Աշոտ Նիկոլայի Հովհաննեսյան

(0 votes)

Պետք է շուտափույթ ներդնել տոտալ ապահովագրության համակարգը

Վերջին տարիներին Հայաստանը սրտաբանության ոլորտում լուրջ հաջողություններ եւ հսկայական առաջընթաց է արձանագրել: Այսօր ստեղծված են բոլոր պայմանները սիրտ-անոթային հիվանդությունների վաղ ախտորոշման եւ լիարժեք բուժման համար: Բարձրակարգ մասնագետները, ժամանակակից սարքավորումներն ու լաբորատոր համալիրը թույլ են տալիս իրականացնել բոլոր անհրաժեշտ սրտաբանական հետազոտությունները:

Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության եւ կլինիկական էլեկրաֆիզիոլոգիայի բաժանմունքն իր գործունեությունը սկսել է 2012 թվականին: Այն ստեղծվել է եվրոպական սրտաբանությանը հայտնի սրտաբանների՝ Սամ Ռիահիի (Դանիա) եւ Կրիստիան Վոլպերտի (Գերմանիա), ակտիվ օժանդակությամբ, ովքեր մեծ օգնություն են ցուցաբերել բաժանմունքին ոչ միայն բարձրակարգ սարքավորումներով, այլեւ անհրաժեշտության դեպքում մասնակցել են իրականացվող միջամտություններին՝ մշտապես ցուցաբերելով ուսուցողամեթոդական օգնություն:

Բաժանմունքում իրականացվում են բոլոր տեսակի առիթմիաների, հազվադեպ հանդիպող սինկոպէալ վիճակների ախտորոշում եւ բուժում, կարդիվերտեր-դեֆիբրիլյատորների տեղադրում՝ սրտային հանկարծամահության առաջնային եւ երկրորդային պրոֆիլակտիկայի նպատակով, ռեսինխրոնիզացնող սարքերի տեղադրում՝ սրտային անբավարարության բուժման համար, որը, ըստ էության, սրտի փոխպատվաստման այլընտրանքային տարբերակ է:

Այսօր բաժանմունքի ինտերվենցիոն ծառայությունը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Բժիշկ-ինտերվենցիոնիստներն անցել են երկարատեւ վերապատրաստում Եվրոպայի առաջատար համալսարանական կլինիկաներում եւ ամենաժամանակակից մակարդակով կատարում են կորոնարոգրաֆիա, ռենոանգիոգրաֆիա, ծայրամասային անոթների անգիոգրաֆիա: Բաժանմունքում իրականացվում է կորոնար անոթների եւ երիկամային զարկերակների անգիոպլաստիկա եւ ստենտավորում, կիրառվում են աշխարհի լավագույն արտադրողների վերջին սերնդի ստենտները: Ժամանակակից առիթմոլոգիան արդի բժշկության հազվադեպ բնագավառներից մեկն է, որն ապահովում է սրտի ռիթմի շատ խանգարումների արմատական բուժում: Բաժանմունքում նաեւ մեծ աշխատանք է իրականացվում հանկարծակի սրտային մահվան կանխարգելման համար:

Մեր զրուցակիցն է Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության եւ կլինիկական էլեկրաֆիզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ով, ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ եւ վաստակ իր ասպարեզում, մշտապես կարողանում է հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Նա բարեհամբույր, սկզբունքային մարդ է, ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ եւ արժանի է իսկական բժիշկ կոչվելու պատվին:

-Պարո՛ն Հովհաննիսյան, սրտաբանության ոլորտում ունեցած Ձեր բազմամյա փորձի տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում այսօրվա հայաստանյան սրտաբանությունը, ի՞նչ է արվում Ձեր կլինիկայում եվրոպական չափանիշներին համաչափ քայլեր անելու համար:

- Պետք է ուրախությամբ նշեմ, որ մեր կլինիկան վաղուց աշխատում է եվրոպական եւ ամերիկյան չափանիշներին համապատասխան, մեր կլինիկայում այսօր կիրառվում են ինչպես սրտի ստենտավորման վերջին սերնդի բոլոր գերժամանակակից սարքավորումները, այնպես էլ՝ առիթմոլոգիայում կիրառվող  նորագույն խթանիչ եւ բուժող սարքերը:

- Բժի՛շկ, ի՞նչ է իրենից  ներկայացնում ինտերվենցիոն սրտաբանությունը:

- Ինտերվենցիոն սրտաբանությունը սրտաբանության ամենաակտուալ ճյուղերից մեկն է, որը սկիզբ է առել դեռեւս նախորդ դարի 50-ական թվականներին, բայց բուռն զարգացում է ապրել վերջին մեկ կամ երկու տասնամյակում: Մենք փորձում ենք փոքր միջամտության օգնությամբ օգնել հիվանդներին: Վիրահատական միջամտության ժամանակ հիվանդը հիմնականում գիտակից վիճակում է լինում, եւ անոթների միջոցով հասնում ենք  սրտի տարբեր հատվածներ՝ կատարելով անհրաժեշտ միջամտությունը: Ստենտավորման ժամանակ նեղացած կամ փակված անոթների վերաբացում է իրականացվում, առաջնայինը կատարվում է անգիոպլաստիկա, այսինքն` անոթը լայնացվում է բալոնի միջոցով, որից հետո տեղադրվում է ստենտը: Պետք է ասեմ, որ անհրաժեշտության դեպքում իրականացվում է ստենտավորում դեղապատ ստենտներով, ընդ որում, նաեւ պետպատվերի շրջանակներում:

-Ամբողջ աշխարհում, կարծես թե, սիրտ-անոթային հիվանդությունները գնալով երիտասարդանում են, դրանց թիվն ավելանում  է, ինչո՞վ է այս երևույթը պայմանավորված: Սիրտ-անոթային ո՞ր հիվանդություններն են թիրախային համարվում:

-Թիրախային կարող են համարվել սրտի ռիթմի հետ կապված սիրտ-անոթային հիվանդությունները, որոնք շատ հաճախ կարող են լինել բնածին: Լինում են դեպքեր վեց ամսականից մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ: Իհարկե, մենք աշխատում ենք նման փոքր տարիքում միջամտություն չկատարել եւ հնարավորություն լինելու դեպքում երկարաձգել վիրահատության կատարման ժամկետն այնքան, մինչեւ  երեխան մի փոքր մեծանա: Ինչ վերաբերում է առիթմիաներին, ապա մեզ մոտ կատարվում են առիթմոլոգիական բոլոր միջամտությունները: Կան սարքեր, որոնք կիրառվում են կյանքին վտանգ սպառնացող տախիկարդիաների եւ առիթմիաների ժամանակ, մեզ մոտ կան նաեւ կարդիո ռեսինխրոնիզացնող սարքեր, որոնց միջոցով հնարավոր է բուժել սրտային անբավարարությունը: Բացի դրանից, մենք ունենք շատ փոքր սարք, որն ախտորոշման նպատակով տեղադրվում է մաշկի տակ, եւ դրա միջոցով հնարավոր է հետեւել մարդու կյանքի որակին երկար տարիների ընթացքում: Այն հատկապես օգտակար է, երբ հիվանդը նշում է, որ տարին մեկ կամ մի քանի անգամ վատանում կամ ուշագնաց է լինում: Սարքը գրանցում է այդ ամենը, ու մենք կարողանում ենք ճիշտ ախտորոշում կատարել: Ուզում եմ նշել, որ մեր կենտրոնը պետական է,  աշխատում ենք տենդերի պայմաններում եւ բոլոր ստենտ ներմուծող ընկերություններից պահանջում ենք սերտիֆիկատների համապատասխանություն, ինչի արդյունքում մեզ մոտ առկա ստենտները վերջին սերնդի են, որակյալ են  ու ժամկետների մեջ: Մենք աշխատում ենք պետպատվերի եւ սոցփաթեթների շրջանակներում, <<Փարոս>> ծրագրի աջակցությամբ նույնպես մեզ մոտ գալիս են հիվանդներ, որոնք ընդգրկվել են ծրագրում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախախարության որոշմամբ: Եվ նույնիսկ ամենաթանկարժեք միջամտությունները կատարվում են անվճար:

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ՝ ի՞նչ եք մտածում մեր  առողջապահության համակարգի վաղվա օրվա մասին:

- Վստահորեն կարող եմ ասել, որ մեր բաժանմունքում աշխատող բոլոր երիտասարդ կադրերը վերապատրաստված են եվրոպական եւ ամերիկյան լավագույն կլինիկաներում, ինչի շնորհիվ մենք աշխատում ենք եվրոպական ու ամերիկյան ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Օրինակ, վերփորոքային տախկարդիաների բուժման եվրոպական ցուցանիշը 95-98 տոկոս է, իսկ մեզ մոտ այն 99 տոկոսից ավելի է, իսկ դա վկայում է մեր կադրերի վերապատրաստվածության բարձր մակարդակի մասին:

-Հիվանդությունները բուժելն ավելի դժվար է, քան դրանք կանխարգելելը: Պետական կանխարգելիչ ի՞նչ ծրագրեր են իրականացվում, եւ Դուք՝ որպես բժիշկ, ինչպիսի՞ն եք տեսնում այդ ուղղությամբ պետության հետ համագործակցությունը:

-Դժբախտաբար այս օրերին կանխարգելիչ ծրագիր միայն ծխելու ուղղությամբ է տարվում, բայց մենք կցանկանայինք, որպեսզի ավելի լուրջ մոտեցում ցուցաբերվեր կանխարգելիչ ծրագրերին: Պետք է նշեմ, որ բազմիցս բաց նամակներով եւ անձամբ դիմել եմ մեր նախարարներին,  գրել հոդվածներ թերթերում, վերջերս դիմել եմ նաեւ նորանշանակ վարչապետին եւ առողջապահության նախարարին: Մասնավորապես գրել եմ, որ այլեւս հնարավոր չէ այսպես շարունակել, որ կարեւորագույն խնդիրը մեր բժշկության համակարգում ոչ թե սակագին իջեցնելն է, այլ ամբողջ բնակչությանը անվճար բուժօգնությամբ ապահովելը: Իմ կարծիքով ամենալավ տարբերակներից մեկը տոտալ ապահովագրությունն է: Այսօր շատ է խոսվում սակագների իջեցման մասին, որը, իմ կարծիքով, յուրատեսակ փակուղի է մեզ համար: Մեզ բերում են  Վրաստանի օրինակը, որ այնտեղ գները ցածր են, եւ մեր հիվանդները բուժման նպատակով սկսել են գնալ այնտեղ: Ընդ որում, չնայած գներն այնտեղ ցածր են, սակայն այդ երկրից նույնպես հիվանդներ են մեզ մոտ գալիս բուժման նպատակով: Ինձ թվում է՝ պետք է լինի կառավության կողմից աջակցվող ծրագիր, իսկ բժիշկները կարող են իջեցնել գները հիմնականում իրենց բարի կամքով, իրենց եկամուտների հաշվին: Բայց դա բերում է փակուղու, որովհետեւ կան վիրահատություններ, որոնք շատ թանկ արժեն, ինչպես, օրինակ, աորտալ փականի փոխարինումը, որն այսօր արժե 25 հազար եվրո: Պարզից էլ պարզ է, որ հասարակ մահկանացուների համար դա հասանելի չի կարող լինել: Այսօր այդ վիրահատությունը Հայաստանում երեւի ընդամենը մեկ-երկու անգամ է իրականացվել: Մի խոսքով՝ մենք պետք է շուտափույթ ներդնենք տոտալ ապահովագրության համակարգը:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հանրությանը:

-Մեր հասարակությանը կմաղթեմ համերաշխություն, համախմբվածություն: Շատ մեծ հույս ունեմ, որ մեր կառավարության կողմից համապատասխան աջակցություն կլինի, եւ Հայաստանում վերջապես առողջապահությունը կդառնա անվճար: Չէ՞ որ ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեր երկրում Սահմանադրությունը պարտավոր է առաջնահերթ պահպանել մարդու առողջությունը եւ կյանքը: Եղեք առողջ, գնահատեք ամենամեծ պարգեւը` կյանքը: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր