Լիլիթ Ալբերտի Ոսկանյան

(0 votes)

Գլաուկոման այսօր բուժելի հիվանդություն է

Աչքը երկնքի եւ ծովերի անսահմանությունների համեմատական հանրագումարն է ամփոփում իր մեջ, ընձեռում հնարավորությունների մի ողջ համակարգ, որտեղ թափանցելը անհնարինության աստիճանի դժվարամատույց է ու «պարսպավոր», բայց տվյալ դեպքում` հաճելի, քանզի խոսքը «Լույս երանելիի» մասին է: Տեսողության վատթարացման դեպքում փոխվում է նաեւ մարդու կենսակերպը, կյանքի որակը: Այսօր Հայաստանում ակնաբուժությունը, շնորհիվ Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, գտնվում է բարձր մակարդակի վրա: Բուժհաստատությունում գործող գլաուկոմայի բաժանմունքում մեծ հաջողությամբ կիրառվում է ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի մշակած «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը: Այն առաջարկում է գլաուկոմայի  առաջխաղացման կանխարգելման  նոր, հեղափոխական  մեթոդ:

Գլաուկոման հիվանդություն է, որի ժամանակ ներակնային ճնշման տատանումների պատճառով տուժում է տեսողական նյարդը: Եվ տեսողական նյարդի` որպես  նյարդային հյուսվածքի, վնասման դեպքում վերականգնումն անհնարին է: Իսկ շունտավորումը իդեալական միջամտություն է եւ ոչ մի բարդություն չի առաջացնում. Բարդությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ միայն շունտավորումը բավարար չէ ներակնային ճնշումը իջեցնելու համար:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ  ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԸ, բժշկուհի, ում երկարատեւ, անմնացորդ աշխատանքը, ինչպես նաեւ բժշկագիտության զարգացման գործում ներդրած ավանդը մշտապես բարձր է գնահատվել եւ այսօր էլ գնահատվում է հանրության կողմից: 

-Տիկի´ն Ոսկանյան, ամեն ոք չի կարող բժիշկ դառնալ. դա լուրջ ու առաքինի մասնագիտություն է, եւ ոչ բոլորին է հաջողվում լավագույնը լինել իր ոլորտում: Ինչպե՞ս եւ ե՞րբ գնացիք այդ պատասխանատու քայլին, որո՞նք էին բժշկության այս ճյուղն ընտրելու շարժառիթները:

-Անկեղծորեն ասեմ, որ սկզբում մտադրված էի զբաղվել միջազգային հարաբերություններով եւ որոշել էի ուսանել Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում: Բայց ժամանակի ընթացքում աստիճանաբար որոշմանս ուղղվածությունը փոխվեց: Չնայած մայրս ցանկանում էր, որ ես բժիշկ դառնամ, սակայն ես դեռ վերջնական որոշում չէի կայացրել: Իսկ երբ սովորում էի բարձր դասարանում, հերթական բուժզննում անցնելու համար գնացել էինք մի բուժհաստատություն: Մեզ զննող բժշկուհին բավականին հաճելի կին էր` համակրելի կեցվածքով եւ բարձր գիտելիքներով, եւ հենց այդ պահից սկսած` ավելի մեծացավ հետաքրքրությունս բժշկության նկատմամբ, ու կայացրեցի բժշկուհի դառնալու վերջնական որոշում, որը նաև ծնողներիս սրտով էր: Եվ այսօր բացարձակ չեմ փոշմանել իմ մասնագիտության ընտրության համար, որն ինձ օրեցօր ավելի  է գրավում, սերս եւ նվիրումս այդ մասնագիտության հանդեպ մեծանում է ժամ առ ժամ: Իսկ ակնաբուժության ոլորտն ընտրելու հարցում օգնել է իմ ակնաբույժ ավագ ընկերներից մեկը, ով մշտապես պատմում էր ակնաբուժության մասին այնպես, կարծես այն մի հետաքրքիր հեքիաթային աշխարհ լիներ: Երբ արդեն բուհի չորրորդ կուրսում էի ուսանում, սկսեցինք անցնել ակնաբուժություն առարկան, եւ, հենց այդ օրվանից սկսած, ավելի տարվեցի այդ մասնագիտությամբ: Ու ամենահետաքրքրիրն այն էր, որ ինձ ակնաբուժության մեջ դուր եկավ ակնոցների ստուգման գործընթացը, եւ, իմ կարծիքով, ակնոց դուրս գրելը մի այլ մեծ գիտությունն է:

-Կարծես թե ավանդույթ է, որ երեխաները մշտապես ընտրում են ծնողների մասնագիտությունը: Ձեր դեպքում է՞լ է այդպես:

-Մայրս բժշկության հետ առնչություն ուներ, բայց մասնագիտությամբ  աշխարհագրագետ է, կլիմատոլոգ, որտեղ միավորվել են երկու տարբեր ճյուղեր: Մայրս աշխատում էր բժշկական միջավայրում, ես էլ հաճախ լինում էի նրա աշխատավայրում եւ, բնական է, շփվում էի բժշիկների հետ, այսպես ասած, մեծանում բժիշկների շրջապատում:

-Բժշկուհի´, այսօր գլաուկոմա հիվանդության բուժման գործընթացում կա՞ն նորարարական, արդիական մոտեցումներ:

-Գլաուկոման, լինելով տեսողական նյարդի հիվանդություն, անընդմեջ գրավում է բժիշկների ուշադրությունը, այդ հիվանդությամբ տառապողների թիվն աճում է թե´ ամբողջ աշխարհում, թե´, հատկապես, Հայաստանում: Աճի պատճառներից մեկը ժամանակին ախտորոշումն է. մարդիկ շուտ են դիմում բժշկի: Լինում են նաեւ դեպքեր, երբ գալիս են արդեն ծայրահեղ բարդացած, բարձիթողի վիճակում գտնվող հիվանդներ: Եվ պետք է մշտապես հետամուտ լինել, որ գլաուկոման շուտ ախտորոշվի ու բուժվի, քանի որ կան վիրահատություններ, որոնք հղի են հետվիրահատական բարդություններով: Երեւի թե ամենամեծ նորամուծությունն ամբողջ աշխարհում ստենտավորումն է, եւ այդ բնագավառում մենք արդեն մոտ 12 տարվա փորձ ունենք ու  լավ արդյունքներ ենք արձանագրել: Բայց, միեւնույն է, ստենտի որակը, ձեւը տարեցտարի կատարելագործվում են: Մենք համագործակցում ենք ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի հետ եւ նրանց անմիջապես տեղեկացնում ենք, եթե «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտի հետ կապված որոշակի թերացումներ են նկատվում: Բացասական պատկեր լինելու դեպքում առաջարկում ենք, թե ինչը կարելի է փոխել, ինչ մոտեցումներ ցուցաբերել: Մարդիկ սովորաբար խուսափում են վիրահատական միջամտությունից եւ պատրաստ են գնալ ցանկացած բուժօգնության, բայց ոչ վիրահատության, քանի որ վախենում են հետվիրահատական բարդություններից: Ասեմ, որ ստենտավորման միակ հետվիրահատական բարդությունը այն է, որ ցածր տոկոս կազմող դեպքերում կարող է արդյունք չտալ: Բայց իրականում բարդություն չկա, ի տարբերություն այն վիրահատությունների, որոնք ճնշումը իջեցնում են: Ստենտավորումն այսօր բավականին լավ վիրահատություն է համարվում, եւ ես հպարտ եմ, որ մեր բուժհաստատությունում այն իրականացվում է շատ բարձր մակարդակով: Որպես նորամուծություն կարող եմ նշել այն հանգամանքը, որ մանկաբույժները վաղ հասակում հայտնաբերում են գլաուկոման, իսկ մենք բավականին մեծ քանակությամբ կատարում ենք այն վիրահատական միջամտությունները, որոնք ցուցված են երեխաներին: Վստահ կարող եմ ասել, որ այսօր մեզ մոտ գլաուկոմա հիվանդության բուժման համար կիրառվում են անհրաժեշտ բոլոր հին եւ նոր լավագույն, արդյունավետ մեթոդները:  

- Որո՞նք են գլաուկոմա հիվանդության առաջացման դրդապատճառները:

-Գլաուկոման լինում է բնածին, առաջնային եւ երկրորդային տեսակների:  Առաջնային գլաուկոման սովորական տարիքային գլաուկոման է, որն ի հայտ է գալիս 50 տարեկանի շեմը հաղթահարածների մոտ, երբ նյութափոխանակությունը խաթարվում է մարդու օրգանիզմում, որին էլ գումարվում է սթրեսը: Դրդապատճառները կարող են շատ տարբեր լինել եւ հանգեցնել նրան, որ մարդու օրգանիզմում գլուխ բարձրացնի գենը, ասենք, շաքարային դիաբետը, արյան ճնշման տատանման հետ կապված խնդիրները, իմունային համակարգի խախտումը, ներակնային հիվանդության առաջացումը… Մարդը պետք է ունենա հատուկ գեն, որը պատասխանատու է գլաուկոմայի զարգացման համար, բայց դա չի նշանակում, որ այն պետք է ժառանգել ծնողներից գենետիկորեն եւ պետք է անպայման նկատվի ծնողներից մեկի մոտ: Իհարկե, առկա է նաեւ ժառանգական գործոնը, որի դեպքում ժառանգի մոտ հիվանդության առկայության հավանականության տոկոսը մեծանում է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ գլաուկոման այսօր անբուժելի հիվանդությունների շարքին չի դասվում, այն բուժելի է: Մի քիչ այլ է պատկերը բնածին գլաուկոմայի դեպքում, որն առաջանում է հղիության ընթացքում որոշ խոչընդոտների պատճառով: Իհարկե, ինչպես ասացի, գենետիկական տրամադրվածությունն առկա է, բայց դրդապատճառ կարող է դառնալ երեխայի ներարգանդային զարգացման ընթացքում աչքի ոչ ճիշտ ձեւավորումը, երբ այն հեղուկի արտահոսքին խոչընդոտ է դառնում: Իսկ երկրորդային գլաուկոման կարող է առաջանալ տարբեր ներակնային հիվանդությունների, օրինակ, շաքարային դիաբետի դեպքում, երբ այն լիարժեք չի բուժվում կամ ենթակա չէ բուժման: Կատարակտան լուրջ հիվանդություն չի համարվում, բայց եթե ժամանակին չբուժես, այն կարող է առաջացնել երկրորդային գլաուկոմա: Կան մարդիկ, ովքեր առանց բժշկի նշանակման եւ հսկողության աչքերի մեջ դեղ են կաթեցնում, որը կարող է առաջացնել գլաուկոմա: Մի շարք այսպիսի ներակնային հիվանդությունների անտեսման կամ ոչ լիարժեք բուժման դեպքում նույնպես կարող է ի հայտ գալ երկրորդային գլաուկոմա: Դրդապատճառներից մեկն էլ ներակնային ճնշման մակարդակն է, ինչպես նկատեցիք, ասացի` մակարդակը, չասացի` մակարդակի բարձրացումը, որովհետեւ, եթե այն բարձր է, անպայման կլինի գլաուկոմա հիվանդությունը, բայց երբեմն նույնիսկ նորմալ ճնշումը տվյալ տեսողական նյարդի համար համարվում է բարձր: Նշեցի ճնշման գործոնը, որովհետեւ այսօր գիտությունն ի վիճակի է ազդել միայն ճնշման թվի փոփոխման վրա, եւ այս պարագայում անչափ կարեւոր է այդ հիվանդությունների վաղ ախտորոշումը, ինչը, բնականաբար, ավելի կմեծացնի ապաքինվելու հավանականությունն ու բուժման արդյունավետությունը: Եվ ես համարում եմ, որ կատարում եմ իմ առաքելությունը` այս ոլորտում ներդնելով գիտական, պրակտիկ եւ մասնագիտական բոլոր հնարավորությունները: Կարեւոր գործոն է նաեւ իրազեկվածության ապահովումը ե՛ւ բժիշկների, ե՛ւ հանրության շրջանում:

- Ամեն լավ մասնագետ պետք է ունենա լավ ուսուցիչներ, իսկ ո՞ւմ եք համարել եւ մինչ օրս համարում Ձեր ուսուցիչը:

-Իհարկե, առաջին հերթին Ալեքսանդր Սերգեեւիչ Մալայանին, ով ստեղծեց մի մեծ դպրոց, մի դարբնոց, որի ամեն ճյուղն այսօր իր ղեկավարն ունի, եւ բոլորիս ուսուցիչը պարոն Մալայանն է: Բայց պետք է անպայման նշեմ, որ իմ նեղ մասնագիտացման մեջ իրենց մեծ ներդրումն ունեն նաեւ արտերկրի լավագույն մասնագետները: Նախ նշեմ բաժանմունքի ղեկավար Էլմիրա Երվանդովնային, ով ինձ սովորեցրել է գլաուկոմայի հետ կապված շատ նրբություններ, բայց մասնագիտական վերելքս ապրել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների բժիշկ Ռիչարդ Հիլի  ղեկավարության ներքո: Իսկ Ռոջեր Օհանիսյանն ավելի շատ նպաստել է իմ ակնաբուժական ընդհանուր գիտելիքների զարգացմանը, որի հիմքը դրել էր Ալեքսանդր Մալայանը:

- Որո՞նք են Ձեր բնավորության թույլ եւ ուժեղ կողմերը:

-Կարծում եմ`ուժեղ մարդ եմ իմ էությամբ, եւ ընդհանրապես կանայք էլ իրականում ուժեղ են: Որպես ուժեղ կողմ կնշեմ պատասխանատվությանս զգացումը իմ ամեն մի քայլի նկատմամբ` անկախ դրա արդյունքից: Երեւի թույլ կողմ կարելի է համարել իմ` անչափ ներողամիտ լինելը. եթե որեւէ մեկն ինձ նեղացրել է, նրա տված բացատրությունը բավարար է եղել, որպեսզի ներեմ նրան:

-Բժշկուհի´, ո՞րն է եղել Ձեր ամենատպավորիչ վիրահատությունը:

-Երեւի մի քանի տպավորիչ վիրահատական միջամտություններ եմ ունեցել: Դրանցից են, օրինակ, երեխաների վիրահատությունները: 13-14 տարի առաջ գրեթե տեսողություն չունեցող երեք տարեկան մի երեխայի վիրահատեցի, նա մեր աչքի առաջ մեծացավ եւ  այդ վիրահատության շնորհիվ այսօր ակնոցով 100 տոկոսանոց տեսողություն ունի: Շատ լավ հիշում եմ կատարակտա եւ գլաուկոմա հիվանդություններ ունեցող մի կնոջ: Նա արդեն վիրահատական սեղանին պատմեց, որ երազում Աստված իրեն ասել է`գնա Լիլիթ Ոսկանյան անուն ազգանունով ակնաբույժի մոտ, որպեսզի ստանաս անհրաժեշտ բուժօգնությունը: Նրա տղան հետաքրքրվել էր եւ տեղեկացել, որ կա նման անուն ազգանունով ակնաբույժ եւ մորը բերել ինձ մոտ: Մի անգամ էլ շուրջ երկու տասնամյակ ոչինչ չտեսնող 107 տարեկան կնոջ վիրահատեցինք եւ, փառք Աստծո, ստացանք 80 տոկոսանոց արդյունք:

- Գերծանրաբեռնված օրվանից հետո որտե՞ղ եք վերգտնում Ձեր անդորրը:

-Միանշանակ` ընտանիքում, իհարկե, նաեւ ընկերներիս հետ: Պետք է ուրախությամբ նշեմ, որ ընկերներիս հարցում շատ բախտավոր եմ. ինձ վիճակվել է ունենալ լավագույն հավատարիմ ընկերներ, որոնցից երբեք բացասական լիցքեր չեմ ստացել: Էներգիայի աղբյուր են իմ հիվանդներիս գովասանքի, օրհնանքի խոսքերը: Բոլորիս, բնականաբար, մտահոգում է մարդկանց սոցիալական վիճակը, եւ ես կցանկանամ, որ մեր հիվանդները երբեք կախված չլինեն ֆինանսական վիճակից, քանի որ դա հաճախ հիվանդի եւ բժշկի միջեւ կոնֆլիկտային լարված հարաբերությունների պատճառ է դառնում, եւ հիվանդը չի կարողանում հետագայում հետվիրահատական լիարժեք բուժում ստանալ: Իսկ երբ հիվանդն ունենում է բժշկական ապահովագրություն, ամեն ինչ ավելի հեշտ է լինում` չնայած թղթաբանությունը երկար ժամանակ է խլում:

Շատ կարեւոր է, որ բժիշկներն անպայման իրենց գիտելիքները փոխանցեն ապագա սերնդին, ունենան աշակերտներ, արժանի հետեւորդներ: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես ժամանակին Ալեքսանդր Սերգեեւիչ Մալայանը, լինելով իմ տեսած լավագույն վիրաբույժներից մեկը, իր գիտելիքները փոխանցելուց հետո աստիճանաբար գործառույթները զիջեց մեզ եւ հանձնարարեց յուրաքանչյուրիս մեր գործով զբաղվել:

 -Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը միշտ ապրի բարեկեցիկ, ավելի ուշադիր լինի իր սեփական առողջության նկատմամբ, դիմի մեզ, որպեսզի կարողանանք ժամանակին բուժօգնություն ցուցաբերել լիարժեք դրական արդյունքի հասնելու համար: Կցանկանամ, որ նոր հեղափոխություն տեսած Հայաստանում գնանք ճիշտ ուղիով,  ապրենք որպես հպարտ հայ, ու արդարացվեն մեր սպասելիքները: ԱՄՆ-ի բժիշկները միշտ ասում էին, որ ամեն ստեղծագործող ու արարող միջավայրում մեկ հայ հաստատ կա, հայերը միշտ կարողանում են շենացնել եւ ծաղկեցնել: Կցանկանամ, որ հինգ տարի հետո մենք գոհ լինենք մեր ընտրությամբ եւ մեր ապրած կյանքով: Առողջ եղեք, սիրեք Ձեզ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր