Print this page
ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Այս սեզոնին առավել  բնորոշ են ալերգիկ հիվանդությունները, ֆարինգիտի սրացումը, օտիտները

Հայաստանում այսօր կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության (ԼՕՌ) ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումները: Հիվանդության բուժման գործում կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը: Քիթ-կոկորդ-ականջաբանությունը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, մշտապես կատարելագործվում է, ստեղծվում եւ բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ: ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է Գորիսի բժշկական կենտրոնի  օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով զբաղվում է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների համալիր բուժմամբ: Ծառայության տեխնիկական հագեցվածությունը եւ երիտասարդ բժշկուհու փորձառությունը թույլ են տալիս ժամանակակից մոտեցումների կիրառմամբ իրականացնել քիչ տրավմատիկ ու արդյունավետ  բուժումներ: Բժշկուհին իր բնագավառում եւ ընդհանրապես կյանքում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով, անչափ ուշադիր ու հոգատար է հիվանդների նկատմամբ, շփվելու յուրահատուկ մոտեցում ունի թե՛ գործընկերների, թե՛ այցելուների հետ, եւ նրա հոգատարությունն ու սերը գնահատվում են բոլորի կողմից:

-Պացիենտն ինչպե՞ս հասկանա, թե որտեղ է գտնվում խնդրահարույց օջախը, քանի որ գործ ունենք երեք փոխկապակցված օրգան համակարգերի հետ:

-Ճիշտ եք. քիթը, կոկորդն ու ականջը խիստ փոխկապակցված են  միմյանց հետ, ու սովորաբար մի հատվածի պաթոլոգիան պրոցեսի մեջ է ընդգրկում նաեւ հարակից օրգանները: Եվ պատահական չէ, որ մեծ մասամբ այդ երեք օրգան-համակարգերն իրար հետ կապված են նաեւ բորբոքման պրոցեսների ժամանակ, նրանք, փաստորեն, ինչ-որ ձեւով ախտահարվում են միասին: Երբ միաժամանակ ի հայտ է գալիս այդ երեք օրգանների ախտահարումը, մեկ օրգանը կարող է ավելի շատ ախտահարված լինել, մյուսը`ավելի քիչ: Ու, երբ հիվանդը դիմում է մեզ որեւէ գանգատով, մենք հետազոտում ենք բոլոր երեք օրգանները միասին: Այսինքն` իրականացվում է համակցված հետազոտություն, որի արդյունքում էլ կատարվում է նաեւ համակցված բուժում: Սակայն յուրաքանչյուր հատվածի ախտաբանական վիճակն ունի իրեն բնորոշ կլինիկական դրսեւորումներ, հետեւաբար, դժվար չէ նախնական պատկերացում կազմել, թե որտեղ է գտնվում խնդիրը:

-Ո՞ր հիվանդություններն են բնորոշ այս սեզոնին։

-Այս սեզոնին առավել  բնորոշ են ալերգիկ հիվանդությունները, ֆարինգիտի սրացումը, օտիտները՝ հիմնականում լողավազաններ այցելելուց հետո:

-Ինչո՞վ է պայմանավորված երկար քթարտադրությունն ապաքինումից հետո, եւ ինչպե՞ս կանխել այն:

-Քթարտադրությունն ունի մի շարք պատճառներ՝ ալերգիկ ու ոչ ալերգիկ ռինիտներ, մեխանիկական եւ քիմիական գրգռիչներ, օտար մարմին, հետվիրահատական շրջան եւ այլն: Ապաքինումից հետո շարունակվող քթահոսությունը կարող է խոսել ոչ լիարժեք ապաքինման մասին: Նման դեպքերում պետք է շտկել բուժման պլանը:

-Ո՞ր ալերգիկ հիվանդություններն ավելի մեծ տարածում ունեն:

-Առհասարակ ալերգիկ հիվանդությունները ներկայումս մեծ տարածում ունեն: Ալերգիկ հիվանդությունների մեջ գերակշիռ մասն են կազմում ալերգիկ ռինիտները, հատկապես՝  սեզոնայնություն ունեցողները, որոնք սրվում են բույսերի ծաղկման շրջանում:

-Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել շնչառության խանգարումները:

-Քթային շնչառությունը շատ կարեւոր է մարդու համար, քանի որ, բացի շնչառական դերակատարումից, ունի նաեւ այլ կարեւոր ֆունկցիաներ, դրանք են՝ հոտառական,  պաշտպանական, օդը տաքացնող, ռեզոնատոր: Շնչառության խանգարումը կարող է հանգեցնել վերը նշված ֆունկցիաների խանգարման, ինչպես նաեւ կարող է առաջացնել ֆարինգիտ, քնի խանգարում, գլխացավեր, սրտի շրջանում՝ ծակոցներ եւ այլն: Քնի խանգարման հետեւանքով կարող է առաջանալ մշտական հոգնածության զգացողություն:

-Խոսենք ադենոիդների, ֆարինգիտի, սինուսիտի, պապիլոմաների եւ հեմանգիոմաների, հաճախակի քթային արյունահոսությունների մասին:

-Ադենոիդները կազմում եմ ըմպանի լիմֆոէպիթելային օղի մի մասը: Իրենցից ներկայացնում են լիմֆոիդ հյուսվածք: Աճը նկատվում է 2-2,5 տարեկանից մինչեւ 10 տարեկան հասակը: Երեխաների մոտ նկատվում է դժվարաշնչություն, հազ՝ գիշերները, խռմփոց, ռնգախոսություն, ուտելիս դժվարություն, կծվածքի խանգարում եւ այլն: Բուժումը սկսում են դեղորայքից, ֆիզիոթերապիայից, անարդյունավետության դեպքում կատարվում է վիրահատություն:

Ֆարինգիտը ըմպանի լորձաթաղանթի բորբոքումն է: Որպես կանոն, այլ պաթոլոգիայի հետեւանք է: Գանգատների մեջ գերակշռում են ցավը, կոկորդում չորության զգացումը, չոր հազը, օտար մարմնի զգացումը եւ այլն: Բուժումն  ուղղված է սուր վիճակի վերացմանը:

Սինուսիտը հարքթային խոռոչների բորբոքային հիվանդությունն է: Տարբերում ենք 4 հարքթային խոռոչ՝  վերին ծնոտային՝ (հայմորյան), ճակատային՝ (ֆրոնտալ), էթմոիդալ  (էթմոիդալ), հիմային (սֆենոիդալ): Սինուսիտներն ունեն սուր եւ քրոնիկ ընթացք: Դեմքի եւ գլխի տարբեր հատվածներում առաջացնում են  ցավեր, քթահոսություն, ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն: Չբուժելու դեպքում կարող են զարգացնել ներգանգային բարդություններ: Հետեւաբար, ժամանակին ճիշտ ախտորոշումն ու բուժումը շատ կարեւոր են: Բուժումն իրականացնում ենք դեղորայքային եղանակով, անարդյունավետության դեպքում կատարում ենք վիրահատություն:

Պապիլոմաներն իրենցից ներկայացնում են բարորակ նորագոյացություններ՝ պայմանավորված օրգանիզմում  պապիլոմավիրուսի առկայությամբ:

Հեմանգիոմաները անոթների հիպերպլազիայով պայմանավորած բարորակ նորագոյացություններ են:  Կարող են լինել բնածին եւ ձեռքբերովի: Առաջանում են կրած վիրուսային հիվանդությունից հետո, վատ էկոլոգիական պայմաններում բնակվելուց, հղի կանանց մոտ՝ որոշ խմբի դեղորայք ընդունելուց հետո: Այս հիվանդության հետ մեկտեղ ուզում եմ խոսել քթըմպանի յուվենիլ անգիոֆիբրոմայի մասին: Հանդիպում է բացառապես տղաների մոտ՝ սեռահասունացման շրջանում: Նորագոյացությունը հյուսվածքաբանորեն բարորակ է, սակայն ըստ աճի նման է չարորակ նորագոյացության: Առաջին եւ հիմնական կլինիկական դրսեւորումը լինում է քթային արյունահոսությունը: Հետեւաբար, հաճախակի կրկնվող քթային արյունահոսության ժամանակ պետք է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանին:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի, հետեւի իր առողջությանը, տարին գոնե մեկ անգամ, կանխարգելիչ նկատառումներից ելնելով, այցելի բժշկի: Խորհուրդ եմ տալիս բոլորին վարել առողջ ապրելակերպ, օրեցօր մեծացնել բժշկական գիտելիքների պաշարը եւ նույնիսկ չնչին գանգատների դեպքում հետազոտվել ու ստանալ համապատասխան բուժօգնություն