Աստղիկ Ղազարյան

(0 votes)
There is no translation available.

Եթե օտար մարմին է ընկնում աչքի մեջ, թող այն հեռացնի բժիշկը. ակնաբույժ

Ասում են՝ մասնագիտության ընտրության հարցում պետք չէ ազդել երեխայի նախասիրությունների վրա, անհրաժեշտ է ազատ ընտրելու հնարավորություն ընձեռել: Սակայն լինում են դեպքեր, երբ երեխաները, նույնիսկ չցանկանալով, բայց գնում են ծնողների ճանապարհով, և արդյունքն ավելի քան գերազանց է լինում:

Այդպես է պատահել նաև Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ Լիլիթ Ոսկանյանի գեղեցկուհի դստեր՝ երիտասարդ, բայց արդեն իսկ բավականաչափ փորձառու և գրագետ բժշկուհի Աստղիկ Ղազարյանի դեպքում:

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Գլաուկոմայի և Վիտրեոռետինալ բաժանմունքների բժիշկ-ակնաբույժ Աստղիկ Ղազարյանը:

-Բժշկուհի՛, տեղյակ եմ, որ Դուք հայտնի, սիրված ակնաբույժ Լիլիթ Ոսկանյանի դուստրն եք: Ինչպե՞ս եք ընտրել Ձեր մասնագիտությունը, մայրիկի ճանապարհո՞վ եք գնացել, թե՞ ինքներդ էլ ցանկանում էիք ակնաբույժ դառնալ:

-Սկզբնական շրջանում գնացել եմ երևի թե մայրիկիս ճանապարհով, որովհետև այդքան էլ չեմ ցանկացել բժշկություն: Սկզբնական փուլում համոզելով էր, բայց հիմա, իհարկե, ոչ, արդեն ինքս շատ ուրախ եմ, շատ գոհ եմ և վստահ, որ ճիշտ ընտրություն կատարեցի:

-Գլաուկոմայի և վիտրեոռետինալ բաժանմունք. Դրանք տարբե՞ր ուղղություններ են:

-Այո, խոսքը տարբեր բաժանմունքների մասին է՝ աչքի տարբեր հատվածներին վերաբերող, ուղղակի գլաուկոման ավելի շատ զուտ մայրիկիս ուղղությունն է, բայց իմ ավելի սիրելի ու ցանկալի ճյուղը, որ հետագայում փոխեմ, վիտրեոռետինալն է, դա իմ մեծագույն երազանքն է, հուսով եմ՝ կփոխեմ:

-Ինչո՞վ է այդ ուղղությունը Ձեզ համար ավելի հետաքրքիր:

-Վիրահատությունների առումով, քանի որ, գիտեք, բժիշկների մեծամասնության ամենասիրելի կողմը բժշկության մեջ վիրահատությունն է, բազմաթիվ բժիշկների համար վիրահատական պրոցեսը տարերք է, վիտրեոռետինալի դեպքում վիրահատություններն ավելի մասշտաբային են, ավելի հզոր:

-Իսկ կարելի՞ է ասել, որ պատասխանատվությունն այդտեղ ավելի մեծ է:

-Ոչ, յուրաքանչյուր  վիրահատություն՝ ամենափոքրից մինչև ամենամեծ, շատ պատասխանատու գործողություն է, ուղղակի վիտրեոռետինալն ավելի բարդ է, բարդություններն ավելի ծանր են, քան մնացած հատվածներինը, թեև գլաուկոման էլ է մտնում բավականին բարդ վիրահատական պրոցեսների մեջ, ոչ թե բարդ՝ վիրաբույժի համար, այլ ընդհանուր ռիսկերի առումով:

-Ի՞նչ խնդիրներով են դիմում Ձեզ:

-Կատարակտայով, իհարկե, բացի դա՝ ներակնային ճնշման բարձրացում, վատ, մշուշոտ տեսողություն, ցավ, քանի որ գիտեն՝ սա գլաուկոմայի բաժանմունքն է, հիմնականում այս խնդիրներով են դիմում, իսկ վիտրեոռետինալ՝ ավելի շատ շաքարային  դիաբետի, բարձր զարկերակային ճնշման, ուռուցքային հիվանդությունների պարագայում:

-Դրանից կարելի՞ է եզրակացնել, որ ավելի շատ բարձր տարիքի մարդիկ են Ձեզ դիմում:

-Գլաուկոմայի առումով՝ այո, չնայած երկու բաժանմունքներում էլ տարիքային շեմն ավելի բարձր է՝ համեմատած լազերային բաժանմունքի հետ, որտեղ հիմնականում երիտասարդ տարիքային խումբն է, իսկ այստեղ ընդհանուր ավելի ծանր հիվանդություններ ունեցողներն ավելի շատ են:

-Նույն շաքարային դիաբետը նաև երեխաների շրջանում է լինում, Դուք աշխատու՞մ եք երեխաների հետ:

-Այո, ավելի եզակի, ճիշտ է, երեխաների մոտ լինում է, բայց կան նաև բնածին ցանցաթաղանթի հիվանդություններ, ինչպես, օրինակ, պիգմենտային ռետինոպաթիաները: Սկզբում նման երեխաները գտնվում են մանկական բաժանմունքի հսկողության տակ, հետագայում, եթե կարիք է լինում, միանում են այլ բաժանմունքների բժիշկներ, բայց հիմնական նորածնայինն փուլում նրանք գտնվում են մանկական բաժանմունքում:

-Գաղտնիք չէ, որ երբ, օրինակ, 80-ն անց մարդիկ դիմում են՝ զուտ տեսողությունը բարելավելու նպատակով, միշտ չէ, որ արդյունքը գոհացուցիչ է լինում՝ հաշվի առնելով նաև նրանց տարիքը: Այդպիսի դեպքերում արժե՞ վիրահատության դիմել:

-Միանշանակ, եթե, օրինակ, բարձր տարիքային խմբում մարդն ունի սովորական կատարակտա, և հետազոտություններից պարզվում է, որ այդ մարդն այս աստիճան վատ է տեսնում միմիայն կատարակտայի պատճառով, ինչու՞ չվիրահատվի և ավելի լավ տեսնի, տարիքն այդ դեպքում նշանակություն չունի, եթե կարող է տեսնել ավելի լավ, ինչու՞ ոչ: Բայց տարեց հիվանդների մոտ ավելի շատ ցանցաթաղանթում կան հիվանդություններ, ինչպես, օրինակ, տարիքային մակուլոդեգեներացիան, դա բավականին տարածված է 55-60-ից բարձր տարիքային խմբում, երիտասարդների մոտ չի հանդիպում, դա շատ տարածված խնդիր է, այդ հիվանդներն արդեն պիտի գտնվեն ստաբիլ հսկողության տակ: Բայց վիրահատություն՝ միանշանակ, եթե մարդը կարող է թեկուզ մեկ տող ավելի տեսնել, ինչու՞ չէ: Մեզ մոտ մեծամասամբ վիրահատությունները կատարվում են տեղային անզգայացմամբ (ընդհանուր նարկոզ չի տրվում հիվանդներին, եթե ծանր դեպք չէ), շատ երկար չեն տևում, հիվանդները գտնվում են հսկողության տակ… Ինչու՞ ավելի լավ չտեսնեն, եթե կարող են…

-Բժշկին դիմելու կուլտուրայի առումով ի՞նչ կասեք, պացիենտները սպասում են, մինչև «դանակը հասնի ոսկորին», նո՞ր դիմեն:

-Պատկերացրեք՝ տարեցտարի փոխվում է այդ մտածելակերպը, արդեն աչքի մի փոքրիկ դիսկոմֆորտի ժամանակ դիմում են բժշկի, անգամ այնպիսի բաների դեպքում, որ ասում ենք՝ լավ, դրա համար ինչու՞ եք եկել, չնչին խնդիր է: Սակայն, իհարկե, դա շատ ճիշտ է, որովհետև սկզբից հայտնաբերել հիվանդությունը և կանգնեցնել՝ ավելի հեշտ է, քան երբ գալիս են արդեն ծայրահեղ վիճակում, իսկ հատկապես գլաուկոմայի դեպքում, շաքարային դիաբետով հիվանդների պարագայում ինչ էլ անենք՝ վիրահատություն, սրսկումներ, դեղորայք, միևնույն է, արդյունքը լինում է շատ թերի: Արդյունքում՝ պացիենտը գնում է դժգոհ՝ ասելով, որ, միևնույն է, մշուշոտ, ծուռ, անհարթ է տեսնում… Դա անցկացնել չի լինում, դրա համար որքան շուտ դիմեն, այդքան արդյունքը շատ ավելի լավ կլինի: Ե՛վ բուժման գործընթացն է լինում ավելի կարճ, և՛ արդյունքն է լինում ավելի բարձր, և՛ բժշկի, վիրաբույժի համար է հեշտ լինում այդ պրոցեսը կազմակերպել:

-Իսկ նշված ախտանիշները, որոնք, ինչպես ասացիք, վերացնել չի լինում, գոնե կանգնեցնել, թողնել այն մակարդակում, ինչպես կա, հնարավո՞ր է:

Այո, օրինակ՝ վիտրեոռետինալ ծառայության պայմաններում, եթե շաքարային դիաբետ կա, մենք պատճառը չենք վերացնում, որովհետև պատճառը հենց շաքարն է, այն անբուժելի է, չի վերանում: Մենք սրսկումներ ենք անում, վիրահատություն ենք կատարում, լազերային միջամտոթյուններ ենք անում, բայց հիվանդությունը կա, այն անընդհատ պրոգրեսիվում է: Այդ պատճառով ցանկալի է, որ շաքարային դիաբետով հիվանդներն ամիսը մեկ դիմեն վիտրեոռետինոլոգի, որ հսկողությունը ճշգրիտ պահպանվի, եթե միջամտության կարիք կա, արվի, եթե ոչ՝ հնարավորինս ձգեն, պարտադիր չէ ամեն ամիսը մեկ միջամտություն կատարել, բայց հսկողություն պետք է:

Իսկ գլաուկոմայի պայմաններում կանգնեցվում է: Մենք միշտ մեր պացիենտներին ասում ենք, որ չենք վերացնում, հետ չենք բերում եղածը, քանի որ վնասվում է տեսողական նյարդը, իսկ դա չի վերականգնվում, մենք ուղղակի կանգնեցնում ենք պրոցեսը, որ չտանի կուրության, որովհետև այն շատ արագ, անվերադարձ հանգեցնում է կուրության:

Գլաուկոմայի պայմաններում հիվանդներն ավելի շատ նշում են կողքի՝ պերիֆերիկ տեսողության բացակայությունը: Մարդը կարող է ունենալ 100 տոկոս տեսողություն, բայց կարծես տեսնի կլոր անցքի միջով, կողքը ընդհանրապես ոչինչ չի նկատում, իսկ շաքարային դիաբետի դեպքում՝ վիտրեոռետինալ ծառայության ժամանակ, հակառակն է, հիմնականում սկսում է կենտրոնը վնասվել, տարիքային մակուլոդեգեներացիայի դեպքում այդ պրոցեսը սկսվում է կենտրոնից: Գլաուկոմայի պայմաններում կենտրոնական տեսողությունը կարող է մինչև վերջ պահպանվել բարձր, բայց հիվանդը կողքից ուրիշ ոչինչ չտեսնի. դա, ցավոք սրտի, չի էլ վերականգնվելու:  

-Բայց, փաստորեն, եթե ավելի շուտ դիմեին…

-Շատ ուշադիր մարդիկ նշում են, որ մի քիչ մշուշոտ են տեսնում, այդքան էլ հստակ տեսողություն չունեն, շատ պերիֆերիկ հատվածը չեն տեսնում: Դա ոչինչ, մարդիկ դրան հարմարվում են, բայց երբ արդեն հասնում է այն աստիճանի, որ տեսողության միմիայն կենտրոնականն է մնում, միևնույն է, վիրահատությունն անում ենք, ներակնային ճնշումն իջնում է, տեսողությունը լինում է շատ բարձր, բայց կողքի տեսողություն չի լինում…

-Նշեցիք, որ բժշկին դիմելու առումով առաջընթաց է նկատվում, իսկ ավելի շատ կանա՞յք են դիմում, թե՞ տղամարդիկ:

-Երևի թե տղամարդիկ, նրանք շատ ուշադիր են, ամեն ծակոցի համար գալիս են, դա շատ լավ է, երանի կանայք էլ այդպես լինեին, երևի Հայաստանում կանայք հոգսաշատ են, զբաղված են լինում ընտանիքով, երեխաներով, ասում են՝ ոչինչ, հետո կգնանք…

Երբ գալիս են տարեց մարդիկ, որոնք ունենում են ծանր խնդիրներ, ասում ենք՝ գիտեք, վիրահատելու ենք, ոչինչ չի փոխվելու, ուղղակի պետք է վիրահատենք, քանի որ լինում են դեպքեր, երբ վիրահատում ենք զուտ աչքը՝ որպես այդպիսին պահպանելու համար, որովհետև, օրինակ, գլաուկոմայի պայմաններում բարձր ճնշման տակ կարող է հասնել նրան, որ անգամ եղջերաթաղանթը ծակվի, և աչքի միջի պարունակությունը  դուրս գա: Այդ դեպքում աչքի պարունակությունը ստիպված հեռացնում ենք: Տարեց մարդիկ սովորաբար խնդրում են որևէ դեղ նշանակել, ասում են՝ չենք ուզում մտնել վիրահատական ծանր գործընթացի մեջ: Այդ պայմաններում ինչ-որ տեղ ընդառաջում ենք, փորձում ենք դեղով աչքը պահել, բայց եթե սովորական կատարակտա է տարեց մարդու մոտ, կամ որևէ այլ ավելի մեղմ միջամտության կարիք, որից ինքը կարող է ավելի լավ տեսողություն ունենալ, միանշանակ վիրահատում ենք:

-Բժշկուհի՛, տեղյակ եմ, որ Դուք բազմաթիվ տեղերում վերապատրաստումներ եք անցել: Հրաշալի է, իհարկե, երբ բժիշկը գրագետ է ու պատրաստված, իսկ ի՞նչ կասեք սարքավորումների առումով, հագեցա՞ծ է Ձեր բաժանմունքը:

-Ամբողջությամբ. չկա ոչ մի հետազոտություն, որ մենք ցանկանանք անել և չկարողանանք ու հիվանդին ուղարկենք արտերկիր:

-Պարկտիկան ի՞նչ է ցույց տալիս, երբ դիմում են Ձեզ, մեծ մասամբ գործը հասնու՞մ է վիրահատության, թե՞, այնուամենայնիվ, հնարավոր է լինում դեղերով երկարաձգել…

-Գլաուկոմայի պայմաններում, եթե, իհարկե, ներակնային ճնշումը շատ բարձր չէ, երևի թե մի կարճ ժամանակ կարողանում ենք պահել, սակայն երբ տեսնում ենք, որ ներակնային ճնշումը շատ բարձր է, և արդեն տեսողական նյարդն է վնասվել, հիվանդի տեսողության վրա է ազդում, իհարկե, միանգամից պատրաստում ենք վիրահատության: Բայց եթե դիմել են գլաուկոմայի նոր սկսվող փուլում, ճնշումը հնարավոր է դեղերով կարգավորել, մի որոշ ժամանակ պահում ենք: 90 տոկոս դեպքերում, սակայն, միևնույն է, գործը հասնում է վիրահատության, իսկ վիտրեոռետինալ ծառայության մեջ՝ ավելի հաճախ: Վիտրեոռետինալի դեպքում սկսվում է վիրահատությունից, հետո ամբողջ կյանքում՝ հսկողություն: Գլաուկոմայի դեպքում՝ հսկողություն, հետո վիրահատություն, իսկ վիրահատությունից հետո գոնե երեք ամիսը մեկ պետք է ներակնային ճնշումը չափել, տեսանյարդը նայել, կոմպյուտերային պերիմետրիա անել, որպեսզի տեսնենք՝ ինչպիսի՛ փոփոխություններ կան, և այլն:

-Բժշկուհի՛, ի՞նչ է ենթադրում աչքի հիգիենան:

-Հիգիենայի առումով երևի ամենացանկալին սովորական սառը ջրով լվացումներն են, պետք է հետևել կոպերի խնդիրներին, քանի որ կոպերի քրոնիկ չորություն է լինում՝ բլեֆարիտ, այդ ժամանակ շատ կարճ կուրս ենք նշանակում, և դա լինում է մեր պացիենտների ստաբիլ խնամքը: Հատկապես երիտասարդները հաճախ ունենում են աչքի չորություն՝ կապված այփադների կիրառման հետ, դրանք անմիջապես ազդում են աչքերի վրա՝ հանգեցնելով չորության: Այդ դեպքերում ուղղակի արհեստական արցունք ենք նշանակում: Եթե չորությունը հասնում է շատ բարձր մակարդակի, կամ եթե լինում են երիտասարդներ, որոնք նշում են, թե չեն հասցնում կաթեցնել արհեստական արցունքը, մոռանում են և այլն, նման դեպքերում իմպլանտներ ենք տեղադրում արցունքային կետրիկների մեջ, փակում ենք կետիկը, որպեսզի արցունքը մնա աչքի մեջ ամբողջ օրվա ընթացքում:

Նաև ուզում եմ հատկապես շեշտել, որ եթե օտար մարմին է ընկնում աչքի մեջ, շատ եմ խնդրում, թող դա հեռացնի բժիշկը, որովհետև մարդկանց թվում է, որ իրենք դա հեռացնում են, բայց եթե դա հատկապես երկաթային մասնիկ է, հետագայում ժանգի նստվածքներ են լինելու, իսկ դրանց հետքը միշտ մնալու է եղջերաթաղանթի վրա, ու մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում այդ կետիկն աչքի առաջ տեսնելու են: Մաքրել հնարավոր է, ամբողջությամբ հեռացվում է, բայց մարդիկ հանում են փայտը, երկաթային մնացորդները, սակայն դա սխալ է, հետագայում չեն իմանում ի՛նչ կաթեցնել, որպեսզի բորբոքումից խուսափեն, բացի այդ՝ եթե մի փոքր մնացորդ էլ մնում է, դա հետագայում խանգարելու է ամբողջ կյանքում:

-Երբ հատկապես երեխաները, օրինակ, համակարգչի առջև երկար նստելուց հետո աչքերի կարմրություն են ունենում, մեծերը խորհուրդ են տալիս աչքերի բորբոքումն անցկացնելու նպատակով թեյով լվացումներ անել. արդյոք դա ճի՞շտ է:

-Թեյով լվացումն ուղղակի մեղմացնում է, բայց այն ամբողջությամբ չի կարող լվանալ աչքը, օրինակ՝ արհեստական արցունքն իր մեջ պարունակում է խտացված այն ամենը, ինչ ունի մեր արցունքը, այն, ինչ աչքին անհրաժեշտ է՝ լվանալու, սնուցելու, փափկացնելու համար, իսկ թեյը չունի: Ինչու՞ է տարածված թեյը, որովհետև այն անվնաս է, լվացումներն անում են, բայց խնդիրը դրանից չի վերանում: Կարելի է լվացում անել, կարելի է և չանել, ամեն դեպքում՝ դա, միանշանակ, հարցի լուծում չէ: Օրինակ՝ երեխաները, որոնք շատ են նստում համակարգչի մոտ, կամ տարեց մարդիկ, որոնք շատ են աշխատում համակարգչով ու խնդիրներ են ունենում, դիսկոմֆորտը մեղմելու նպատակով պիտի միմիայն արհեստական արցունք օգտագործեն: Աչքի չորությունը դարի խնդիրն է, ամենաշատ տարածված սինդրոմն է:

-Բժշկուհի՛, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Ես ցանկանում եմ, որ մեր ազգը տեսնի որքան հնարավոր է սուր, ունենա բարձր տեսողություն, լինի առողջ, և թող դիմեն մեզ, մենք սիրով պատրաստ ենք ընդունել մեր բոլոր պացիենտներին, բոլորին շատ ենք սիրում և փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի իրենց բուժումը լինի հնարավորինս արդյունավետ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր