Print this page
Անահիտ Անանյան

Անահիտ Անանյան

(0 votes)

Մանկաբարձ-գինեկոլոգը գործ ունի երկու` մոր եւ պտղի կյանքի հետ

Հղիությունը կնոջ կյանքում կարեւոր եւ հուզական շրջան է, որը  համարվում է նորմալ ֆիզիոլոգիական վիճակ: Սակայն բժշկական տեսանկյունից այն  դիտվում է որպես սահմանային  դրություն, քանի որ այդ շրջանում կարող են գլուխ բարձրացնել մինչ հղիությունն ընկած ժամանակահատվածում կնոջ կյանքում հանդիպած հիվանդությունները, կամ ի հայտ գալ նոր խնդիրներ: Առհասարակ, եթե հղիությունը նույնիսկ հարթ է ընթանում, միեւնույն է, օրգանիզմում տեղի են ունենում մի շարք բարդ հորմոնալ, նյարդային եւ ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք, բնականաբար, կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Մի խոսքով` հղիությունը կնոջ համար սահմանային վիճակ է նորմայի եւ պաթոլոգիայի միջեւ:

Հոգեբանական տեսանկյունից հղիության ընթացքում նյարդահոգեբանական փոփոխությունները հիմնավորված են հորմոնալ ֆոնի փոփոխություններով, որոնք առաջացնում են մի շարք  էմոցիոնալ հոգեվիճակներ: Նման  դեպքերում, մանկաբարձ-գինեկոլոգից բացի, երբեմն հղիի հետ աշխատելիս մասնագիտական միջամտություն է ցուցաբերում նաեւ հոգեբանը: Որքան էլ առաջին հղիությունը համարվի  ցածր ռիսկային,  իսկ նորմալ ընթացող կրկնածին հղիությունը`ոչ  ռիսկային, այնուամենայնիվ,  հղիության ընթացքում հղիի այցերի քանակը  հետազոտությունների  համար պետք է մի փոքր ավելին լինի: Երբեմն լինում են դեպքեր, երբ կինը  հղիության ընթացքում շատ լավ ինքնազգացողություն է ունենում, սակայն նրա օրգանիզմում տեղի են ունենում մի շարք բարդ ախտաբանական երեւույթներ:

  http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի  <<Բարձր ռիսկի խմբի հղիների>> բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՆԱՀԻՏ ԱՆԱՆՅԱՆԸ:

-Տիկի´ն Անանյան, ի՞նչ տեխնիկայով է հագեցած ձեր բաժանմունքը, եւ ի՞նչ նորագույն մեթոդներ են կիրառվում ձեզ մոտ:

-<<Էրեբունի>> բժշկական կենտրոնը հագեցած է հղիության սկզբնական շրջանից մինչեւ ծննդաբերություն, հետծննդյան շրջան մեր պացիենտներին սպասարկելու համար անհրաժեշտ տեխնիկայով եւ բոլոր ժամանակակից սարքավորումներով:

-Բժշկուհի´, հիմնականում ի՞նչ մանկաբարձագինեկոլոգիական խնդիրներով են ձեզ դիմում:

-Մեր կլինիկա դիմում են տարատեսակ մանկաբարձագինեկոլոգիկան խնդիրների դեպքում` սկսած անպտղությունից, վերջացրած ամենատարբեր խնդիրներով հղիները, որոնք մեր հսկողության տակ են մնում մինչեւ ծննդաբերությունը: Մեզ մոտ աշխատում են նեղ մասնագիտացում անցած, ինչպես նաեւ բժշկության տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ, որոնք 24 ժամ հասանելի բուժօգնություն են ցուցաբերում մեր պացիենտներին: Առհասարակ մեզ դիմում են տարբեր սոմատիկ հիվանդություններով հղիներ, որոնք, լինելով մեր հսկողության տակ, անցնում են հետազոտություն, ստանում անհրաժեշտ բուժօգնություն, եւ նրանց հետագա հսկողությունը իրականացվում է ըստ ցուցումների:  

-Հայ կանանք որքանո՞վ են ուշադիր սեփական առողջության նկատմամբ:

-Ուրախությամբ պետք է նշեմ, որ բավականին մեծ տոկոս են կազմում այն կանայք, ովքեր հետեւում են իրենց առողջությանը: Մեզ հատկապես  դիմում են սեռական կյանքին առնչվող խնդիրներով: Կան նաեւ պացիենտներ, որոնք պարտադիր ամեն տարի դիմում են մեզ, անցնում համապատասխան եւ անհրաժեշտ համակցված հետազոտություններն ու ստանում իրենց անհրաժեշտ բուժօգնությունը:

-Անպտղության ի՞նչ վիճակագրություն կա մեր հանրապետությունում:

-Անպտղությունը հանրապետությունում կազմում է մոտավորապես 10-20 տոկոս: Եթե հայտնաբերվում է, որ զույգն անպտուղ է, երեւի թե,  0,01 տոկոսի մոտ է ախտորոշվում, որ բուժման ոչ մի մեթոդ հասանելի չէ: Փառք Աստծո, արդի բժշկությունն արագ տեմպերով, նորարարություններին համընթաց քայլում է նաեւ Հայաստանում, ունենք վերարտադրողական լավագույն կենտրոններ, որտեղ լուծվում է անպտղության խնդիրը` ընդուպ մինչեւ փոխնակ մայր ունենալը: Եվ ուրախալի է, որ, եթե նախկինում ամուսնությունից հետո էին հիմնականում մեզ դիմում, ապա այսօր դիմում են  նաեւ երիտասարդ, դեռահաս աղջիկներ: Ուրախալի փաստ է, որ կանայք դարձել են ավելի տեղեկացված, որովհետեւ ապրում ենք ինտերնետային դարաշրջանում, ու, եթե ճշգրիտ, գրագետ կայքերից են օգտվում, ապա, կարդալով իրենց գանգատների եւ խնդրի մասին. հասկանում են, որ ունեն մասնագետի կարիք; Իհարկե, լինում են նաեւ դեպքեր, երբ ոչ գրագետ կայքերից սխալ տեղեկատվություն են ստանում:

-Բժշկուհի', ե՞րբ ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

- Մայրիկիս հայրիկը երազել է, որ դուստրը դառնա բժշկուհի, բայց դա մնացել է զուտ երազանք: Հորեղբայրս եւ եղբայրս բժիշկներ են, եւ ինձ դեռ մանկուց սերմանվել է սեր դեպի բժշկությունը, ու ես ութերորդ դասարանում հստակ որոշեցի, որ դառնալու եմ բժշկուհի: Երբ ուսանում էի չորրորդ կուրսում, մանկաբարձություն եւ գինեկոլոգիա առարկան ինձ դասավանդում էր հրաշալի դասախոս Մեդեա Նիկիտիչնան, ով ինձ տվեց գիտելիքների մեծ բազա, եւ ես մանկաբարձ-գինեկոլոգ դառնալու արդեն վերջնական որոշում կայացրեցի:  Ընտրության հարցում կարեւոր նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ երեխաներ շատ, չափից ավելի եմ սիրում: Թող ինքնագովություն չթվա, եթե ասեմ, որ ինձ համարում եմ պատասխանատու եւ մասնագիտությունն անչափ սիրող մարդ: Իսկ նեղ մասնագիտացում անցնելու տարիներին ինձ դասավանդել են մարդիկ, որոնց համարում եմ իմ ուսուցիչները` Անդրանիկ Պողոսյան, Կարեն Մելիքյան, Էդիտա Ղարիբյան (նա ներկայումս մեր բաժանմունքի ղեկավարն է), Արմեն Խուրշուդյան, Տիգրան Հովհաննիսյան, Սյուզաննա Բաբլոյան եւ Լիլիթ Հովսեփյան: Բոլորից սովորել ու ոգեշնչվել եմ եւ  իմ մասնագիտական կայացման մեջ շնորհակալ եմ իրենց:

Նշեմ նաեւ, որ հասցնում եմ ամեն տարի մասնակցել վերապատրաստումների եւ վերջերս եմ վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: Եվ ընդհանրապես ցանկացած բժշկի խորհուրդ կտամ, որ անպայման վերապատրաստումների մասնակցելու ժամանակ գտնի, որպեսզի կարողանա մշտապես ձեռքը պահել օրեցօր զարգացող բժշկության զարկերակի վրա: Չէ՞ որ ցանկացած մանկաբարձ-գինեկոլոգ գործ ունի երկու` մոր եւ մանկան կյանքի հետ, իսկ դա կրկնակի պատասխանատավություն է ենթադրում:  

-Գոյություն ունի՞ տարիքայի շեմ, որից հետո անհնարին է հղիությունը:

-Իհարկե, իրականում գոյություն ունի տարիքային շեմ, բայց այսօր ես իմ հսկողության տակ ունեմ 52 տարեկան հղի կին, որը սպասում է զույգ պտղի լույս աշխարհ գալուն: Իսկ ընդհանրապես կինը պտղաբեր է համարվում մինչեւ 45 տարեկանը, որից հետո արդեն ամեն ինչ կախված է կնոջ օրգանիզմի եւ իր բիոֆիզիկ վիճակից: Ի դեպ, 54 տարեկան կին էլ ենք ունեցել մեր բաժանմունքում հսկողության տակ, որը լույս աշխարհ է բերել բալիկի:

-Ձեր բաժանմունքում կեսարյան հատմա՞մբ, թե բնական ճանապարհով ծնունդներն են ավելի շատ:

-Մեր կլինիկայում կեսարյան հատումը իրականացվում է միմիայն ցուցումներով, որոնք լինում են բացարձակ եւ հարաբերական: Երբեմն կինը ինքն է համառորեն պահանջում, որ իրականացվի կեսարյան հատում: Ծննդլուծումը իրականում հոգեբանական վիճակի խնդիր է, եւ նման դեպքերում նրանց հետ բովանդակալից զրուցում ենք, փորձում բացատրել հետագա բարդությունները: Բայց լինում են նաեւ դեպքեր, երբ կինը իր հղիության 9 ամիսների ընթացքում հստակ որոշում է կայացրել գնալ այդ քայլին, եւ ոչ ոք չի կարող նրան հակառակը համոզել: Բայց դա շատ չնչին տոկոս է կազմում` մի քանի դեպք տարվա կտրվածքով: Երբեմն կինը ինչ-ինչ պատճառով առաջնեկին ծննդաբերել է կեսարյան լուծմամբ, բայց երկրորդ երեխային ունենում է բնական ճանապարհով: Ինչ խոսք, երբ ցանկացած մանկաբարձ-գինեկելոգ հղի կնոջը նախապատրաստում է ծննդաբերության, համոզում է, որ ծննդաբերի բնական ճանապարհով, քանի որ կեսարյան հատումը վիրահատական միջամտություն է, որը հաճախ ունենում է հետվիրահատական բարդություններ:

- Երիտասարդ կադրերի հետ շփվելով` ինչպե՞ս եք գնահատում նրանց ձգտումը, նվիրվածությունը իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ:

-Շատ եմ գնահատում իրենց գործում կատարյալին հասնելու նրանց նվիրվածությունը, ձգտումը եւ ունեմ իմ սիրելի օրդինատորները, որոնց հետ արդեն ընկերներ ենք: Նրանց հետ պետք է աշխատենք չորս տարի, բայց արդեն երկրորդ տարին հասկանում ենք, որ գործ ունենք իրենց գործի նվիրյալների հետ:  

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք այն զույգերին, որոնք ցանկանում են ծնող դառնալ:

-Կմաղթեմ, որ երբեք հույսը չկորցնեն. անհուսալի վիճակ երբեք չի լինում: Եվ, որքան էլ դժվարին լինի իրենց ճանապարհը, պարտավոր են այն հաղթահարել, որովհետեւ ունենք շատ-շատ դեպքեր, երբ 20-30 տարվա անպտղությունից հետո կարողանում են ծնող դառնալ: Երբեք պետք չէ հուսահատվել, պարզապես անհրաժեշտ է դիմել ճիշտ մասնագետի ու հետեւել միայն նրա խորհուրդներին, օգնությանը եւ ոչ թե անընդհատ փոխել մասնագետին: Չէ՞ որ ցանկացած մանկաբարձ-գինեկոլոգ ունի բուժման իր մեթոդը, մեխանիզմը, ցանկացած բուժհաստատություն ունի իր աշխատելաոճը: Եվ որպես վերջաբան ասեմ. պետք է հավատալ բժշկին, եւ միայն այդ դեպքում կարելի կլինի հասնել ցանկալի արդյունքի: