ՍՈՆԱ ՍԵՐԳԵՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

(0 votes)

 

Ալերգիան  դատավճիռ չէ, ալերգիան ունի բուժում

    Մշտապես կարող ենք լսել «Առո՛ղջ եղեք» արտահայտությունը: Այս բառերը հաճախ լսում են այն մարդիկ, որոնք տառապում են ալերգիայով: Ալերգիան  արտահայտվում է փռշտոցով, քթահոսությամբ, կոկորդի, քթի, ականջների քորով, նաև աչքերի արյունալեցմամբ, արցունքահոսությամբ: Ախտանիշները կարող են լինել այնքան նյարդայնացնող եւ հոգնեցուցիչ, որ մարդը դժվարանում է ինչ-որ բանի վրա կենտրոնանալ, ուստի կյանքի որակը վատթարանում է: Վերջին տարիներին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, շատացել են սեզոնային ալերգիկ հիվանդությունները, որոնք հիմնականում առաջանում են` պայմանավորված ծառերը ծաղկելու, փոշոտմը սկսելու հետ: Փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ալերգիկ հիվանդություններով հիվանդների դիմելիությունն ավելացել է: Դա առաջին  հերթին  կապված է այն հանգամանքով, որ բնակչությունն ավելի իրազեկ է դարձել, երկրորդը` այսօր բժիշկների համար ախտորոշումն ավելի հեշտ է: Անդրադառնալով պատճառներին` մասնագետները նշում են, որ խնդիրն այդքան էլ դյուրին չէ, քանի որ  հաշվի է առնվում շրջակա միջավայրի անընդհատ փոփոխությունը, արդյունաբերության զարգացումը, ինչն էլ հանգեցնում է  ալերգենների շատացմանը: Կան աշխատանքի մի շարք ոլորտներ, որտեղ աշխատող մարդկանց  շրջանում ալերգիաների առաջացման հավանականությունը մեծ է. մասնավորապես քիմիական արդյունաբերությունում աշխատողները, ինչպես նաև խոհարարները, վարսահարդարները: Կա նաև ժառանգականության գործոնը: Ալերգիկ նախանշանների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անպայման դիմել բժշկի, իսկ հստակ ախտորոշման դեպքում իրականացնել համապատասխան բուժում: Խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել ալերգիկ երևույթների  հետ շփումից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ալերգիայից մեկընդմիշտ հնարավոր է ազատվել, ապա մասնագետները նկատում են, որ շատ դեպքերում, այո՛, բուժվում է:  Ալերգիայի դրսևորումները տարատեսակ են՝ կախված նրանից, թե ալերգիկ ռեակցիան մարդու որ օրգանին է առավել առնչվում (երբեմն ալերգիկ ռեակցիաները կարող են համակցվել): Ալերգիայի դրսեւորումները կարող են լրջորեն խանգարել առօրյայում: Ուստի կարևոր է ալերգիայի կասկածների առաջացման ժամանակ ճիշտ գնահատել շրջակա միջավայրը, հնարավոր ալերգիաները կամ գրգռիչները, ախտանիշների առաջացման ժամանակը և դրանց տևողականությունը, ինչպես նաև դրանց ազդեցությունը կյանքի որակի վրա: Ալերգիայի բուժման ամենաարդյունավետ տարբերակը կանխարգելումն է:

http://bestgroup.am/ կայքի   զրուցակիցն է Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի կլինիկական իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի կլինիկայի իմունոլոգ-ալերգոլոգ, բ.գ.թ., Երեւանի Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ, տասնյակից ավել գիտական հոդվածների եւ թեզիսների, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ, ալերգիկ հիվանդությունների վարման  կլինիկական ուղեցույցների  եւ  գործելակերպերի մշակման աշխատաքային խմբի անդամ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում հետ մեր զրույցը ծավալվեց ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ոլորտի շուրջ:

Տիկի՛ն Հարությունյան, ինչի՞ հետ են կապված ալերգիկ հիվանդությունների ակտիվությունը մեր օրերում:

Ալերգիկ հիվանդությունները գրանցում են սրընթաց աճ ամբողջ աշխարհում, զարգացած և զարգացող երկրներում՝ յուրաքանչյուրին բնորոշ պատճառով:  Ըստ միջազգային վիճակագրության՝ այսօր շատ քիչ են հիվանդները, որոնք ունեն ալերգիայի միայն մեկ ալերգեն: Հիվանդների մեծ մասը պոլիսենսիբիլիզացված է՝ ունի ալերգիա միաժամանակ մի քանի ալերգեններից:  Ալերգոլոգիական  պաթոլոգիաների հիվանդացության աճը կարող է պայմանավորված լինել   նորանոր դեղերի և մեծ քանակությամբ դեղորայքի օգտագործմամբ, նաև ոչ օրգանակ սննդի տարածմամբ և օգտագործմամբ, ինչը հագեցած է կոնսերվանտներով, ներկանյութերով և այլն: Պատճառներից է  նաև բնության մեջ հիբրիդային տեսակների ծառ ու ծաղկի գոյացումամբ, որոնցով  մենք սիրում ենք զարդարել մեր միջավայրը. մի խոսքով՝ պատճառները շատ են: Հատուկ կուզեի կանգ առնել քրոնիկական սթրեսի վրա, ինչը վերջին ժամանակներում բժշկագիտության ուսումնասիրման կենտրոնում է, որը առաջացնում է իմուն  համակարգի տարատեսակ շեղումներ, իսկ ալերգիան ինքին իմուն պատասխանի դրսևորումներից մեկն է: Իրականում տարբերում ենք ալերգիկ հիվանդությունների տարատեսակ  խմբեր՝ պայմանավորված տարբեր  էթիոպաթոգենետիկ մեխանիզմներով: Ըստ ախտահարվող թիրախ հյուսվածքների, օրգանների և  դրսևորումների՝ տարանջատվում են ալերգիայի ռեսպիրատոր  ձևերը, մաշկային ձևերը, ավելի համակարգային ձևերը (միաժամանակ մի քանի), երբեմն նաև գրեթե բոլոր կենսական կարևորագույն օրգան –համակարգերի ախտահարումով:

Բժշկուհի՛, խոսենք սեզոնային բնույթ կրող ալերգիաների մասին:

Գարնան  ծաղկունքին զուգահեռ բնությունը հարստանում է ծառ ու ծաղկի, խոտերի ծաղկափոշով, որոշ սնկերի սպորներով, ինչը դառնում է պատճառ ալերգիկ ախտահարումների, մասնավորապես, սեզոնային ալերգիկ ռինիտի, ալերգիկ կոնյունկտիվիտի զարգացմանը: Նույն ժամանակաշրջանում ակտիվանում են ֆոտոդերմատոզները՝ պայմանավորված արևի ճառագայթների ուլտրամանուշակագույն ալիքներով: Վերջինս ժողովրդի մեջ հաճախ անվանվում է <<արևային ալերգիա>>: Պետք է նշել նաև ցուրտ եղանակին՝ ձմռանը, բնորոշ ցրտային ալերգիաները: Որոշակի անամնեզ ունեցող հիվանդները սեզոնին ընդառաջ սերտ կապի մեջ են լինում իրենց բժիշկների հետ, նախընտրում են կանխարգելիչ միջոցառումներ:

- Բժշկուհի՛, ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել, ինչպե՞ս կբնութագրեք այն:

Հեռավոր 1994 թվականին գերազանցությամբ ավարտելով  Երեւանի պետական բժշկական ինստիտուտը՝ ընդունվել եմ ասպիրանտուրա նույն ինստիտուտի կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնում: Ասպիրանտուրայի ավարտին, պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն, ստացել եմ  բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, անցել աշխատանքի նույն ամբիոնում՝ որպես ասիստենտ, ապա ՝ դոցենտ, և աշխատում եմ մինչ օրս:  Միևնույն ժամանակ ծավալել եմ կլինիկական գործունեություն կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկայում՝ <<Հերացի>> թիվ 1 համալսարանական  հիվանդանոցում:  Դասավանդում եմ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի ուսանողներին  ԱՊՀ երկրներից և տարբեր աշխարհամասերից: Աշխատանքիս երկու մասն էլ սիրում եմ. դրանք իրար հետ սերտաճած են: Շատ եմ սիրում ուսանողներիս, մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց, քանի որ ներկայիս ուսանողությունը մեծ ներուժով և  եռանդով գնում է դեպի արդիական բժշկագիտություն, գիտակ է և բանիմաց: Վստահ եմ՝ բացի նրանց սովորեցնելուց նաև շատ բան եմ սովորում նրանցից: Շատ կուզեի, որ բացի ալերգոլոգիայից մենք Հայաստանում զարգացնեինք նաև կլինիկական իմունոլոգիայի այլ ճյուղեր, մասնավորապես լավ հիմքերի վրա  դնենք իմունային անբավարարությունների, աուտոիմուն ախտահարումների ախտորոշումն ու բուժումը, ինչի կարիքը մեր հասարակությունը շատ ունի:

Ընդունված ավանդույթ է երեխաները ընտրում են ծնողների ուղին: Ձեր դուստրը նույնպես այդ ավանդույթի կրո՞ղն է։

Դուստրս որոշեց շարունակել  իր ծնողների  ուղին՝ մեծ սիրով ընտրելով բժիշկի մասնագիտությունը: Նա գիտակցում է դժվարությունները:  Այժմ  Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի 4-րդ կուրսի ուսանող է: Իհարկե դեռ նեղ մասնագիտական կողմնորոշում չունի, չեմ կարող ասել, ի վերջո, կընտրի մայրիկի՞, թե՞ հայրիկի  մասնագիտությունը, սակայն, կարծում եմ,  գործին մեծ նվիրում և պատասխանատվություն պահանջող մասնագիտությունը չի խանգարի նրան  անձնական կյանքում:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր արդեն բախվել են ալերգիկ բնույթի խնդիրների հետ:

Հակառակ տարածված կարծիքի՝ ասեմ, որ ալերգիան  բուժում ունի:  Մենք տիրապետում ենք  բուժման  բավականին արդյունավետ և արդի մեթոդների, որոնք լայն կիրառելիություն ունեն: Մեր երկրում ևս մեծ հնարավորություն ունենք ստանալ բուժման բարձր արդյունավետություն: Հիվանդը չպետք է ընդունի իր ալերգոլոգիական ախտորոշումը որպես դատավճիռ: Սա  մի իրավիճակ է, որի դեպքում կան  ելքեր, եւ, ամենագլխավորը,  ինքնաբուժությամբ չզբաղվել: Ես վստահաբար  կարող եմ ասել, որ մենք այսօր ունենք մասնագիտական ներուժ, որ յուրաքանչյուր հիվանդի համար ապահովենք ախտորոշում և բուժում՝ ամենաօպտիմալ տարբերակով:

Ալերգիայից վախենալ պետք չէ, պետք է իմանալ, որ  լուծումը կա: Այս ոլորտում կարևորում եմ նաև պացիենտների կրթական ցենզի բարձրացումը, ալերգոլոգիական դպրոցների առկայությունը հիվանդների կրթման համար, օրինակ՝  ասթմա-դպրոցների գործունեությունը: Այս ամենը օգնում է հիվանդներին հաղթահարել հիվանդությունը, իհարկե, բժիշկ-ալերգոլոգի օգնությամբ և օժանդակությամբ: 

Եղե՛ք առողջ և լավատես:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր