Print this page
Մարինա Մկրտչյան

Մարինա Մկրտչյան

(0 votes)
There is no translation available.

Անպտղությունը դատավճիռ չէ

Երջանիկ է այն կինը, ով կատարել է կյանքի ամենակարևոր առաքելություններից մեկը՝ զավակ է լույս աշխարհ բերել։ Ցավոք, ոչ բոլորն են կարողանում վայելել մայր դառնալու բերկրանքը։ Մերօրյա լարված իրականությունը՝ սթրեսները, նյարդային ապրումները և բազմաթիվ այլ գործոններ իրենց բացասական ազդեցությունն են ունենում կանանց վերարտադրողական համակարգի վրա և հաճախ անպտղության պատճառ են դառնում։ "Աստղիկ" Բժշկական Կենտրոնի Արտամարմնային բեղմնավորման հայ-իսրայելական կենտրոնում հաճախ է անհնարինը հնարավոր դառնում։ Այստեղ բարձրակարգ մասնագետների շնորհիվ երազանքներ են իրականանում. տարիների ընթացքում երեխա չունեցող կինը դուրս է գրվում կենտրոնից իր ծնած զավակին կրծքին ամուր սեղմած։

Այդ ամենն իրականություն է դարձել իսրայելցի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոյի շնորհիվ, ով 30 տարվա փորձ ունենալով արտամարմնային բեղմնավորման ասպարեզում, երկու տարի անընդմեջ վերապատրաստելով կլինիկայի բժիշկներին դարձրեց նրանց գիտակ մասնագետներ։

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է Արտամարմնային բեղմնավորման հայ-իսրայելական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար Մարինա Մկրտչյանի հետ։

- Տիկին Մկրտչյան, մեզ մոտ ձևավորվե՞լ է այն մշակույթը, որ անպտղության խնդրով պետք է դիմել համապատասխան մասնագետին՝ ռեպրոդուկտոլոգին։

- Ամբողջ աշխարհում ընդունված է, որ կինը նախ հետազոտվում է գինեկոլոգի մոտ, այնուհետև, երբ գինեկոլոգը հասկանում է, որ գործ ունի անպտղության խնդրի հետ, ուղարկում է ռեպրոդուկտոլոգի մոտ։ Անշուշտ, գինեկոլոգը կարող է շատ լավ մասնագետ լինել, բայց նա կարող է չունենալ նեղ մասնագիտական կրթություն և չտիրեպետի անպտղության բուժման մանրամասներին։ Ճիշտ կլինի, որ անպտղության խնդրով զբաղվի ռեպրոդուկտոլոգը, քանի որ վերջինս հատուկ պատրաստվածություն և փորձառություն ունի։ Ինքս աշխատել եմ Պրոֆեսոր Օրվիետոյի ղեկավարության ներքո, վերապապատրաստվել եմ Մոսկավայում, "Ակադեմիկ Վ.Կուլակովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում", որտեղ սովորեցնում են վերարտադրողականությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ գործողություններին տիրապետելու հմտությունները, անցել եմ վերապատրաստումներ Բարսելոնայում, Վիեննայում և շարունակում եմ ինքնակրթությունս այդ ոլորտում։

- Որքա՞ն ժամանակ հետո երեխա չունեցող ամուսնական զույգը պետք է դիմի բժշկի ։

- Երբ երիտասարդ կինն ամուսնանում է, նա կես տարի հետո պետք է այցելի գինեկոլոգին։ Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, եթե կինը մեկ տարվա ընթացքում ամեն ամիս կանոնավոր (ոչ թե ամիսը կամ մի քանի ամիսը մեկ) սեռական կյանք վարելու արդյունքում չի հղիանում, պետք է դիմի գինեկոլոգին։ Կինը վերարտադրողականության համար երիտասարդ է համարվում մինչև 35 տարեկանը, հենց այդ պատճառով խորհուրդ չի տրվում երկար ժամանակով հետաձգել բժշկին դիմելու գործընթացը: Տարիները մեծ նշանակություն ունեն, շատ կան ամուսնական զույգեր, որ մեկ տարի և ավելի երեխա չեն ունենում և չեն էլ դիմում, դա ճիշտ չէ։ Անգամ եթե վեց ամսվա ընթացքում չի ստացվում հղիանալ, անհրաժեշտ է գնալ բժշկի և գոնե նախնական հետազոտություն անցնել։ Հնարավոր է՝ ոչ խորքային այնպիսի պատճառ է, որը բուժման միջոցով կարելի է հեշտությամբ լուծել։ Առաջնայինն ինչ պետք է՝ հետևել՝ ձվազատում լինում է, թե ոչ, ամուսնու սերմը հանձնել հետազոտման՝ պարզելու՝ խնդիր կա, թե ոչ։ Կան դեպքեր, երբ ամուսինն ինչ-որ խնդիրների պատճառով անպտուղ է լինում։ Նման իրավիճակում մեկ տարի սպասելն անիմաստ է, գումարած այն սթրեսը, որը կինն ունենում է այդ ընթացքում ամեն ամիս, ամեն դաշտանի հետ։ Մինչդեռ ժամանակին մասնագետին դիմելով ժամ առաջ կարելի է լուծում գտնել։

Այսօր կան երիտասարդ զույգեր, որոնք մեծ պատասխանատվությամբ են մոտենում ընտանիք կազմելու իրենց մտադրությանը։ Օրինակ, քաղաքացիական ամուսնությամբ ապրող մի երիտասարդ զույգ էր եկել մեզ մոտ։ Նրանք հայտնեցին, որ պատրաստվում են ամուսնանալ և ցանկանում են անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Գալիս են զույգեր, երբ տղան ասում է, որ ամուսնությունից առաջ հետազոտվել է, հետո նոր ամուսանցել։ Չնայած նման դեպքերը հազվադեպ են, բայց դա շատ գրագետ մոտեցում է։

- Ո՞ր պատճառները կարող են հանգեցնել անպտղության։

- Անպտղության հանգեցնող պատճառները կարող են լինել և հորմոնալ խանգարումները, և վարակների առկայությունը:

Սկսենք հորմոնալ խանգարումերից, օրինակ` վահանագեղձի խնդիրը Հայաստանում շատ տարածված է, քանի, որ յոդ-նեգատիվ գոտում ենք գտնվում։ Վահանագեղձի բարձր ցուցանիշի հետևանքով կարող է ձվազատում չլինել կամ ձվաբջիջը նորմալ չզարգանա։ Երբ կինը վահանագեղձի բարձր ցուցանիշով է հղիանում և այն չի կարգավորվում, ապա վտանգ կա, որ երեխան կարող է թերզարգացած ծնվել։ Սակայն, երբ բժշկի կողմից դեղեր են նշանակվում և ցուցանիշը կարգավովում է, ապա ոչ մի խնդիր չի առաջանում։ Մի կարևոր հանգամանք նշեմ, քանի որ կանանց խորհրդատվության (կոնսուլտացիաներում) մեջ չի մտնում վահանագեղձի անալիզի պարտադիր հանձնումը, ես խորհուրդ եմ տալիս, որ բոլոր կանայք իրենց նախաձեռնությամբ անպայման հանձնեն այն։ Այն կանայք, որոնք ռեպրոդուկտիվ շրջանում են և ունեն վահանագեղձի խնդիր, թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ-ի)  ցուցանիշը պետք է պահեն՝ մինչև 2,5, ավելի լավ է դրանից ցածր, քան բարձր։ Հղիանալուց հետո ևս պետք է ներզատաբանի (էնդոկրինոլոգի) հսկողության տակ գտնվեն, քանի որ հղիության ընթացքում ցուցանիշը բարձրանում է։

Անպտղության կարող են հանգեցնել սեռավարակների հետևանքով առաջացած բարդությունները։ Այս հարցում մեծ է տղամարդու գործոնը։ Մեր հայ աղջիկների 90 տոկոսը մինչև ամուսնությունը կույս է լինում և առաջին հարաբերությունն ունենում է ամուսնու հետ։ Եթե ամուսինը մինչ այդ այլ կյանք է վարել, ապա կինը վարակվում է բոլոր հնարավոր վարակներով և չի իմանում այդ մասին։ Անցնում է որոշակի ժամանակ նրա փողերը փակվում են, կամ այլ խնդիրներ են առաջանում։ Տղամարդը պետք է մինչև ամուսնությունն անպայման հետազոտվի, կնոջը վարակից զերծ պահելու համար և գիտակցի, որ ինքն է պատասխանատու իր ապագա ընտանիքի համար։

Անպտղության պատճառ կարող է հանդիսանալ նաև տղամարդու սերմի գործոնը, երբ սթրեսներից կամ փոքր ժամանակ տարած հիվանդություններից սերմի տոկոսը շատ ցածր է լինում և հանգեցնում է անպտղության։

- Որո՞նք են այն փուլերը, որ պետք է անցնեն զույգերը։

- Առաջնային օղակ է համարվում պոլիկլինիկայում գինեկոլոգի մոտ հետազոտվելը։

Այնտեղ բուժում են արդեն իսկ առկա վարակները, փորձում են հղիացնել, արվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները։

Հաջորդը, դա ներարգանդային սերմնավորման (ինսեմինացիայի) փուլն է, որը ցանկալի է իրականացնել վերարտադրողական կլինիկաներում։ Ինսեմինացիան դա գործընթաց է, որի ժամանակ տղամարդու սերմը մշակվում է, ապա ներարկվում կնոջ արգանդի մեջ: Եթե 3-6 անգամ կատարված ինսեմինացիաները արդյունք չեն տալիս, ցուցվում է արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) կատարելը, որը լայնորեն տարածված է որպես ԷԿՈ։ ( ЭКО - Экстракорпоральное оплодотворение)։

ԱՄԲ-ն բեղմնավորման այն գործընթացն է, որի ժամանակ կատարվում է կնոջ ձվարաններում գտնվող ֆոլիկուլների խթանումը հատուկ դեղորայքներով, որից հետո կատարվում է ֆոլիկուլների պունկցիա և ձվաբջիջների հավաքում: Այնուհետև ստացված ձվաբջիջները ուղարկվում են սաղմնաբանական լաբորատորիա, որտեղ ձվաբջիջը մարմնից դուրս միացվում է սերմնաբջջին։ Սերմնաբջջին միացնելուց հետո ձևավորվում է սաղմ, որը մի քանի օրվա ընթացքում շարունակում է զարգացումը, ապա պատրաստի սաղմը տեղադրվում է կնոջ արգանդ։

- Այսօր կա՞ արդեն զույգերի մոտ այն գիտակցությունը, որ ինքնուրույն չհղիանալու դեպքում կարելի է դիմել այլ եղանակի։

- Այո, գիտակցությունն արդեն ձևավորվել է, պարզապես ԱՄԲ-ն բավականին թանկ գործողություն է։

Կան մարդիկ, ովքեր երեխա չունեն տարիներ շարունակ, սակայն չեն կարող իրենց թույլ տալ օգտվել ԱՄԲ-ից` ելնելով ֆինանսական վիճակից:

Այսօր պետպատվերի շրջանակներում անպտղությունը բուժելու և զույգերին ֆինանսապես աջակցելու ծրագրեր կան։

- Իսկ որքա՞ն է արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը։

- Ամբողջ աշխարհում ԱՄԲ-ի արդյունավետությունը 25-30 տոկոս է կազմում։ Ամեն ինչ արվում է, սաղմը 100 տոկոսով պատրաստվում է և 3-րդ կամ 5-րդ օրվա էմբրիոնը տեղադրվում է արդեն այդ գործընթացին պատրաստ կնոջ արգանդում։ Մնացածը կախված է կնոջ օրգանիզմից, ինչպես ասում են Աստծո գործոնն է՝ կամ չի հղիանում կամ հետագայում վիժում է սկսվում։ Այսօր աշխարհի բոլոր կոնգրեսներն ու կոնֆերանսները փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ, բայց դեռևս պատասխանը չեն գտել։

Բացի այն, որ "Աստղիկ" ԲԿ-ի Ռեպրոդուկտոլոգիայի կենտրոնը տեխնիկապես հագեցած է ամենաբարձր մակարդակով՝ հետազոտման և բժշկական միջամտությունների առաջադեմ սարքավորումներով, պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոյի շնորհիվ, մեր բժիշկները տեղյակ են այս ոլորտում տեղի ունեցող աշխարհի բոլոր նորություններից։ Դա ևս նպաստում է, որ մեր կենտրոնը հղիության բավականին հաջող տոկոս է գրանցում: Կարևոր է, որ մինչև ծննդաբերությունը, հղիությունը վարվի նույն հիվանդանոցում, նույն բժիշկի հսկողության ներքո, քանի որ վերջինս ի սկզբանե գիտի տվյալ կնոջ հիվանդոււթյան պատմությունը: Կան կլինիկաներ, որտեղ արվում է արտամարմնային բեղմնավորում, ծննդաբերական բաժանմունք չկա, և կինը ԱՄԲ-ի 12-րդ շաբաթից հետո պետք է գնա այլ հիվանդանոց, որտեղ կշարունակվի հղիությունը մինչև ծննդաբերություն։

Աստղիկ ԲԿ-ի Ռեպրոդուկտոլոգիայի բաժնում հաջողությամբ իրականցված հղիությունները մենք վարում ենք առաջին փուլից մինչև ծննդաբերության շրջան: Ինչպես նաև "Աստղիկ" բժշկական կենտրոնն ունի անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծնարան, հմուտ մանկաբարձ գինեկոլոգներ և նեոնատոլոգներ։ Մեր առաջին ԱՄԲ-ի բալիկը ծնվել էր ժամանակից շուտ, ցածր քաշով՝ 890 գրամ, բայց մեր նեոնատոլոգների վարպետորեն աշխատանքի շնորհիվ, բալիկն այսօր` երկու տարեկան է։

- Իսկ գենետիկ հետազոտություններ արվո՞ւմ են, որպեսզի ի սկզբանե բացառվեն շեղումները։

- Եթե պարզվում է, որ ծնողները խնդիրներ ունեն գեների հետ կապված, ուղարկում ենք "Գենետիկայի կենտրոն", որտեղից համապատասխան տեղեկանք են բերում։ Կան դեպքեր, երբ կինն ունենում է մի քանի վիժում, այդ դեպքում ևս գենետիկ հետազոտություն ենք նշանակում, որպեսզի պարզենք, թե պատճառն ինչում է։
Բացի այդ կատարվում է սաղմի գենետիկ նախիմպլանտացիոն հետազոտություն (PGD)

- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ զույգերին։

- Խորհուրդ կտամ, որ խնդիրն աչքաթող չանեն ու ավելի նախաձեռնող լինեն։
Եթե փորձել են բոլոր հնարավոր տարբերակները և չի ստացվել հղիանալ, ապա ճիշտ կլինի դիմել ռեպրոդուկտոլոգին` ԱՄԲ փորձելու նպատակով։ Եղել են դեպքեր, երբ զույգը եկել է, որ կատարվի արտամարմնային բեղմնավորում, մենք հետազոտել ենք իրենց, գտել ենք պատճառը, բուժում ենք նշանակել, և նրանք ինքնուրույն, առանց ԱՄԲ-ի բալիկ են ունեցել։ Հրաշքներ ևս լինում են։ Մեր կենտրոնի լավագույն մասնագետներից բաղկացած թիմը բոլոր զույգերի կողքին է՝ հղիանալուց մինչև երեխայի ծնունդը։
Հիմնական խորդհուրդս է՝ երբեք չհուսահատվեք, եղեք լավատես և լիահույս, իսկ մենք ձեզ կօգնենք:

Image Gallery