ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Featured

(0 votes)
There is no translation available.

Եվ թող երբեք չմարեն ձգտումն ու հավատը

Հայաստանում այսօր նյարդաբանությունը, մասնագետների խոսքերով, զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով թե՛ մասնագիտական, թե՛ պատրաստվածության տեսանկյունից, բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ այդ ճյուղն անընդհատ թարմացվելու եւ կատարելագործվելու կարիք ունի։ Մեր զրուցակիցն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ցավի եւ նյարդաբանության կլինիկայի ղեկավար, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի» նախագահ ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Երկար տարիների դժվարին աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ նա մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը։ Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջեւ դրված նպատակի իրականացում, եւ, իր կոչմանը հավատարիմ լինելուց բացի, նա անչափ սիրում է հայրենի երկիրը:

-Սթրեսային վիճակները հիմնականում ո՞ր հիվանդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ:                                                                                                     

-Այսօր սթրեսային վիճակները հիմնականում կապված են COVID-19 համավարակի հետ, բայց չկա հստակ վիճակագրություն, թե ինչ բարդություններ են առաջանում կրած վիրուսից հետո։ Մեր ասոցիացիան հիմա հավաքագրում է տվյալներ կրած վիրուսից հետո առաջացած կամ սրացած հիվանդությունների մասին՝ ՀՀ-ում եւ Եվրոպական Նյարդաբանների Ակադեմիայի (EAN) տեղեկատվական  ժողովածուներում հրատարակման համար։ Հիմնական բարդություններից  են պոլինեյրոպաթիաները, սրտամկանի ինֆարկտը, գլխուղեղի կաթվածը եւ նեւրոզները։ Իսկ նեւրոզների բուժումը շատ բարդ գործ է, քանի որ մարդիկ մշտապես գտնվում են սթրեսային վիճակում:  Ավելի մանրամասն այս մասին հնարավոր կլինի խոսել վիճակագրական տվյալները մշակելուց հետո, սակայն պետք է նշել, որ մարդկանց  մի մասը գտնվում է սոցիալապես անապահով պայմաններում, որը եւս նեւրոզների առաջացման պատճառ կարող է լինել։                                                              

 -Բժի՛շկ, ինչպե՞ս տարանջատել մկանային ցավը նյարդայինից:                                         

-Այսօր առկա ախտորոշման մեթոդները հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչ խնդիր է զարգանում տվյալ դեպքում: Մկանային ցավերի դեպքում որոշ բիոքիմիկական անալիզների միջոցով որոշում ենք սպիտակուցի քանակը արյան մեջ: Իսկ նյարդային խնդիրների դեպքում ախտորոշումը կատարվում է գործիքային հետազոտությունների  միջոցով։ Մկանային եւ նյարդային  պաթոլոգիաների դեպքում  հիմնական գանգատը ցավն է, եւ պետք է նշել, որ  բժշկին դիմող հիվանդների 95%-ը գանգատվում է ցավից։ Ցավը կարող է լինել օրգանական եւ ֆունկցիոնալ, նշեմ, որ նեւրոզների դեպքում օրգանական հիմք չունեցող ցավեր են լինում։ Եվ պատահական չէ, որ ցավի ուսումնասիրման համար ստեղծվել է Համաշխարհային Ասոցիացիա  տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Ստեղծվել են նաեւ ցավի կենտրոններ կամ բաժանմունքներ։ Մենք անելիք ունենք այս ոլորտում եւ ակտիվորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ, որտեղից հետազոտություններ իրականացնելու եւ բուժօգնություն կազմակերպելու համար ստացել ենք շատ սարքավորումներ:  Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր կենտրոնի մեկ տարին էլ դեռ չի բոլորել, եւ հույս ունեմ, որ արդեն մեկ-երկու տարի հետո կկարողանանք հասնել որոշակի հաջողությունների ու նաեւ վիճակագրություն կներկայացնենք: 

-Լինելով «Հայաստանի Նյարդաբանների Ասոցիացիայի» նախագահ՝ կասե՞ք, թե ինչ է տալիս այն բժիշկներին:                                                                                                               

 -Մեր ասոցիացիան գործում է արդեն մոտավորապես տասնհինգ տարի, մենք նաեւ եվրոպական եւ համաշխարհային ասոցիացիաների անդամ ենք: Ասոցիացիայի շնորհիվ մեր նյարդաբանները մշտապես տեղեկացված են լինում նորարարությունների մասին, ամրապնդում են գիտելիքների բազան, փորձի փոխանակություն են կատարում արտերկրի գործընկերների հետ, կարողանում են քիչ գումարով կամ անվճար մասնակցել առցանց կոնֆերանսների: Իսկ, եթե ցանկանում են գնալ վերապատրաստման, նրանց տալիս ենք համապատասխան երաշխավորագիր: Երեք տարի առաջ մեզ մոտ անցկացրեցինք «Brain-2018» միջազգային համաժողովը, որին, ԱՄՆ նյարդաբաններից բացի, ժամանել էին ներկայացուցիչներ նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից: Հայաստանի նյարդաբանները ծանոթացան մեր բնագավառի նորություններին: Հիշեցնեմ, որ 2019 թվականի հուլիսին էլ տեղի ունեցավ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության» խորագրով, որի շրջանակներում անցկացվեց մեր նյարդաբանական գիտաժողովը «Սուր կաթված» թեմայով` նվիրված սուր ինսուլտի բուժման ժամանակակից մոտեցումներին: 2021 թվականի մայիսի 15-ին՝ «Եվրոպական Նյարդաբանների Ակադեմիայի օրը Հայաստանում»,  մեկ օր առցանց կազմակերպվեց կոնֆերանս, որտեղ Եվրոպայի առաջատար մասնագետները հանդես եկան ելույթներով, զեկույցներով, հայ նյարդաբաններն այդ ամենը լսեցին եւ ստացան  համապատասխան սերտիֆիկատ: Այս գիտաժողովների, այլ կարգի միջոցառումների  անցկացումը լինելու է շարունակական: Կցանկանամ, որ ասոցիացիաները կարողանան վճռական դեր խաղալ նաեւ մեր երկրի բժիշկների պաշտպանվածության, նրանց աշխատանքի ճիշտ կազմակերպման հարցերում:                                                                                                                                       

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր նյարդաբանության ապագան  վստահե՞լի ձեռքերում է:

-Իրականում կան շատ գրագետ եւ պատրաստված երիտասարդներ, նրանց թվում՝ կլինիկական օրդինատորներ, ովքեր, ցավոք, չեն կարողանում այսօրվա քովիդյան շրջանում իրենց գիտելիքները կիրառել, որովհետեւ հիմնականում զբաղվում են քովիդով, ինֆեկցիոն  հիվանդներով: Հուսամ, որ շուտով կձերբազատվենք այս վիրուսից, եւ նյարդաբանը կզբաղվի իր գործով, ինֆեկցիոնիստը՝ իր:

-Ինչպե՞ս տարբերակել՝ հիվանդի մոտ առաջացած ցավը նյարդաբանակա՞ն է, թե ոչ:

-Ցավի պատճառները բազմազան են, ու հաճախ հիվանդը չի կարողանում կողմնորոշվել, թե որն է խնդրի առաջացման պատճառը, եւ այդ հարցում առաջնային օղակը լիարժեք անելիք ունի: Ես չեմ կարող ասել, թե որքանով են այնտեղ զբաղվում նյարդաբանությամբ, բայց լինում են դեպքեր, երբ պացիենտին ուղղորդում են հիվանդանոցներ՝ չկողմնորոշվելով, թե նրա մոտ ինչ խնդիր է զարգանում: Ասեմ, որ նախկինում, երբ ես առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն էի, առաջնային օղակի հետ մեր համագործակցությունը տալիս էր իր դրական արդյունքները: Ցավոք, այսօր այդ ինստիտուտը վերացրել են:  

-Հիմնականում ի՞նչ նյարդային խնդիրների դեպքում կարող են դիմել ցավի կենտրոն:

-Գործնականում նյարդաբանական խնդրով  յուրաքանչյուր դիմողին կարող ենք օգնություն ցուցաբերել։ Մինչ մեր կենտրոնի բացումն այս հիվանդանոցում նյարդաբանության բաժանմունք չի գործել, այդպիսի ծառայություն չի եղել, հուսամ՝ շատ արագ մոտակա ժամանակում կլրացվեն բոլոր բաց կողմերը, եւ մեր աշխատանքները կընթանան լիարժեք արդյունավետ հունով:

-Ի՞նչ կասեք բժիշկ-հիվանդ հարաբերության մասին:

-Կցանկանամ, որ նրանք միմյանց հանդեպ հարգանք տածեն, ինչը այսօր, ցավոք, բացակայում է. պացիենտները դարձել են ավելի պահանջատեր, իսկ բժիշկները՝ մի տեսակ անտարբեր: Խորհրդային տարիներին ուսանած բժիշկներիս մտածելակերպն այլ էր. մեր սերունդն ավելի նվիրված էր գործին, հիվանդին: Չկա բժշկական էթիկա հասկացողություն, ամեն մեկն իր ցանկացած ձեւով է աշխատում:

-Ի՞նչ կմաղթեք որպես վերջաբան:  

-Մեր երկրի մարդկանց կցանկանամ հաջողություն, երջանկություն, առողջություն, համբերություն, թող պատերազմներ, մահեր չլինեն: Կոչ եմ անում ապրել առողջ ապրելակերպով, սպորտով զբաղվել, ունենալ առողջ հայկական ընտանիք եւ հնարավորինս աջակցել, զորավիգ լինել միմյանց: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատեւման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է: Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետեւ բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն:Բոլոր  բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ, եւ ցավալի է, որ անկախ նրանից, թե բժիշկը քանի կյանք  է  փրկել, երբ հանկարծ մի փոքր բացթողում է լինում, ցավոք, դա նրա  համար դառնում է ճակատագրական:  

Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ամենակարեւորը, իմ կարծիքով, երբեք չհիասթափվելն է։ Ու նաեւ շատ կարեւոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար եւ բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք եւ ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։

Եվ թող երբեք չմարեն ձգտումն ու հավատը, ու, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր