Ռաֆիկ Գրիգորիի Շահպարոնյան

(0 votes)

Գեղեցիկին ձգտելը սխալ չէ, ուղղակի պետք է ճիշտ ժամանակին կանգ առնել

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են  անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում երբեմն նեղ մասնագետների գործունեության դաշտը խաչվում է, ինչպես, օրինակ, դիմածնոտային վիրաբույժի ու պլաստիկ վիրաբույժի կատարած միջամտությունները դեմքի շրջանում: Վիճել, թե որ մասնագետը կարող է ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, կառուցողական չէ: Ինչքան որակավորումդ ավելի ընդգրկուն լինի, այնքան ավելի վստահելի կլինի կատարվող աշխատանքի արդյունքը: http://bestgroup.am/ կայքի հարցազրույցը <<Նյու-Մեդ>> բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի եւ Գյումրու <<Ավստրիական մոր եւ մանկան հիվանդանոց>>-ի դիմածնոտային եւ պլաստիկ վիրաբույժ  ՌԱՖԻԿ ՇԱՀՊԱՐՈՆՅԱՆԻ հետ է: Չնայած բավականին երիտասարդ տարիքին, նա ունի մասնագիտական մեծ փորձ, գործնական եւ տեսական բարձր պատրաստականություն:

-Պարոն Շահպարոնյան, Ձեր կարծիքով ի՞նչ մակարդակ ունի դիմածնոտային վիրաբուժությունը Հայաստանում:

-Դիմածնոտային վիրաբուժությունը Հայաստանում, բարեբախտաբար, բարձր մակարդակ ունի, քանի որ կան բավականին լավ մասնագետներ, որոնցից մեկը իմ ուսուցչուհի  Աննա Յուրիի Պողոսյանն է` մեր ասոցիացիայի նախագահը: Եվ պատահական չէ, որ միջազգային կոնգրեսների, կոնֆերանսների ժամանակ հայ բժիշկների ներկայացրած աշխատանքները չեն զիջում արտերկրի բժիշկների աշխատանքներին:

-Բժշկի մասնագիտությունը շատ բարդ է ու պատասխանատու: Ինչո՞ւ ընտրեցիք հենց դիմածոնատային վիրաբուժությունը որպես նեղ մասնագիտացում:

-Վերջնական որոշումս կայացրել եմ, երբ արդեն ուսանում էի բարձր կուրսերում, իսկ 6-7-րդ դասարաններում դա ընդամենը թեթեւ, պատանեկան երազանք էր: Հավելեմ նաեւ, որ իմ արմատներում բժիշկներ չկան: Եթե եղել են, ապա, երևի, 80-100 տարի առաջ:

-Հիմնականում դիմածնոտային ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:

-Բավականին երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք ավելի շատ էսթետիկ վիրահատության ձգտող պացիենտների հետ: Հատկապես վերջին չորս ամիսների ընթացքում ավելի շատ կատարում ենք դեմքի էսթետիկ փոփոխություններ, քթի, ականջների պլաստիկա, լոշտակության շտկում, վերին եւ ներքին կոպերի տարիքային կախվածության վերացում եւ նման այլ վիրահատություններ: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ ես եւ իմ գործընկերը կատարում ենք նաեւ կրկնակի վիրահատություն` կողաճառի տեղափոխություն, որն այսօրվա դրությամբ ոչ բոլոր բժշկական կենտրոններում է իրականացվում:

Իհարկե, հանդիպում են նաեւ կոտրվածքների, բորբոքումների խնդիրներով դիմողներ:

-Կա՞ն արդյոք հակացուցումներ նշված վիրահատությունների դեպքում:

- Ընդհանրապես բոլոր, այդ թվում, իհարկե, նշված վիահատությունների դեպքում կան բացարձակ եւ հարաբերական հակացուցումներ, որոնք վերաբերում են ինչպես վիրահատությանը, այնպես էլ ընդհանուր անզգայացմանը: Եթե մենք խոսում ենք կոնկրետ պլաստիկայի մասին, ապա այդ վիրահատություններն էսթետիկ նպատակ են հետապնդում, պլանային են, ու մինչեւ վիրահատությունը իրականացվում են հետազոտություններ, բորբոքային, քրոնիկական խնդիրներ լինելու դեպքում կատարվում են շտկումներ:  Երբեմն մենք ստիպված ենք լինում մեկի փոխարեն կատարել համակցված վիրահատություններ` պայմանավորված, օրինակ, հայմորյան խոռոչի կիստաների հեռացմամբ: Իսկ ինչ վերաբերում է բացարձակ հակացուցումներին, ապա դրանք իրականում չկան:

-Ի՞նչ մակարդակ ունի Ձեր կլինիկայի նյութատեխնիկական բազան:

-Մեր բժշկական կենտրոնն ապահովված է բավականին բարձր մակարդակի նյութատեխնիկական բազայով, քանի որ դրանով զբաղվում են ոչ միայն մեր կլինիկայի տնօրինությունը, ադմինիստրացիան, այլ նաեւ մենք` բժիշկներս, որպեսզի ապահովենք վիրահատական եւ հետվիրահատական անձնակազմի բժշկական պատրաստվածության բարձր մակարդակը: Եթե մեր պացիենտները դժգոհ լինեն նույնիսկ ամենաչնչին հարցից, ապա մեզ դիմողների թիվը, բնականաբար, կտրուկ կնվազի, ինչը մեզ ձեռնտու չէ: Չպետք է մոռանալ, որ վիրահատության դիմող պացիենտն ինքն է ընտրում բժշկական հաստատությունը եւ իր բժշկին, ու յուրաքանչյուր մանրուք մեծ դեր է խաղում այդ  հարցում:  

-Տեղյակ ենք, որ աշխատում եք նաեւ Գյումրու <<Ավստրիական մոր եւ մանկան հիվանդանոց>> -ում: Ի՞նչ վիրահատական միջամտություններ եք իրականացնում այնտեղ:

- Արդեն մոտավորապես ութ ամիս է, ինչ շաբաթ օրերին Գյումրու <<Ավստրիական մոր եւ մանկան հիվանդանոց>>-ի տնօրեն Աշոտ Կորյունի Կուրղինյանի աջակցության գրեթե բարեգործական հիմունքներով  իրականացնում ենք վիրահատություններ` կապված շնչառական խնդիրների, պլաստիկայի հետ: Ընդ որում, պլաստիկայի դեպքում վիրահատությունն իրականացվում է նվազագույն ծախսերով, հաշվի է առնվում միայն հիվանդանոցի ծախսերը: Մեր աձնակազմը համաձայնության է եկել ինձ հետ նման վիրահատություններ կատարել մեր գյումրեցիների համար, քանի որ թե ես, թե ասիստենտս գյումրեցի ենք: Եվ մենք անչափ գոհ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել մեր գյումրեցիներին:  

-Կարողանո՞ւմ եք մասնակցել նաեւ վերապատրաստումների:

-Եթե ասեմ, որ հասցնում եմ իմ ցանկացած բոլոր վերապատրաստումներին մասնակցել, դա ճիշտ չի լինի, բայց ամեն դեպքում փորձում ենք ետ չմնալ դրանցից: Վերջին միջոցառումը, որին մենք մասնակցել ենք, մեր վրացի գործընկերների նախաձեռնությամբ տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս առաջ: Նկատի ունեմ 12-րդ միջկովկասյան կոնգրեսը` նվիրված պլաստիկային եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժությանն ու կոսմետոլոգիային: Բավականին մեծ կոնֆերանս էր, որին հրավիրված էին շատ երկրների բժիշկներ, եւ փորձի փոխանակություն ու նոր ծանոթություններ եղան: Հույս ունենք, որ նոյեմբերի վերջին նորից նման մի կոնֆերանսի կմասնակցենք: Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ դրանց մասնակցում են նաեւ մեր հայ բժիշկներից շատերը, ովքեր բարձր մակարդակով ներկայացնում են իրենց աշխատանքները:

-Իսկ Ձեզ համար  ո՞րն է գեղեցկության չափանիշը:

-Գեղեցկությունը  սուբյեկտիվ հասկացություն է, եւ դրա մասին պատկերացումների 50 տոկոսը չի համընկնում պացիենտի ճաշակի հետ: Բոլոր դեպքերում մենք փորձում ենք մեր ստացած արդյունքը համապատասխանեցնել գրքային սիմետրիայի եւ ասիմետրիայի կանոններին, որպեսզի նայողը ենթագիտակցական մակարդակում հասկանա, որ իր տեսածը գեղեցիկ է: Իհարկե պետք է պարտադիր նշել այն դեպքերը, երբ խնդիրն առնչվում է տարիքային փոփոխություններին: Երբեմն հոգեբանական խնդիրների առկայության դեպքում փորձում ենք պացիենտին օգնել մեր բազային գիտելիքներով, իսկ եթե դա չի բավականացնում, ապա փորձում ենք նրան ուղարկել մեր կոլեգա հոգեբանների մոտ: Բայց նման դեպքեր շատ քիչ են հանդիպում: Լինում են դեպքեր, երբ, անկախ արդյունքից, պացիենտը դժգոհ է մնում, քանի որ նրան պետք չէ այդ արդյունքը ստանալ: Նա, անընդմեջ իր վրա փոփոխություններ կատարելով, մշտապես ցանկանալով հասնել ամենակատրյալին եւ չբավարարվելով արդյունքից, սթրեսի է ենթարկում իր օրգանիզմը: Եվ շատ դեպքերում մենք մերժում ենք այդ պացիենտներին, գիտակցում ենք, որ, միեւնույն է, իրենք գոհ չեն լինելու կրկնակի վիրահատությունների դեպքում էլ: Ընդհանրապես գեղեցիկին ձգտելը սխալ չէ, պարզապես պետք է ճիշտ ժամանակին կանգ առնել:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Բոլորին մաղթում եմ առողջություն, ցանկանում, որ մեր հայ բժիշկներն ունենան այնպիսի լավ ուսուցիչներ, ինչպիսին ես եմ ունեցել, որ մշտապես կատարելագործվեն եւ տեղում չդոփեն, առաջ ընթանան: Իսկ պացիենտն էլ պետք է լավ գիտակցի, որ բժիշկների աշխատանքն անչափ բարդ է, եւ նրանք օգնում են իրենց ցանկություններն իրականացնելու հարցում:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր