Հրանտ Զավենի Կալենտերյան

(0 votes)
There is no translation available.

Lավ տրամադրությունը առողջության հիմքն է

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական եւ նորածնային վերակենդանացման բաժանմունքի ընդլայնման ու պայմանների բարելավման շնորհիվ կլինիկան հնարավորություն ունի անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել  Երեւանի  եւ հանրապետության բոլոր մարզերի ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող առավել   մեծ թվով նորածինների ու երեխաների:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրը համալրված է անհրաժեշտ բժշկական պարագաներով, վերազինված` երկու նոր ռեանիմոբիլով, աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա` արտագնա վերակենդանացման բրիգադների միջոցով; Կրիտիկական վիճակում հայտնված նորածիններին փրկելու նպատակով ամենագնաց ռեանիմոբիլներով բժիշկները հասնում են հեռավոր մարզեր՝ հաղթահարելով դժվարամատչելի ճանապարհներ: Համալսարանական հիվանդանոցը, ի տարբերություն այլ բժշկական հաստատությունների, միաժամանակ մի քանի գործառույթ է իրականացնում. այստեղ կազմակերպվում են ոչ միայն  բուժական, այլեւ գիտամանկավարժական ու կրթական աշխատանքներ:

Համալիրը բուժօգնություն է տրամադրում առողջական ամենատարբեր, այդ թվում` ուռուցքաբանական խնդիրներ ունեցող երեխաներին:

 http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է  ԵՊԲՀ ՀԴԿ նեոնատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, նեոնատոլոգ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Մուրացան» ՀՀ մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը: Բժիշկն անցել է երկար տարիների բեղմնավոր ճանապարհ, ունի փորձ ու մասնագիտական խորը գիտելիքներ:

-Պարոն Կալենտերյան, ընտրել եք շատ պատասխանատու եւ ռիսկային աշխատանք, ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:

-Հավանաբար բնավորության գիծ է. միշտ էլ կյանքում եւ, բնականաբար, արդեն նաեւ բժշկության մեջ ռիսկը սիրել եմ: Անկեղծորեն ասեմ, որ մինչեւ 10-րդ դասարան բժշկի մասնագիտություն ընտրելու մտադրություն չունեի, բայց ամեն ինչ փոխվեց, երբ վնասվածք ստանալուց հետո հայտնվեցի հիվանդանացում: Դրանից երեք օր հետո միանգամից եւ հաստատակամորեն որոշեցի, որ պետք է բժիշկ դառնամ: Եվ իմ նվիրական ցանկությունը, որոշումը իրականացրեցի: Չնայած սովորաբար այդ մասնագիտությունը ժառանգաբար է անցնում, սակայն իմ արմատներում բժիշկ չի եղել:

-Իսկ Ձեր երեխաները չե՞ն ընտրել այդ մասնագիտությունը:

-Ունեմ 4 երեխա, երկու մեծերս այդ մասնագիտությունը չեն ընտրել, երրորդը, կարծես թե, նման մտադրություն ունի, բայց մինչեւ դպրոցն ավարտելը երեք տարի ունի:

-Երիտասարդ կադրերի հետ շփվելով` ի՞նչ մակարդակի վրա եք տեսնում մեր ապագա բժշկությունը:

-Շատերին անգամ կարող է տարօրինակ թվալ իմ ասածը, բայց փայլուն երեխաներ են ավարտում բժշկական համալսարանը, եւ, եթե մեր ժամանակ մատների վրա էինք հաշվում լավ գիտելիքների տիրապետող, փայլուն ավարտող ուսանողներին, ապա այսօր նրանց թիվը զգալիորեն շատ է:  Ուղղակի ցանկությունս այն է, որ նրանք Հայաստանը չլքեն, մնան եւ արարեն իրենց երկրի համար, չունենանք ուղեղների արտահոսք: Չնայած բնական երեույթ է, որ երիտասարդները ձգտում են արտերկրում աշխատել ավելի բարձր վարձատրման ակնկալիքով, ինչպես նաեւ բժշկի անպաշտպանվածության պատճառով: Բժիշկները հրեշտակներ չեն եւ իրենց սխալների դեպքում պետք է կրեն համապատասխան  պատիժը, բայց, ցավոք, այդ սխալների սահմանները հստակ չեն: Իսկ, այսպես կոչված,  խոսքի ազատությունը, լրատվամիջոցները հանիրավի պախարակում են, ստորացնում բժիշկներին, երբեմն կառավարության կողմից էլ է նման միտում նկատվում: Մարդիկ անմահ չեն, եւ բժիշկներն էլ անզոր են բնության օրենքների դեմ, երբեմն արդեն ոչնչով չեն կարող օգնել հիվանդին: Հաճախ մեր բժշկությունը համեմատում են Ամերիկայի Միացյալ Նահանգների բժշկության հետ, բայց մոռանում են, որ այնտեղ բժշկության վրա ծախսվում է 400 անգամ ավելի գումար, քան Հայաստանում:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Ես երեւի այդ առումով երջանիկ եմ. շատ ուսուցիչներ եմ ունեցել: Նրանցից առաջինը, իհարկե, եղել է Արա Բաբլոյանը: Սանկտ Պետերբուրգում սովորելիս բաժանմունքում  իմ ուսուցիչը եղել է Խորհրդային Միության մանկական առաջին ռեանիմատոլոգներից մեկը` բացառիկ անձնավորություն Վլադիմիր Լվովիչը: Պետք է նշեմ նաեւ ամերիկահայ բժիշկ Հրայր Կարապետյանին: Եվ էլի շատերը կան, որոնց անունները կարող եմ թվարկել որպես իմ ուսուցիչ:

-Ի՞նչ են տալիս մասնագիտական ասոցիացիաները բժշկին:

-Ես նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահն եմ, եւ նեոնատալ բժշկության որակի բարելավման ուղղությամբ Հայաստանում իրականացվել են մի շարք կարեւորագույն գործողություններ՝ կլինիկական ուղեցույցների մշակում, բուժանձնակազմի կարողությունների զարգացում, բուժհաստատություններին ինժեներական որակյալ ծառայության մատուցում եւ այլն: Ասոցիացիայի շրջանակներում ծրագրեր են իրականցվել միջազգային լուրջ կազմակերպությունների հետ, եւ մեր կապերը շարունակական բնույթ կկրեն, որովհետեւ նրանք շատ գոհ են մնացել մեր կողմից իրականացված բոլոր աշխատանքներից:

-Ինչի՞ց է, որ  մեր հասարակության մեջ թյուր կարծիք կա առաջնային օղակի  մասին:

-Հասարակության մեջ ամեն ինչի մասին էլ թյուր կարծիք կա: Իսկ առաջնային օղակում կան բավականին գրագետ բժիշկներ, եւ այնտեղ աշխատելը շատ ավելի բարդ է, քան հիվանդանոցում: Սարսափելի դժվար է ծանր կամ հնարավոր ծանր վիճակում գտնվող հիվանդների հետ աշխատանք տանելը, դրա համար բացառիկ գիտելիքներ պետք է ունենաս, շփվես հիվանդի ընտանիքի անդամների հետ: Եվ այդ ամենի դիմաց նրանք ստանում են չնչին աշխատավարձ եւ հարգված չեն հասարակության կողմից: Բնական է, որ նման վերաբերմունքից կհիասթափվեն ու կաշխատեն պարզապես աշխատելու համար:

-Իսկ ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Ընդհանուր առմամբ, կարծիքս բացասական է այդ առումով: Պետք է լուրջ աշխատանքներ տարվեն, որպեսզի բժշկին դիմելու կուլտուրան ներդրվի հասարակության մեջ, դա պետք է տարածվի թե ԶԼՄ-ների, թե բժշկական կենտրոնների միջոցով:

-Կվերհիշե՞ք Ձեր մասնակցությամբ առաջին վիրահատությունը:

-Առաջին վիրահատությունը, երեւի թե, եղել է մոտավորապես 36 տարի առաջ:  Վայրկյանների ճշգրտությամբ հիշում եմ թե իմ գործողությունները, թե պացիենտին, թե ապրումներս, քանի որ անձամբ պատասխանատու էի այդ անեսթեզիայի համար:

Ցանկանում եմ խոսել անվստահության մթնոլորտի մասին, որը տիրում է ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում: Բժիշկը պետք է գիտակցի, որ պացիենտը կարող է չվստահել իրեն, քանի որ կյանքի ու մահվան խնդիր է, ու պետք է ամեն ինչ անի, որպեսզի ստեղծվի վստահության մթնոլորտ:  Այդ պահին պացիենտին կարող է օգնել միայն բժիշկը, իսկ եթե բացակայում է փոխադարձ վստահությունը, շատ բարդանում է բուժման հետագա ընթացքը:

-Ընտանիքը չի՞ տուժում Ձեր լարված աշխատանքային գրաֆիկից:

-Տուժելն էլ, հավանաբար, հարաբերական հասկացողություն է, ինձ թվում է` մի քիչ տուժում է շփումը երեխաներիս հետ: Իսկ կնոջս հետ աշխատում ենք նույն վայրում, ու, երեւի թե, մեր շփումն այստեղ ավելի շատ է, քան ընտանիքում: Բայց փորձում ենք ավելի շատ ընտանիքի շրջանակներում անցկացնել ժամանակը:

-Կնշե՞ք Ձեր բնավորության թույլ եւ ուժեղ կողմերը:

-Ուժեղ կողմերը նշելը, ինձ թվում է, մի քիչ մեծամտություն կհամարվի, իսկ թույլ կողմը, երեւի թե, շատ զիջող լինելն է:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հասարակությանը:

-Մաղթում եմ հասարակությանը,  որ շատ ժպտա, ուրախանա կյանքում հանդիպած նույնիսկ փոքր բաների համար, քանի որ լավ տրամադրությունը առողջության հիմքն է:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր