ԳԵՂԱՄ ԽԱՆԴԱՆՅԱՆ Featured

(0 votes)
There is no translation available.

Մեր բժշկության ապագան հուսալի ձեռքերում

Քիթ-կոկորդ-ականջի (ԼՕՌ) հիվանդությունները, ցավոք, այսօր մեծ տարածում ունեն, բայց հուսադրող է, որ վերջին տարիներին Հայաստանն այս ոլորտում լուրջ հաջողություններ եւ հսկայական առաջընթաց է արձանագրել: Բարձրակարգ մասնագետները, ժամանակակից սարքավորումներն ու լաբորատոր համալիրը թույլ են տալիս իրականացնել ԼՕՌ խնդիրների բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Այսօր անհերքելի իրողություն են բժշկության ոլորտում իրականացված եւ իրականացվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում դժվար ախտորոշվող ու անբուժելի թվացող բազում հիվանդությունները հնարավոր է ոչ միայն բուժել, այլեւ շուտ ախտորոշել եւ կանխարգելել հետագա բարդությունները: Սակայն  բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի:

http://bestgroup.am/ կաjքի զրուցակիցն է  «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ  ԳԵՂԱՄ ԽԱՆԴԱՆՅԱՆՆ է:  Արդեն պատկառելի աշխատանքային փորձ ունեցող բժիշկը դեռ վաղուց գիտեր, որ մարդկանց բուժելն իր առաքելությունն է լինելու: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված եւ վստահելի:

-Պարո՛ն Խանդանյան, որպես բժիշկ ինչի՞ ականատես եղաք 44-օրյա պատերազմի ընթացքում:

-Ցավոք, ունեցանք բազմաթիվ զոհեր եւ շատ վիրավորներ, որոնց մի զգալի մասը դարձավ հաշմանդամ: Պատերազմի առաջին իսկ օրվանից մեծ թվով բժիշկներ իրենց առաքելությունը կատարելու՝ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար մեկնեցին ռազմաճակատ, ու, ցավոք, նրանց թվում էլ եղան զոհեր: Ու ցավալի է, որ միայն պատերազմի ժամանակ զգացինք, որ ունենք ե՛ւ բուժսարքավորումների, ե՛ւ բժշկական պարագաների զգալի պակաս, որը ստանում էինք արտերկրի մեր հայրենակիցներից: Ընդ որում, երբեմն դա չկանոնակարգված ձեւով էր հասնում ռազմաճակատ, եւ մենք հետագայում տեղեկանում էինք, որ անհրաժեշտ որեւէ պարագա բավականաչափ ունենք, սակայն շատերը դրանից տեղյակ չեն: Պատերազմը մեզ ցույց տվեց, որ դեռ շատ բացթողումներ ունենք, անհրաժեշտ է վերազինվել բոլոր անհրաժեշտ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Պետք է ունենանք պահուստային ֆոնդ, որ անհրաժեշտության դեպքում բոլոր միջոցները լինեն, եւ ոչ մի բանի պակաս չզգացվի: Մինչդեռ սահմանամերձ բժշկական կենտրոնները հագեցած չէին անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, եւ երբեմն զգացվում էր այնպիսի բժշկական պարագաների անհրաժեշտություն, որ մեր մտքով անգամ չէր էլ անցնի: «Էրեբունի» բժշկական կենտրոնը նույնպես վերածվել էր հոսպիտալի, կային մեծ թվով վիրավորներ, որոնք ստանում էին համապատասխան բուժօգնություն:

-Պարո՛ն Խանդանյան, ինչո՞ւ ընտրեցիք բժշկի՝ բավականին պատասխանատու մասնագիտությունը: Դա ընտանեկան ավանդո՞ւյթ է:

-Մեր ընտանիքում բժիշկներ չեն եղել, սակայն ծնողներիս ընկերական շրջապատում կային բժիշկներ, որոնք ինձ ոգեւորել են իրենց գործունեությամբ: Ու ես ծնողներիս ու, իհարկե, նաեւ իմ ցանկությամբ ընտրեցի բժշկի մասնագիտությունը, եւ դրա համար նույնիսկ մեկ վայրկյան չեմ զղջում: Բժշկի մասնագիտությունը, իհարկե, բավականին ծանր, բայց նաեւ նվիրյալներին հատուկ աշխատանք է, քանի որ ձգտում ենք վերականգնել, մարդկանց վերադարձնել ամենաթանկ բանը կյանքում` առողջությունը, լիարժեք ապրելու իրավունքը: Եթե մարդ կորցնում է առողջությունը, նա, ըստ իս, կորցնում է ամեն ինչ: Ու, եթե ինձ կրկին մասնագիտություն ընտրելու հնարավորություն ընձեռվեր, առանց մեկ վայրկյան իսկ վարանելու կընտրեի բժշկի մասնագիտությունը: Դա նաեւ այն մասնագիտություններից է, որին լիարժեքորեն տիրապետելու համար ամբողջ կյանքի ընթացքում պարտավոր ես սովորել, որպեսզի ձեռքդ մշտապես պահես նորարարությունների զարկերակի վրա: Հակառակ դեպքում կդոփես տեղում, եւ բուժումն էլ ոչ լիարժեք կիրականացվի: Իմ կարծիքով, բժշկությունը ե՛ւ մասնագիտություն է, ե՛ւ կոչում, կարող ես աշխատել բժիշկ, բայց արժանի չլինես բժշկի կոչմանը:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Իմ երեխաները չընտրեցին բժշկության բնագավառը մի շարք օբյեկտիվ պատճառներից ելնելով: Տղաս չի ցանկանում բժիշկ դառնալ, աղջիկս ցանկանում էր ընտրել մանկաբույժի մասնագիտությունը, սակայն երկար ժամանակ երկմտելուց հետո փոխեց որոշումը: Ես փորձել եմ չմիջամտել մասնագիտության ընտրության հարցում, որովհետեւ, իմ կարծիքով, պետք չէ ստիպել կամ ուղղորդել, քանի որ մասնագիտություն ընտրելիս պետք է, առաջինը, այն սիրես, սիրով կատարես գործդ: Կինս էլ է բժիշկ, ավարտել է մանկաբուժական ֆակուլտետը, սակայն աշխատում է ռադիոլոգ:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իմ առաջին ուսուցիչը եղել է Կիմ Հայկի Շուքուրյանը, ով մեծ դեր է խաղացել իմ մասնագիտության ընտրության հարցում, ինքն է ինձ ոգեշնչել բժիշկ դառնալու ցանկությամբ եւ նպաստել ընտրելու քիթ-կոկորդ-ականջաբանությունը, սովորեցրել այդ մասնագիտության այբուբենը: Այդ ժամանակ ինտերնատուրան անցկացրել եմ «Արմենիա» (նախկինում` «Հանրապետական») բժշկական կենտրոնում: Ցավոք, ես նրա հետ շատ քիչ աշխատեցի, քանի որ նրա որդին՝ Արթուր Կիմի Շուքուրյանը, ով նույնպես այն ժամանակ աշխատում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում, իմ կլինիկական օրդինատուրա ընդունվելուց անմիջապես հետո տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի նոր բացված քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք, եւ պրոֆեսոր Կ. Հ. Շուքուրյանի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք, որ ես նույնպես տեղափոխվեմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք: Ես երախտապարտ եմ հայր եւ որդի Շուքուրյաններին, ում շնորհիվ մասնագիտության հարցում հասա իմ նվիրական ձգտումներին:

-Երիտասարդ կադրերի մասին ի՞նչ կասեք:

-Իհարկե, մեր բժշկության ապագան հուսալի ձեռքերում է, որովհետեւ կան բավականին ձգտող, պրպտող երիտասարդներ, որոնք ավելի համարձակ են, ավելի առաջադեմ մտածելակերպ ունեն, պատրաստ են միշտ առաջ ընթանալ՝ չնայելով խոչընդոտների: Բայց մի ցավոտ երեւույթ եմ նկատել. լավ պատրաստված երիտասարդների մի զգալի հատված մեկնում է արտերկիր վերապատրաստվելու (ինչը շատ լավ է եւ ողջունելի), սակայն նրանց զգալի մասը հայրենիք չի վերադառնում: Դա շատ մտահոգիչ է, քանի որ, ցավոք, կորցնում ենք այն լավագույն կորիզը, այն հեռանկարային երիտասարդներին, ովքեր պետք է կառուցեն մեր ապագան, ովքեր պետք է լինեն մեր հետնորդները, սակայն գնում ու զարգացնում են այլ երկրների բժշկագիտությունը: Այս ամենը, իհարկե, ունի իր օբյեկտիվ պատճառները, եւ մեր պետական այրերը պետք ստեղծեն համապատասխան պայմաններ, որպեսզի երիտասարդները վերապատրաստում անցնելուց հետո առանց երկմտնելու վերադառնան հայրենիք:

-Քիթ-կոկորդ-ականջաբանության բնագավառում կա՞ն գիտական նորարարական մոտեցումներ:

-Ինչպես բժշկական բոլոր ոլորտները, այնպես էլ քիթ-կոկորդ-ականջաբանությունը առաջնթաց է ապրում  ե՛ւ տեխնոլոգիական, ե՛ւ տարբեր հիվանդությունների ախտաբանածագումնաբանության պարզաբանման առումներով: Արդի բժշկության մեջ շատ հիվանդությունների ախտորոշման եւ բուժման հարցերում մոտեցումները զգալիորեն փոխվել են, ինչը պայմանավորված է տեխնիկայի զարգացման, բժշկության մեջ համակարգչային տեխնիկայի ներդրման, լաբորատոր ախտորոշիչ սարքավորումների զարգացման ու ավտոմատացման, գենային ինժիներիայի առաջընթացի, նանոտեխնոլոգիայի եւ այլ բազմաթիվ ոլորտների զարգացման հանգամանքով: Օրինակ, եթե նախինում կարծիք կար, որ հիվանդության ծագումնաբանության մեջ պատճառները 1-2-ն են, ապա այսօր պարզվում է, որ դրանք մի քանիսն են, եւ, բուժման ընթացքում ազդելով ախտաբանածագումնաբանության տարբեր օղակների վրա, արդյունավետությունը լինում է ավելի բարձր: Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ զգալիորեն փոփոխվել եւ կատարելագործվել են վիրահատական եղանակները, որոնք նպաստում են վերքերի շուտ լավացմանն ու մարդկանց համար հնարավորություն ստեղծում կարճ ժամանակ անց վերադառնալու ակտիվ կյանքի:

-Համագործակցո՞ւմ եք քիթ-կոկորդ ականջաբանների ասոցիացիայի հետ:

-Անշուշտ: Ես Հայկական քիթ-կոկորդ ականջաբանների ասոցիացիայի հիմնադիր անդամը եւ գլխավոր քարտուղարն եմ: Այն գործում է բավականին երկար տարիներ, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում առողջապահության ոլորտի քաղաքականության մշակմանը: Մենք նաեւ Հայկական բժշկական ասոցիացիայի (որի հիմնադիր անդամն ու  վարչության անդամն եմ) եւ Եվրոպական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի անդամ ենք ու սերտորեն համագործակցում ենք նրանց հետ: Նեղ մասնագիտական ասոցիացիաները կարեւոր դեր ունեն առողջապահության ոլորտում, քանի որ նրանց շնորհիվ է, որ պետք է ստեղծվեն բուժման ստանդարտներ, որոնք ամբողջ աշխարհում գործում են եւ, հուրախություն մեզ, սկսել են գործել նաեւ մեր երկրում: Մասնագիտական ասոցիացիաները պետք է ակտիվորեն մասնակցեն առողջապահության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, շարունակական բժշկական կրթության, բուժման նորարարական մեթոդների եւ մոտեցումների ներդրմանը:

-Ի՞նչ կասեք մեր երկրի առողջապահական համակարգի մասին:

-Ուզում եմ նշել, որ ոչ մի երկրում առողջապահական համակարգը իդեալական չէ: Այդ թվում՝ նաեւ մեր երկրում: Իհարկե, մեր առողջապահական համակարգում զգալի բարեփոխումներ կատարվել են, սակայն պետք է նշեմ, որ, ցավոք, ունենք նաեւ թերի կողմեր: Անշուշտ, ողջունելի է, որ պաշտպանվում են պացիենտների շահերը, բայց կցանկանայի, որ պաշտպանվեին նաեւ բժիշկների շահերը: Մինչ օրս մեր հանրապետությունում չի գործում բժշկի մասնագիտական ապահովագրությունը, որը գործում է շատ երկրներում, եւ դա ամենամեծ բացերից մեկն է: Իհարկե, այդ ուղղությամբ առաջին քայլերն արվեցին, որոշ մասնագիտությունների, օրինակ, անեսթեզիոլոգների ուղությամբ: Սակայն, որքանով տեղյակ եմ, դա դեռեւս սաղմնային փուլում է, եւ ոչ բոլորն են ապահովագրվել: Միեւնույն ժամանակ, շատ կարեւոր է, որ ուշադրություն դարձվի ապահովագրական բժշկության լիարժեք ներդրմանը, քանի որ առկա են  բավականին խոցելի կողմեր: Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններռվ հիվանդանռցային բժշկական օգնռւթյուն ստացող խմբերի վճարման համակարգը ամբողջությամբ տարբեր է, իսկ դա մեծ խառնաշփոթ է ստեղծում թե՛ բժիշկների, թե՛ պացիենտների, թե՛ վճարման համակարգի համար, ու շատ հաճախ բժիշկներն իրենց կատարած աշխատանքի դիմաց ստանում են ոչ համապատասխան վճարում: Առաջնահերթ եւ արագ լուծում պահանջող հարցերից մեկը բուժման ստանդարտների մշակումն ու լիարժեք ներդրումն է, որը իրավական տեսանկյունից նույնպես շատ մեծ նշանակություն ունի թե՛ բժիշկների, թե՛ հիվանդների շահերի պաշտպանության առումով:  Հայաստանում պետք է ակտիվորեն զարգացնել կանխարգելիչ բժշկությունը, որը հնարավորություն կտա խուսափել հիվանդությունների բարդացումից, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներից, կնպաստի հաշմանդամության նվազեցմանն ու կյանքի որակի բարելավմանը: Այս ամենը կնպաստի նաեւ պացիենտների ավելորդ ֆինանսական ծախսերի նվազեցմանն ու պետության կողմից կատարվող ծախսերի կրճատմանը: Հետեւաբար, անչափ կարեւոր է մարդկանց իրազեկումը, համապատասխան տեղեկատվության տրամադրումը:

-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Նախ կցանկանամ, որ նրանք ավելի լուրջ հետեւեն իրենց առողջությանն ու ժամանակին դիմեն բժշկի, քանի որ ավելի հեշտ ու նպատակահարմար է հիվանդությունը բուժել վաղ փուլում եւ կանխարգելել հետագա բարդությունների առաջացումը, քան դիմել վիրահատության կամ բարդ ու ծախսատար միջամտությունների: Մինչդեռ, ցավոք, մեզ մոտ բժշկին ժամանակին դիմելու սովորույթը դեռ զարգացած չէ: Դրա պատճառներից մեկը գուցե այն է, որ մեր բնակչության զգալի մասը ստիպված պետք է վճարի իր գրպանից, սակայն անվճարունակ է, մինչդեռ, արտերկրներում գործում է պարտադիր բժշկական ապահովագրություն, եւ նույնիսկ ամենաաննշան խնդիրների առաջացման դեպքում մարդիկ կարողանում են ժամանակին դիմել բժշկի։ Թեեւ մեզ մոտ կան առաջնային բժշկական օղակներ, որտեղ բուժումն ու սպասարկումն անվճար է, բայց նույնիսկ այնտեղ չեն դիմում: Գուցե դա նաեւ տեղեկատվության պակասի պատճառով է։ Կարեւոր գործոն է նաեւ այն հանգամանքը, որ մարզային հիվանդանոցների զգալի մասը թերհագեցած է կամ չունի  համապատասխան մասնագետ: Չեմ կարող չնշել եւս մեկ փաստ. Հայաստանում, ցավոք, շատ տարածված է «դեղատնային» բուժումը, այսինքն՝ հիվանդը բժշկին դիմելու փոխարեն դիմում է դեղատան աշխատողներին, իսկ վերջիններս սեփական հայեցողությամբ վաճառում են այս կամ այն դեղամիջոցը։ Մինչդեռ նրանք դեղագետ են եւ դեղամիջոցների նշանակման իրավունք չունեն։ Մյուս բացասական երեւույթը, այսպես կոչված, «հարեւանային» բուժումն է. հիվանդը համարում է, որ, եթե իր հարեւանը տվյալ դեղամիջոցից լավացել է, ուրեմն իրեն էլ այն պետք է օգնի:

Ընթերցողներին  խորհուրդ եմ տալիս զերծ մնալ չմտածված քայլերից ու բոլորին մաղթում եմ խաղաղ երկինք, ամուր առողջություն եւ երկարակեցություն: Բարին ընդ ձեզ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր