ՆՈՒՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Առավել հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը  

«Աջափնյակ» բժշկական կենտրոնը,  չնայած իր «երիտասարդ» տարիքին, արդեն սկսել է ձեռք բերել վստահություն իր յուրահատուկ եվրոպական մոտեցման դրսեւորումներով: Կենտրոնն ապահովված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով, հագեցած՝ նորագույն սարքավորումներով, ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, եւ պատահական չէ, որ այն այսօր դինամիկ զարգացող բուժհաստատություններից է, որն ապահովում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ ու բարձրակարգ բուժօգնություն: Կենտրոնը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար բժշկական հաստատությունների հետ, աշխատակիցները մասնակցում են վերապատրաստումների, հեղինակավոր գիտաժողովների եւ սեմինարների, կենտրոնում կիրառվում են գերժամանակակից տեխնոլոգիաներ, բուժման, ախտորոշման ու վերականգնողական նոր մեթոդներ, ապահովվում է բուժայցելուների սպասարկման բարձր որակը: Եվ այդ ամենի շնորհիվ այն դարձել է ոչ միայն մեր հայրենակիցների, այլեւ շատ օտարերկրացիների համար նախընտրելի բժշկական կենտրոն:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է«Աջափնյակ» բժշկական կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան ՆՈՒՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նշում է, որ իսկապես դժվար է լինել կին, մայր եւ միաժամանակ նվիրվել մասնագիտությանն ու փորձել բոլոր «դերերում» լինել լավագույնը: Սակայն, երբ սիրում ես մասնագիտությունդ եւ զգում ընտանիքիդ անվերապահ աջակցությունն ու սերը, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում, ավելին` դու ստանում ես նոր լիցքեր եւ խթան` առաջ շարժվելու, հասնելու ավելիին, ձգտելու առավելագույնին: Մասնագիտական գործունեության ընթացքում արհեստավարժությունը ձեռք է բերվում տարիների քրտնաջան աշխատանքի, գիտելիքների, ստացած գործնական հմտությունների արդյունքում, իսկ լավ բժիշկ լինելու համար, անկախ ընտրած նեղ մասնագիտացումից, պետք է լավ հոգեբան լինել, որովհետեւ հիվանդի համար շատ մեծ նշանակություն ունի բժշկի հետ անմիջական շփու­մը, այն հանգամանքը, թե որքանով է նա ու­շա­դիր, ինչ­պես է հար­ցեր տա­լիս, ինչ  հոգա­տա­րու­թյուն է ցու­ցա­բե­րում եւ այլն:­ Այ­սինքն` բժիշկը պետք է կա­րո­ղա­նա հենց այդ շփու­մով վս­տա­հու­թյուն առա­ջաց­նել հի­վան­դի մոտ, եւ այս դեպ­քում կարե­լի կլինի ասել, որ գոր­ծի կեսն արդեն արված է: Բժիշկ լինել նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, սիրել մարդկանց, ամեն հիվանդի մոտենալ յուրովի ու պատրաստ լինել սեփական ուժերի գերլարման հաշվին անել առավելագույնը։ Հենց այդպիսին է մեր զրուցակիցը, ինչի համար էլ վայելում է ինչպես հիվանդների, այնպես էլ ընդհանրապես հանրության սերն ու վստահությունը: Եվ քիչ չեն դեպքերը, երբ բժիշկն իր հիվանդի մասին գիտի ավելին, քան նրա շատ հարազատները:

-Բժշկուհի՛, ի՞նչ կասեք կանխարգելիչ բուժման մասին:

-Ժամանակին արված հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում եւ կանխել դրա հետագա զարգացումը: Բոլորս Էլ գիտակցում ենք, որ առավել հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը: Մեր կենտրոնում տնօրինության ջանքերի շնորհիվ մեծ դեր ունի համերաշխությունն ու համախմբված թիմային աշխատանքը: Մենք հետեւում ենք մեր բնագավառի նորարարություններին, կենտրոնը տեխնիկապես հագեցած է, իսկ մասնագետները բարձր որակավորում ունեն: Բավականին հաճախ են կազմակերպվում կլոր սեղաններ, որտեղ քննարկվում են տարատեսակ հիվանդություններ եւ պրակտիկայում հանդիպող տարբերվող դեպքեր:

-Ըստ ձեզ, հիմնականում ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Հիմնականում դրանք միզաքարային, լեղաքարային, վահանագեղձի հիվանդություններն են, ինչպես նաեւ արգանդի միոմաները, կրծքագեղձի մաստոպաթիաները, շատ տարածում ունեն նաեւ վահանագեղձի, կրծքագեղձի, ինչպես նաեւ այլ տարբեր օրգանների բարորակ եւ չարորակ նորագոյացությունները, որոնց նպաստող պայմաններից են ժառանգական նախատրամադրվածությունը, նստակյաց ապրելակերպը, անառողջ սնունդը, մեր երկրի կլիմայական առանձնահատկությունները, նյարդային գերլարվածությունը: Մեր հասարակությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի հիվանդությունների կանխարգելմանը, առողջ ապրելակերպ վարելուն: Հիվանդության կանխարգելումից բացի, մեծ նշանակություն ունի հիվանդության ժամանակին ճիշտ ախտորոշումը, ինչպես նաեւ տարբերակիչ ախտորոշումը, օրինակ, ցավը որովայնի խոռոչի վերին էպիգաստրալ հատվածում կարող է առաջանալ տարբեր պատճառներից՝ գաստրիտի, դուոդենիտի, լեղաքարային հիվանդության, խոլեստիցիտի, պանկրեատիտի, ստամոքսի եւ տասներկումատնյա աղու խոցերի դեպքում: Կամ՝ որովայնի ստորին հատվածի ցավերը կարող են պայմանավորված լինել ապենդիցիտի, ձվարանի կիստաների, նորագոյացությունների, միզասեռական օրգանների եւ մի շարք այլ հիվանդությունների առկայությամբ: Այդ պատճառով պետք է կատարել մի շարք հետազոտություններ, օրինակ, աջ զստափոսում առկա ցավերի դեպքում, երբ սոնոգրաֆիկ հետազոտությամբ սուր ապենդիցիտի կասկած կա, պետք է կատարվեն լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ, իրականացվի վիրաբույժի խորհրդատվություն, եւ միայն համակցված աշխատանքի արդյունքում կգտնենք հիվանդության իրական պատկերը: Մեր հասարակությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի կանխարգելիչ բուժմանը, պետք է հետեւի իր ապրելակերպին, սննդակարգին, զբաղվի սպորտով, նստակյաց կյանք չվարի: Բայց, ցավոք սրտի, հայ հասարակությունը հաճախ դիմում բժշկի օգնությանը այն ժամանակ, երբ արդեն պետք է կատարվի վիրահատական միջամտություն, ոմանք էլ զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը կարող է վատ հետեւանքներ ունենալ:

Այսօր ինտերնետ պորտալը բավականին բան է տալիս բժիշկներիս ինֆորմատիվ առումով, արտերկրի մեր գործընկերների հետ միշտ քննարկումներ ենք ունենում, փորձի փոխանակություն է տեղի ունենում, մի խոսքով՝ փորձում ենք ետ չմնալ եվրոպական ստանդարտներից: Ընդհանրապես բժիշկը պետք է միշտ աշխատանք տանի, ինքնակրթվի, իսկ եթե սկսի դոփել տեղում, ապա նա արդեն վերջացած մասնագետ է:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Մեր երիտասարդները բավականին տեղեկացված են, արտասահմանյան բժշկական գրականություն ավելի շատ են ուսումնասիրում: Իհարկե, ինչպես բոլոր բնագավառներում, մեր բնագավառում էլ հանդիպում են ծայրահեղություններ, բայց ընդհանուր առմամբ մեր երիտասարդությունը պրպտող է, ձգտող, հուսամ՝ ապագայում մեր բժշկությունը բավականին ապահով ձեռքերում կլինի:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց ճառագայթաբանի նեղ մասնագիտացումը: Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Ես ստացել եմ թերապեւտի մասնագիտացում ու չեմ կարող ասել, թե ինչու հետագայում ընտրեցի հենց ճառագայթաբանության ուղղվածութունը: Պարզապես սիրեցի այս ոլորտը, որովհետեւ կարծում եմ՝ հիվանդության բարեհաջող բուժման առումով ճիշտ ախտորոշումից մեծ բան է կախված: Մինչ նեղ մասնագիտացում ընտրելս հայրս միշտ համոզում էր գինեկոլոգ դառնալ, բայց, ճիշտն ասած, ես ինձ չգտա այդ ոլորտում: Ճառագայթաբանության մեջ ինձ ուսուցիչ կարող եմ համարել Արմեն Կարպի Ղազարյանին, Սուրեն Հակոբի Պետրոսյանին եւ Գեղամ Գուրգենի Աղաբեկյանին, որոնք իմ մեջ սեր ներշնչեցին դեպի այդ ոլորտը:

Երկրում բարեհաջող զարգացումների պարագայում հնարավոր կլինի էական դրական տեղաշարժ արձանագրել մեր քննարկման առարկա հիվանդությունների կանխարգելման եւ բուժման գործում: Դրա մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ բնակչության շրջանում վերացել է նախկինում արմատացած սարսափն ու վախը ճակատագրական հիվանդությունների հանդեպ:

-Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կմաղթեմ, իհարկե, քաջառողջություն, կցանկանամ, որ դիմելիության մակարդակը, կուլտուրան բարձրանա մեր երկրում, քանի որ բժշկությունը շատ արդյունավետ կարողանում է բուժել եւ պայքարել հիվանդությունների դեմ միայն այն դեպքերում, երբ դրանք վաղ փուլերում են ախտորոշվում: Խորհուրդ կտամ կանխարգելիչ նկատառումներից ելնելով` տարեկան գոնե մեկ անգամ դիմել իրենց բժշկին: Գանգատների դեպքում էլ անհապաղ դիմեն բժշկի, չզբաղվեն ինքնաբուժությամբ: Որպես վերջաբան կոչ եմ անում մեր հայրենակիցներին. սիրելիներս, պահպանեք առողջ ապրելակերպի կանոնները, պահպանեք ձեզ տրված թանկագին պարգեւը՝ կյանքը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր