Print this page
«Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ

«Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ

(2 votes)
There is no translation available.

ՄԵՆՔ  ԱՇԽԱՏՈՒՄ  ԵՆՔ  ՍՏՎԵՐՈՒՄ  ՄՆԱԼ,  ԱՐԺԵՔՆԵՐ  ՍՏԵՂԾԵԼ

Հանրությունը մշտապես արժևորել է կրթությունը: Մեր օրերում պետության հաջողության գլխավոր երաշխիքը կրթված սերունդն է, բարեկեցության աղբյուրը՝ գիտելիքը: Մեր երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է: Հետևաբար, կրթությունը պետք է լինի որակյալ ու հասանելի բոլորի համար:

Տարիներ շարունակ կարողացել ենք արձանագրել հաջողություններ և ունեցել տեսանելի նվաճումներ գիտության ոլորտում, ու անհրաժեշտ է ձևավորել խրախուսական միջավայր գիտությամբ զբաղվելու և որակյալ գիտական արտադրանք ստեղծողների համար: Մեր զրուցակիցը Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ  է, ում հետ խոսեցինք ուսումնարանի պատմության, ներկայի և պլանների մասին:

 -Տիկի՛ն Բարսեղյան, ե՞րբ է ստեղծվել ուսումնարանը, ի՞նչ  պատմություն ունի:

- «Երևանի N10 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2004թ., իսկ 2014թ. օգոստոս ամսին վերանվանվել է «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան»: Այդպես վերանվանվեց, քանի որ ուսուցանվող ութ մասնագիտություններից յոթը արվեստի ճյուղեր էին, և միայն ավտոփականագործի մասնագիտությունն էր այդ ցանկից դուրս մնում։ Արդեն 10-րդ տարին է, որ զարդակիրառական արվեստ մասնագիտություններ են ուսուցանվում, և այդ ուղղությամբ առաջընթացն ակնհայտ է: Այս ուսումնական տարում ավելացել է նոր մասնագիտություն՝ մետաղի գեղարվեստական փորագրում, և հույս ունենք, որ այն իր մակարդակով չի զիջի մյուս մասնագիտություններին: Հավելեմ, որ մեզ մոտ ուսման տևողությունը 3 տարի է, ընդունելությունը՝ հիմնական կրթության վկայականի հիման վրա:

- Ձեր ղեկավարման տարիներին ի՞նչ բարեփոխումներ են եղել ուսումնական հաստատությունում, ապագայի ինչպիսի՞ ծրագրեր ունեք:

- Ուսումնարանը ղեկավարում եմ  2014 թվականի մարտ ամսից, բայց այստեղ աշխատում եմ 2006 թվականից։ Նախ դասավանդել եմ հայոց լեզու և գրականություն, եղել մեթոդմիավորման  նախագահ, հետո՝ փոխտնօրեն, այսինքն` գրեթե 11 տարի գործունեությունս այստեղ եմ ծավալել: Ուզում եմ ընդգծել, որ այն զգալի առաջընթացը, որին հասել ենք այսօր, ողջ կոլեկտիվի համախմբված աշխատանքի արդյունք է: Մանկավարժական կազմը համալրված է նաև մեծ թվով արվեստագետներով, որոնց  գերխնդիրն իրենց գիտելիքները, փորձը, հմտություններն այսօրվա սերնդին փոխանցելն է: Մեզ մոտ ընդունելությունն անցկացվում է մրցութային կարգով՝ դպրոցի  9-րդ դասարանի վկայականի միավորների հիման վրա, և լինում են դեպքեր, երբ երեխաների մի մասը մրցույթից դուրս է մնում, քանի որ ընդունվողների թիվը սահմանափակ է: Տարեցտարի ավելանում է մեր դիմորդների թիվը, իսկ դա այն փաստի արձանագրումն է, որ ուսումնարանը զարգացման ճիշտ ուղի է ընտրել։ Նշեմ նաև, որ մեր դիմորդները հիմնականում լինում են մեզ մոտ սովորող երեխաների ծանոթները, բարեկամները, հարևանները, այսինքն` մեզ առաջնահերթ գովազդողը հենց մեր սաներն են: Պարզից էլ պարզ է, որ եթե իրենք այստեղ իրենց վատ զգային, նորմալ կրթություն և դաստիարակություն չստանային, հաստատ որևէ մեկին խորհուրդ չէին տա  գալ մեզ մոտ: Ցանկանում ենք մասնագիտությունների շրջանակները ընդլայնել և ընդգրկել  բոլոր այն մասնագիտությունները, որոնք ազգային են, հային բնորոշ։ Սակայն դրա համար մեզ համապատասխան պայմաններ են անհրաժեշտ:

- Տիկի՛ն Բարսեղյան, պետության կողմից աջակցություն ստանո՞ւմ եք:

- Մեզ մոտ ուսուցումը պետպատվերի շրջանակներում է, այսինքն` բացառապես անվճար է, ավելին՝ բոլոր ուսանողներն անխտիր կրթաթոշակ են ստանում։ Իսկ պետության կողմից ֆինանսավորվելը նաև մեր ուսանողներին պարտավորեցնում է ավելի լավ իմանալ, գնահատել կրթության արժեքը, լավ սովորել, լինել նորմալ մարդ, իսկ հետագայում, ինչու ոչ, պետության համար արժանի, բարձրակարգ մասնագետ:

- Ինչպիսի՞ կարգավիճակ ունի Ձեր հաստատության վկայականը:

- Ուսանողներն ստանում են նախնական արհեստագործական կրթություն, նրանց տալիս ենք միջնակարգ կրթության ատեստատ, որը տրվում է ավագ դպրոցում, ու դրա հետ մեկտեղ՝ նաև պետական դիպլոմ երեք լեզուներով` հայերեն ռուսերեն, անգլերեն: Երեխան այստեղից դուրս է գալիս և՛ միջնակարգ, և՛ արդեն նախնական մասնագիտական կրթություն ստացած, ու հետագայում ինքն է որոշում, թե որ բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմի: Նշեմ, որ գրեթե բոլոր ուսումնական հաստատություններում սովորող շրջանավարտներ ունենք: Ժամանակը ցույց է տալիս, որ ավելի շատ ընդունվում են նկարչություն առարկան ուսուցանող հաստատություններ, օրինակ, Երևանի պետական մանկավարժական համալսարանի նկարչության բաժին։ Ուսանողներ կան նաև Գեղարվեստի և Գեղեցիկ արվեստների ակադեմիաներում, այսինքն՝ այն մասնագիտությունների գծով, որով մեզ մոտ նախնական կրթություն են ստանում: Մեր գերխնդիրներից մեկն էլ այն է, որ մեզ մոտ սովորած մասնագիտությամբ կարողանան իրենց ընտանիքը պահել։

- Տիկի՛ն Բարսեղյան, իսկ Ձեր սաներից մրցույթների մասնակիցներ, հաղթողներ կա՞ն։

- Այո, ունենք, մանրանկարիչ մասնագիտությամբ շրջանավարտ, որը, մեզ մոտ ստացած գիտելիքների բազայով տարիներ առաջ անվճար հիմունքներով ընդունվելով գեղարվեստի ակադեմիա, հետագայում արտերկրում մասնակցել է մանրանկարչության մրցույթի և արժանացել առաջին մրցանակի։ Մեր ձեռքբերումներից ենք համարում նաև մեր այն ուսանողներին, ովքեր մեզ մոտ ավարտելուց հետո շարունակում են իրենց ընտրած մասնագիտությամբ զբաղվել: Ապագայում ամեն մեկն իր ճանապարհն է ընտրում, բայց կարևորն այն է, որ երեխան այստեղից դուրս է գալիս, առաջին հերթին, որպես լավ դաստիարակված մարդ: Մինչև չդաստիարակենք, չենք  կարող ոչինչ սովորեցնել։ Ուսումնարանի ցուցասրահում ցուցադրվում են մեր երեխաների աշխատանքները, որոնք վկայում են, թե նրանք ինչ արդյունքների են հասել:  Մենք ունենք նաև կարգախոս, որը մեր ուսումնարանի մուտքի վերևում փակցված է։ Ըստ դրա, արվեստի ճյուղը ընտրող երեխայի համար մեզ մոտ սովորելը մի յուրահատուկ հանդիպում է իր և արվեստի միջև, իսկ մենք էլ այդ հանդիպումը կազմակերպողն ենք։  

- Ձեր սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք կազմակերպվո՞ւմ է:

- Վաճառք չի լինում, որովհետև մենք համարվում ենք ոչ առևտրային կազմակերպություն և ունենք մի կարևորագույն սկզբունք. յուրաքանչյուր երեխայի ստեղծած արժեքը մնայուն է, այն մեր պատմությունն է, ուստի մեզ մոտ  էլ պիտի մնա: Կան շրջանավարտներ, որոնք մեզ այցելում են ամեն օր և պարտադիր փնտրում են իրենց աշխատանքը ցուցասրահում։ Ու եթե չգտնեն, հաստատ մեծ հիասթափություն կապրեն: Մենք չենք սիրում շատ գովազդվել ու երբ հյուրեր ենք ունենում, նրանցից շատերը զարմանում են, որ շատ լավ աշխատանքներ ունենք, բայց իրենք չգիտեն այդ մասին: Մենք աշխատում ենք ավելի շատ ստվերում մնալով արժեքներ ստեղծել: Մեր ամենամեծ գնահատականը ու նաև գովազդը մեզ մոտ սովորողների և նրանց ծնողների բարձր գնահատականն է։  Մեզ մոտ չկա այնպիսի առարկա, որ երեխան խուսափի այն սովորելուց: Մեր մանկավարժների համար էլ իրենց աշխատանքը ոչ թե պարտականություն է, այլ սիրած գործ, իրենց էության մի մասը։ Երկար պատմություն չունենք և հուսով ենք, որ ինչքան այն երկարի, այնքան ավելի շատ մնայուն արժեքներ կունենանք։ Երբեմն մեզ մոտ եկող երեխան նույնիսկ մատիտ բռնել չի իմանում, բայց ավարտելուց հետո դառնում է լիարժեք մասնագետ: Մենք  ամեն մեկի հետ աշխատում ենք իր ընդունակությունների համապատասխան: Նշեմ, որ ամեն կիսամյակ ցուցահանդես ենք կազմակերպում,  որտեղ ներկայացվում են մեր բոլոր սաների աշխատանքները, և դա նրանց մեկ կիսամյակի հաշվետվությունն է: Լինում են նաև դեպքեր, երբ ծնողները, գալով այստեղ, տեսնելով իրենց երեխաների աշխատանքները, շատ են զարմանում, որ նրանք այդպիսի ընդունակություն ունեն:

Ինչ վերաբերում է ուսումնական գործընթացին, ապա դասերն սկսում ենք ժամը  09:00-ին, և, եթե հանկարծ երեխան թեկուզ հինգ րոպե ուշացավ, չներկայացավ դասի, վարպետը նրա ծնողին անմիջապես տեղեկացնում է այդ մասին։ Վարպետները, ղեկավարությունը պետք է տեղեկանան, թե երեխան ինչու չի եկել, իսկ դասերի ավարտից հետո երեխաներին ուղեկցում ենք մինչև կանգառ, որպեսզի մեր 340 սանին փողոցում որևէ մեկը նեղություն չտա:

Ես անչափ հպարտ եմ, որ շատ լավ սերունդ ունենք, նրանք գիտեն գիտելիքի, իրենց շրջապատող արվեստի և արհեստի արժեքը:

Ապրիլի 26-28-ը Մերգելյան ինստիտուտի տարածքում 17-րդ անգամ բացվեց «Կրթություն և կարիերա» միջազգային ցուցահանդեսը: Մեկ հարկի տակ էին հավաքվել հայաստանյան ուսումնական հաստատությունները և արտասահմանյան բուհերի հայաստանյան մասնաճյուղերը: Ցուցահանդեսին մասնակցեց նաև «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ը, որը եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում ներկայացավ իր սաների կատարած բազմաբնույթ աշխատանքներով:

Ինչպես միշտ, ուսումնարանն առանձնացավ արվեստի և արհեստի համադրությամբ, իր յուրօրինակ աշխատանքների բազմազանությամբ:

Մեր աշխատակազմը շնորհավորում և ի սրտե մաղթում է ուսումնարանին ստեղծագործական բեղմնավոր բազում տարիներ: