Նիկոլայ Հովհաննեսյան

(0 votes)

Բժիշկներն ավելի շատ մտածում են հիվանդի առողջության վերականգնման,  լավացման, նրա կյանքի մասին

Հայաստանում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպք պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով, որոնց թիվը, դժբախտաբար, օրեցօր ավելանում է: Իսկ սրտի վիրահատությունն էլ աշխարհում համարվում է ամենաթանկերից մեկը: Ներկայիս ապրելակերպը, վատ էկոլոգիան նպաստում են, որ այս ռիսկային խումբն ավելի երիտասարդանա, ստենտավորումն էլ կատարվում է սրտամկանի ինֆարկտի առաջացումը կանխելու, հիվանդի կյանքը փրկելու համար, եւ այն պետք չէ շփոթել զոնդավորման հետ, որը բացում է տարածք ստենտի համար: Ստենտը մետաղյա կամ պլաստմասե խողովակ է, որը տեղադրվում է անատոմիական անոթի կամ լուսանցքի մեջ, որպեսզի այն բաց եւ անցանելի լինի: Կա տարբեր նպատակներով օգտագործվող ստենտների լայն տեսականի, այդ թվում` ընդլայնվող պսակային, անոթային եւ ուղեղային ստենտներից մինչեւ պարզ պլաստիկ ստենտներ, որոնք ապահովում են երիկամի եւ միզապարկի միջեւ մեզի հոսքը: Ստենտը պետք է տարբերվի նաեւ շունտից, դրանք կարող են պատրաստվել նմանատիպ նյութերից, բայց կատարել երկու տարբեր գործառույթներ:

Վերջին տարիներին մեր երկրում բավականին լուրջ առաջընթաց է տեղի ունենում սրտաբանության ասպարեզում, ինչի արդյունքում էլ մարդիկ ավելի վստահ են դիմում մեր բժիշկներին` հավատալով նրանց մասնագիտական եւ մարդկային որակներին: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Երեւանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության, կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի եւ ճառագայթային ախտորոշման բաժանմունքի  ինվազիվ սրտաբան ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Չնայած երիտասարդ տարիքին, նա արդեն ունի բավական մեծ աշխատանքային փորձ, վարպետություն, աչքի է ընկնում գործի նկատմամբ նվիրվածությամբ: Բժշկի կայացմանը նպաստել են նաեւ լավագույն դասախոսների մոտ սովորելն ու միջազգային մասնագիտական միջոցառումներին ակտիվորեն մասնակցելը: Ինվազիվ սրտաբանությունը պահանջում է խորը մասնագիտական գիտելիքներ, հմտություն, փորձ, նաեւ մարդկային բարձր հատկանիշներ, որպեսզի հնարավոր լինի փրկել մարդկային կյանքը:

-Պարո´ն Հովհաննիսյան, սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորումը ցուցվա՞ծ է, թե ոչ:

-Սրտամկանի ինֆարկտի դեպքում միանշանակ ցուցված է առաջնային կորոնոգրաֆիա, որպեսզի իրականացվի սրտի անոթների հետազոտություն` տեսնելու համար անոթների ախտահարվածության աստիճանը, ինֆարկտի համար պատասխանատու անոթը: Սուր ինֆարկտի դեպքում այն լինում է փակ կամ 99 տոկոսով  նեղացած, եւ պետք է կատարել անգիոպլաստիկա եւ ստենտավորում:

-Բժի´շկ, հիմնականում քանի՞ ստենտ է ցուցված տեղադրել:

-Սուր ինֆարկտի դեպքում հիմնականում ցուցված է ստենտավորել պատասխանատու անոթը, 50 տոկոս դեպքերում` երկրորդը, քանի որ կարող են հանդիպել խաչմերուկային նեղացում կամ երկարավուն նեղացում, երբ մեկ ստենտը իր հնարավորություններով չի կարող բավարարել:

- Կա՞ն արդյոք հակացուցումներ ստենտավորման համար:

-Ստենտավորման համար կան հարաբերական հակացուցումներ, որոնցից են, օրինակ, բարձր արյունահոսության ռիսկերը, քանի որ ստենտավորումից առաջ  եւ հետո օգտագործվում են հակամակարդիչներ, հակատրոմբոցիտային դեղորայքային միջոցներ, ինչպես նաեւ երիկամային սուր եւ քրոնիկական անբավարարվածությունը:

- Վերջին տարիներին ստենտավորման մեջ որո՞նք են համարվում նորագույն ձեռքբերումները:

-Վերջին  տարիներին մշակվում են ավելի որակյալ, ավելի հեշտ տեղադրվող, ավելի քիչ տրավմատիկ ստենտներ, որպեսզի անոթի պատը չվնասեն, որ ավելի պակասեն հետագա նեղացումների ռիսկայնությունները: Լուրջ ձեռքբերումներից են նաեւ հատուկ լուծվող ստենտները, որոնք դեռ գիտական մշակման են ենթարկվում: Տեղադրվելով անոթի մեջ` մինչեւ 6 ամիս ժամկետում ստենտը լուծվում է,  եւ անոթն ունենում է ավելի լիարժեք վիճակ առանց մետաղական կոնստրուկցիայի: Ցավոք, դրանք Հայաստանում դեռ շատ չեն:

-Կա՞ արդյոք անվճար հիմունքներով ստենտավորման պետական ծրագիր:

- Պետության կողմից կա ծրագիր, որի շրջանակներում ST բարձրացմամբ սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում իրականացվում է ստենտավորում (Stent for life), եւ դրա օգնությամբ շատ մարդկանց կյանքեր են  փրկվել  ու դեռ փրկվելու են: 2018 թվականի հուլիսի մեկից ստենտավորում կատարվում է արդեն դեղապատ ստենտով, իսկ նախկինում միայն ոչ դեղապատ ստենտներ էին կիրառվում: Պետպատվերի շրջանակներում կան  սոցիալական հատուկ խմբեր, առաջնայինը «Փարոս» ծրագրում ընդգրկված մարդիկ են, զինծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները, սոցփաթեթի շահառուները:

-Բժի´շկ, ստենտավորո՞ւմ, թե բաց  վիրահատություն, ո՞րն է ավելի նախընտրելի սրտամկանի ինֆարկտի դեպքում:

-Այդ հարցը քննարկվում է կորոնարոգրաֆիայից հետո, երբ լինում են բազմանոթային ախտահարումներ, ախտահարված անոթեր: Կան հատուկ միջազգային նորմատիվներ (SYNTAX score), որոնցով ցուցված է հաշվարկել ախտահարված անոթների տեղակայումը, ախտահարման տոկոսները, հաշվի առնել նաեւ հիվանդի ընդհանուր վիճակը` կատարելով էխոսրտագրություն: Եվ այդ ամենից հետո նոր միայն որոշվում է` շունտավորո՞ւմ կատարել, թե ստենտավորում:   

- Ինչպե՞ս է հետագայում իրականացվում ստենտավորված հիվանդի հսկողությունը:

-Հսկողությունն առաջին մի քանի օրն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում` ըստ հիվանդի ընդհանուր վիճակի,  հիմնականում` մինչեւ հինգ օր: Այնուհետև բուժումը շարունակվում է տնային պայմաններում:

-Բժի´շկ, հաճա՞խ են տալիս այն հարցը, թե ստենտավորումից հետո իրենց ինչքան կյանք է սպասվում:

-Այդ հարցը, երեւի թե, միայն մեր հայ հասարակության մեջ է առաջանում. մոտ 50-60 տոկոսը այդ հարցը տալիս է` կախված հիվանդի վիճակից, նրա կյանքի որակից, ապրելակերպից: Ընդհանրապես ստենտ տեղադրվում է ամբողջ կյանքի համար, բայց հիվանդը պետք է իրեն հետեւի, անհրաժեշտ դեղորայքը ընդունի, առողջ ապրելակերպ վարի, չծխի, խմելը չչարաշահի, բժշկի հսկողության տակ լինի: Այսօր բավականին շատ են սիրտ-անոթային խնդրով տառապող հիվանդները, բայց, բարեբախտաբար, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում լուծման ելքեր կան: Բոլոր անհրաժեշտ վիրահատական միջամտությունները մեր հանրապետությունում իրականացվում են, պարզապես նորարարությունների ներդրման, ինչպես նաեւ ստենտավորման հարցերում անհրաժեշտ է պետության աջակցությունը: Արդեն 5-6 տարի պետության աջակցությամբ անվճար հիմունքներով իրականացվում է ստենտավորում, սակայն կան խնդիրներ կարդիոստիմուլյատորների եւ կարդիովերտեր-դեֆիլիատորների (ICD) եւ սրտի ռեսինխրոնիզացիոն թերապիայի (CRT) սարքերի համար, որոնք ցուցված են սրտի դանդաղ ու արագ աշխատանքի, սրտային անբավարարության, կյանքին վտանգ սպառնացող առիթմիաների (փորոքային տախիկարդիաների եւ փորոքների ֆիբրիլյացիա), հանկարծակի սրտային մահը կանխելու նպատակով: Դրանք, այսպես ասած, կյանք փրկող սարքեր են, որոնք, ցավոք, շատ քիչ դեպքերում են հասանելի դառնում պետական աջակցությամբ:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իմ առաջին ուսուցիչը հայրս է` Աշոտ Հովհաննեսյանը, ով նաեւ մեր բաժանմունքի ղեկավարն է, ինչպես նաեւ պապիկս, ով նույնպես բժիշկ է, եւ տատիկս, ով, ցավոք, այս պահին չի տեսնում իմ գործունեության ընթացքը: Եվ կավելացնեմ նաեւ ինձ ուսուցանող բժիշկներին, որոնց աշխատանքի համար ես միշտ շնորհակալ եմ, երախտապարտ:

-Բժի´շկ, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ  ձեռքբերումը:

-Իմ մեծ ձեռքբերումը համարում եմ այն փաստը, որ նման երիտասարդ տարիքում, փառք Աստծո, կարողանում եմ բարեհաջող իրականացնել սրտամկանի համար նախատեսված բարդ վիրահատական միջամտությունները: Աշխատանքին զուգահեռ հասցնում եմ գնալ նաեւ վերապատրաստումների եւ հենց նոր եմ վերադարձել Բուդապեշտ քաղաքից, որի SEMMELWEIS համալսարանական կլինիկայի կարդիովասկուլյար կենտրոնում շուրջ երկու ամիս լուրջ վերապատրաստում անցա, կատարեցի ավելի բարդ ստենտավորումներ, քրոնիկական անոթների վերաբացում, ներկա եղա նորարարության` աորտալ փականի ներանոթային վիրահատությունների (TAVI), միթրալ փականի կլիպպինգի (VSD): Ասեմ նաեւ, որ մեր բաժանմունքում մշտապես իրականացվում է փորձի փոխանակություն արտերկրի բժիշկների` հիմնականում Դանիայի, Գերմանիայի առաջատար պրոֆեսորների հետ, որոնք, տարին մեկ կամ երկու անգամ այցելելով մեր կլինիկա, կատարում են բոլոր անրաժեշտ հետազտությունները եւ բարդ վիրահատական միջամտությունները սրտանոթային հիվանդությունների դեպքում:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Ցանկանում եմ դիմել մեր հասարակությանը եւ ասել, որ չվախենան բժշկությունից, բժիշկներից եւ կանխարգելիչ նպատակով այցելեն բժշկի տարին գոնե մեկ կամ երկու անգամ, ամեն չնչին գանգատի դեպքում նույնպես դիմեն բժշկի: Իհարկե, մենք պատկերացնում ենք խնդրի ֆինանսական կողմը, բայց միշտ չէ, որ բժիշկը առաջնահերթ մտածում է ֆինանսի մասին: Բժիշկներն ավելի շատ մտածում են հիվանդի առողջության վերականգնման, լավացման, նրա կյանքի մասին, եւ բժշկի երջանկության գրավականը ոչ միայն լավ հայ, այլ նաեւ լավ մասնագետ լինելը, մասնագիտական աշխատանք, սեփական աշխարհ ունենալն է, որն ինքն է կերտել:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր