Print this page
Անահիտ Սլավիկի Գրիգորյան

Անահիտ Սլավիկի Գրիգորյան

(0 votes)

Յուրաքանչյուր հայ օջախում տան սյունը  կինն է, եւ նա պիտի լինի առողջ, սիրված, կենսունակ

Կինը եղել է, կա ու պետք է լինի մարդկային էության ավանդույթը կրողը, հիմքը ու շարունակողը: Գեղանկարչության մեջ նույնիսկ մոդեռնի, պոստմոդեռնի, իմպրեսիոնիզմի, աբստրակցիոնիզմի մեջ ես տեսնում եմ տրադիցիաների շարունակություն: Մարդկության գլուխգործոցը կինն է: 
  Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ քաղցկեղի ախտորոշումը մահվան դատավճիռ է: Իմանալով քաղցկեղի մասին` հիվանդները կարող են շոկի մեջ հայտնվել, չհավատալ իրականությանը: Ժամանակ է պետք այս ամենին հարմարվելու, հուզական վիճակից հնարավորինս դուրս գալու եւ իրավիճակը սթափ դատելու համար, որոշ դեպքերում, ցավոք, հիվանդին ու նրանց հարազատներին այդպես էլ չի հաջողվում դուրս գալ այդ վիճակից: 
Բժշկության զարգացմանը զուգահեռ քաղցկեղի բուժման, շատ դեպքերում քաղցկեղ ունեցող մարդու լիակատար ապաքինման հնարավորությունները գնալով էլ ավելի են մեծանում: Եթե անգամ բժիշկը ապաքինման որեւէ հույս չի տալիս, պետք չէ հուսալքվել: Անգամ եթե այլեւս փրկության որեւէ հնարավորություն չկա, կարելի է տարբերակներ գտնել` հիվանդության հետ մնացյալ կյանքը հնարավորինս անցավ, երկար ու երջանիկ ապրելու համար: Գինեկոլոգի մասնագիտությունը մի կարեւոր առանձնահատկություն ունի, որով այն տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից: Կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ ե՛ւ պրոֆիլակտիկ, ե՛ւ բուժման նպատակներով կյանքի տարբեր  փուլերում՝ սեռական հասունացման շրջանից մինչեւ ծերություն: Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգը ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասի գիտի ավելին, քան  շատ հարազատ մարդիկ: 
  http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պոլիկլինիկական եւ դիսպանսեր ծառայության  բժիշկ-մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը, ում հետ զրուցեցինք  գինեկոլոգիական ամենատարածված հիվանդությունների, պրոֆիլակտիկ բուժզննման անհրաժեշտության, գինեկոլոգիական ոլորտի նորությունների ու ձեռքբերումների, լավ բժիշկ լինելու նախադրյալների եւ այլ թեմաների մասին: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե կանայք հո՞գ են տանում իրենց առողջության մասին, գինեկոլոգը դրական առաջընթաց է տեսնում։ Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ գինեկոլոգիայում կան որոշակի անելիքներ, որոնց թվում առաջնային է հաճախորդների տեղեկացվածությունը: Բժշկուհին ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը:

- Տիկին Գրիգորյան, ընտրել եք շատ ռիսկային և պատասխանատու  աշխատանք, ի՞նչու որոշեցիք գնալ այդ քայլին։                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

-Բժշկի մասնագիտությունը ընտրեցի, քանի որ դա եղել է իմ մայրիկի երազանքը։ Փոքր տարիքից նա իմ մեջ սերմանել է սերը դեպի բժշկությունը: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը, ապրում իրենով, եւ եթե հանկարծ նորից ինձ հնարավորություն տրվի կրկին  ընտրություն կատարել մասնագիտության ընտրության հարցում, ապա միանշանակ կընտրեմ բժշկի մասնագիտությունը: 

- Բժշկուհի՛, հիմնականում ի՞նչ հիվանդություններով են Ձեզ դիմում, եւ ո՞ր հիվանդություններն են երիտասարդանում: 
-Լինելով բժիշկ-գինեկելոգ՝ հիմնականում զբաղվում եմ գինեկոլոգիական հիվանդությամբ տառապող հիվանդների հետ։ Ելնելով ծառայության բնույթից՝ որպես առաջնային օղակի եւ ամբուլատոր, դինսպանսեր ծառայության բժիշկ, զբաղվում եմ բոլոր առաջնային հիվանդներով, որոնց աշխտորոշումը հաստատված է կամ կասկածելի: Հիվանդները, դիմելով մեր կենտրոն, անցնում են կրկնակի ախտորոշում՝ հետագա բուժման տակտիկան որոշելու համար։ Կլինիկան հետեւում է  կենտրոնում բուժում ստացած բոլոր պացինտներին, ովքեր հետագայում ունենում են  դիսպանսեր հսկողության  անհրաժեշտություն: Մեր կլինիկայում թիմային մեծ աշխատանքն է կատարվում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, որոնց միջավայրում աշխատելով ես օր-օրի կատարելագործվում  եմ։ Դրան նպաստում է նաեւ  մեր կենտրոնի տնօրենի շատ խստապահանջ եւ լուրջ մոտեցումը։ Յուրաքանչյուր խնդիր եւ իրավիճակ շատ լուրջ քննարկվում է մասնագիտական խմբի կողմից, հաշվի  է առնվում յուրաքանչյուրի կարծիքը, եւ այս քննարկումների արդյունքում գտնում ենք լավագույն լուծումը մեր հիվանդների համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հիվանդի հիվանդության պատմության առանձնահատկությունը։ Այս համախմբվածությունը եւ հիվանդին մոտեցման յուրահատկությունն է  ապահովում մեծ արդյունք։ 
-Ասոցիացայի անդա՞մ եք: Ըստ Ձեզ այսօր ասոցացիաներն ի՞նչ են տալիս: 
-Այո՛, ես հանդիսանում եմ ասոցիացիայի անդամ: Ասոցացիաները մեզ տալիս են բոլոր հնարավորությունները, որ հետեւենք  նորարարությունների  ընթացքին, բուժման  նորագույն մոտեցումներին, միշտ տեղյակ լինենք  նորագույն տեխնոլոգիաներից։ 
- Կա՞ փոփոխություն մեր քաղաքացիների  դիմելության մշակույթի  մեջ: 
 - Իհարկե։ Սկզբնական շրջանում մեր հասարակության մեջ բացակայում էր պրոֆիլակտիկ մոտեցումը, ինչի հետեւանքով հիվանդությունը ախտորոշվում էր  ուշ  փուլում։ Իսկ վերջին տարիներին ԶԼՄ-ի ակտիվությունը, առողջապահության նախարարի նոր նախաձեռնությունները նպաստեցին, որ մարդիկ դիմեն բժշկական առաջնային օղակներ` պոլիկնիկաներ, որ  սրինինգային ծրագրերն ավելի ակտիվ կազմակերպվեն Հայաստանում։ Սա է պատճառը, որ հիվանդների հոսքը շատացել է, ինչն էլ նպաստել է հիվանդության վաղ հայտնաբերմանը՝ հնարավորություն տալով  ավելի արդյունավետ բուժում կազմակերպել։  
-Բայց ամեն դեպքում մեր հանրության մեջ կա թերհավատությունը բժշկության առաջնային օղակի հանդեպ. բավականին դժվար է այդ կարծրատիպը կոտրել: 
- Թերհավատություն կա ամեն ոլորտների հանդեպ, բացառություն չէ  նաեւ բժշկությունը: Մենք ունենում ենք հիվանդներ, որոնք, ունենալով հիվանդության ախտորոշում, գալիս են մեր կլինիկա, որ կրկնեն հետազոտությունը՝ համոզվելու իրենց ախտորոշման մեջ։  Այս երեւույթը ավելի հաճախ կրկնվող դարձավ հատկապես հեղափոխությունից հետո։  Մենք՝ բժիշկներս, ըմբռնումով ենք մոտենում սրան, քանի որ հասկանում ենք հիվանդների իմպուլսիվության   եւ լարվածության պատճառը։ Լարվածությունը ամեն հերթական այցերի ընթացքում աստիճանաբար մեղմանում է: 
- Բժշկուհի՛, չարորակ գոյացության հայտնաբերման դեպքում Դուք կարո՞ղ եք  հայտնել հիվանդին:  
-Իհարկե մոտեցումը տարբերվում է եվրոպական երկրներից, որտեղ ընդունված է հիվանդին տեղեկացնել հիվանդության մասին հենց բուժող բժշկի կողմից: Իհարկե մեզ մոտ այլ մոտեցումը է։ Հաշվի առնելով մեր հասարակության մտածելակերպը, ինչպես նաեւ նրանց բարեկամների եւ մերձավորների խնդրանքը՝ փորձում ենք պարզ եւ ակնհայտ չասել ախտորոշման լրջությունը։ Բայց ժամանակի ընթացքում, միեւնույն է, հիվանդը տեղեկանում է։ Բուժման հավանականությունը, իհարկե, հիվանդության  սկզբնական փուլերում բավական բարձր է եւ նկատելի է թե՛ մեր կատարած աշխատանքը, թե՛ հիվանդի ջանքերը։ Չմոռանանք, որ յուրաքանչյուր հիվանդի օրգանիզմ յուրովի է պատախանում հիվանդության ընթացքին: 
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը: 
- Նախ մեր հայ կանանց ցանկանում եմ առողջություն, սեր։ Իմ կողմից  խորհուրդ եւ հորդոր, որ  իրենք շատ ժամանակ տրամադրեն իրենց առողջությանը, կանխարգելիչ  նպատակով այցերը բժիշկների մոտ լինեն շատ ակտիվ, քանի որ յուրաքանչյուր հայ օջախում տան սյունը  կինն է, եւ նա պիտի լինի առողջ, սիրված, կենսունակ, որ  հայ ընտանիքն էլ լինի ավելի ամուր եւ երջանիկ: