Արշակ Էդվարդի Միրզոյան

(0 votes)

Իլիզարովի հայտնի մեթոդը համարվում է օրթոպեդիկ վիրաբուժության պատմության խոշոր բացահայտումներից մեկը

Հայ վաստակավոր բժիշկների հսկայական փորձն ու գիտելիքները, արտացոլվելով ժամանակակից բժշկության մեջ, այսօր էլ ունեն ոչ միայն պատմական ու տեսական, այլեւ կիրառական նշանակություն: Նրանց կատարած ամենաբարդ, անհավանական վիրահատությունների մասին վկայում են օրհասական վիճակում հայտնված, բայց մեր հայրենակիցների «ոսկե ձեռքերի» շնորհիվ երկրորդ կյանք ստացած հիվանդներն ու նրանց հարազատները:

Անցյալում գոյություն ունեին տարատեսակ օրթոպեդիկ հիվանդությունների՝ վերջույթների զարգացման բնածին արատների, վերջույթների դեֆորմացիաների, ոսկրային վարակների, վերջույթների անհավասարության ու կոտրվածքների բուժման համար նախատեսված սակավաթիվ հասանելի մեթոդներ: Սովորաբար այս հիվանդություններն անբուժելի էին համարվում, իսկ ոսկրային վարակների դեպքում հաճախ միակ լուծումը վերջույթների հեռացումն էր: Գավրիլ Իլիզարովը՝ օրթոպեդ-վիրաբույժը Ռուսաստանից, հեղաշրջում կատարեց այս ոլորտում՝ ստեղծելով արտաքին ուղղիչ օղակաձեւ սարք, որը հնարավություն էր տալիս երկարացնել եւ ուղղել  մարդու ոսկորներն ու փափուկ հյուսվածքները: Իլիզարովի սարքը ձեւավորող կառուցվածքների բազմաֆունկցիոնալությունը թույլ է տալիս այդ սարքի կիրառումը տարատեսակ վնասվածքների եւ օրթոպեդիկ շեղումների դեպքում: Իլիզարովի մեթոդն այսօր կիրառվում է ամբողջ աշխարհում եւ մեծ ազդեցություն ունի ժամանակակից ոսկրաբանության եւ վնասվածքաբանության վրա: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցը Երեւանի «Վերջույթների վերակառուցման եւ երկարացման կենտրոնի» (ԵՎՎԵԿ) տնօրեն, «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, վնասվածքաբան-օրթոպեդ, պրոֆեսոր ԱՐՇԱԿ ՄԻՐԶՈՅԱՆՆ է, ով սոցիոլոգիական հարցումների եւ փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա օրթոպեդ-վնասվածքաբան» կոչմանը: Հայաստանում նա անուրանալի ավանդ ունի Իլիզարովի մեթոդի ներդրման մեջ: Առողջապահության կազմակերպման, բժշկագիտության զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցող, Ճանաչված եւ բազմաշնորհ մասնագետ, «ոսկե ձեռքերով» բժիշկ, ում մոտ բուժվելու են գալիս ոչ միայն Հայաստանից, այլեւ աշխարհի ամենատարբեր ծայրերից: Աղքատության մեջ ապրելն էապես մեծացնում է տարատեսակ հիվանդությունների, այդ թվում` հենաշարժական համակարգի խնդիրների առաջացման հավանականությունը,  եւ «Արմավենի» բարեգործական հիմնադրամի առաքելությունը Հայաստանում առաջադեմ օրթոպեդիկ բուժումը անապահով ընտանիքներին հասանելի դարձնելն է: Ինչպես նշում է մեր զրուցակիցը, իրենց առաքելությունն է աջակցել հաշմանդամներին քայլել հպարտ՝ ընձեռելով նրանց լիարժեք եւ արժանապատիվ կյանքի հնարավորություն: Նա վստահ է, որ, եթե բարձր սոցիալական պատասխանատվություն ունեցող յուրաքանչյուր ոք իր գործունեության շրջանակում եւ հնարավորության սահմաններում մասնակցի սոցիալական ծրագրերին, Հայաստանը կդառնա ավելի լավ երկիր բոլորի համար:  Վաստակավոր բժշկի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ բարեգործություն կատարելը՝ բնական ցանկություն: «Արմավենի» հիմնադրամի միջոցներով կիրառվում է հենաշարժական համակարգի պաթոլոգիաների բուժման Իլիզարովի առանձնահատուկ մեթոդը, որը հնարավորություն է տալիս հասնելու փայլուն արդյունքների: Այս մեթոդի կիրառումը հաջող եւ հաճախ անփոխարինելի բուժում է առաջարկում բնածին եւ ձեռքբերովի օրթոպեդիկ խախտումների դեպքում, ինչպես, օրինակ, բնածին կոնքազդրային հոդախախտ, բնածին ծուռթաթություն, օստեոմիելիտ, բնածին անոմալիաներ, վերջույթների դեֆորմացիաներ, վնասվածքների հետեւանքներ եւ այլ պաթոլոգիաներ:

-Պարո´ն Միրզոյան, խոսենք Ձեր հիմնադրած «Վերջույթների վերակառուցման եւ երկարացման կենտրոնի» եւ Իլիզարովի մեթոդի արդիական կիրառելիության մասին:

- Ես բախտ եմ ունեցել գրեթե ինը տարի աշխատել Կուրգանում` հանճարեղ Գ. Իլիզարովի անմիջական ղեկավարությամբ:  Ունեմ նաեւ աշխատանքային փորձ ԱՄՆ-ում եւ Դանիայում, իսկ 2000 թ.-ից հիմնադրել եւ մինչ օրս ղեկավարում եմ «Վերջույթների վերակառուցման եւ երկարացման կենտրոնը», որի գործունեության հիմքում դրված է Իլիզարովի հայտնի մեթոդը: Այն թույլ է տալիս անհրաժեշտ ձեւ եւ երկարություն տալ ցանկացած սեգմենտի: Ամբողջ աշխարհում մեթոդի հնարավորությունների շնորհիվ այն համարվում է օրթոպեդիկ վիրաբուժության խոշոր բացահայտումներից մեկը: Արեւմտյան երկրներում առաջինն այդ մեթոդը կիրառող իտալացի բժիշկները Գ.Ա. Իլիզարովին անվանեցին <<Օրթոպեդիայի Միքելանջելո>>, որովհետեւ կարելի է «քանդակել» վերջույթների ցանկացած ձեւ եւ տեսք: Կենտրոնը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում, եւ մեզ մոտ բուժվել են այցելուներ ավելի քան 22 երկրից: Օրինակ, այս պահին բուժման մեջ են գտնվում 3 այցելու Ճապոնիայից, մեկական` ԱՄՆ-ից, Իրանից եւ Հունգարայից, որոնք մեզ դիմել են հասակը երկարացնելու եւ ոտքերի տեսքը գեղեցկացնելու համար: Մանրամասն տեղեկատվություն նրանք ստանում են մեր`  www.legslengthen.com  կայքի միջոցով: Լինելով տարածաշրջանում առաջատարը օրթոպեդիայի այդ բնագավառում` Կենտրոնն առաջարկում է բնածին եւ ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրներով երեխաների եւ մեծահասակների բուժման ժամանակակից մեթոդներ:  Մեր փորձը ներառում է այդ բնագավառում 40 տարվա ինտենսիվ աշխատանք: Մեր որակավորման աստիճանը թույլ է տվել  ներկայացնել Իլիզարովի մեթոդը տարբեր միջազգային կոնգրեսներում, ինչպես նաեւ որակավորման բարձրացման նպատակով անցկացնել դասախոսություններ եւ ցուցադրական վիրահատություններ Ավստրալիայում, Դանիայում, Նորվեգիայում եւ ԱՄՆ-ում: Էսթետիկ եւ օրթոպեդիկ ցուցումներով ստորին վերջույթների երկարացման սկզբունքները շատ հարցերում համընկնում են, սակայն կան որոշակի տեխնիկական եւ հոգեբանական տարբերություններ:

-Փաստորեն, զբաղվում եք բժշկական տուրիզմո՞վ:

- Այո´, մենք նշանակալի ներդրում ունենք Հայաստանի բժշկական տուրիզմի ոլորտում: Ես շատ ուրախ եմ, որ արտերկրից գալիս են մեր ատամնաբույժների, պլաստիկ վիրաբույժների մոտ, ինչը խոսում է այդ ոլորտների` զարգացած լինելու մասին: Բայց մեր դեպքում վիրաբուժության ծավալն է բավականին մեծ. օրինակ, հասակը 12 սմ երկարացնելու համար գալիս են մեզ մոտ, ամենաարագ մեթոդի դեպքում մնում մեր երկրում առնվազն 5-6 ամիս, իսկ դասական մեթոդի դեպքում` մոտ մեկ տարի: Եվ բնական է, որ այդ մեկ տարվա ընթացքում այցելուն ծանոթանում է հայկական մշակույթի, խոհանոցի եւ, ինչու ոչ, մեր մարդ տեսակի հետ: Մենք նրանց տանում ենք Հայաստանի տեսարժան վայրեր, նրանք բնակվում, սնվում են Հայաստանում, ինչը մեր երկրին ֆինանսական միջոցներ է բերում:

-Բժի´շկ, խոսենք Դանիայում հիմնադրված մասնաճյուղի մասին:

- 1995թ. ինձ հրավիրել էին Դանիա, եւ այդ թվականի վերջերից մինչեւ 1997թվականն աշխատել եմ այնտեղ` օգնելով դանիացիներին` զարգացնելու եւ տարածելու Իլիզարովի մեթոդը Սկանդինավյան երկրներում:

-Տեղյակ ենք, որ աշխատել եք նաեւ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում:

-1988թ. երկրաշարժի հենց հաջորդ օրը ես իմ ընկեր բարեգործների հետ 18 հոգանոց թիմով եկա Հայաստան, օդանավակայանում բաժանվեցինք երեք խմբի, եւ իմ խումբը գործունեություն ծավալեց Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Երբ Ալեքսանդր Լվովիչը տեսավ այդ մեթոդի հնարավորությունները, այսինքն` թե մենք որքան ենք պայքարում ամեն մի վնասված վերջույթի համար եւ ինչքան քիչ անդամահատում ենք կատարում, ստեղծեց բաժանմունք, որտեղ աշխատեցի մինչեւ 1992  թվականը` ներդնելով եւ տարածելով Իլիզարովի մեթոդը Հայաստանում: Այն ժամանակ Իլիզարովի մեթոդի հնարավորություններն արտասովոր էին, եւ բժիշկները հիմնականում դրան վերաբերվում էին թերահավատորեն: Սակայն մեթոդի հնարավորություններն այնքան ակնառու էին, որ 1992-1994թթ. Արցախի պատերազմական գործողությունների ընթացքում մեծաքանակ վիրավորների բուժման հարցում մեթոդը լայնամաշտաբ կիրառվում էր Երեւանի հիմնական կլինիկաներում, որը, համոզված եմ, բազմաթիվ վերջույթներ փրկեց անդամահատումից:

-Հայաստանում Իլիզարովի մեթոդը կիրառվում է միայն Ձե՞ր կենտրոնում:

-Տարբեր կլինիկաներ կիրառում են Իլիզարովի մեթոդը վնասվածքների եւ որոշ ոսկրաբանական հիվանդությունների բուժման ժամանակ: Սակայն, իմ տեղեկություններով, ոչ այն մեծ ծավալով, ինչ որ իրականացվում է մեզ մոտ: Դա նաեւ վերաբերվում է Իլիզարովի մեթոդի կիրառմանը ստորին վերջույթների էսթետիկ վիրաբուժության մեջ: Օրինակ, հասակի ավելացում, ազդր-սրունք համաչափության շտկում, սրունքների ձեւի կամ տեսքի բարելավում: Կախված ցուցումներից եւ նրանից, թե այցելուն ինչ նպատակներ է դնում, առաջարկում ենք Իլիզարովի դասական, Իլիզարով-ինտրամեդուլյար ձող եւ այլ ժամանակակից մեթոդներ:

-Բժի´շկ, ո՞րն է եղել Ձեզ համար ամենատպավորիչ վիրահատությունը:

-Անշուշտ, գրեթե 40 տարվա աշխատանքային փորձի եւ բազմաթիվ հիվանդների բուժման ընթացքում եղել են տասնյակ դեպքեր, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է, սակայն չեմ կարող ընտրել որեւէ կոնկրետ դեպք եւ ասել` սա ամենատպավորիչն է:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Միանշանակ` Իլիզարովին: Ես հպարտանում եմ, ինձ բախտավոր եմ համարում, որ հնարավորություն եմ ունեցել գրեթե 10 տարի աշխատել այդ հանճարեղ եւ յուրահատուկ մարդու ղեկավարությամբ: Համարում եմ ինձ բախտավոր, որովհետեւ Իլիզարովի հետ շփվել եմ ոչ միայն աշխատանքային պայմաններում, այլեւ  անմոռանալի են կյանքի դասերը, որոնք ստացել եմ այդ հանճարեղ եւ իմաստուն մարդուց:

-Ընդունված ձեւաչափ է, երբ բժիշկների երեխաները ընտրում են իրենց ծնողների ընտրած ուղին, Ձեր դեպքում ինչպե՞ս է:

-Երեխաները չեն ընտրել իմ ուղին. տղաս մաթեմատիկոս է, իսկ դուստրերս` համակարգչային ծրագրավորող: Ավագ դուստրս նաեւ երաժշտական պրոդյուսերական աշխատանքի հետ կապ ունի եւ հիմա ստանում է հիվանդանոցային ադմինիստրատորի դասընթացներ: Երեքն էլ լավ լսողություն ունեն, անտարբեր չեն երաժշտության նկատմամբ:

-Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Մեր հայրենակիցներին կմաղթեմ լինել քրիստոնյա, ինչը միայն եկեղեցի այցելելով չէ: Եվ չմոռանանք, որ մենք ազգովի կանգնած ենք նախադեպը չունեցող վերելքի շեմին:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր