Print this page
ԻՆԵՍԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԻՆԵՍԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

«Կցանկանայի, որ ոչ մեկի մոտ հղիանալու, մայր դառնալու խնդիր չլինի»

Արհեստավարժ մասնագետ լինելու համար առաջին հերթին պետք է ձգտել խորությամբ տիրապետել այն մասնագիտությանը, որն ընտրել ես: Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց, երբ արդեն հաշվարկում ես, թե ինչ ներդրեցիր եւ ինչ ստացար, ինչ ձեռքբերումներ եղան բժշկության ասպարեզում, համոզվում ես, որ աշխատանքդ եղել է բազմաբովանդակ ու հետաքրքիր,http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկայի գլխավոր սաղմնաբան ԻՆԵՍԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նման երջանիկներից մեկն է: Սաղմնաբանությունն ունի էական դերակատարում վերարտադրողական բժշկության մեջ, ու պետք է նաեւ լավ հոգեբան լինես, որպեսզի  անպտղության դեմ պայքարում  կարողանաս պացիենտին դարձնել դաշնակիցդ: Մեզ հետ զրույցում սաղմնաբանը մատչելի լեզվով ներկայացրեց ժամանակակից մասնագիտության նրբությունները:

-Բժշկուհի՛, կներկայացնե՞ք  ձեր բաժանմունքի գործառույթները: 

-Երբ զույգը դիմում է մեր բաժանմունք, կատարվում են խորհրդատվություններ բժիշկ-վերարտադրողաբանի ու սաղմնաբանի հետ: Կան  զույգեր, որոնք չեն պատկերացնում, թե սաղմնաբանն ինչով է զբաղվում, եւ ինչքան մեծ դերակատարում ունի նրա աշխատանքը: Նրա գիտելիքներից եւ փորձառությունից է կախված նաեւ անպտղության բուժման ու ցանկալի արդյունքի հասնելու արդյունավետությունը: Սկզբում սաղմնաբանը սեռական բջիջները նախապատրաստում է բեղմնավորմանը: Ֆոլիկուլների պունկցիայի ժամանակ սաղմնաբանը փնտրում է ձվաբջիջները ֆոլիկուլյար հեղուկի մեջ եւ պահպանում դրանք հատուկ միջավայրում: Նա նաեւ կատարում է սերմի որակի գնահատում ու մշակում է այն ձվաբջիջները բեղմնավորելու համար: Այնուհետեւ կատարում է բեղմնավորում: 

-Ինքնին հետաքրքիր մասնագիտություն է, բայց ամենատպավորիչ այցը ո՞րն եք համարում:

-Շատ կան տպավորիչ այցեր, բայց կցանկանայի հիշել դրանցից մեկը: Մեզ էր դիմել զույգ, եւ երկուսի մոտ էլ դա երկրորդ ամուսնությունն էր: Նրանք ունեին որդեգրած երեխա, եւ, բնական է, իրենց երեխան էին ուզում ունենալ ու մեր օգնությամբ, փառք Աստծո, արդեն սպասում են երկու աղջիկ բալիկի: Խոստացել են երեխաներից մեկին իմ անունով կոչել` Ինեսա:

-Ո՞ր տարիքային շեմից կարող են դիմել ձեզ: 

-Դրա համար հնարավոր չէ նշել ամենափոքր տարիքը: Ըստ Առողջապահական  համաշխարհային կազմակերպության սահմանման, անպտղությունը սեռական կյանքով ակտիվ ապրող զույգի կնոջ մոտ մեկ եւ ավելի տարվա ընթացքում հղիության բացակայությունն է առանց հակաբեղմնավորիչների օգտագործման: Իսկ ամենամեծը քառասուներկու, քառասուներեք տարեկանն է: 

-Բոլորն ունեն իրենց կյանքի ուսուցիչը, ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը: 

-Ես իմ ուսումը սկսել եմ Իսրայելում, քանի որ բնակվում էի այնտեղ: Աշխատել եմ Ֆրանսիայում եւ կարող եմ ասել, որ ինձ բախտ է վիճակվել շփվել այս ոլորտի շատ ճանաչված բժիշկների, օրինակ, Ֆրանսիայի հայտնի մասնագետներ Ֆրիդմանի, Կասուտոյի հետ, որն ունի հայտնի լաբորատորիաների ցանց: Այժմ համագործակցում եմ մեր բաժնի պրոֆեսոր Օրվիետտոյի հետ, ունեցել եմ աշխատանքային փորձ շատ հայտնի կենսաբան Գաբոր Վայտայի հետ: Այդ առումով ես շատ երջանիկ եմ: 

-Մեր երկրում, ըստ Ձեզ, սաղմնաբանությունը զարգացման ի՞նչ մակարդակ ունի:

-Ես եղել եմ տարբեր երկրներում եւ կարող եմ ասել, որ մենք ոչնչով չենք թերանում, իսկ մեր «Աստղիկ» բժշկական կենտրոնի սաղմնաբանության բաժինը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով: Մենք ոչ մի առումով չենք զիջում, ամեն տարի մասնակցում ենք միջազգային գիտաժողովների, ինչպես նաեւ արդեն առցանց հնարավորություններ ունենք. ամեն նոր բան կարող ենք տեսնել, կարդալ եւ օգտագործել մեր պրակտիկայում:

-Դրդող եղե՞լ է Ձեր մասնագիտության ընտրության հարցում:

-Դրդող չի եղել, բայց, երբ նայում եմ դպրոցական շարադրություններս, նկարներս եւ այլն, հասկանում եմ, որ փոքրուց երազանքներս միայն բժշկության մասին են եղել: Չնայած տասներկու տարի պարով եմ զբաղվել եւ շատ եմ սիրել պարը, բայց ընտրել եմ բժշկությունը: 

-Որպես երիտասարդ ի՞նչ կասեք  երիտասարդ կադրերի մասին:

-Այսօրվա երիտասարդ կադրերն ունեն շատ ավելի լայն հնարավորություններ, նրանց առջեւ բոլոր դռները բաց են: Նրանք չունեն տեղեկատվության, գրականության պակաս, ինչը եղել է մեր ժամանակներում: Շատ նպատակասլաց են: Հիմա ես դասավանդում եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում եւ տեսնում, որ ուսանողներն ուզում են սովորել, ընկալում են,  ձգտում են դառնալ լավ մասնագետ: 

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Իմ տղան ու իմ աշխատանքը:

-Ձեր տղայի մեջ դեպի բժշկությունը  ձգտում տեսնո՞ւմ եք:

-Այո՛, ասում է, որ սիրում է եւ շարունակելու է իմ գործը: Ինձ թվում է՝ կկարողանա:

-Աշխատանքը չի՞ խանգարում ընտանիքին:

-Իհարկե ընտանիքի հետ ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում, բայց փորձում եմ այնպես անել, որպեսզի ընտանիքս իմ պակասը չզգա: Սակայն, ամեն դեպքում, կնոջ համար աշխատանքը ընտանիքի հետ համատեղելը շատ դժվար է:

-Վերջին անգամ որտե՞ղ եք եղել վերապատրաստման:

-Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

-Ի՞նչ տվեց այդ վերապատրաստումը Ձեզ:

-Այն տվեց մասնագիտության հետ կապված բավականին նոր տեղեկատվություն, շփում տարբեր երկրների գործընկերների հետ, ծանոթացում սաղմնաբանությանը վերաբերվող նոր սարքավորումներին, նյութերին եւ լաբորատոր պարագաներին: Ես սիրում եմ կարծիք լսել, մասնակցել մասնագիտական քննարկումներին:

-Ինչի՞ մասին կցանկանայիք խոսել, որը, ըստ Ձեզ, շատ կարեւոր է:

-Կցանկանայի խոսել կենսանյութի կիրոպահպանման մասին: Սա  կարեւոր է այն առումով, որ, երբ զույգն անցնում է այդ դժվար ճանապարհը, մենք ստանում ենք լավ որակի սաղմեր, որոնք կարող ենք պահպանել հաջորդ տեղադրման համար: Այսինքն, եթե առաջին տեղադրումից հետո հղիություն չի լինում կամ էլ լինում է, բայց ցանկանում են ունենալ նաեւ երկրորդ, երրորդ երեխան, ապա զույգը այդ ամբողջ ճանապարհը նորից չի անցնում: Այդ ժամանակ որոշակի նախապատրաստական գործընթացներից հետո տեղադրվում են ապասառեցված սաղմերը: Փաստորեն, զույգին երկրորդ, երրորդ շանս տալու հնարավորություն կա:  

-Զույգն ի՞նչ փուլերով է անցնում մինչեւ ցանկալի արդյունքին հասնելը:

-Սկզբում նախապատրաստական փուլն է: Կինը եւ տղամարդը անցնում են հետազոտություններ, ու, եթե տղամարդու մոտ ի հայտ են գալիս խնդիրներ, նրան ուղարկում ենք ուրոլոգի մոտ խորհրդատվության: Եվ այդ ամբողջ պրոցեսը անցնելուց հետո, երբ զույգն արդեն պատրաստ է արտամարմնային բեղմնավորման, կինը սկսում է ստանալ հորմոնային պրեպարատներ, որպեսզի իր մոտ ձվաբջիջների քանակն ավելի շատ լինի: Երբ ստեղծվում է համապատասխան քանակը, մենք նշանակում ենք ձվաբջիջները վերցնելու օրը եւ կատարում ենք արհեստական բեղմնավորումը: Արդի սաղմնաբանության մեջ գոյություն ունի բեղմնավորման երկու մեթոդ. «ստանդարտ ԱՄԲ» կամ  ICSI (intracytoplasmic sperm injection): «Ստանդարտ ԱՄԲ»-ի ժամանակ ձվաբջիջները մի քանի ժամ թողնում են սպերմատազոիդների սուսպենզիայի հետ հատուկ միջավայրում՝ ինկուբատորի մեջ: ICSI-ի ժամանակ սաղմնաբանը, ելնելով սպերմատազոիդի որակական հատկանիշներից,  ինքն է ընտրում սպերմատազոիդը  ու ներարկում այն ձվաբջջի ցիտոպլազմայից ներս: Այս գործընթացը կատարվում է միկրոմանիպուլյատորի միջոցով եւ պահանջում է բարձր մասնագիտական հմտություններ: Այս մեթոդով բեղմնավորումը կատարվում է, երբ տղամարդու մոտ առկա է խնդիր, ինչպես նաեւ, երբ կնոջ մոտ ձվաբջիջների քանակը շատ քիչ է:

-Ձեզ համարո՞ւմ եք ուժեղ կին:

-Վստահ կարող եմ ասել՝ այո: Իհարկե, կինը կարող է ուժեղ լինել: Չնայած, ամեն դեպքում, ներսում թույլ է, բայց կարող է իրեն պահել այնպես, որ ուժեղ է:

-Իսկ ո՞րը կարող եք համարել Ձեր բնավորության թույլ կողմը:

-Իմ խիղճը: Չեմ վախենում ոչնչից, ինձ տանջում է միայն իմ խիղճը: Շատ եմ սիրում մարդկանց, ու այդ ամենն օգնում է իմ աշխատանքում, ուժ է տալիս, որ հասնեմ դրական արդյունքի:  

-Մեր ազգը, Ձեր կարծիքով, շնորհակա՞լ ազգ է:

-Իհարկե, երբ դրական արդյունք չի լինում, հիասթափությունը մեծ կարող է լինել, որովհետեւ մարդիկ ներդնում են ջանքեր, գումար, հոգեբանորեն են պատրաստվում ու հանկարծ կարող են կանգնել դատարկության առաջ: Բայց դրական արդյունքի դեպքում շատ շնորհակալ են լինում: 

-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք ասել:

-Կցանկանայի, որ ոչ մեկի մոտ հղիանալու, մայր դառնալու խնդիր չլինի, որ այդ ճանապարհը շատ հեշտ լինի, ու բալիկ ունենալու ուրախությունը, երջանկությունը վայելեն բոլոր ընտանիքները: Մենք աշխատում  ենք ու ցանկանում, որ մեր աշխատանքի դրական արդյունքը երջանկացնի անպտղության խնդրի առաջ կանգնած ընտանիքներին: