաբետի հայտնաբերման պահից նշանակվում է բուժում (ինսուլինոթերապիա) եւ էնդոկրինոլոգի հսկողություն ամբողջ հղիության ընթացքում՝ բարդություններից խուսափելու նպատակով: Ինչպես ասացի, հղիության ավարտից հետո հեստացիոն դիաբետը նույնպես հիմնականում նահանջում է: Ըստ ՄԴՖ տվյալների, առաջին 5-10 տարվա ընթացքում 70% կանանց մոտ կրկին նկատվում է դիաբետի պրոգրեսիայի միտում: Առհասարակ հարկ է նշել, որ ամեն հավելյալ 1 կիլոգրամը ավելացնում է տիպ 2 դիաբետի հավանականությունը 40% -ով, ուստի քաշի վերահսկումը անհրաժեշտ է նաեւ ծննդաբերությունից հետո:

Որո՞նք են շաքարային դիաբետի առաջացման ռիսկի գործոնները:

–Անշուշտ, այդ հարցը հաճախ է քննարկվում: Առաջին հերթին, իհարկե՛, ժառանգականությունն է, որի մասին արդեն ասացի:

Ճարպակալումը եւ զարկերակային բարձր ճնշումը նույնպես համարվում են ռիսկի գործոններ: Մոտավորապես 40% զարկերակային հիպերտենզիա ունեցող մարդկանց մոտ կյանքի ընթացքում զարգանում է նաեւ շաքարային դիաբետ: Մեծ խումբ են կազմում ճարպակալում, մետաբոլիկ համախտանիշ ունեցող պացիենտները, որի պարագայում յուրաքանչյուր երրորդը կյանքի ընթացքում կարող է ձեռք բերել շաքարային դիաբետ:

Պետք է նշել նաեւ այն կանանց ու աղջիկներին, որոնք անամնեզում ունեցել են ձվարանների պոլիկիստոզ, որի հիմքում առկա է ինսուլինոռեզիստենտականությունը: Նրանք նույնպես համարվում են նախատրամադրվածություն ունեցող անձինք:

Վերջին տարիներին շատ է խոսվում նաև վիտամին Դ-ի մասին: Հայտնի է, որ վիտամին 25 (OH) D մակարդակը 20 նգ / մլ-ից ցածր լինելու դեպքում նպաստում է մետաբոլիկ համախտանիշի զարգացմանը (74% ռիսկ): Իսկ մետաբոլիկ համախտանիշն իր հերթին 2-րդ տիպի շաքարախտի զարգացման պրեդիկտորն է, քանի որ այն ներառում է ածխաջրատային նյութափոխանակության խանգարում, մարմնի զանգվածի ավելացում եւ արյան բարձր ճնշում:

Բացի դրանից, հետազոտությունները ցույց են տվել վիտամին 25(OH)D եւ հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ ապահովելու (ինսուլինոռեզիստենտականության) կապը:

–Ի՞նչ խորհուրդ կտաք շաքարային դիաբետով հիվանդներին:

–Նախ ուզւոմ եմ ասել, որ դիաբետն ընկալեն ոչ միայն որպես հիվանդություն, որը պահանջում է դեղորայքային բուժում, այլ նաեւ որպես կենսակերպ` որոշ առանձնահատկություններով, ու առավել ուշադիր լինեն սեփական անձի նկատմամբ: Ճիշտ սննդային ռեժիմը պահպանելը, ֆիզիկական ակտիվությունը, դեղորայքային բուժումը, բժշկի հսկողությունը թույլ կտան խուսափել շաքարային դիաբետի դեկոմպենսացիայից եւ բարդություններից:

Իհարկե, կատարյալ ոչինչ չկա այս աշխարհում, եւ որեւէ բանի երաշխիք էլ չունենք, բայց մենք կարող ենք վերահսկել ու փորձել կանխարգելել շաքարախտի առաջացումը:

Եղեք առողջ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր