ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

(0 votes)

Բժիշկը պետք է միշտ ձեռքը պահի բժշկության արագ զարգացող զարկերակի վրա

 Վերջին տարիներին վիրահատական միջամտությամբ իրենց արտաքինը փոխած կամ դրան պատրաստվող, այսինքն` կատարյալ լինել ցանկացող մարդկանց թիվը բավականին մեծացել է: Գեղեցկությունը բաց երաշխավորական նամակ է, և պլաստիկ միջամտությունը, որի շնորհիվ շտկվում է արտաքին թերությունը, հաճախ կատարվում է մարդու ինքնագնահատականի բարձրացման համար: Իսկ պլաստիկ վիրաբուժության ոլորտում ամեն մի դեպք տարբերվում է մյուսներից, պահանջում է յուրահատուկ մոտեցում, հարուստ գիտելիքներ, ձեռքի ու մտքի ճկունություն: 

Այս ամենի մասին զրուցեցինք Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար  ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

-Պարո՛ն Վարդանյան, բժշկի աշխատանքն անչափ պատասխանատու է և բարդ, ինչո՞ւ ընտրեցիք հենց պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը:

-Դեռևս դպրոցական տարիներին բժիշկ դառնալու շատ մեծ ցանկություն ունեի, իսկ կոնկրետ պլաստիկ վիրաբուժության ոլորտի ընտրության հարցում ինձ ուղղություն ցույց տվեցին մտերիմ մարդիկ, ովքեր այս ոլորտում էին դեռևս այն տարիներին, երբ միայն Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտում էր պլաստիկ վիրաբուժություն կատարվում: Եվ այդ ինստիտուտում հայտնվելով` ես էլ ավելի սիրեցի պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը:

- Բժի՛շկ, հիմնականում ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:                         

-Ճնշող մեծամասնությունը, իհարկե, դիմում է քթի վիրահատության համար, ընդ որում, ինչպես պլաստիկ վիրահատության նպատակով, այնպես էլ`շնչառական համակարգի հետ կապված խնդիրների դեպքում: Երկրորդ տեղում, երևի թե, կրծքագեղձի վիրահատությունն է: Բավականին շատ են նաև կոպերի վիրահատության և շրթունքների մեծացման համար դիմողները:

-Որքանո՞վ է հավանական հետվիրահատական բարդությունների առաջացումը, և ի՞նչ ցուցումներ են տրվում հիվանդին վիրահատությունից հետո:

-Հետվիրահատական բարդությունները հիմնականում կապված են լինում օրգանիզմի սպիացման ընթացքի հետ. երբեմն լինում են դեպքեր, երբ գերսպիացում է տեղի ունենում:  Օրինակ, քթի վիրահատությունից հետո ներքին սպիները կարող են ավելի հաստ լինել, և դրանց ներծծումը որոշ ժամանակ է պահանջում, իսկ վերականգնման համար դիմում ենք ներարկումների օգնությանը: Փափուկ հյուսվածքների պատճառով նույնպես գերսպիացում է տեղի ունենում, երբեմն էլ ոսկրերի եզրերն են անհամաչափ, խորդուբորդ գերաճ տալիս: Հիմնական խնդիրները դրանք են: Եվ բոլոր նման դեպքերում խնդրահարույց մասերը շտկելու նպատակով կատարվում են փոքր միջամտություններ:

 Մաշկի խորդուբորդությունները վերացնելու, դրա հարթեցման համար կատարվում են ինչպես քիմիական, այնպես էլ լազերային պիլինգներ: Մեր բժշկական կենտրոնում իրականացվում է մեխանիկական պիլինգը, որը գրեթե հավասարազոր է վիրաբուժական միջամտությանը, երբեմն նույնիսկ կատարվում է անզգայացման պայմաններում, որն ավելի արդյունավետ է, քան մյուս մեթոդները:

–Այսօր  շրթունքների ծավալի շտկման ի՞նչ վիրահատություններ են կատարվում։ Որո՞նք են առավել նախընտրելի:

- Պետք է նշեմ, որ ներարկումների արդյունքը պահպանվում է մոտավորապես 6-9 ամիս, որից հետո շրթունքները վերադառնում են նախկին տեսքին, և այդ դեպքում, իմ կարծիքով, շուրթերը մի քիչ անբնական տեսք են ունենում: Իսկ վիրահատական միջամտության շնորհիվ շուրթերը բնական ճանապարհով մեծանում են և այդպիսին էլ մնում ամբողջ կյանքի ընթացքում:

– Հայաստանում գործում է  «Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիա», համագործակցո՞ւմ եք այդ կազմակերպության հետ:

-Այո, իհարկե: Ռուսաստանի և Հայաստանի «Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների», Հայաստանի «Անգիոլոգների և ֆլեբոլոգների» ասոցիացիաների, ինչպես նաև միջազգային կոնֆեդերացիայի լիիրավ անդամ եմ և անընդմեջ մասնակցում եմ վերապատրաստումների: Եթե բժիշկը չվերապատրաստվի, փորձի փոխանակում չկատարի, նրա մոտ լճացում տեղի կունենա. բժիշկը պետք է միշտ ձեռքը պահի արագ զարգացող բժշկության զարկերակի վրա: 

-Բժի՛շկ, վերջին շրջանում Հայաստանում բավականին աճել է պլաստիկ վիրահատության դիմողների թիվը: Այս միտումն ինչո՞վ է պայմանավորված, ընդհանրապես ի՞նչ մակարդակ ունի պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում:

-Ուզում եմ ընդգծել, որ պացինետը ինքը պետք է վիրահատության դիմելու ցանկություն ունենա, իսկ դա նշանակում է`պետք է սպասել այնքան, մինչև նրա մեջ հասունանա այդ պահը: Եվ ես նրանց խորհուրդ կտամ նախ այցելել քթի համակարգչային մոդելավորում իրականացնելու համար, որպեսզի պատկերն ավելի հասկանալի լինի: Ընդհանրապես նախնական արդյունքը տեսնելուց հետո մարդիկ ավելի հստակ են պատկերացնում իրենց հետագա քայլերը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում պլաստիկ վիրաբուժության մակարդակին, ապա,  իմ կարծիքով, այն  շատ բարձր է նույնիսկ համաշխարհի մասշտաբով: Ուզում եմ հիշեցնել, որ մեր բնագավատում վիրահատական միջամտություն կատարելու համար առաձնապես սարքավորումերի կարիք չի զգացվում, իսկ գիտելիքների և ձեռքի ունակությունների առումով էլ հայ բժիշկները կատարելագործված են:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց, ովքեր ունեն էսթետիկ վիրահատության կարիք, սակայն չեն դիմում այդ քայլին հոգեբանորեն պատրաստ չլինելու պատճառով:

-Պացիենտի համար անչափ դժվար է ընտրել լավագույն բժշկին, որովհետև մասնագետները շատ են: Եվ բնական է, որ նման դեպքերում նրանք ձգտում են ընտրութուն կատարել` ելնելով տվյալ բժշկի պացիենտների`վիրահատություններից հետո տեսանելի արդյունքներից: Իհարկե, չեմ բացառում, որ կարող է ամենալավ վիրաբույժի պացիենտի մոտ էլ լինեն հետվիրահատական բարդություններ, ուստի պետք է շատ լավ, ուշադիր ուսումնասիրել բոլոր արդյունքները: Չնայած, ճիշտն ասած, շատ բժիշկների այցելելուց հետո մարդիկ հաճախ էլ ավելի են  խճճվում:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանաք ասել մեր հասարակությանը:

-Ես մեր կանանց և, ինչու ոչ, նաև տղամարդկանց կմաղթեմ լինել առողջ ու գեղեցիկ, և խորհուրդ կտամ խնդիրների առկայության դեպքում անկաշկանդ, վստահ դիմել մասնագետի օգնությանը` վերջանականապես ազատվելու տարիներ շարունակ իրենց ճնշող բարդույթներից:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր