ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Գոյություն ունի բուժելի եւ անբուժելի կուրություն

Լավ բժիշկ լինելու համար, նախ եւ առաջ, լավ հոգեբան է պետք լինել` անկախ ընտրած նեղ մասնագիտացումից: Ա­ռաջ­նային նշա­նա­կու­թյուն ունի բժշ­կի հետ շփու­մը։ Զուտ մասնա­գի­տա­կան տեսան­կյու­նից հի­վանդ­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը չի կա­րող եզրակա­ցու­թյուն­ներ անել բժշ­կի պրոֆե­սիոնա­լիզ­մի մա­սին, դրա հա­մար առն­վազն պետք է շատ լավ տե­ղե­կաց­ված լի­նել բժշ­կու­թյան տվյալ ոլոր­տից: Հենց այս պատ­ճա­ռով էլ ուրիշնե­րից ստա­ցած տեղեկություններից առա­վել կար­եւոր­վում է բժշկի հետ շփումը.  որքա­նով է նա ու­շա­դիր, ինչ­պես էր հար­ցեր տա­լիս, ինչ հոգա­տա­րու­թյուն էր ցուցա­բե­րում եւ այլն:­ Բ­նա­կա­նա­բար, հա­մա­պա­տաս­խան իր պրո­ֆե­սիոնա­լիզ­մին: Այսինքն` կա­րո­ղա­նա հենց այդ շփու­մով վս­տա­հու­թյուն առա­ջաց­նել հի­վան­դի մոտ: Այս դեպ­քում կա­րե­լի է ասել, որ գոր­ծի կեսն արված է: Եթե հի­վան­դը վս­տա­հեց բժշ­կին, ավե­լի ար­դյու­նա­վետ կլի­նի բուժու­մը: Հա­կա­ռակ դեպ­քում ար­դյուն­քը սպաս­վա­ծից կա­րող է շատ ավե­լի ցածր լի­նել:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, Ամերիկայի ակնաբույժների ասոցիացիայի անդամ (AAO), ՀԱՆ աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող եւ Եվրոպական կատարակտալ-ռեֆրակցիոն վիրաբույժների միության անդամ (ESCRS), բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ է:

 -Ի՞նչ գործունեություն է ծավալում ներկայումս աչքի շարժական հիվանդանոցը:

-Աչքի շարժական հիվանդանոցը, որը գործում է «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում, մշտապես նպատակ է ունեցել  կանխարգելել ձեռքբերովի կուրությունը` Հայաստանի բոլոր համայնքների բնակիչների համար բարձրորակ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելով: Ակնային հիվանդությունները վաղ հայտնաբերելու եւ ժամանակին բուժելու նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում կուրության պատճառ դարձող մի շարք ակնային, օրինակ, կատարակտի, գլաուկոմայի, շաքարախտային ցանցենախտի, մակուլյարդիստրոֆիայի եւ այլ հիվանդությունների հայտնաբերմանը:  Միակ վատ նորությունն այն է, որ այսօր, ցավոք, այս էպիդեմիկ վիրուսային իրավիճակի պատճառով հիվանդանոցը չի գործում, մարտ ամսից դադարեցված են մեր աշխատանքները, շուտով պարետատան կանոնների համաձայն կփորձենք ժամանակավորապես տարածաշրջանային հիվանդանոցի ղեկավարությունից տարածք խնդրել ակնային խորացված հետազոտումների համար, կկատարվեն պացիենտների ընդունում եւ ջերմաչափում, իհարկե, տեղի ինֆեկցիոնիստ բժշկի հետ համագործակցությամբ: Կկատարվեն ախտորոշում եւ հիվանդների նախապատրաստում, բայց ԱՇՀ-ի վիրահատարան եւ լազերային բուժման սենյակներ (փաստացի համարվում է միասնական փակ տարածք) կփորձենք ապահովել հիվանդների մեկ առ մեկ այցելություն` բուժման կամ վիրահատության համար, այսինքն՝ ԱՇՀ-ում աշխատանքները վերագործարկելու ժամանակ չպետք է խախտենք օրենքով սահմանված էպիդեմիկ նորմերը:

Կարանտինի առաջին ամիսներին ակնաբուժության մեջ էլ էր դադար տրված, միայն շտապ դեպքերի ժամանակ էին կատարվում վիրահատություններ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում, դրան զուգահեռ, իհարկե, այս ամիսներին մասնակցեցինք հեռավար կազմակերպվող դասընթացներին, այսինքն` փորձեցինք ավելի շատ զբաղվել ինքնակրթությամբ:

-Ձեր կյանքում կա՞ն մարդիկ, որոնց խոսքերով մշտապես առաջնորդվում եք:

-Իհարկե կան: Ես մեծ երախտագիտություն եւ հարգանք եմ տածում պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի հանդեպ ու մշտապես հետեւում նրա խորհուրդներին: Ուզում եմ նշել նաեւ մեր ծրագրի ղեկավար Ռոջեր Օհանեսյանի անունը եւ, իհարկե, հիմնարար գիտությունների համար պարտական եմ հորս` ինժեներ-գյուտարար Նիկոլայ Հովսեփյանին, որի մտահաղացումները, ցավոք, դեռ մնում են թղթի վրա:

-Խոսենք արհեստական ոսպնյակի ֆիքսացիայի Ձեր անհատական մեթոդի մասին: Կիրառվո՞ւմ է այդ մեթոդն այսօր ակնավիրաբուժական պրակտիկայում: Կվերհիշե՞ք Ձեր կատարած ամենատպավորիչ  վիրահատությունը:

-Բավականին շատ վիրահատություններ եմ իրականացրել իմ ստեղծած մեթոդով, որը հայտնաբերել եւ կիրառության մեջ եմ դրել 2007 թվականից, երբ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հիվանդներիցս մեկի վիրահատության ընթացքում հետին խցիկային ոսպնյակի հենարանի անլիարժեքության պատճառով, ընդունված կանոնների համաձայն, անհրաժեշտ էր գնել նոր առաջային խցիկային մոդելի ոսպնակ: Իսկ դա հիվանդիս համար մատչելի չէր, եւ ես ստիպված էի օգտագործել արդեն ներդրված հետին խցիկային մոդելի ոսպնյակը, որի համար մտածեցի նոր ֆիքսացիայի մեթոդ: Առայսօր մեթոդը կիրառել եմ այն բոլոր բարդ դեպքերի ժամանակ, երբ ոսպնյակի բնական հենարանը շատ թույլ էր կամ իսպառ բացակայում էր: Այս մեթոդն ավելի շատ սկսեց ներդրվել «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագրում:

Իմ կյանքում, թերեւս, ամենատպավորիչն էր «Humanoptics» ֆիրմայի անհատական արհեստական ծիածանաթաղանթի պատվաստման վիրահատությունը, որի կիրառելիությունը բավականին թանկ հաճույք է, եւ այդ մեթոդի կիրառման համար ես վերապատրաստում էի անցել վերը նշված ֆիրմայում: Հիշում եմ նույնիսկ պացիենտիս. երիտասարդը Վանաձորից էր, մետաղալարից վնասվել էր եւ արտանկել ոսպնյակը՝ ծիածանաթաղանթի հետ միասին, բայց, փառք Աստծո, ցանցաթաղանթը չէր վնասվել: Բավականին բարդ վիրահատություն էր, քանի որ միաժամանակ կարվեց նաեւ արհեստական ոսպնյակ, հետագայում փոխպատվաստվեց նաեւ վնասված եղջերաթաղանթը:  

-Տեսողության որակից կախված է նաեւ մարդու կյանքի որակը, կուրությունն այսօր լիարժեք բուժվո՞ւմ է:

-Իրականում գոյություն ունի բուժելի եւ անբուժելի կուրություն: Անբուժելի կուրությունը ձեր տեսողություն ապահովող ցանցաթաղանթի նյարդային բջիջների մասնակի կամ լիարժեք կորուստն է։ Սա, այսպես կոչված, «բացարձակ» կուրությունն է, երբ առկա է երկու աչքի տեսողության կայուն, անվերադարձ եւ լիարժեք կորուստ, լույսը մթից տարբերելու անընդունակություն, եւ տեսողությունը մոտ կամ հավասար է զրոյի։ Սակայն իրավական, գործնական եւ սոցիալական իմաստով կուրությունն ավելի լայն հասկացություն է, եւ այս առումով կույր համարվող մարդիկ կարող են որոշակի տեսողական զգացողություններ ունենալ, բայց չտարբերել շրջապատի առարկաները կամ մարդկանց, կորցնել շրջապատող պայմաններում կողմնորոշվելու հատկությունը եւ չկարողանալ առանց կողմնակի անձանց օգնության քայլել թեկուզ այն դեպքում, երբ լուսազգայությունը պահպանված է, ու կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Այսօր բարձր տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհի որոշ երկրներում ակնավիրաբույժները եւ նեյրովիրաբույժները համատեղ կատարվող վիրահատությունով կարող են մարդուն մութ աշխարհից բերել լուսավոր աշխարհ, բայց, ցավոք սրտի, կարդալու ունակությունը չի կարող վերականգնվել:

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ, Ձեր երեխաները կցանկանա՞ն շարունակել Ձեր գործը:

-Իմ արմատներում չկան բժիշկներ. հայրս ինժեներ է, մայրս` ուսուցչուհի: Երեխաներս էլ դեռ փոքր են, բայց ավագ դպրոցում սովորող մեծ աղջիկս, կարծես թե, սեր ունի բժշկության հանդեպ, երկրորդ երեխաս նախընտրում է արվեստի ոլորտը: Մյուս երկու երեխաներս դեռ փոքր են, եւ վաղ է նրանց մասնագիտության ընտրության մասին խոսել:

-Կանխարգելիչ բուժումն ի՞նչ մակարդակ ունի այսօր  մեր երկրում:

-Ուրախալի փաստ է, որ մարդիկ այսօր վաղ են դիմում բժշկի: Իհարկե, դա կախված է հիվանդի մենթալիտետից: Այսօր բավականին լավ են աշխատում նաեւ առաջնային օղակում` պոլիկլինիկաներում, ուր մարդիկ դիմում են հիվանդության վաղ փուլերում, իսկ ավելի բարդացած փուլերում արդեն դիմում են ակնաբուժական կլինիկաներ: Անհատը պետք է պատասխանատու, հետեւողական լինի իր առողջության նկատմամբ եւ միայն բարդացած վիճակում չդիմի բժշկի: Իհարկե, մեծ դեր ունի նաեւ սոցիալական վիճակը, բայց, ամեն դեպքում, պետք է հետեւողական լինել առողջության հարցում:

-Սակայն առաջնային օղակի նկատմամբ հասարակության շրջանում վատ կարծիք է ձեւավորված, եւ մարդիկ հաճախ խնդրի առկայության դեպքում միանգամից դիմում են ակնաբուժական կլինիկաներ:

-Իհարկե ճիշտ եք.  մեր հանրության մեջ դա նկատելի է եւ, ինչ-որ տեղ, գովելի, եթե հերթեր չգոյանան, բայց, օրինակ, Ավստրալիայում, ԱՄՆ-ում պատկերն այլ է. հերթագրվում են, եւ ամիսներ են պահանջվում, որպեսզի մարդիկ կարողանան հանդիպել բժշկի հետ` հաղթահարելով ընտանեկան բժշկի եւ օպտոմետրիստի հերթագրումները: Իսկ նման ձգձգումը երբեմն անիմաստ խորացնում է եղած խնդիրը:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:

-Հուսամ, որ մեր երկիրն այս տնտեսական ճգնաժամից արագ դուրս կգա, որովհետեւ կառավարությունը բավականին լայնածավալ աշխատանքներ է տանում երկրում կարգուկանոնը վերականգնելու ուղղությամբ: Իսկ բուժօգնությունը իրականացվում է  որակապես բարձր մակարդակով: Ամեն մարդ ունի իր իրավունքները, ցանկությունները, եւ մենք պետք է հարգենք դրանք: Ու, եթե մեր երկրում բարեփոխումները դրականորեն զարգանան, մեր ազգը կցուցաբերի իր լավագույն որակները` աշխատասիրությունը, կրթված, բանիմաց, իմաստուն լինելը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր