Գայանե Աղաբաբյան

(0 votes)
There is no translation available.

Բժշկի համար ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված  հիվանդի օրհնանքն է

  Երիտասարդ մասնագետներին խրախուսելը ողջունելի նախաձեռնություն է, եւ դրա անհրաժեշտությունը մշտապես առկա է: Սովորաբար բոլոր ոլորտների լավագույններն արդեն կայացած մասնագետներն են, ովքեր երկար ճանապարհ են անցել, մեծ վաստակ, փորձառություն ունեն եւ, անխոս, արժանի են լավագույնի կոչմանը: Բոլորս ենք պարտավոր գնահատել նրանց: Միեւնույն ժամանակ, գրեթե բոլոր ասպարեզներում մենք ունենք նաեւ տաղանդավոր երիտասարդներ, եւ գնահատված լինելը նրանց համար ամենակարեւոր խթանն է հետագայում եւս նվիրումով աշխատելու, կատարելագործվելու եւ ավագ սերնդին արժանի փոխարինողներ լինելու առումով: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբան-առիթմոլոգ Գայանե Աղաբաբյանն իրոք տաղանդավոր անհատ է, կայացած բժշկուհի ու, չնայած իր երիտասարդ տարիքին, ունի յուրահատուկ մոտեցումներ կյանքի հանդեպ, իրեն փորձում է նաեւ նկարչության ասպարեզում:

-Ե՞րբ նկատվեց գեղանկարչության նկատմամբ Ձեր սերը:   

-Մանկուց նկարել եմ, բայց ծնողներս լուրջ չեն ընդունել իմ այդ հետաքրքրությունը, որովհետեւ մենք ունեինք էտալոն՝ պրոֆեսիոնալ նկարիչ հորեղբայրս, ում հետ ես երբեւէ ինձ թույլ չէի տա համեմատվել: Հորեղբայրս բավականին հայտնի նկարիչ է, այժմ բնակվում է ԱՄՆ-ում,  պատկերասրահ եւ նկարչական դպրոց ունի: Ի դեպ, ես նրան երբեւէ ցույց չեմ տվել իմ նկարները: Միայն տարիներ անց, երբ արդեն կայացած բժշկուհի էի մեր «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որոշեցի գնալ դասընթացների, որպեսզի որոշակի գաղափար կազմեմ նկարչության մասին, ծանոթանամ կտավին, յուղաներկով աշխատել սովորեմ, քանզի միայն գրաֆիկական գործեր էի անում, աշխատում էի աչքի կոսմետիկ մատիտով: Ամեն դեպքում, մի քանի ամիս դասընթացների մասնակցեցի տեխնիկային տիրապետելու համար, որպեսզի գրագետ նկարեմ ու այդպիսով մանկությանս երազանքն իրականացրեցի:

-Բժշկուհի՛, ինչո՞ւ հենց մեր կյանքի կարեւորագույն օրգանի՝ շարժիչ ուժի հետ կապված սրտաբանություն մասնագիտությունն ընտրեցիք:

-Անկեղծ կլինեմ ասելով, որ սրտաբանությունը ուսանելու վերջին տարում եմ ընտրել, իսկ մինչ այդ բավականին հետաքրքրված էի վիրաբուժությամբ, շատ սիրել եմ եւ մասնակցել վիրահատությունների: Մի խոսքով, վիրաբուժությունն ինձ ավելի հոգեհարազատ էր, բայց վերջնականապես ցանկացա մասնագիտանալ սրտաբանության մեջ: Սրտաբանությունն ինձ ավելի հետաքրքրեց իր բարդության պատճառով, իսկ ուսանելու տարիներին ավելի ամբիցիոզ ես, ցանկանում ես կյանքեր փրկել, հերոսանալ: Այժմ զբաղվում եմ առիթմոլոգիայով, որը մաթեմատիկային համարժեք գիտություն է, որտեղ մտածելու, տրամաբանելու շատ տեղ ունենք:

-Խոսենք ճնշման տատանումների մասին:

-Ամբողջ աշխարհում ստանդարտներ գոյություն ունեն, բայց ամեն անհատին պետք է յուրովի մոտենալ, օրինակ, 120-130 սիստոլիկ ճնշումը, 70-80 դիաստոլիկ ճնշումը համարում են նորմայի ստանդարտ, 130-140 ճնշումը՝ առաջին աստիճանի հիպերտենզիա, բայց, կախված քաշից եւ հասակից, նորման կարող է շեղվել: Ճնշման բարձրացումները կարող են լինել եղանակային տատանումներից, քանի որ կան մարդիկ, ովքեր եղանակի փոփոխության նկատմամբ զգայուն են եւ կարող են ունենալ ցանկացած քրոնիկական հիվանդության սրացումներ: Զարկերակային հիպերտենզիան, ցավոք, քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում պահանջվում է աչալրջություն ու ոչ թե ժամանակավոր, այլ համակարգված եւ երկարատեւ բուժում: Ցանկացած էնդոկրին բնույթի խնդիր կարող է հանգեցնել ինչպես ճնշման բարձրացման, այնպես էլ՝  իջեցման: Վահանաձեւ գեղձի, երիկամի, մակերիկամի եւ շատ այլ խնդիրներ կան, որոնք կարող են բերել ճնշման տատանումների: Սրանք համարվում են արտասրտային պատճառներ, կարող է լինել առաջնային հիպերտենզիա, որը կարող է նաեւ ժառանգաբար փոխանցվել: Հիպերտոնիան կարելի է կարգավորել նաեւ սննդակարգով՝ սահմանափակելով աղի սնունդը, հեղուկը, քանի որ հեղուկը չի թողնում օրգանիզմից աղը դուրս գա: Սպորտը նույնպես օգտակար է: Իսկ ահա ավելորդ քաշը նույնպես բերում է ճնշման բարձրացման: Ուստի պետք է հասկանալ՝ ունի՞ արդյոք պացիենտը արտասրտային խնդիրներ, որոնք կարող են նպաստել ճնշման տատանումներին, այսինքն՝ յուրաքանչյուրի նկատմամբ մոտեցումը պետք է լինի շատ անհատական:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Ուսանողական տարիներին պատիվ եմ ունեցել Արտավազդ Բագրատի Սահակյանի հետ հաճախ մասնակցել  բազմաթիվ ոչ միայն պլաստիկ, այլ նաեւ միկրովիրաբուժական շատ լուրջ, գլուխգործոց վիրահատությունների: Նրան համարում եմ բժշկի իմ էտալոնը: 

-Դուք Ձեզ գնահատված զգո՞ւմ եք Ձեր բնագավառում:

-Վստահ կարող եմ ասել՝ այո: Գնահատված եմ այնքանով, որ տեսնում եմ իմ պացիենտների շնորհակալ ժպիտները, լսում՝ երախտիքի խոսքերը, պացիենտներ, որոնց սրտի մերսումով հասցրել եմ վիրահատարան: Ես դա համարում եմ լուրջ գնահատական ինձ համար, գնահատական, որն ինձ ավելի շատ է պարտավորեցնում իմ սիրելի մասնագիտության մեջ:

-Ձեր աղջնակի մեջ տեսնո՞ւմ եք ձգտում դեպի բժշկությունը:

-Հակառակը. նա չի ցանկանում բժիշկ դառնալ, քանի որ իմ պակասը տանը շատ է զգում, կարոտում է: Կար ժամանակ, որ ոչ մի մասնագիտության մասին չէր մտածում, պարզապես ցանկանում էր «մամա» դառնալ, ապրել իր «բալիկի» հետ, չգնալ աշխատանքի: Բայց հիմա արդեն գիտակցում է, որ իր մայրիկը կարեւորագույն աշխատանք է կատարում:

-Խոսենք այսօրվա հրատապ թեմայի՝ կորոնավիրուսի մասին, Ձեր պրակտիկայում շատացե՞լ են վարակի դեպքերը:

-Ցավոք, մեր հասարակության մի մեծ զանգված անլուրջ է մոտենում այդ խնդրին, որի պատճառով բավականին շատ են դեպքերը մեր հիվանդների մոտ: Փառք Աստծո, վարակակիրների թիվը գնալով պակասում է, սակայն պետք չէ կորցնել զգոնությունը: Ցավոք, կան խնդիրներ, որոնք անտեսվում են, մենք էլ ենք հետաձգում պլանային այցերը, ձգտում հնարավորինս զերծ պահել մեր պացիենտներին վարակից: Խնդրում եմ մեր հասարակությանը ինքնագործունեությամբ չզբաղվել, քրոնիկական խնդիրները չանտեսել, չընդհատել քրոնիկական ցանկացած հիվանդության բուժումը, քանի որ դա կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների: Օրինակ, մեր պացիենտներից մեկը երեք օր ինֆարկտով տանն է մնացել, կորոնավիրուսից վախենալով՝ չի դիմել հիվանդանոց, որի հետեւանքով, ցավոք, չկարողացանք նրա կյանքը փրկել: Պետք է գիտակցել, որ առաջին տեղում սրտային, երկրորդ տեղում՝ ուռուցքային խնդիրներով մահացության դեպքերն են, որոնց  հաջորդում են վթարի հետեւանքով մահացությունները: Եվ միայն դրանցից հետո կորոնավիրուսից մահացությունն է:

-Որպես երիտասարդ  ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Առիթմոլոգիան երիտասարդ գիտություն է համարվում, եւ մասնագետներն էլ բավականին երիտասարդ են, ու ես բոլորի հանդեպ մեծ հարգանք եմ տածում: Այսօր տեղեկատվություն ստանալու շրջանակներն ավելի մեծ են, քան նախկինում էր: Եթե այն ժամանակ գիտելիքներն ավելի շատ գրքային էին, ապա հիմա հաճախ գնում ենք վերապատրաստումների, ինտերնետն է մեծ հնարավորություններ տալիս, մրցակցությունն է բավականին մեծ, եւ այդ ամենը  պարտավորեցնում է լինել լավագույնը, որ այս մեծ քանակության մեջ տարբերվես քո մոտեցումներով: 

-Կարո՞ղ եք նշել Ձեր բնավորության թույլ կողմերը:

-Շատ զգացմունքային եմ, որը մասնագիտությանս մեջ շատ-շատ է խանգարում. կարող եմ հիվանդի հետ հուզվել, ծանր եմ տանում ամեն մի կորուստ: Պարզապես զգացմունքայնությունը ճիշտ չեմ համարում նման մասնագիտության մեջ:  

-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:

-Անշուշտ: Ընդհանրապես որեւէ հանգամանքով, ինչ-որ մեկի ներկայությամբ կամ բացակայությամբ չի պայմանավորվում երջանկությունը, այլ դու ինքդ պետք է ստեղծես քո աշխարհը: Փառք Աստծո, այսօր ունեմ այն, ինչ երազել եմ:

-Ձեր հորդորը, մաղթանքը մեր հասարակությանը:

-Պետք է ամեն պահը գնահատել երջանիկ լինելու համար, այդ պահը դարձնել տոն: Եվ հենց այս համավարակի շրջանում կցանկանայի, որ հասարակությունը քաղի որոշակի դասեր: Համավարակը չէ, որ պետք է մեզ ասի կյանքը գնահատելու անհրաժեշտության մասին, իսկ կյանքում կան խիստ անկարեւոր հարցեր, որոնք մենք հաճախ շատ ենք կարեւորում: Պետք է գնահատենք մեր ունեցածը, պահպանենք այն, սիրենք եւ լինենք սիրված: Իսկ բժշկի համար ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված  հիվանդի օրհնանքն է:  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր