Հասմիկ Դավթյան

(0 votes)

<<Պետք չէ մտածել սեփական առողջության, գուցե կյանքի հաշվին գումար տնտեսելու մասին>>

Որոշ հիվանդություններ շոշափելիորեն փոխում են կնոջ առողջական վիճակը, ինչն ակնհայտորեն իր դրոշմն է թողնում թե՛ կնոջ արտաքինի և թե՛ կանացիության ու գրավչության վրա։ Դրանց շարքին է դասվում նաև կրծքագեղձի քաղցկեղը` մարդկության ամենահին հիվանդություններից մեկը, որի ցուցանիշները վերջին երկու տասնամյակում աճում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում: Սակայն բժշկագիտության և բժշկական տեխնիկայի զարգացմանը զուգընթաց այսօր այդ հիվանդությունը կարող է բուժվել, եթե հայտնաբերվի վաղ փուլում: Ուռուցքը հյուսվածքի ախտաբանական աճն է, որը լինում է չարորակ կամ բարորակ, և որի հայտնաբերումն ինքնին տագնապ է հարուցում, մի շարք հարցեր են ծագում. քաղցկե՞ղ է դա, անհրաժե՞շտ է վիրահատվել, անխուսափելի՞ է կուրծքը կորցնելը: Ժամանակակից բժշկագիտական տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում չարորակ ուռուցքները շատ վաղ փուլերում բացահայտել, երբ դրանք դեռևս չափազանց փոքր չափեր ունեն և հաջողությամբ կարող են բուժվել: Մամոգրաֆիան կրծքագեղձի ռենտգեն ռենտգենյան հետազոտությունն է, որը յուրաքանչյուր կին 40-տ ից բարձր տարին մեկ անգամ պետք է կատարի, անկախ գանգատների առկայությունից կամ բացակայությունից: Մեր զրուցակիցն է Վ.Ա. Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» բժիշկ-ռադիոլոգ, մամոգրաֆիայի բաժանմունքի ղեկավար ՀԱՍՄԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ` հիանալի բժշկուհի, իր գործի գիտակ, ով պատրաստ է ամենայն մանրամասնությամբ և մատչելի ներկայացնել հիվանդության սկզբնաղբյուրներն ու բուժման ընթացքը`իր նրբություններով և կարողանում է ճիշտ ախտորոշման միջոցով մատնանշել խնդրի լավագույն լուծման ճանապարհը:

-Տիկի՛ն Դավթյան, ի՞նչ մակարդակ վրա է գտնվում ռադիոլոգիան Հայաստանում:

- Բժշկության ախտորոշիչ ճյուղում ոչ միայն կրծքագեղձի, այլ նաև մյուս օրգան-համակարգերի հետազոտման ռադիոլոգիական մեթոդները բավականին մեծ դեր, նշանակություն ունեն, և վստահորեն կարող եմ ասել, որ այսօր Հայաստանն այդ բնագավառում բավականին զարգացած է թե՛ տեխնիկապես, թե՛ մասնագետների առումով: Կրծքագեղձի քաղցկեղի վաղ և ճշգրիտ ախտորոշումը մեծ դեր ունի բուժման գործընթացում, դրանով է պայմանավորված` նաև ապրելիության ցուցանիշը;

-Ըստ Ձեզ, գերժամանակակից տեխնիկան եկավ լրացնելո՞ւ, թե փոխարինելու հնին:

-Մեր կենտրոնում աշխատում էինք ամերիկյան շատ արդյունավետ սարքով`<<Լոռադ>> ֆիրմայի արտադրության մամոգրաֆով, բայց երբ արդեն ամբողջ աշխարհում սկսեց կիրառվել թվային մամոգրաֆիան, մեր կենտրոնն էլ 2016 թվականից ձեռք բերեց այդ սարքը` տոմոսինթեզով:

-Բժշկուհի՛, ախտորոշման մեջ կա՞ն հակացուցումներ:

-Ամբողջ աշխարհում ընդունված է, որ, երբ կինը հատում է 40-ի շեմը, անկախ գանգատ ունենալ-չունենալու հանգամանքից, պետք է կրծքագեղձի հետազոտություն անցնի`կատարելով ռենտգեն մամոգրաֆիա: Իսկ մինչև 40 տարեկանը կատարում ենք սոնոգրաֆիկ հետազոտություն: Երբ սոնոգրաֆիայի արդյունքում ստանում ենք կասկածելի պատկեր, այսինքն`կասկածելի գոյացություն կամ օջախ ենք տեսնում, այդ դեպքում արդեն տարիքը որևէ նշանակություն չունի, և անմիջապես կատարում ենք մամոգրաֆիա: Ընդ որում, մամոգրաֆիկ հետազոտությունը հակացուցումներ չունի:

-Ի՞նչ նորարարություններ կան ձեր բնագավառում, որոնց մասին կցանկանայիք խոսել:

-Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդը ռենտգեն մամոգրաֆիան է, որն ի վիճակի է հայտնաբերել քաղցկեղի փոքր, նույնիսկ մինչև 3մմ չափի չշոշափվող օջախները: Հետազոտությունը ուղիղ համեմատության մեջ է ռենտգեն մամոգրաֆիայի սարքից, նրա ճիշտ շահագործումից, կրծքագեղձի և անութափոսի ճիշտ տեղավորումից: 2011 թվականից հեղափոխական և կտրուկ բարելավվել է մամոգրաֆիկ հետազոտության արդյունավետությունը տոմոսինթեզով թվային մամոգրաֆիայի շնորհիվ: Գնահատվում են նորագոյացությունների եզրերը, չափերը, նվազել է ոչ անհրաժեշտ բիոպսիաների քանակը: Ռենտգեն պատկերները ստացվում են համակարգչի էկրանին, կրճատվել է հետազոտության ժամանակը, հեշտանում է կրծքագեղձի ռենտգեն պատկերների պահպանումը... Այդ ամենի արդյունքում հիվանդներն էլ ավելի քիչ ժամանակ են տրամադրում հետազոտվելուն, որից հետո ռենտգեն տվյալները ենթարկվում են մանրակրկիտ ուսումնասիրության` ռենտգեն ինտենսիվությունը փոփոխելով և մեծացնելով: Շատ կարևոր է հիվանդների համար, այսպես ասած, երկրորդ կարծիքը, որը հնարավոր է դառնում համակարգչի միջոցով:

Ինչպես ասացի, մեր կենտրոնում 2016 թվականից շահագործվում է տոմոսինթեզով թվային մամոգրաֆ` <<Hologic Selenia Dimensions, Digital mammography system, with Digital Tomosynthesis>> ֆիրմայի արտադրության: Շուրջ երկու տարվա ընթացքում մոտ 5000 հետազոտություն է իրականացվել, և կրծքագեղձում հայտնաբերված գոյացությունների շուրջ 80%-ը բարորակ են: Դրանք կիստաներ, ինտրակիստոզ պապիլոմաներ, ֆիբրոադենոմաներ, տերևանման ֆիբրոադենոմաներ, լիպոմաներ, ադենոմաներ, ֆիբրոադենոլիպոմաներ, կերակրող կանանց մոտ` գալակտոցելեներ են և այլն: Բարորակ գոյացություններ կան, որ պետք է պահվեն հսկողության տակ, իսկ որոշների դեպքում խորհուրդ է տրվում իրականացնել վիրահատական միջամտություն: Օրինակ, տերևանման ֆիբրոադենոմաները չարորակ դառնալու ներուժ ունեն:

-Որո՞նք են հիվանդության առաջացման ռիսկի գործոնները:

-Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոններն են` հղիությունների կամ ծննդաբերությունների բացակայությունը, վաղ դաշտանային ցիկլը, ուշ դաշտանադադարը, ժառանգականությունը, կրծքագեղձի քաղցկեղի պատմությունը, ճարպակալումը, երկարատև հորմոնոթերապիան, կրծքագեղձի տրավման և, իհարկե, տարիքը: Կանանց խորհուրդ է տրվում մշտապես ուշադիր լինել կրծքագեղձի նկատմամբ, ամեն ամիս՝ դաշտանի ցիկլից հետո շոշափել կուրծքը և ուշադրություն դարձնել դրա ձևին, հասկանալ`կուրծքն ու պտուկը ներքաշվա՞ծ են, թե ոչ։ Եթե շոշափելիս կինն ինչ-որ նոր բան է նկատում, պետք է անհապաղ դիմի բժշկի: Այսինքն՝ մամոգրաֆիան առողջ կանանց հետազոտություն է, և պարտադիր չէ, որ կինը բողոք ունենա, գոյացություններ շոշափի: Այժմ մեր բժիշկները բավականին շատ են խոսում հիվանդության մասին, քարոզ է իրականացվում սոցիալական ցանցերով, ինտերնետ պորտալով և հեռուստատեսությամբ, ամսագրերով ու թերթերով, բայց, չնայած այդ ամենին, ցավոք, մեր երկրում կրծքագեղձի քաղցկեղի բարձիթողությունը հասնում են մոտավորապես 50 տոկոսի շեմին:

-Բժշկուհի՛, վերջին տարիներին հիվանդությունը <<երիտասարդացե՞լ է>>:

-Այո, ցավով կարող եմ ասել, որ երիտասարդացել է: Վերջերս մեզ դիմել էր 22 տարեկան աղջիկ, որի մոտ ախտորոշվեց քաղցկեղ: Քիչ չեն հղի կանայք նույն պես, որոնց մոտ ախոտորոշում է քաղցկեղ: Դա է պատճառը, որ նշում ենք կրծքագեղձում շոշափվող նորագոյացության համար, պետք է անմիջապես դիմել բժշկի: Հաճախ մեզ դիմում են հիվանդներ, որոնք շոշափել են ինչ-որ գոյացություն, որը չի ցավում և 1-2 տարի անց նոր դիմել են մեզ, որովհետև <<դա իրենց չի խանգարել>>: Հայ կանանց մոտ սովորաբար գանգատը ցավի զգացողության դեպքում է լինում, իսկ եթե չի ցավում, ուրեմն գանգատ չունի: Լինում են նաև դեպքեր, երբ կուրծքն արդեն դեֆորմացված վիճակում է, բայց պնդում են, որ գանգատ չունեն: Չգիտեմ, դա գուցե պայմանավորված է սոցիալական վիճակով կամ էլ տեղեկացված չլինելով... Ինչքան էլ խոսել ու խոսում ենք ժամանակին մեզ դիմելու անհրաժեշտության մասին, միևնույն է, բավականին բարդացած փուլերում են դիմում, որովհետև մեծ մասամբ վախենում են իմանալ ախտորոշման արդյունքը:

-Բժշկուհի՛, շփվում եք ուսանողության հետ, ուստի կարող եք կանխատեսել, թե ինչ մակարդակ կունենա մեր ապագա բժշկությունը:

-Լինելով Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի ասիստենտ և դոցենտ, բնական է, շատ եմ շփվում ուսանողների հետ և պետք է նշեմ, որ բավականին շատացել է ռադիոլոգ դառնալ ցանկացողների թիվը: Եվ ես կարծում եմ, որ մեր բժշկությունն ապագայում բավականին բարձր մակարդակ կունենա, քանի որ ուսանողները կրթված են, ունեն կայուն գիտելիքներ:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր կանանց:

-Կցանկանամ, որ մեր կանայք ուշադիր լինեն սեփական առողջության նկատմամբ, պարբերաբար այցելեն մասնագետին ախտորոշում անցնելու համար: Պետք չէ մտածել սեփական առողջության, գուցե կյանքի հաշվին գումար տնտեսելու մասին: Մինչդեռ կենտրոն առավել շատ դիմում են արդեն 3-րդ 4-րդ փուլերում գտնվող հիվանդները, երբ կրծքագեղձի քաղցկեղը արդեն մետաստազավորվել է և բուժումն իրականացվում է քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիայով, այսինքն` համակցված բուժում է իրականացվում: Մեր աշխատանքը թիմային աշխատանք է, միայն ռադիոլոգով կամ միայն ախտորոշմամբ հնարավոր չէ լավագույն արդյունքի հասնել և մենք աշխատում ենք վիրաբույժների, քիմիոթերապիայիև պաթոմորֆոլոգների և այլ մասնագետերի հետ:

Հարգելի կանայք, սիրեք Ձեզ, հետևեք ձեր առողջությանը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր