ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

(2 votes)

Խորհուրդ  կտայի  բոլորին առողջ կենսակերպ  վարել

Ժամանակին համընթաց մեր կյանքը փոխվում է. ջնջվում են սահմանները՝ երկրների, խոչընդոտները` հասարակությունների և անջրպետները` սոցիալական խավերի միջև: Եվ ամեն մեկը կարող է ընտրել իրեն բուժող բժշկին աշխարհի ցանկացած կետում:

Յուրաքանչյուր ոք ժառանգում է նախորդ սերունդների փորձը` հետագայում այն լրացնելով սեփականով: Բուժման և բժշկության ընդհանուր սկզբունքները ձեռք են բերվում հարյուրամյա փորձի շնորհիվ, որոնց կիրառումը հիվանդին զերծ է պահում հետագա բարդություններից:

Անդրադառնալով կոլոպրոկտոլոգիային` նշենք, որ մինչև 1997թ. բժշկական այս ուղղությունը կոչվել է պրոկտոլոգիա, իսկ 1997թ.-ին վերանվանվել է կոլոպրոկտոլոգիայի: Վերջինս բժշկության ճյուղ է, որն ուսումնասիրում է հաստ և ուղիղ աղիքի  հետ  կապված առողջական  խնդիրներն ու   հիվանդությունները: Եվ այդ հիվանդությունները բուժելու համար հեռու գնալ պետք չէ. նշանակալի նվաճում ունեցած,  առողջապահական ոլորտում լավագույն և առաջատար բժշկական հաստատություններից մեկում` «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իրականացվում են կոլոպրոկտոլոգիայի` հաստ և ուղիղ աղու ցանկացած՝ սուր ու քրոնիկական հիվանդության ախտորոշում, թերապևտիկ և վիրաբուժական բուժում՝ ներառյալ նաև առավել ծանր  ընթացող հիվանդությունները, ինչպիսին են հաստ աղու բորբոքային և ուռուցքային ախտահարումները: Հիվանդների բուժման ժամանակ կիրառվում են ժամանակակից միջազգային ուղեցույցներ և բարձր տեխնոլոգիական նվազագույն ինվազիվ մեթոդներ՝ հետվիրահատական վերականգնման սեղմ ժամկետներով: 
Կլինիկայի աշխատանքի հիմնական սկզբունքը հոսպիտալիզացման նվազագույն ժամկետում բուժման առավելագույն արդյունք ապահովելն է, և պատահական չէ, որ բաժանմունքն ապահովված է ամենաժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով:

Մեր զրուցակիցը «Էրեբունի» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ է, ում հետ զրուցեցինք ոլորտում առկա խնդիրների մասին:

- Պարո՛ն Շահնազարյան, հիմնականում ի՞նչ վիրահատական միջամտություններ են իրականացվում ձեր բաժանմունքում:

-Մեզ մոտ կատարվում են կոլոպրոկտոլոգիական ցանկացած ծավալի և բարդության՝ սկսած սովորական թութքահատումից մինչև ծանրագույն, բարձր տեխնոլոգիաների կիրառում պահանջող հաստ աղու քաղցկեղի վիրահատություններ: 

-Ի՞նչ մակարդակի է Ձեզ մոտ դիմելիությունը: Ձեր պրակտիկայի ընթացքում ո՞ր խնդիրներով են ավելի շատ դիմում, ի՞նչ կասեք ուռուցքային հիվանդությունների մասին:

-Չեմ կարող ասել, որ դիմելիությունը բարձր մակարդակի է. մեզ մոտ բժշկին ուշ են դիմում: Հաճախ  դա պայմանավորված է սոցիալ-տնտեսական  վիճակով  կամ բժշկին դիմելու նկատմամբ ունեցած վախով:

Ինչ վերաբերում է ուռուցքային հիվանդություններին, ապա դրանք շատացել են: Վերջին տարիներին կրկնակի անգամ ավելացել է հաստ աղիքի ուռուցքային հիվանդություններով դիմողների թիվը, որն ավելի շատ պայմանավորված է արտաքին ռիսկի գործոններով՝  սթրես, անկանոն սննդակարգ,անորակ սնունդ: Ընդ որում, դրա մասին վկայում են ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհում կատարված հետազոտությունները, վիճակագրության արդյունքները։

-Բժիշկ, ուռուցքային հիվանդություն հայտնաբերելու դեպքում այդ մասին ասո՞ւմ եք  հիվանդին:

- Չնայած արտերկրում վաղուց արդեն ընդունված է անմիջապես հիվանդին տեղեկացնել իր վիճակի մասին, սակայն, հաշվի առնելով մեր հասարակության մեջ ձևավորված կարծրատիպը, սկզբնական շրջանում ասում ենք միայն նրա հարազատներին։ Բայց շատ բան կախված է անհատի ինտելեկտից, և ամեն մի հիվանդի պետք է մոտենալ յուրովի։ Կան, օրինակ, կարդացած, տեղեկացված մարդիկ, ովքեր ցանկանում են մեզ հետ հավասար անցնել այդ ծանր ուղին, և նրանց հետ աշխատելը  բավականին հեշտ է։

-Պարո՛ն Շահնազարյան, բուժումից հետո որքա՞ն է ուռուցքային հիվանդության կրկնվելու՝ ռեցիդիվի հավանականությունը:

-Ռեցիդիվի հավանականություն կա և՛ վիրահատական, և՛ոչ վիրահատական մեթոդների կիրառման դեպքում, ու կարևորն  այն  նվազագույնի  հասցնելն է: Իսկ դա պայմանավորված է ժամանակին բժշկին դիմելու հանգամանքով, բժշկի հմտությամբ, կիրառվող սարքավորումներով,  բարձր տեխնոլոգիական գործիքներով:

-Հայաստանում կա՞ պրոկտոլոգների ասոցիացիա:

-Այո։ Այն ստեղծվել է երկու տարի առաջ, ունի 30-ից ավելի անդամ, որոնցից մեկը ես եմ։ Ես նաև ՌԴ և եվրոպական ասոցիացիների միության անդամ եմ:

-Հասցնո՞ւմ եք մասնակցել վերապատրաստումերի:

-Առանց դրանց հնարավոր չի լինի առաջնորդվել նոր մեթոդներով, և ես  վերապատրաստումներից հենց վերջերս եմ վերադարձել։ Մոսկվայում մայիսի 29-30-ը մասնակցում էի «Կոլոնոպրոկտոլոգիայի ռուսական դպրոցը» թեմայով մի շատ հետաքրքիր և բովանդակալից գիտաժողովի։ 

-Վերջում ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Կմաղթեմ միայն ու միայն առողջություն։ Խորհուրդ  կտամ  մեր հասարակությանը  առողջ կենսակերպ  վարել, նույնիսկ փոքր գանգատների  ու, առավել ևս,  հիվանդության դեպքում չվախենալ ու անմիջապես դիմել համապատասխան մասնագետ բժշկին։ Եվ միայն այդ դեպքում հնարավոր կլինի կանխել հիվանդության հետագա բարդացումներն ու անդառնալի հետևանքները: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր