Նունե Բորիսի Մալխասյան

(0 votes)

 

Ամեն հիվանդի խնդրին պետք է  յուրովի մոտենալ

                 

ԼՕՌ հիվանդությունները, ցավոք սրտի, այսօր մեծ տարածում ունեն: Թույլ դիմադրողականությունը, նստակյաց կյանքը, գունանյութերով ու կոնսերվանտներով հարուստ սնունդը, հակաբիոտիկների չարաշահումը, ինչպես նաեւ հարբուխը, գրիպը եւ տարբեր վիրուսները կարող են նպաստել քթի, կոկորդի ու ականջի հիվանդությունների առաջացմանը:

Երեւանի թիվ 2 բուժմիավորման  քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի մասնագետներն ունեն տարիքային տարբեր խմբերի հիվանդների հետ շփման հարուստ փորձ: Բաժանմունքում կատարվում են հետեւյալ վիրահատությունները՝ խոանալ պոլիպի հեռացում, քթի պոլիպոտոմիա, ստորին խեցիների հատում, միջնապատի պլաստիկա, քթի խեցիների գերձայնային դեզինտեգրացիա, հայմորոտոմիա, ֆրոնտոտոմիա, քիթ-ըմպանային նշիկի հեռացում, արտաքին լսողական անցուղու էկզոստոզի հեռացում, միրնգոտոմիա, անտրոմաստոիդոտոմիա, տրախետոմիա, տոնզիլեկտոմիա, սեպտոտոմիա, հայմորոտոմիա, ականջախեցու դեֆորմացիաներ՝ լոշտակություն:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է թիվ 2 բուժմիավորման,  ինչպես նաեւ «Վարդանանց» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան, իր գործի լավ գիտակ ՆՈՒՆԵ ՄԱԼԽԱՍՅԱՆՆ է, ով պատրաստ է մանրամասն ու մատչելի բացատրել հիվանդության սկզբնաղբյուրները, բուժման ընթացքն իր առանձնահատկություններով ու նրբություններով:

- Տիկի՛ն Մալխասյան,  ինչպիսի՞ խնդիրներով են Ձեզ ավելի շատ դիմում:

-Մեզ ավելի հաճախ դիմում են քթային դժվարությունների, քթահոսության խնդիրների դեպքում, որոնք պացիենտի մոտ արտահայտվում են գլխացավով, դեմքի շրջանում՝ ծանրության զգացումով, ավելի շատ՝ սինուսիտներով, քթի հարակից ծոցերի բորբոքումով, որոնք հիմնականում քրոնիկական բնույթ են կրում: Լինում են նաեւ սուր դեպքեր, երբ պացիենտն ունենում է գլխացավ, հոգնածության զգացում, ընդհանուր թուլություն, դյուրագրգիռ վիճակ:

-Ի՞նչ նորագույն մեթոդներ ու նորամուծություններ են կիրառվում բաժանմունքում, ինչպիսի՞նն է նյութատեխնիկական բազան:

-Մեր բաժանմունքում առկա է անհրաժեշտ տեխնիկական բազան. հիվանդության վաղ ախտորոշման համար կա վերջին սերնդի համապատասխան տեխնիկա, որը շատ է հեշտացնում մեր աշխատանքները: Կան այնպիսի սարքեր, որոնց միջոցով հնարավոր է անմիջապես, ըստ օբյեկտիվ ու սուբյեկտիվ տվյալների հաստատել հիվանդության ընթացքը եւ կազմակերպել հետագա ճշգրիտ ու արդյունավետ բուժումը:

  • Պացիենտն ինչպե՞ս հասկանա, թե որտեղ է գտնվում խնդրահարույց օջախը, քանի որ գործ ունենք երեք փոխկապակցված օրգան-համակարգերի հետ:
  • Եթե ունենում են ուժեղ գլխացավեր՝ կապված քթի փակվածության, քթից արտադրության հետ կամ էլ ցավեր դեմքի շրջանում, դա նշանակում է, որ հարակից խոռոչներն արդեն ներգրավված են պրոցեսի մեջ: Եվ դա արդեն իսկ ահազանգ է, որպեսզի դիմեն մասնագետի: Այսինքն՝ դա հասարակ ռինիտ չէ, որի դեպքում խանգարվում է նորմալ շնչառական համակարգի ընթացքը, ձայնային ռնգախոսություն է նկատվում, ձայնն արձագանքվում է ականջներում, կարող է զգացվել նաեւ ականջների փակվածություն՝ նայած, թե ինչ փուլում է գտնվում հիվանդության ընթացքը:

-Բժշկուհի՛, մի փոքր ներկայացրեք Ձեր մասնագիտական ուղին:

-Ես մանկական քիթ-կոկորդ-ականջաբան եմ, բայց մասնակցում եմ տարբեր վերապատրաստումների, որպեսզի ընդլայնեմ իմ մասնագիտական գիտելիքները ոչ միայն մանկական պաթոլոգիաների ոլորտում: Եվրոպական շատ գիտաժողովների եմ մասնակցել, փորձի փոխանակում կատարել, համագործակցել <<Վարդանանց>> բժշկական կենտրոնի հետ: Բացի այդ, այսօր ինտերնետային պորտալը մեզ թույլ է տալիս հետեւելու նորարարություններին, համընթաց քայլելու դրանց հետ: Մեր երկրում էլ կազմակերպվում են գիտաժողովներ, որոնց նույնպես միշտ մասնակցում ենք: Ես նաեւ մեր մասնագիտական ասոցիացիայի անդամ եմ, շուտով մեկ ամսով պետք է Վիեննա գնամ վերապատրաստման, որպեսզի մասնակցեմ ախտորոշման եւ բուժման գործընթացներին, ծանոթանամ մեր ոլորտում նրանց մոտեցումներին: Ուզում եմ հավելել, որ ունեմ առաջին օղակում՝ պոլիկլինիկայում 20 տարվա աշխատանքային ստաժ: Ես շատ եմ սիրում իմ՝ բավականին հետաքրքիր մասնագիտությունը, մեծ սիրով եմ աշխատում, ամեն հիվանդի խնդրին յուրովի, համարժեք եմ մոտենում, քանի որ բժշկության մեջ նույնանման բուժում գոյություն չունի: Ընդհանրապես հիվանդները տարբեր են. կան իրենց խնդրի մասին թե՛ տեղեկացված, թե՛ չտեղեկացված պացիենտներ, կան նաեւ ավանդական ու ժողովրդական ճանապարհով սխալ տեղեկացված մարդիկ, եւ դա ավելի է դժվարեցնում մեր աշխատանքը:

Բարեբախտաբար, կան նաեւ ուշադիր ծնողներ, որոնք իրենց երեխայի՝ տարին երեք անգամ հիվանդանալու դեպքում որոշում են նրա նշիկները հեռացնել՝ լավ գիտակցելով, որ հետագայում բարդություններ կլինեն, որոնք կարտահայտվեն հոդացավերի, հոդերի բորբոքման, սրտի եւ երիկամների խնդիրներով:  

-Տարիքային սահմանափակում կա՞ այդ վիրահատական միջամտությունն իրականացելու համար:

-Պետք է երեխան վիրահատվի չորս տարեկանից սկսած, որովհետեւ դրանից փոքր տարիքում կարող է հիվանդանալ, բայց ոչ թարախային անգինայով: Ի դեպ, նշիկների վիրահատությունը նախկինում կատարում էին տեղային, իսկ հիմա՝ ընդհանուր անզգայացմամբ:

-Բժշկուհի, մի փոքր խոսեք օտիտների եւ ադենոիդների մասին:

-Արտաքին ականջաբորբ (օտիտ) առաջանում է այն դեպքում, երբ  միկրոօրգանիզմներն ընկնում են արտաքին լսողական անցուղու վնասված մաշկի վրա։ Արտաքին ականջաբորբի հիմնական ախտանշանը քորն է։ Ականջն ուժեղ ցավում է միայն սեղմելիս, լսողությունը քիչ է տուժում։

Միջին ականջաբորբը լինում է սուր եւ քրոնիկական։ Միջին ականջի սուր բորբոքումն ավելի հաճախ հանդիպում է մանկական տարիքում։ Հիվանդության ընթացքը ծանր է, ուղեկցվում է ականջի ուժեղ ցավով, բարձր ջերմությամբ, լսողության զգալի թուլացմամբ, հնարավոր են ուղեղապատյանների եւ գլխուղեղի բարդություններ։ Միջին ականջաբորբի սուր տեսակն առաջացնում են վարակիչ հիվանդությունների (գրիպ, սուր շնչառական հիվանդություններ, կարմրուկքութեշ եւ այլն) հարուցիչները՝ ախտահարելով վերին շնչուղիները, եւ բորբոքային գործընթացը քթաըմպանից եվստախյան խողովակով անցնում է թմբկախոռոչ։ Երբեմն թարախը, ճեղքելով թմբկաթաղանթը, դուրս է գալիս արտաքին լսողական անցուղով։ Միջին ականջի սուր բորբոքման առաջացմանը (հատկապես՝ երեխաների) նպաստում են գեղձանմանները, պոլիպները, քթի միջնապատի ծռումները։

Միջին ականջի քրոնիկական բորբոքման ժամանակ թմբկաթաղանթում մշտական ճեղք է մնում, քայքայվում են լսողական ոսկրիկները, լսողությունը թուլանում է, իսկ թարախահոսությունը՝ ժամանակ առ ժամանակ կրկնվում։ Քրոնիկական ականջաբորբը հատկապես վտանգավոր է, երբ ականջում առաջանում է, այսպես կոչված, ոսկրափուտ (խոլեստեատոմա), ոսկրն աստիճանաբար քայքայվում է, եւ թարախային գործընթացն անցնում է ներքին ականջ՝ առաջացնելով ներքին ականջաբորբ՝ լաբիրինթաբորբ։ Հիվանդի մոտ առաջանում են գլխապտույտսրտխառնոց կամ, նույնիսկ, փսխում, հավասարակշռության խախտում, անվստահ քայլվածք եւ այլն։

Եթե դա ժամանակին չի բուժվում, ապա կարող են առաջանալ ավելի վտանգավոր ներգանգային բարդություններ՝ ուղեղապատյանաբորբ, արյան վարակում, նույնիսկ գլխուղեղի հյուսվածքների թարախակույտ։ Ցավոք, հաճախ հիվանդները տասնյակ տարիներ տառապում են քրոնիկական ականջաբորբով, այսինքն՝ ջերմություն են ունենում, ուժեղ գլխացավ, խոսքի խանգարում, բայց չեն դիմում բժշկի՝ մինչդեռ այդ ամենի պատճառը ականջի թարախային օջախն է։ Միջին ականջի քրոնիկական բորբոքումը պետք է կանոնավոր բուժել եւ անպայման՝ քիթկոկորդականջաբանի հսկողությամբ։

Մանկական տարիքում շատ են հանդիպում ռինիտներ, քանի որ այդ ժամանակ էթմոիդիալ ծոցերի բորբոքում է նկատվում, իսկ մնացած խոռոչներն այդքան զարգացած չեն: Լինում են տոնզիլիտներ, որոնց դեռ քրոնիկական չենք կարող ասել, ինչպես նաեւ ականջի օտիտներ: Տոնզիլիտի հետվիրահատական շրջանում կարող է արյունահոսություն, ձայնի փոփոխություն նկատվել: Երբ հեռացվող նշիկները մեծ են լինում, կարող է տեղի ունենալ ձայնային ինտոնացիայի փոփոխություն: Ամեն դեպքում ավելի հեշտ է նշիկները վիրահատել մանկական, քան թե մեծ տարիքում: Արդեն մեծ տարիքում  սինուսիտների խնդիրն է ծագում: Վերջին տարիներին էլ ալերգիկ  ռինիտներ են շատ հանդիպում. կարծես դարի հիվանդություն լինեն:

Ադենոիդներն ավելի հաճախ հանդիպում են մանկական հասակում, երբ դիմային գանգի ոսկրերը շարունակում են աճել` ձեռք բերելով մեծահասակին բնորոշ կոնֆիգուրացիա, եւ երբ ձեւավորվում է ատամնաշարը: Դրանք, իհարկե, ոչ այնքան հաճախ հանդիպում են նաեւ մեծահասակների շրջանում: Ադենոիդները կարող են դառնալ քթային շնչառության կայուն խանգարման, քթի եւ հարքթային ծոցերի լորձաթաղանթի կանգային պրոցեսների, ինչպես նաեւ կայուն ռինիտների եւ միջին ականջաբորբերի առաջացման պատճառ: Ախտանշաններն են՝ քթային դժվարաշնչություն, քրոնիկական ռինիտ, լսողության վատթարացում, հաճախակի գլխացավեր, տրամադրության եւ ախորժակի անկում: Ադենոիդ հյուսվածքի գերաճով տառապող հիվանդների քթային շնչառության վերականգնման հիմնական եղանակը վիրաբուժականն է (երբեմն կիրառվում է նաեւ դեղորայքային բուժում): Ժամանակին կատարված ադենոտոմիան (գերաճի հեռացման վիրահատությունը) կանխում է քթի եւ հարքթային ծոցերի հիվանդությունների ու դիմածնոտային ապարատի անկանոնությունների (ստոմատիտ, գինգիվիտ, կարիես եւ կծվածքի խանգարում) զարգացումը:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կանխարգելիչ մեթոդներ կառաջարկեք, ի՞նչ խորհուրդ կտաք մեր հասարակությանը, որպեսզի շնչառական խնդիրների հետ չբախվեն:

-Հասարակությանը կցանկանամ, որ ժամանակին դիմի բժշկի, քանի որ ավելի հեշտ ու նպատակահարմար է կանխարգելել հիվանդության հետագա բարդությունների առաջացումը, քան թե դիմել վիրահատության կամ բարդ ու ծախսատար միջամտությունների:  Բայց, ցավոք, մեզ մոտ բժշկին դիմելու սովորույթը, կուլտուրան դեռ զարգացած չէ: Դրա պատճառներից մեկը գուցե այն է, որ մեր բնակչության մեծ մասը ստիպված է դրա համար վճարել, բայց շատերը պարզապես վճարունակ չեն, ուստի չեն դիմում այդ քայլին: Մինչդեռ արտերկրում գործում է պարտադիր բժշկական ապահովագրություն, եւ նույնիսկ ամենաաննշան խնդիրների առաջացման դեպքում մարդիկ կարողանում են դիմել բժշկի: Թեեւ մեզ մոտ էլ կան առաջնային բժշկական օղակներ, որտեղ բուժումն ու սպասարկումն անվճար է:

Ուզում եմ ընթերցողներին խորհուրդ տալ զերծ մնալ չմտածված քայլերից, որոնք կարող են վնասել իրենց իսկ առողջությունը, եւ մաղթել նրանց ամուր առողջություն ու երկարակեցություն:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր