Գայանե Աղաբաբյան

(0 votes)

Կայացած պետության հիմնական գրավականը առողջ հասարակությունն է

Սրտի անխափան աշխատանքն ու արյունատար անոթների նորմալ գործունեությունը, կարելի է ասել, առողջության գրավականն են, բայց, ցավոք, վերջին տարիներին սրտային հիվանդություններով տառապող մարդկանց թիվը կտրուկ ավելացել է: Ընդ որում, մեզ մոտ հիվանդությունը գնալով երիտասարդանում է, ինչը սրտաբանները բացատրում են նաեւ այն հանգամանքով, որ հայերը վերջին տարիներին փոխել են իրենց ապրելակերպը. եթե նախկինում շատերն էին զբաղվում ֆիզիկական աշխատանքով եւ առողջ ապրելակերպ էին վարում, ավելի քիչ էին ծխում, ապա հիմա այդ ամենն այլեւս չկա: Բժիշկների ներկայացմամբ, բացի այն, որ մարդիկ հիվանդանում են անտեղյակությունից, մեծ դեր է խաղում նաեւ ժառանգական նախատրամադրվածության գործոնը: Սրտաբանների համոզմամբ, մարդիկ չգիտեն, թե իրենց ապրելակերպից ինչն է խիստ վնասում առողջությանը, տեղյակ լինելու դեպքում էլ անուշադրության են մատնում այդ հանգամանքը: Էկոլոգիան, ծխելը, ճարպային սննդի չարաշահումները, քաշի ավելացումը, սթրեսները, չափից ավելի նստակյաց կյանքը հիմնական պատճառներն են, որոնք հանգեցնում են սրտային հիվանդությունների:

<Աստղիկ> բժշկական կենտրոնը համարվում է մեր հանրապետությունում առաջատար բժշկական կենտրոններից մեկը, որտեղ իրականացվում են տարբեր նեղ մասնագիտական բուժօգնություն, ցանկացած հետազոտություն ու միջամտություն:Ինչքան էլ հարուստ լինեն տեխնիկական ու մասնագիտական հմտությունները, միեւնույն է, լինում են դեպքեր, երբ պացիենտի անհատականությունը առաջ է բերում խնդիրներ: Դրա համար ուշադրություն կենտրոնում են գտնվում հիվանդության կանխարգելումը, դեղորայքային բուժումն ու դինամիկ հսկողությունը: Մեր հանրապետությունում կան շատ լավ սրտաբաններ, բայց, ամեն դեպքում, բժիշկները հաճախ դիմում են երկրորդ կարծիքի օգնությանը, չեն զլանում մի քանի անգամ տարբեր օղակներով ստուգել իրենց: Այսօրվա հիմնահարցերից մեկը պացիենտին կրթելն է: Նա պետք է, այսպես ասած, ճանաչի իր հիվանդությունը, իմանա` ինչից զգուշանալ, ինչին ուշադրություն դարձնել: Պետք է զարգացնել բժշկին, մասնագետին դիմելու մշակույթը, որի պակասը, շատ հաճախ, անդառնալի հետեւանքների է հանգեցնում:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <Աստղիկ> բժշկական կենտրոնի սրտաբան-առիթմոլոգ ԳԱՅԱՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ:Չնայած բավականին երիտասարդ տարիքին` նա տիրապետում է բժշկի իսկական որակներին` միեւնույն ժամանակ պահպանելով կնոջը բնորոշ նուրբ եւ փխրուն հատկությունները:

-Բժշկուհի՛, խոսենք առիթմիայի տեսակների մասին:

-Առիթմիան սրտի ռիթմի բնականոն աշխատանքի խանգարումն է: Եթե հարցին փիլիսոփայորեն մոտենանք, ապա առիթմիայով օրգանիզմը ազդակ է տալիս, որ ինչ-որ բան այն չէ, ու մասնագետի դիմելու կարիք կա: Առիթմայի տեսակները շատ բազմազան են. հիմնականում տարբերում ենք վերփորոքային եւ փորոքային առիթմիաներ: Փորոքային առիթմիաները համարվում են ավելի չարորակ առիթմայի տեսակ, իսկ վերփորոքայինը` ոչ: Փորոքային առիթմիաները շատ ավելի բարդ են եւ պատկանում են կյանքին վտանգ սպառնացող առիթմաների դասին:

-Սիրտ - անոթային ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Ցավոք, պետք է նշեմ, որ սրտի իշեմիկ հիվանդությունը սրտամկանի ինֆարկտի տեսքով հանդիպում է՝ սկսած 22 տարեկան պացիենտների մոտ, ընդ որում, որքան երիտասսրդ է պացիենտը, այնքան շատ է վատ ելքի հավանականությունը:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Բարեբախտաբար, իմ ուսուցիչները շատ են եղել կյանքիս ընթացքում, քանի որ վերապատրաստումներն էլ բավականին շատ են եղել: Հայաստանում ինձ ուսուցիչ համարում եմ Շահեն Խաչատրյանին, որի մոտ անցել եմ օրդինատուրա եւ բավականին լուրջ գիտելիքներ եմ ստացել ինվազիվ սրտաբանության ոլորտում:

-Ի՞նչ տարբերություններ կան մեր եւ արեւմտյան երկրների առողջապահական համակարգերի միջեւ։ Որքանո՞վ է ապահովագրական բժշկությունը կիրառելի մեր երկրում:

-Կարծում եմ՝ ապահովագրությունը ամենամեծ խնդիրն է մեր երկրում: Երբ երկու տարի առաջ Թայվանում վերապատրաստման էի, ինձ շոկի մեջ գցեց այն փաստը, որ, ունենալով Հայաստանի չափ տարածք եւ 23.5 միլիոն բնակչություն, երկու ամսվա ընթացքում այնտեղ գրանցվեց երկու սուր ինֆարկտի դեպք, մինչդեռ մեր հանրապետության միայն <Աստղիկ> բժշկական կետրոնում ամեն օր միջինը գրանցվում է սուր ինֆարկտի երեք դեպք: Պարզից էլ պարզ է, որ մեր երկրում հասարակությունը թեկուզ պրոֆիլակտիկ բուժզննման նկատառումերով չի դիմում բժշկի, չի անցնում նվազագույն հետազոտությունները, ինչի արդյունքում ունենք ներկայիս պատկերը:

-Ինչպիսի՞ նախանշաններ են լինում առիթմիաների ժամանակ:

-Նկատվում է սրտի անկանոն աշխատանք, ինչպես պացիենտներն են նշում, սրտի կանգի զգացողություն, որից հետո սիրտն սկսում է ավելի արագ բաբախել, եւ այդ պարագայում արդեն պետք է անպայման դիմել բժշկի, լինել սրտաբանի հսկողության տակ: Դրա պատճառները շատ տարբեր կարող են լինել, եւ պարտադիր չէ, որ այն լինի սրտային խնդիր: Առիթմիաները կարող են ի հայտ գալ արտասրտային, էնդոկրին համակարգի, արյան տարբեր խնդիրների առկայության դեպքերում:

-Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում:

-Առիթմաների դեպքում ռիսկի խմբում գտնվող կին-տղամարդ հարաբերակցությունը համարյա թե հավասար է, ի տարբերություն իշեմիկ հիվանդությունների, որոնց դեպքում ավելի շատ թիրախային խումբ կազմում են տղամարդիկ: Մինչդեռ կան առիթմիաների տեսակներ, որտեղ կանայք մեծամասնություն են կազմում: Տարիքային առումով ռիսկային խումբը, ինչպես բոլոր սրտային հիվանդությունների ժամանակ, քառասունն անց տարիքն է, իսկ չարաշահումների, կենսակերպի առումով՝ ալկոհոլը, ծխախոտը, գիրությունը, ճարպակալումը, էնդոկրին խնդիրների ուղեկցությունը:

-Որքա ՞ն վտանգավոր են առիթմիաները:

-Ինչպես վերեւում նշեցի, գլոբալ առումով երկու տեսակի առիթմիա կա, իսկ ընդհանրապես գոյություն ունեն առիթմիաների մի քանի տասնյակ տեսակներ, որոնց թվում կան վտանգավոր եւ ոչ վտանգավոր տեսակներ, իսկ վտանգավորության աստիճանը կարող է որոշել միայն առիթմոլոգ-սրտաբանը՝ ելնելով հետազոտության արդյունքներից:

-Հնարավո՞ր է դեղորայքով վերահսկել առիթմիան:

-Այո՛, առիթմիայի որոշ տեսակներ հնարավոր է վերահսկել դեղերի միջոցով, բայց, իհարկե, բուժման այլ մեթոդներ նույնպես գոյություն ունեն, օրինակ՝ ռադիոհաղորդչական աբլյացիան, նախապես կատարվում է էլեկտրոֆիզոլոգիական հետազոտություն, որի շնորհիվ հայտնաբերելով առիթմիայի օջախը՝ հնարավորություն ենք ունենում այն այրել: Որոշ առիթմիաների արդյունավետությունը 70/30 տոկոս է, բայց կան ավելի բարդ առիթմիաներ, որոնց բուժման արդյունավետությունը 50/50 է: Իհարկե, կան նաեւ ավելի բարորակ առիթմիաներ, որոնց էֆեկտիվ բուժման դեպքում ստանում ենք 97 տոկոս արդյունավետություն:

-Ինչպե ՞ս է իրականացվում էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը:

-էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը միջամտական գործընթաց է, որն իրականացվում է տեղային անզգայացմամբ, ազդրային երակի միջոցով, եւ այն կարճ է տեւում:

-Էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը անհարմարավե՞տ է:

-Կարծում եմ՝ այն քիչ անհարմավետություն կպատճառի պացիենտին, կարեւորը տեղեկացված լինելն է եւ բուժման գրագետ տակտիկա ընտրելը:

-Ի՞նչ ռիսկեր ունի ռադիոհաճախականային աբլյացիան:

-Ռադիոհաճախականային աբլյացիան, կախված առիթմիայի տեսակից, ռիսկային կարող է լինել այնպես, ինչպես որ բոլոր վիրահատական միջամտությունների բարդությունների դեպքում: Բայց ռիսկերը տարբեր են՝ սկսած ԱՎ հանգույցի այրումից, որը կարող է բերել լրիվ ԱՎ  պաշարման, եւ այն պահանջում է սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա: Կարող են առաջանալ նաեւ այլ խնդիրներ, բայց այդ բարդությունները չեն գերազանցում մեկ տոկոսը, որը բավականին փոքր թիվ է՝ սրտի հետ կապված միջամտությունների համար ամբողջ աշխարհում: Հետեւաբար, բարդությունները շատ քիչ են հանդիպում, քանի որ մեր կլինիկան հագեցած է բոլոր անհրաժեշտ բաժանմունքներով, սարքավորումներով, եւ ցանկացած խնդիր գտնում է իր արագ լուծումը մեր բժիշկների թիմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

-Խոսենք վերապատրաստումներից:

-Ինվազիվ առիթմիոլոգիայի գծով վերապատրաստում 2 ամիս անցել եմ Թայվանում, որտեղ մասնակցել եմ վիրահատությունների, եղել եմ Եվրոպայում, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում: Այդ երկրներում տեխնիկան ավելի գերհագեցած է, բայց մտածելակերպը, մոտեցումները լրիվ նույնն են, ինչ մեզ մոտ է:

-Ի՞նչ գործունեություն է ծավալվում ձեր բաժանմունքում:

-Քանի որ մեր բաժանմունքը բավականին բազմապրոֆիլ է եւ Հայաստանում ամենահին առիթմիոլոգիական կենտրոնն է եղել, ուստի այն համալրված է բարձրակարգ առիթմոլոգներով, հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Ունենք առիթմիոլոգիական բաժանմունք, ինվազիվ սրտաբանության, սրտային վիրաբուժական բաժանմունք, ինչպես նաեւ մանկական սրտաբանության բաժանմունք, որտեղ իրականացնում ենք թե վիրահատական, փոքր միջամտական, թե ուղղակի թերապեւտիկ բուժօգնություն, այսինքն՝ բոլոր սիրտ-անոթային խնդիրներով մենք զբաղվում ենք:

-Բժշկուհի, կհիշե՞ք Ձեր առաջին հիվանդին:

-Սրտաբանության ինստիտուտում էի, իսկ պացիենտը Սեւանից էր՝ Սամվել անունով, եւ բուժվում էր սրտային անբավարարության դեմ: Կենտրոնում այդ տարիներին հնարավորությունները շատ քիչ էին, բուժման եւ տեխնիկայի առումով շատ ավելի բարդ էր սկսնակ սրտաբանի համար, քան հիմա է, բայց մեծ հաջողություն էր ինձ համար, որ մեկ ամիս անց հանդիպեցի արդեն ապաքինված պացիենտի հետ: Հիշեցնեմ, որ նրան ընդունել էինք ծայրահեղ ծանր վիճակում:

-Մասնագիտական ասոցիացիայի անդա՞մ եք:

-Այո՛, եվրոպական եւ հայկական ասոցիացիաների անդամ եմ: Դրանց շնորհիվ ավելի տեղեկացված ենք լինում բոլոր հնարավոր փոփոխությունների մասին, իսկ բժշկությունը, այդ թվում՝ սրտաբանությունը արագընթաց զարգացում է ապրում, եւ անհրաժեշտ է նորարարություններին համընթաց քայլել թե՛ վիրահատական, թե՛ դեղերի գործածության առումներով: Իսկ մենք առաջնորդվում ենք եվրոպական ուղեցույցներով:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր