ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

(2 votes)
There is no translation available.

Մարդիկ հիմնականում ֆինանսական վիճակից ելնելով են ուշ դիմում բժշկի

 Սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես է՝ Հայաստանում: Միևնույն ժամանակ հենց սրտաբանությունն է բժշկության այն ուղղությունը, որն առաջինն է պարբերաբար զարգացումներ ու ձեռքբերումներ  գրանցելու տեսանկյունից: 

Մեր զրուցակից, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող և սրտաբան ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ հետ զրույցում քննարկվեցին Հայաստանում սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման ու բուժման հնարավորությունների, ձեռքբերումների ու անհրաժեշտ քայլերի վերաբերյալ հարցերը:

-Պարոն Չիլինգարյան, մի փոքր պատմեք  Ձեր մասնագիտական ուղու մասին:

 -Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Մխիթար Հերացու անվան՝ այն ժամանակ պետական բժշկական ինստիտուտը, որը գերազանց ավարտելուց հետո ընդունվեցի օրդինատուրա՝ կլինիկական սրտաբանության ինստիտուտում։ Այնտեղ երկու տարի վերապատրաստվելուց հետո անցա աշխատանքի նախ որպես սրտաբան, ապա նաև որպես գիտաշխատող:

-Ձեր բաժանմունքում հիմնականում սիրտ-անոթային համակարգի ի՞նչ հիվանդություններով է դիմելիությունը գերակշռում:

- Հիմնականում գերակշռում է սուր կորոնալ սինդրոմը՝ համախտանիշը, այսինքն՝ անկայուն ստենոկարդիայով և սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդները: Բայց ընդհանրապես սիրտ-անոթային հիվանդների հետազոտություննների ոլորտը շատ լայն է, գործնականում բոլոր սրտաբանական հիվանդներն ընդգրկված են հետազոտությունների մեջ. ամբուլատոր և սրտային անբավարարություն, ամբուլատոր զարկերակային գերճնշում:

-Սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել է վերջին տարիներին, արդյոք հնարավո՞ր է դեղամիջոցներով այդ հիվանդությունը բուժել:

- Այո,սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել է, իսկ պատճառները շատ-շատ են. քրոնիկական սթրեսները, նստակյաց կյանքը, բարձր ճնշման առկայության դեպքում իրենց չհետևելը և անտեղյակությունը տարբեր ռիսկային գործոնների մասին: Մարդիկ տեղեկացված չեն, բայց անգամ տեղյակ լինելով, որ ունեն շաքարային դիաբետ, բարձր ճնշում, ծանր քաշ, ծխամոլությամբ են տառապում, անտեսում են բոլոր ռիսկային գործոնները,  որովհետև մարդիկ, պարզ ասած, չեն ցանկանում հետևել իրենց առողջությանը: Կյանքը փոխվել է, և այդ բոլոր գործոնները գերակշռոմ են հասարակության մեջ։ Սնունդը, նույնիսկ ծխախոտի թութունն է փոխվել, որի մեջ քիմիական նյութեր են խառնվում, որն էլ իր հերթին կախվածություն է առաջացնում մարդկանց մոտ։ Դեղորայքային բուժումը և վիրահատական միջամտություններն այնքան են զարգացել այս վերջին 10 տարիների ընթացքում, կարելի է ասել՝ հեղախոփություն են ապրել, որ երկուսն էլ ունեն  իրենց ուրույն տեղը: Ասենք, եթե սկսված է սուր սրտամկանի ինֆարկտ կամ սուր կորոնալ համախտանիշ է, իհարկե, այստեղ առաջին հերթին արդարացված են վիրահատական միջամտությունները, այսինքն` կոռոնոգրաֆիան և ստենդավորումը։ Իսկ ավելի կայուն ստենոկարդիաների, կայուն սրտային հիվանդությունների ժամանակ, իհարկե, երկու բուժումն էլ կարող են տալ հավասար արդյունք: Այստեղ պետք է կշեռքի նժարին դնել, համեմատական կարգով դասակարգել՝ դեղորայքայի՞ն, թե միջամտական բուժումն է ավելի արդյունավետ: Կան սիրտ-անոթային հիվանդություններ, որոնք դեղորայքային կամ վիրահատական միջամտական բուժման դեպքում բացարձակ տարբերություն չեն տալիս: Արվեստը արդյունավետ տարբերակը ընտրելն է, որպեսզի հիվանդները ֆինանսապես ավելորդ չծանրաբեռնվեն, բուժվեն դեղերով, իսկ եթե հիվանդը ցուցում ունի, և միջամտությունից էլ ավելի կբարելավվի վիճակը, ապա  միանշանակ պետք է կատարվի վիրահատական միջամտություն: Դեղորայքային միջոցները, մանավանդ խոլեստերինը իջեցնող բետապաշարիչները միանշանակ պետք է տալ, մանավանդ՝ արյան մակարդելիությունը նոսրացնող դեղամիջոցներ: Այսօր դեղերն այնպիսի մակարդակի են հասել, որ ապահով կարելի է տալ հիվանդին։ Իհարկե, դեղորայքը այնքան մեծ ազդեցություն չի թողնում, ինչքան ռիսկային գործոններից` ծանր քաշից, ծխամոլությունից խուսափելը։

-Իսկ բժշկին դիմելու կուլտուրան ի՞նչ մակարդակ ունի այսօր: 

- Ինձ թվում է՝ մարդիկ հիմնականում ֆինանսական վիճակից ելնելով են ուշ դիմում բժշկի: Կան դեղեր, որոնք փոխարինողներ չունեն, թանկ են, իսկ հիվանդները ֆինանսապես ի վիճակի չեն երկարատև ընդունել դրանք: Լինում են նաև դեպքեր, երբ դեղորայքը չեն շարունակում ընդունել, որովհետև իրենց արդեն առողջ են համարում: Ցավոք սրտի, սրտաբանության մեջ մենք չենք առողջացնում, բուժում ենք, և այդ բուժումը էլ իր հերթին պետք է երկարատև լինի, գրեթե ամբողջ կյանքի համար: Առայժմ գիտությունն այդ աստիճանի զարգացած չէ, և, այսպես ասած, հիվանդությունը միշտ մնում է հիվանդի մեջ: Մենք դեղամիջոցով անում ենք այնպես, որ երկարացնենք պացիենտի կյանքը, նրանց կյանքին պարզապես որակ ենք տալիս։ Իսկ երբ հիվանդները նշանակված դեղորայքը չեն շարունակում ընդունել, և կյանքի ռիսկային գործոններն անտեսվում են, ապա հիվանդությունը մնում է նույն վիճակի մեջ, և մենք ոչինչ չենք կարող փոխել, կանգնում ենք, այսպես ասած, նույն կոտրած տաշտակի առջև:

- Ձեր բաժանմունքը տեխնիկապես հագեցա՞ծ է:

 -Վստահորեն կարող եմ ասել՝ այո. մենք ունենք այն բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են մեզ որակով բուժօգնություն ապահովելու համար: Ունենք էխոգրաֆիայի գերժամանակակից ապարատ, սթրեսէխոկարդիոգրաֆիայի ապարատ, հոլտեր, մոնիտորներ: 24 ժամյա ստուգումը բաժանմունքում բարձր մակարդակով ապահովված է:

 - Այսօր ի՞նչ վիճակում է գտնվում ՀՀ առողջապահության համակարգը:

- Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ առողջապահության համակարգը ծանր տարիներ է ապրում: Կարծում եմ՝ դրա պատճառը համակարգի սխալ համակարգվելը չէ: Ամեն ինչ արվում է մեր ոլորտը կատարյալի հասցնելու համար, սակայն խանգարող պատճառներն օբյեկտիվ են, որոնք կլինեն մինչև իրավիճակի բարելավումը։  

- Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

- Կցանկանամ մեր ազգին մեծ առողջություն, քիչ սթրեսներ, երկրին՝ խաղաղություն: Մեր ժողովուրդը շատ լավն է. համբերատար է, բարեհամբույր: Ուզում եմ պարզապես շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը և խնդրել, որ միշտ մնա այդպես լավը: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր