Պայծառ Քոչարյան

(0 votes)
There is no translation available.

Հիվանդին պետք է բուժես ոչ միայն դեղորայքով, այլ նաեւ քո խոսքով ու վերաբերմունքով

Հայաստանում այսօր կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության (ԼՕՌ) ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումները: Հիվանդության բուժման գործում կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը:Քիթ-կոկորդ-ականջաբանությունը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, մշտապես կատարելագործվում է, ստեղծվում եւ բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ:ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է Դա Վինչի կլինիկայի քիթ-կոկորդ-ականջաբան Պայծառ Քոչարյանը: Բավականին հաճելի զրուցակից, մարդ, որն իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով, անչափ ուշադիր ու հոգատար է հիվանդների նկատմամբ, շփվելու յուրահատուկ մոտեցում ունի թե՛ գործընկերների, թե՛ այցելուների հետ, եւ նրա հոգատարությունն ու սերը գնահատվում են բոլորի կողմից:

-Բժշկուհի, չնայած Ձեր երիտասարդ տարիքին, ստանձնել եք բավականին պատասխանատու աշխատանք: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ քայլին:

-Մասնագիտության ընտրության հարցում, երեւի թե, մեծ նշանակություն ունեցավ տատիկիս հիվանդությունը: Ես դեռ շատ փոքր էի եւ մեծերի հետ հաճախ էի նրան այցելության գնում: Եվ, տեսնելով բժիշկների կարեւորագույն ու հետաքրքիր աշխատանքը, որոշեցի կյանքս կապել բժշկության հետ: Ցավոք, տատիկիս չհասցրեցի բուժել: Այժմ վստահ կարող եմ ասել, որ, եթե ինձ կրկին մասնագիտության ընտրության հնարավորություն ընձեռվի, միանշանակ կընտրեմ բժշկի մասնագիտությունը:

- Ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակի վրա է այսօր մեր երկրում բժշկին դիմելու կուլտուրան:

-Դիմելիության կուլտուրայի մակարդակը բավականին բարձր է, իսկ դրան նպաստում է առաջնային օղակի` պոլիկլինիկաների աշխատելաոճը: Իրականում հասարակության մեջ կա բացասական կարծիք առաջնային օղակի մասին, սակայն այնտեղ կան լավ մասնագետներ: Ուրախալի է, որ ընտանեկան բժշկությունն ավելի զարգացած է մարզերում, եւ մարդիկ առաջին հերթին դիմում են իրենց ընտանեկան բժշկին, ու վերջինս խնդրի չլուծման դեպքում արդեն հիվանդին ուղարկում է նեղ մասնագետների մոտ: Իսկ Երեւանում, երեւի թե, կլինիկաների ընտրության հնարավորությունը մեծ է, եւ մարդիկ, առաջին հերթին, նախընտրում են անմիջապես դիմել նեղ մասնագետների:

Դիմելիության կուլտուրայի մակարդակի բարձրացմանը նպաստում է նաեւ ինտերնետ պորտալը, որտեղից մարդիկ տեղեկանում են իրենց հիվանության պատմության մասին: Իհարկե, հաճախ, օգտվելով ինտերնետի տեղեկատվությունից, նրանք սխալ ինքնաբուժմամբ են զբաղվում եւ միայն խնդիրը չլուծվելու դեպքում են դիմում բժշկի, երբ գուցե արդեն ուշ է լինում:  

- Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Նեղ մասնագիտացումս ստացել եմ «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում`բաժանմունքի ղեկավար Գնել Գեորգիի Անանյանի` հիանալի մարդու եւ գրագետ մասնագետի մոտ, որը մեզ տալիս է գիտելիքների մեծ բազա: Ես սովորել եմ, առաջին հերթին, նրանից, ինչպես նաեւ բաժանմունքի մնացած բժիշկներից:

-Ձեր կարծիքով, ասոցիացիաներն ի՞նչ են տալիս բժիշկներին:

-Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայում հիմնականում հետաքրքիր կլինիկական դեպքեր են ներկայացվում, քննարկվում, ընդհանուր գիտելիքների եւ փորձի փոխանակություն է տեղի ունենում: Կազմակերպվում են գիտաժողովներ, որոնց ժամանակ արդեն նաեւ միջազգային փորձի փոխանակություն է տեղի ունենում:  

-Հիմնականում ո՞վքեր կարող են Ձեզ դիմել:

-Մեզ մոտ  իրականացվում է քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերվող խնդիրների  եւ ախտորոշում, եւ բուժում: Անհրաժեշտության դեպքում կատարվում է լսողության ստուգում (աուդիոմետրիա), վիդեոֆիբրոսկոպիա (քթի, կոկորդի, ըմպանի, ձայնալարերի նկարահանում):

-Լինելով երիտասարդ կադր` ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին. մեր ապագա բժշկությունը վստահելի՞ ձեռքերում է:

-Ինձ թվում է` հուսալի ձեռքերում է լինելու մեր ապագա բժշկությունը: Բժշկի մասնագիտություն  պետք է ընտրեն այն մարդիկ, որոնք սիրով եւ մեծ նվիրումով կկատարեն իրենց աշխատանքը, դրան չեն վերաբերվի որպես զուտ մասնագիտություն: Ինձ համար բժշկությունը թե մասնագիտություն է, թե կոչում. դրանք մեկը մյուսին փոխկապակցված են:

Ընդհանրապես հիվանդին պետք է բուժես ոչ միայն դեղորայքով, այլ նաեւ քո խոսքով ու վերաբերմունքով:

-Ո՞րտեղ եք փնտրում Ձեր հանգիստը օրվա գերլարված աշխատանքից հետո:

-Հիմնականում լինում եմ տանը, ինչպես նաեւ` ընկերներիս շրջապատում` փորձելով ցրվել առօրյա թոհուբոհից:

-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն, համբերություն եւ լավատեսություն:

 Թող երբեք աչքաթող չանեն առողջական խնդիրները եւ ժամանակին դիմեն մասնագետներին:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր