ԱՐԱՔՍՅԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

(0 votes)
Բժշկի աշխատանքային ճանապարհը հիվանդի կյանքի եւ առողջության համար ամենօրյա դժվարին պայքար է
Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, եւ  Հայաստանը նույնպես անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից եւ կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը: Աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերման համար խիստ կարեւոր է աշխատանքը սկսել հենց առաջնային օղակներից` պոլիկլինիկաներից: Բժիշկները պետք է մշտապես աչալուրջ լինեն ակնային բարդությունների նկատմամբ:
ժամանակակից ակնաբուժության խնդիրների մասին զրուցեցինք «Վ. Ավագյան» բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի բժիշկ-միկրովիրաբույժ ԱՐԱՔՍՅԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ: Բժշկուհի, ով ակնաբուժության ոլորտում կատարած իր պրոֆեսիոնալ աշխատանքի եւ մասնագիտական անմնացորդ նվիրման համար հասարակության մեջ մեծ հարգանքն է վայելում: 
-Տիկի՛ն Առաքելյան,  իրականացնում եք աչքի Էքսիմեր-լազերային վիրահատություններ: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում:
-Էքսիմեր-լազերային վիրահատությունները հիմնականում կատարվում են կարճատեսության, հեռատեսության եւ տարբեր տեսակի ասիգմատիզմների ժամանակ, իսկ դրանց նպատակը պացիենտին ակնոցից եւ կոնտակտայյին ոսպնյակներից ազատելն է. վիրահատությունից հետո լավանում է տեսողության որակը: Բարձր աստիճանի կարճատեսությունների դեպքում էքսիմեր-լազերային վիրահատությունը հիվանդության հետեւանքները չի վերացնում (օրինակ, եթե ցանցաթաղանթի վնասվածք կա), բայց շտկում է տեսողությունը, եւ այդ իսկ պատճատով հիվանդները մնում են մեր հսկողության տակ: Հիմնական ցուցումներից մեկն այն է, որ պացիենտի տարիքը պետք է լինի 18 տարեկանից բարձր,  ասինքն` հասունացման շրջանում մենք վիրահատություն չենք կատարոմ, հսկողություն է սահմանվում մինչեւ 18 տարեկան դառնալը, որպեսզի հիվանդությունը վերջնական կանգ ունենա: Մեր նպատակն է մեկ անգամ եւ այնպես կատարել վիրահատությունը, որպեսզի տեսողությունը մարդուն ծառայի մինչեւ կյանքի վերջ: Հազվադեպ բարձր աստիճանի կարճատեսության դեպքեր են գրանցվում, երբ կարող է փոքրիկ վերադարձ լինել, որն էլ շտկվում է անվճար հիմունքներով: Եթե վիճակագրությանը հետեւենք, ապա 5000-6000 մեզ դիմածներից մեկի մոտ կարող է այն կրկնվել: Այդ իսկ պատճառով նրանք մշտապես մեր հսկողության տակ են մնում: Վիրահատությունն անվնաս է համարվում, այն իրականացվում է գերժամանակակից սարքավորումներով, բայց կան մի շարք հակացուցումներ որոնց դեպքում չի կատարվում վիրահատական միջամտություն: Ուստի պարտադիր իրականացվում է 10 տեսակի հետազոտություն, եւ, եթե պարզվում է, որ պացիենտի մոտ ոչ մի ցուցանիշ խախտված չէ, կասկած չի հարուցում, ու պետք չէ հսկողություն սահմանել ժամանակի ընթացքում,  նշանակվում է վիրահատություն: Ընդ որում, նախօրոք տեղեկացվում է, թե ինչպիսի տեսողություն կունենա վիրահատական միջամտությունից հետո: Եթե պացիենտին այդ պայմանները բավարարում են, այդ դեպքում միայն կատարվում է վիրահատությունը: Բացի տարիքից, վիրահատությունը հակացուցված է նաեւ եղջերաթաղանթի կերատոկոնուս հիվանդություն դեպքում, որը լայն տարածում ունի մեր երկրում: Մոտավորապես 9 տարի է, ինչ կատարում ենք կերատոկոնուսի վիրահատություն  ժամանակակից մեթոդով, իսկ նախկինում այդ վիրահատությունը չէր կատարվում: Այն եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է, ստանում կոնի տեսք, եւ այդ իսկ պատճառով ստացել է կերատոկոնուս անվանումը: Նման հիվանդության դեպքում մարդը կորցնում է տեսողությունը աստիճանաբար` փուլերով, եւ այն կարող է հանգեցնել ընդհուպ եղջերաթաղանթի պատռվածքի:  Նախկինում սպասում էին՝ այնքան բարակի թաղանթը, որ կատարվեր փոխպատվաստում, ինչը բավականին բարդ վիրահատություն է, բացի այդ, պացիենտի համար համատեղելիության առումով թաղանթը հայթայթելու խնդիրներ էին ծագում: 
 Կարող եմ ասել, որ այս վիրահատության ներդրումով ակնաբուժության մեջ հեղափոխական շրջադարձ եղավ, այսինքն, երբ գերմանացի եւ շվեյցարացի բժշիկների համատեղ ջանքերով, նրանց հետազոտությունների արդյունքում ստեղծվեց այդ նոր մեթոդը, որը կոչվում է եղջերաթաղանթի  կռոսլինքինգ: Այն արդյունավետ վիրահատություն է, որովհետեւ ավելի թեթեւ, այլ ոչ թե ծանր ընդհանուր անզգայացմամբ է իրականացվում: Վիրահատական միջամտությունից հետո, առաջին հերթին, հիվանդությունը չի տարածվում, չի վատացնում տեսողությունը, հիվանդության կանգ է տեղի ունենում, եւ, որքան շուտ այն հայտնաբերվի, այնքան երկար կպահպանվի եղջերաթաղանթը: Ընդհանրապես շատ կարեւոր է հիվանդությունները ժամանակին հայտնաբերելը, ու, քանի որ շատ անգամ կլինիկաների, պոլիկլինիկաների բժիշկներն են առնչվում այդ հիվանդություններով հիվանդների հետ, մենք միշտ նրանց հորդորում ենք նույնիսկ փոքր կասկածի դեպքում պացիենտին խորհուրդ տալ անհապաղ անցնել եղջերաթաղանթի հետազոտություն՝ տոպոգրաֆիա, որը կարող է մեզ տալ ճշգրիտ ախտորոշում, թե ինչ հիվանդություն է զարգանում այդ պահին: Ավելի լավ է ժամանակին ստուգվել, բուժվել, քան լինեն բացթողումներ, որոնք կհանգեցնեն ավելի բարդ վիճակների: Հիշեցնեմ, որ եթե արդեն հիվանդությունը շատ բարձիթողի վիճակում է, այդ մեթոդը չի օգնի. հիվանդությունը կկանգնեցվի,  բայց լավագույն տեսողության չի բերի: 
- Բժշկուհի՛, ինչպիսի՞ մասնագիտական ճանապարհ եք անցել, և այն ինչպե՞ս կգնահատեք այսօր:  
-Կոնկրետ չեմ կարող տարեթիվ նշել, բայց կարող եմ հստակ ասել, որ մանկուց սիրել եմ բժշկի մասնագիտությունը, եւ իմ գերակա նպատակն էր բժիշկ դառնալը: Ի դեպ, մեր ընտանիքում բժշիկներ չեն եղել. ծնողներս գիտնական ու երաժիշտ են, այնպես որ՝ իմ ճանապարհն ընտրել եմ ինքնուրույն ու երբեւէ չեմ փոշմանել դրա համար: Բժշկի մասնագիտությունը շատ դժվար եւ հոգսաշատ է. շատ անգամ հիվանդի հետ վերապրում ես նրա խնդիրը ու նաեւ պետք է հոգեբան լինես նրան տրամադրելու համար: Ընդհանրապես շատ նյարդային են դարձել թե՛ հիվանդները եւ թե՛ բժիշկները: Բոլորս էլ մահկանացու ենք, հոգնում ենք օրվա ընթացքում, բայց եթե մարդը դիմել է բժշկին, պետք է նրա աշխատասենյակից բավարարված դուրս գա: Պացիենտը շատ ժամանակ ուզում է, որպեսզի բժիշկն իրեն պարզապես լսի ու հասկանա, եւ եղել են դեպքեր, որ նա ագրեսիվ տրամադրված մուտք է գործել իմ աշխատասենյակ, բայց երբ ես  հանգիստ, մեղմ պատասխանել եմ իրեն հուզող հարցերին, բավարարված, ժպիտով հեռացել է: Բժշկի համար համբերատար լինելը շատ կարեւոր գործոն է: Ես լավ էի պատկերացնում բժշկի աշխատանքային ճանապարհը, հիվանդի կյանքի եւ առողջության համար ամենօրյա դժվարին պայքարը, հասկանում էի, որ դժվար է լինելու, սակայն չընկճվեցի ու ընտրեցի հենց այդ դժվարին, ու, միեւնույն ժամանակ, պատասխանատու ու պատվաբեր աշխատանքը:  
- Որքանո՞վ  է բժշկի մասնագիտությունն օգնում կամ խանգարում հայ կնոջն ընտանիքում: 
- Եթե կազմակերպված եւ  պլանավորված ես օրդ  դասավորում, նույնիսկ կարող ես ժամանակ գտնել քո հոբբիով զբաղվելու համար: Պարտաճանաչությունը, պատասխանատվությունը, կազմակերպվածությունն ինձ փոխանցվել է հայրիկիցս, եւ ես չեմ սիրում սպասեցնել իմ պացինտներին, հերթագրված ժամին կազմակերպում եմ ընդունելությունը: Շատ դեպքերում, երբ զանազան խնդիրներով, հոգսերով տուն ես գնում, պետք է այդ ամենը պահես քո մեջ, հիվանդանոցային մթնոլորտը չփոխանցես ընտանիքիդ անդամներին: Ու սովորաբար տանը չեմ կիսվում աշխատանքային խնդիրներով: 
- Հայաստանում աչքի հիվանդությունը «երիտասարդացե՞լ է», ո՞ր տարիքային խումբն է թիրախային: 
- «Երիտասարդացել է» վերը նշված կերատոկոնուսը՝ եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդությունը, որի ժամանակ եղջերաթաղանթը հարաճուն բարակում եւ ընդունում է կոնի ձեւ: Այն հիմնականում արտահայտվում է զարգացող աստիգմատիզմով եւ կարճատեսությամբ՝ պայմանավորված տեսողության վատացմամբ: Հիվանդները գանգատվում են ակնոցի օպտիկական ուժի հաճախակի փոխելու անհրաժեշտությունից եւ կոնտակտային ոսպնյակների անտանելիությունից: Հիվանդությունների «երիտասարդացումը» կարող է պայմանավորված  լինել ինչպես գենետիկ բնույթով, այնպես էլ՝ տեղանքով, մասնավորապես, շատ է տարածված բարձրադիր գոտիներում: Դրա զարգացմանը նպաստում է նաեւ արեւի տակ շատ գտնվելը, մի խոսքով՝ հայերի մոտ այն շատ է հանդիպում: Երկրորդը կարճատեսությունն է, որի «երիտասարդացմանը», բացի հեռուստացույցը, նպաստում են նաեւ բջջային հեռախոսները, համակարգիչներն ու պլանշետները: Կարճատեսության առաջացումը երկու պատճառ ունի. երբ երեխան կտրուկ հասակ է առնում կամ հեռախոսի հետ ժամերով, երկարատեւ զբաղվում է: Ամենավտանգավորը բջջային հեռախոսն է, եւ ավելի լավ է հեռուստացույց դիտել, քան թե զբաղվել հեռախոսով:  
 
- Նախկինում ՀՀ շատ քաղաքացիներ ստիպված էին լինում վիրահատության ենթարկվելու համար արտերկիր մեկնել, սակայն այսօր միտումն այլ է. նույնիսկ այլազգի կամ սփյուռքահայ քաղաքացիներն են այդ նպատակով գալիս Հայաստան: Ինչի՞ արդյունքում հասանք նման ցուցանիշների:
 
-Մանավանդ ամռան ամիսներին շատ ենք ունենում ոչ միայն հայ, այլեւ այլազգի այցելուներ: Գալիս, այստեղ վիրահատվում են, որովհետեւ մեզ մոտ ոչ միայն գինն ավելի մատչելի է, այլեւ մեր ունեցած գերժամանակակից տեխնիկան չի զիջում արտերկրի տեխնիկային: 
 
- Կա՞ն հայտնի անձինք Ձեր կյանքում, որոնց խորհրդին մշտապես հետևում եք: Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
 
- Աշխատանքային պրակտիկաս սկսել եմ 8-րդ բուժմիավորուման ակնաբուժական մանկական բաժանմունքում՝ ակնաբուժության բնագավառի ամենավառ ներկայացուցիչներից հանգուցյալ Վերոնիկա Խրիստաֆորովնայի, Իրինա Իվանովնայի կողքին, որոնցից շատ գիտելիքներ եմ քաղել: Եվ հենց նրանք էլ եղել են իմ ուսուցիչները: Բայց երբ ի հայտ եկան նորագույն եւ լազերային մեթոդները, մեր երկրում կերատոկոնուս հիվանդության բուժման մեթոդը ինքներս ներդրեցինք: Այդ տարիներին վերապատրաստվել ենք շվեյցարացի գիտնական Թեոդոր Զեյլերի դպրոցում, Մոսկվայի Ֆյոդորովի անվան ակնաբուժական միկրովիրաբուժական ինստիտուտում, եւ ես նույնիսկ բախտ եմ ունեցել տեսնելու աշխարհահռչակ Ֆյոդորովին: Միասին մի գիտաժողովի մասնակցեցինք, որից հետո նա դժբախտ պատահարի զոհ դարձավ: Իմ նշածները մեծագույն մարդիկ էին, ակնաբուժության մեջ մեծ ավանդ ունեին, ստեղծել էին մի համակարգ, որտեղ իրականացվում էր ինչպես վիրաբուժություն, այնպես էլ՝ դեղորայքի արտադրություն, նույնիսկ գործիքների մշակում: Եվ մենք պարբերաբար օգտվում էինք այդ համակարգից:  Տարիներ առաջ Հայաստանում ներդրվեց կերատոկոնուսի բուժման մեթոդը, որը կոչվում է կրոսլինքինգ (Crosslinking): Կատարվում է եղջերաթաղանթի բարակած կոլագենային թելիկների խաչաձեւ ամրացում հատուկ ճառագայթների ու նյութի միջոցով: Այս մեթոդը կիրառվում է հիվանդության վատթար զարգացումը կանխարգելելու եւ տեսողությունը վերականգնելու նպատակով, եթե այն առաջին կամ երկրորդ աստիճանի է: Երրորդ և չորրորդ աստիճանների դեպքում կատարվում է եղջերաթաղանթի տրանսպլանտացիա` կերատոպլաստիկա դոնորական թաղանթով:
Մինչև այս մեթոդը Հայաստանում կիրառելի բուժիչ կամ կանխարգելիչ որեւէ այլ մեթոդ չկար: 2003թ. շվեյցարացի գիտնական Թեոդոր Զեյլերը, հայտնաբերելով կրոսլինքինգը, օգնեց աշխատունակ տարիքի միլիոնավոր մարդկանց պահպանել եւ որոշ չափով լավացնել տեսողությունը:  Վիրահատությունը կատարվում է տեղային ցավազրկմամբ, տեւում է մեկ ժամ: Առաջին կես ժամում եղջերաթաղանթը հագեցվում է ռիբոֆլավին եւ դեքստրան նյութերով, հաջորդ կես ժամում դրանց ավելացվում է նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթը (Special Laser):
- Բժշկուհի՛, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:
-Իհարկե մասնակցում եմ, եւ դրա մասին արդեն վերեւում նշեցի: Նախկինում, եթե նոր սարք էր ներդրվում մեզ մոտ, պետք է պարտադիր վերապատրաստվեինք: Իսկ այս օրերին արդեն  հիմնականում միջազգային գիտաժողովների ենք մասնակցում, որովհետեւ անչափ կարեւոր է փորձի փոխանակումը, նորարությունների մասին միշտ տեղեկացված լինելը: Բժշկությունն այնպիսի գիտություն, մասնագիտություն է, որ պետք է միշտ համընթաց քայլես նորարություններին: Եթե 3-4 օր չկարդաս, չծանոթանաս նորություններին, կլճանաս, կդոփես տեղում: Ակնաբուժությունը մեր երկրում այնպիսի զարգացում է ապրել, որ մեզ մոտ իրականացվում են հնարավոր բոլոր տեսակի ակնաբուժական միջամտություններ եւ բուժում: 
- Բժշկուհի՛, ոսպնյակների կրո՞ւմն եք ճիշտ համարում, թե ակնոցի:
 
-Ես ունեմ արդեն 19-20 տարվա աշխատանքային փորձ, երկար տարիներ աշխատել եմ մանկական բաժանմունքում եւ գիտեմ, որ, մանավանդ հեռու մարզերում, աղջիկները բարդույթավորված են ակնոց կրելու հարցում: Բայց ժամանակները փոխվել են, եւ մարդիկ գիտակցում են, որ 18 տարիքային շեմը լրանալուց հետո, ուշ թե շուտ, կհրաժարվեն ակնոց կրելուց: Այսօր կան ոսպնյակներ, որոնք ազատում են ակնոց կրելու խնդրից, եւ բարձր աստիճանի կարճատեսության դեպքում մեկ-մեկ գերադասելի է հենց ոսպնյակներ կրելը: Մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որ միաժամանակ կարող են կրել թե՛ ոսպնյակ, թե՛ ակնոց, քանի որ ակնոցը շատ հարմար է կրել. կարող ես այն հանել, ապա նորից կրել: Ակնոց  կրելու բացասական կողմն այն է միայն, որ, ինչքան կարճատեսությունը շատ լինի, ապակին այնքան ավելի հաստ կլինի: Իսկ ոմանք շատ դեպքերում ուղղակի չեն ցանկանում ինչ-որ բան կրել: Եթե աչքերի տեսանելիությունը զգալիորեն տարբերվում է, այդ խնդիրը հնարավոր չէ ակնոցով շտկել, քանի որ այդ տարբերությունը գլխացավ է առաջացնում, եւ նման դեպքերում ոսպնյակ կրելը շատ ավելի նպատակահարմար է: Ոսպնյակների բարդությունն էլ նրանց խնամքն է, օրինակ, քնելիս պարտադիր պետք է հանել. ինչքան էլ գերժամանակակից ոսպնյակ լինի, այն օտար մարմին է, արհեստական նյութից պատրաստված եւ չի թողնում, որ եղջերաթաղանթը շնչի: Կամ փոշոտ, կեղտոտ ձեռքերով աչքը տրորելու դեպքում կարող է ինֆեկցիա առաջացնել, որը կանցնի եղջերաթաղանթին: Հիգիենան շատ կարևոր է, այսինքն՝ կանոնները պետք է պահպանել խստագույնս եւ լիարժեք, հեղուկը փոխել ժամանակին, ուշադրություն դարձնել, որպեսզի  չկանգնենք ավելի բարդացած վիճակների առաջ: 
 
- Ձեր խորհուրդը մեր ընթերցողին:
-Առաջին հերթին կցանկանամ, որ առողջ, երջանիկ լինեն, հետեւեն իրենց առողջությանը: Շատ դեպքերում մեզ դիմում են արդեն շատ բարդացված վիճակներում, մինչդեռ տարին գոնե երկու անգամ պետք է կատարվի կանխարգելիչ ախտորոշում: Ու շատ դեպքերում դրան խանգարում է ոչ թե սոցիալական ծանր վիճակը, այլ վախի զգացումը: Եթե տեսնում ենք, որ մարդ ֆինանսապես ի վիճակի չէ բուժզննում անցնել, աշխատում ենք անվճար իրականացնել ախտորոշումը: Նախկինում՝ ԽՍՀՄ տարիներին, կար մշակված ծրագիր, որ երեխան պարտադիր մանկապարտեզ եւ դպրոց հաճախելուց առաջ պետք է անցի աչքերի հետազոտություն, հետագայում՝ անհրաժեշտության դեպքում, բուժզննում: Այդ տարիներին շատ մեծ դեր են ունեցել մանկավարժները, որոնք, նկատելով երեխայի վատ տեսողությունը, շատ արագ այդ մասին տեղեկացնում էին ծնողներին: Կարծում եմ՝ նվիրվածությունը մասնագիտական գործունեության մեջ շատ կարեւոր է, ու, եթե բժիշկը հիվանդին վստահություն ներշնչի, դա կօգնի, որպեսզի մարդիկ հետեւեն իրենց առողջությանը եւ լսեն մասնագետի խորհուրդները: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, որն ինձ հոգեկան հանգստություն է փոխանցում: 
- Ո՞րն է տեսողության պահպանման Ձեր լավագույն բանաձեւը:
- Պետք չէ, իհարկե, համեմատական անցկացնել տեսողության եւ լսողության զգայարանների միջեւ, բայց իրականում տեղեկատվությունը մարդն  առաջնահերթ ստանում է աչքերի միջոցով, որն ուղղակի կապ ունի մարդկային երջանկության, ինքնադրսեւորման հետ: Գիտնականներն էլ մշտապես պնդել են, որ մարդն արտաքին աշխարհից 90 տոկոս տեղեկատվությունը ստանում է աչքերի միջոցով: Անհատը կարող է չխոսել, չլսել, բայց եթե չի տեսնում, դրանից ավելի շատ կտուժի նրա կյանքի որակը: Ուստի կհորդորեմ բոլորին, անկախ սոցիալական վիճակից, ժամանակին դիմել բժշկի, զննում անցնել, հարկ եղած դեպքում վիրահատվել, որպեսզի կանխարգելվի հիվանդությունների հետագա զարգացումը: 
 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր