Լուսինե Աղաբաբյան

(0 votes)

Առողջ չքավորը երջանիկ է հիվանդ թագավորից

Էնդոկրինոլոգիական հիվանդությունները քրոնիկական  հիվանդություններ են, որոնք ազդում են կյանքի որակի վրա եւ կարիք ունեն մշտական հսկողության: Էնդոկրինոլոգիան  (ներզատաբանություն) բժշկության  այն ճյուղն է, որն ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի ֆիզիոլոգիական ու ախտաբանական վիճակները, հորմոնալ տեղաշարժերը, դրանց պատճառով առաջացած հիվանդություններն ու բուժումը: Հորմոնների ավելորդ կամ սակավ քանակները, ինչպես նաեւ նրանց հանդեպ օրգանիզմի զգայնության փոփոխություններն առաջ են բերում ծանր հիվանդություններ:  Որոշ հիվանդություններ պահանջում են ապրելակերպի փոփոխություններ եւ բժշկական հսկողություն` սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնման եւ դեղորայքային առումով: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <<Էլիտ-Մեդ>> եւ <<Աղաբեկյան>> բժշկական կենտրոնների էնդոկրինոլոգ ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ` երիտասարդ կին, որը, գործը պատվով կատարելուց եւ մարդկանց երախտիքի խոսքերին արժանանալուց զատ, երջանիկ ու սիրված կին է ընտանիքում, իսկ առօրյայում արժեւորում է մարդկանց օգնելու պատվավոր գործը:

-Տիկի´ն Աղաբաբյան, ընտրել եք շատ ռիսկային եւ պատասխանատու աշխատանք,  ինչպե՟ս որոշեցիք գնալ այդ քայլին:

-Անկեղծ լինելով կասեմ, որ մանկուց երազում էի երաժիշտ դառնալու մասին, շատ լավ դաշնամուր էի նվագում, բայց տատիկիս երազանքն ինձ սպիտակ խալաթով տեսնելն էր, եւ միշտ հորդորում, համոզում էր, որ ընտրեմ հենց բժշկի մասնագիտությունը:  Երբ  սովորում էի ավարտական  դասարանում, տատիկս մահացավ, եւ ուղեղումս դաջվեց, որ բժիշկները պարզապես չկարողացան փրկել նրա կյանքը: Եվ այդ պահից սկսած` որոշեցի դառնալ բժիշկ ու երբեք չեմ փոշմանել իմ մասնագիտության ընտրության հարցում, որովհետեւ այն շատ սիրում եմ:  Հավատացեք, որ շատ կարեւոր է, երբ մարդն ունակ է ընկալել, հասկանալ ուրիշների ցավը եւ փորձել օգնել նրանց: Նման մարդկային արժեքները Աստծո պարգեւ են եւ ամենքին չեն տրվում: Իսկ երբ սիրում ես քո մասնագիտությունը, այն արդեն քեզ համար դառնում է հաճելի եւ լիարժեքության զգացում պարգեւող աշխատանք: Իրենց գործին նվիրված, հասարակության շրջանում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող բժիշկները մեզանում շատ են, հավատացեք: Մեր աշխատանքի գնահատականը առաջին հերթին տալիս են հիվանդները, եւ եթե սրան ավելանում է նաեւ հանրության գնահատականը, ապա բժիշկը մեծ պատվի է արժանանում: Բնականաբար, ոչ բոլոր պացիենտներին կարող ենք լիարժեք գոհացնել, բայց բոլոր դեպքերում մենք՝ բժիշկներս, ջանք ու եռանդ չենք խնայում դրան հասնելու համար:

- Բժշկի մասնագիտությունը կոչո՟ւմ է, թե առաքելություն:

- Կարծում եմ՝ առաքելություն է: Ազնվություն, հիվանդի ցավը հասկանալու ունակություն, այդ ցավը վերացնելու համար ինքդ քեզանից ինչ-որ բան խլելու, ժամանակդ տրամադրելու պատրաստակամություն. ահա բժշկին հատուկ ամենակարեւոր հատկանիշները:  Ի վերջո, մարդուն առողջություն ու ժպիտ պարգեւելը ամենամեծ առաքելությունն է:

- Ձեր արմատներում կա՟ն բժիշկներ:

- Այո´: Մորեղբայրներս եւ հորաքույրս բժիշկներ են: Առհասարակ, ես շատ շնորհակալ եմ Աստծուն եւ այն ընտանիքի համար, որտեղ ծնվել եմ (մասնավորապես ծնողներիս), եւ այն ընտանիքի համար, որը ստեղծել եմ հետագայում ինքս, որովհետեւ, եթե ամուր թիկունք չունենաս, չես կարող լիարժեք տրվել քո գործին, դառնալ նվիրյալ եւ օգնել մարդկանց այնքանով, որքանով կարող ես: Հավատացե´ք, մեր աշխատանքային ժամը չի սկսվում առավոտյան 9-ից եւ ավարտվում երեկոյան 18 -ին: Բժիշկը աշխատում է շատ ծանրաբեռնված ռեժիմով  եւ փորձում միշտ հասանելի լինել յուրաքանչյուր հիվանդի համար:

  -Բժշկուհի´, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

- Յուրաքանչյուր մարդ, ում հանդիպել եմ իմ կյանքի ճանապարհին, իր դերն է խաղացել: Սովորել կարելի է բնությունից, գրքերից, երեխաներից, ընկերներից եւ ոչ միայն: Նախեւառաջ հասկանում եմ, որ կյանքում պատահական մարդիկ չեն լինում. յուրաքանչյուրը մեզ հանդիպում է ինչ-որ բան սովորեցնելու նպատակով: Ես վստահ եմ, որ մենք բոլորս ունենք մեր խնամակալ հրեշտակները Երկրի վրա, դրանք կարող են լինել մեր հարազատները, հավատարիմ ընկերները, եւ, ինչու ոչ, բժիշկը: Մասնագիտական առումով կասեմ հետեւյալը. 1995 թվականին ավարտել եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, 1995-1997թթ.-ին <<Էրեբունի>> բժշկական կենտրոնում անցել եմ կլինիկական օրդինատուրա <<էնդոկրինոլոգիա>> մասնագիտացումով, որտեղ շարունակել եմ աշխատել մինչեւ 2002թ.: 2003-2015թթ. տեղափոխվել եմ <<Նաիրի>> բժշկական  կենտրոն որպես էնդոկրինոլոգ եւ ընդունարանի բաժանմունքի վարիչ: Իսկ 2015թ.-ից մինչ օրս շարունակում եմ աշխատել <<Էլիտ-Մեդ>> եւ <<Աղաբեկյան>> բժշկական կենտրոններում: Այս տարիների ընթացքում անցել եմ բազմաթիվ վերապատրաստումներ ՀՀ-ում եւ արտերկրում:

-Խոսենք շաքարային դիաբետի տեսակների մասին:

-Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է ինսուլինի հարաբերական կամ բացարձակ անբավարարության դեպքում: Առաջացման նպաստող գործոններից են սխալ ապրելակերպը, գենետիկական հակվածությունը,  սթրեսը, ճարպակալումը  եւ այլն: Շաքարային դիաբետը պահանջում է մշտական հսկողություն եւ լավ գլիկեմիկ ինդեքս (շաքարի նորմալ մակարդակ օրվա ընթացքում, անոթի եւ կուշտ վիճակում): Այս հիվանդությունը հարաճուն հիվանդություն է, որն առաջացնում է բոլոր օրգան-համակարգերի ախտահարում` կենտրոնական եւ ծայրամասային նյարդային համակարգի, սիրտ-անոթային, շնչական, ստամոքս-աղիքային, ոսկրային, միզասեռական… Նրա հիմնական տեսակներն են՝ տիպ 1-ը, տիպ 2-ը եւ հղիների մոտ հանդիպող դիաբետը (հեստացիոն): Իհարկե, կան նաեւ դիաբետի այլ տեսակներ, որոնց մասին կխոսենք հաջորդ անգամ:

Տիպ 1-ը այն տեսակն է, որի դեպքում ենթաստամոքսային գեղձը առհասաարակ չի սինթեզում ինսուլին: Հիմնականում հանդիպում է մանկահասակ երեխաների եւ դեռահասների մոտ: Իսկ 2-րդ տիպը ամբողջ աշխարհում կազմում է դիաբետիկների ողջ քանակի 90 տոկոսը: Այս դեպքում առկա է ինսուլինի հարաբերական անբավարարություն, այսինքն` ինսուլինը քանակությամբ կարող է լինել բավարար քանակի կամ ավել, բայց որակապես լինի թերի եւ չկարողանա ապահովել օրգանիզմի նորմալ գործունեությունը: Այս հիվանդությունը կարող է նկատվել նաեւ դեռահասների շրջանում: Հեստացիոն դիաբետը հղիության ընթացքում առաջացած դիաբետն է, որը սկսվում է հղիության հետ եւ ավարտվում ծննդաբերությունից հետո, կազմում է դիաբետ հիվանդության մոտ 5 տոկոսը: Ժամանակին հայտնաբերման դեպքում այն չի կարող վնասել պտղին եւ, մեծամասամբ, հղիության ավարտից հետո մայրը համարվում է առողջ: Ըստ վիճակագրական տվյալների, 5-10 տարի հետո այդ կանանց մոտավորապես կեսի մոտ կարող է զարգանալ դիաբետի 2-րդ տիպը: Շաքարային դիաբետի բուժման մեթոդներից են՝ դիետոթերապիա, հակադիաբետիկ դեղահաբեր, ինսուլինոթերապիա:

Շաքարային դիաբետը առհասարակ համարվում է ապրելակերպ, եւ այսօր գիտությունն այնքան է զարգացել, որ կան ե´ւ պոմպեր, ե´ւ մարդու ինսուլին, ե´ւ երկարատև ազդեցության դեղամիջոցներ, որոնք հեշտացնում են դիաբետի վարումը եւ վերահսկումը:

Հավատացեք, որ դիաբետի բուժման գործում շատ կարեւոր է պացիենտի գրագիտությունը: Նա պետք է հետեւի իր սննդակարգին եւ փոխի իր ապրելաոճը: Այսօր գործում են հատուկ դիաբետի դպրոցներ, որոնք այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում եւ պացիենտի, եւ նրա հարազատների հետ: Իհարկե ուզում եմ նշել, որ գրագիտությունը չի  նշանակում ինքնաբուժում իրականացնել` օգնության դիմելով մտերիմ, բարեկամ, հարեւաններին, ինտերնետ կայքերին: Դա նշանակում է, որ պացիենտը պետք է բժշկի հսկողությամբ ինքն իրեն կարողանա վերահսկել: Ըստ  վիճակագրական տվյալների, 2017թ. դրությամբ աշխարհում կա 427 միլիոն դիաբետ ունեցող մարդ, բայց արդեն 2045թ.-ից նրանց թիվը կարող է անցնել 600 միլիոնի սահմանը: Դիաբետի միջազգային ֆեդերացիան 2017թ. մեզ տվեց մի հաղորդագրություն, ըստ որի, ամեն երկրորդ մեծահասակը չախտորոշված դիաբետիկ է,  եւ իրականում 200 միլիոն մարդ դեռ տեղյակ չէ, որ տառապում է այդ հիվանդությամբ: Այդ իսկ պատճառով սքրինինգային ծրագրերը բավականին կարեւոր են հիվանդության վաղ հայտնաբերման համար, իսկ որքան այն վաղ հայտնաբերվի, այնքան բուժման ընթացքը ավելի արդյունավետ կլինի:

-Բժշկուհի´, ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Այսօր մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել իրենց առողջության  նկատմամբ: Իհարկե դա շատ է օգնում հիվանդությունների վաղ հայտնաբերման գործում: Ուզում եմ նշել, որ վաղ հայտնաբերմանը բավականին նպաստել են նաեւ բժշկական ապահովագրությունն ու սոցիալական փաթեթները: Պետք է նաեւ հաշվի առնել, որ սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց զանգվածը մեծ է, եւ դա բավականին դժվարեցնում է նաեւ բժշկի աշխատանքը: 

-Բժշկուհի´, խոսենք նաեւ վահանաձեւ գեղձի մասին:

- Վահանաձեւ գեղձը մեր օրգանիզմի ամենակարեւոր գեղձերից մեկն է: Տեղակայումը՝ պարանոցի առաջային պատին՝ շնչափողից առաջ, նման է թիթեռի:

Վահանաձեւ գեղձը մեր օրգանիզմին անհրաժեշտ յոդի պաշարն է հավաքում եւ նրանից սինթեզում հորմոններ: Հիմնական հորմոններն են  թիրոքսինը (T4), տրիյոդթիրոնինը (T3), կալցիտոնինը:

Այս հորմոններն անհրաժեշտ են մարդուն բեղմնավորման օրվանից սկսած մինչեւ կյանքի վերջին օրը: Վահանագեղձի հորմոնները պատասխանատու են երեխայի աճի, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, ինչպես նաեւ ձվազատման, լիբիդոյի, կալցիումի փոխանակության համար: Շատ կարեւորում եմ հղիների վահանաձեւ գեղձի հետազոտումը, քանի որ խնդիրների առկայությունը կարող է բացասաբար անդրադառնալ թե´ հղիի, թե´ պտղի առողջության վրա: Այս դեպքում շատ կարեւոր է էնդոկրինոլոգի եւ գինեկոլոգի համատեղ աշխատանքը:

Հայաստանում բավականին մեծ տարածում ունեն ՎԳ հիվանդությունները: Տեսակները շատ են՝ աուտոիմուն թիրեոիդիտ, հիպոթիրեոզ, թիրեոտոքսիկոզ, սուր եւ ենթասուր թիրեոիդիտներ…Վերջին տարիներին նկատվում է ՎԳ ուռուցքների զգալի աճ: Էնդոկրին համակարգը համարում եմ օրգանիզմում կարեւորագույններից մեկը: Հաճախ էնդոկրին հիվանդությունները քողարկված են լինում, եւ պացիենտն իր գանգատներով դիմում է մեկ այլ մասնագետի՝ ուռուցքաբանի, գինեկոլոգի, սրտաբանի, սեքսոպաթոլոգի, նյարդաբանի, ատամնաբույժի… Այդ իսկ պատճառով միայն թիմային աշխատանքի շնորհիվ մենք  կարող ենք հասնել լավագույն արդյունքի:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են իրենց ծնողների ուղին, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Տղաս մասնագիտությամբ տնտեսագետ է, եւ ես երբեք նրան չեմ ուղղորդել, դա իր որոշումն է եղել: Իսկ աղջիկս դեռ փոքր է, որպեսզի որոշում կայացնի մասնագիտության ընտրության հարցում: Կարծում եմ՝ բժշկությունն այն բնագավառը չէ, որտեղ կարող ես առանց սիրելու աշխատել, դա մի մասնագիտություն է, որը ծանր է թե´ հոգեպես եւ թե´ ֆիզիկապես. չէ որ մենք ամեն օր գործ ունենք մարդկային կյանքի հետ:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

- Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է: Բոլորիս ցանկանում եմ առողջություն, սեր, բարեկեցություն եւ անամպ երկինք: Իսկ որպես վերջաբան թույլ տվեք ավարտեմ Շոպենհաուերի խոսքերով.<<Առողջությունն այն աստիճան է հավասարակշռում կյանքի մնացած բարիքներին, որ, իրականում, առողջ չքավորը երջանիկ է հիվանդ թագավորից>>:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր