Print this page
Անի Ահարոնյան Ռոբերտի

Անի Ահարոնյան Ռոբերտի

(0 votes)
There is no translation available.

 ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ, ՀԱՐԳԵ՛Ք ՁԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԸ

 Ամբողջ աշխարհում  օնկոլոգիական հիվանդությունների մեջ կրծքագեղձի ուռուցքային չարորակ գոյացությունները գրավում են առաջին տեղը, և մեր հանրապետությունն էլ չի առանձնանում դրանում։  Իր սեփական առողջության մասին հոգ տանող յուրաքանչյուր կին պետք է ծանոթ լինի կրծքագեղձի ինքնազննման տարրական կանոններին: Չպետք է մոռանալ,  որ մի քանի հիվանդություններ ակնհայտորեն իրենց դրոշմն են թողնում կնոջ արտաքին տեսքի և կանացիության վրա։ Մասնագիտական լուրջ ավանդույթներ ունեցող Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մասնագետների աշխատանքի սկզբունքն է հասնել առավելագույն արդյունքների իրենց նվիրական գործում, օգնել նույնիսկ վատթարագույն վիճակում գտնվող պացիենտին, ով իր առողջությունն ու կյանքը վստահում է իրենց:

Մեր զրուցակիցը վերոնշյալ գիտահետազոտական կենտրոնի բժիշկ-մամոգրաֆիստ ԱՆԻ ԱՀԱՐՈՆՅԱՆՆ է: Առհասարակ, տարածված ձևաչափ է բժշկի հետ հարցազրույցը, որի ընթացքում բացահայտվում են ինչպես նրա մասնագիտական իմացությունն ու կատարած աշխատանքը, այնպես էլ` բժշկի կոչման հմայքի գաղտնիքը: 

-Տիկի՛ն Ահարոնյան, ի՞նչ ախտորոշիչ մեթոդներ են կիրառվում ձեր բաժանմունքում:

-Կրծքագեղձի հետազոտությունն ամբողջ աշխարհում կատարվում է հիմնականում երկու մեթոդով` ռենտգեն  և ՈՒՁ մամոգրաֆիա: Իհարկե, կան նաև այլ մեթոդներ, որոնք կիրառական են, օրինակ, МRI հետազոտությունը, որն իրականում սկրինինգային չէ, այլ զուտ ցուցումներով է իրականացվում: Բայց հիմնականում վերոնշյալ երկու մեթոդներն են արդիական: Կցանկանայի նշել, որ մինչև 35 տարեկան կանանց մոտ կատարվում է միայն ՈՒՁ  մամոգրաֆիա, որովհետև մինչ այդ տարիքը գերակշռում է գեղձային հյուսվածքը, ինչն էլ բավականին նվազեցնում է ինֆորմացիան ռենտգեն մամոգրամաների վրա: 35-40 տարեկան կանանց մոտ կատարվում է մեկանգամյա բազային մամոգրաֆիա, որից հետո` երկու տարին մեկ, դա իրականացվում է 40-50 տարեկան կանանց և տարին մեկ անգամ` արդեն պարտադիր 50 տարեկանից  բարձր կանանց մոտ: Բայց պետք է նշել, որ լինում են բացառություններ, եթե ՈՒՁ մամոգրաֆիայից հետո կան կասկածելի ցուցումներ, անկախ տարիքային շեմից, կատարվում է նաև ռենտգեն մամոգրաֆիկ հետազոտություն:

-Բժշկուհի՛, կրծքագեղձի ի՞նչ հիվանդությունների դեպքում են ավելի շատ Ձեզ դիմում, և հիմնականում ի՞նչ ախտանշաններով են դրանք արտահայտվում:

- Հիմնականում  դիմում  են ցավերի և շոշափվող պնդացումների կամ գոյացությունների դեպքում: Ցավերը և պնդացումները հաճախ պայմանավորված են լինում մաստոպաթիաների առկայությամբ, իսկ գոյացությունների հայտնաբերման ժամանակ հիմնականում ախտորոշվում են և՛ չարորակ, և՛ բարորակ գոյացություններ:

-Բժշկուհի՛, հիմնականում որո՞նք են կրծքագեղձի հիվանդության առաջացման պատճառները:

-Մաստոպաթիաների առաջացման հիմնական պատճառները կնոջ օրգանիզմում կատարվող հորմոնալ փոփոխություններն են, որոնք ավելի հաճախ կապված են լինում գինեկոլոգիական հիվանդությունների և վահանաձև գեղձի փոփոխությունների հետ: Բայց, հորմոնալ խնդիրների ի հայտ գալուց բացի, կրծքագեղձի վրա միաժամանակ կարող են ազդել նաև այլ գործոններ, օրինակ, ժառանգականության նախատրամադրվածությունը և տրավմաները:

-Իսկ ի՞նչ կանխարգելիչ միջոցներ կառաջարկեք հետագայում կրծքագեղձի հիվանդությունների բարդություններից խուսափելու համար:

-Իրականում կանխարգելիչ բուժում հասկացողություն գոյություն չունի: Կանխարգելիչ միակ մեթոդը պարբերաբար հետազոտությունների իրականացումն է` անկախ տարիքային շեմի, ստեղծված իրավիճակի և ըստ ցուցումների, որն էլ իր հերթին մեզ թույլ է տալիս հիվանդությունը վաղ հայտնաբերել ու, անհրաժեշտության դեպքում, վիրահատական միջամտություն կատարել:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հայ կանանց:

-Կցանկանայի, որ կանայք բավականին հոգատար լինեին իրենց առողջության նկատմամբ, միշտ ուշադրություն դարձնեին կրծքագեղձի արտաքին տեսքին, սիմետրիկությանը, մաշկի գույնին, մանրազնին ուսումնասիրեին` ներհրվածության հատվածներ կա՞ն արդյոք, թե ոչ: Իսկ ամենակարևոր և բավականին տարրական գործողությունը ճիշտ շոշափելն է, ինչը բավականին հեշտացնում է մեր աշխատանքն այն առումով, որ կինը ճիշտ է տարանջատում նորմալ հյուսվածքը որևէ պաթոլոգիկ գոյացությունից: Խորհուրդ կտամ նույնիսկ ինչ-որ չնչին գանգատի կամ շոշափելիս ինչ-որ գոյացություն հայտնաբերելու դեպքում երբևիցե խուճապի չմատնվել և անպայման դիմել բժշկի: Շատ հաճախ կանայք  չեն  հետազոտվում այն պատճառով, որ նրանց մոտ գերակշռում է վախի զգացումը, այսինքն` վախենում են հետազոտվելուց հետո վատ ախտորոշում լսելուց: Այդ իսկ պատճառով նրանք ուշացնում են իրենց այցելությունը բժշկին,  դիմում են արդեն բարձիթողի վիճակում, որն էլ իր հերթին հետագայում բերում է բարդացած իրավիճակների:

Քանի որ այս հետազոտությունը համարվում է սկրինինգային, կրծքագեղձի հետազոտություն պետք է անցնեն բոլորը, նույնիսկ այն կանայք, ովքեր երբևիցե գանգատներ չեն ունեցել և չունեն: Պետք է հուրախություն մեզ նշեմ, որ այսօր շատ ավելի բարձր է դիմելիության կուլտուրան, քան սրանից 10 տարի առաջ էր: Մեր կանայք բավականին գրագետ են դարձել այդ առումով, բավականին տեղեկացված հիվանդություններից: Սիրելի կանայք, եղե՛ք առողջ, հարգե՛ք ձեր օրգանիզմը, ձեր կյանքը թանկ է ձեր և ձեր ընտանիքի համար...