Print this page
ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ

ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ

(0 votes)

Լավագույն ուղեղների համար պիտի պայմաններ ապահովել, որ չգնան   

Դիմածնոտային վիրաբուժությունն ուսումնասիրում և բուժում է բերանի խոռոչի օրգանների, դեմքի, պարանոցի փափուկ հյուսվածքների, դեմքի կմախքի ոսկրերի հիվանդություններն ու վնասվածքները: Այդ ոլորտն այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ և պահանջված ուղղություններից մեկը:

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Բեգլարյան» եւ «Շենգավիթ» բժշկական կենտրոնների, ինչպես նաև Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժԸ: Բժիշկները՝ Հիպոկրատի երդվյալները, նրանք են, ովքեր, դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում են նրա դժվարությունները` կատարելով վիրահատություններ, հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր: Բաժանմունքում ներդրվում են ճանաչում ունեցող վիրաբուժական մեթոդներ, որոնք վիրաբույժներին հնարավորություն են տալիս իրականացնել բուժման առավել արդյունավետ միջամտություններ: Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս իրականացնել նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունները, որոնք ընդգրկում են վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ողջ ծավալը: Մեր զրուցակցի «ոսկի ձեռքերի» և բացառիկ գիտելիքների շնորհիվ իրականացվում են բնածին արատով երեխաների վիրահատություններ՝ նրանց տալով կյանքը լիարժեք վայելելու հնարավորություն:

-Պարո՛ն Քոչարյան, կխնդրեի խոսեիք դիմածնոտային վիրաբուժության մասին. Հայաստանում այսօր ի՞նչ մակարդակի վրա է այն գտնվում:

-Դիմածնոտային վիրաբուժությունը Հայաստանում այսօր գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Բայց միգուցե ավելի արդյունավետ կլիներ տվյալ ոլորտի աշխատանքը, եթե ավելանային օժանդակ հետազոտման մեթոդները, որոնք թույլ կտային կատարել ավելի լիարժեք ախտորոշումներ:

-Ձեր բաժանմունքի գործառույթներից խոսենք: Հիմնականում ովքե՞ր կարող են ձեզ դիմել:

-Մեր բաժանմունքը զբաղվում է մանկական դիմածնոտային լայնածավալ խնդիրներով, բայց մեր հիմնական ուղղությունը բնածին արատներն են: Մենք արդեն քսանհինգ տարի զբաղվում ենք այդ խնդրով ու, փառք Աստծո, կարողացել ենք բավականին լուրջ արդյունքի հասցնել այդ պրոֆիլը Հայաստանում:

-Դիմելիության կուլտուրայից  ի՞նչ կասեք:

-Պետք է միշտ հասկանալ, թե ով է մեզ դիմում: Նրանք հիմնականում ընկճված, սթրես ապրող մարդիկ են, որ, երեխային բնածին արատով տեսնելով, մտածում են` կյանքը վերջացած է իրենց համար: Մենք էլ աշխատում ենք հնարավորինս օգտակար լինել նրանց:

-Ըստ Ձեզ, մասնագիտական ասոցիացիաներն ընդհանրապես ի՞նչ են տալիս բժիշկներին:

-Ես կարծում եմ` ասոցիացիաները ոչինչ չեն տալիս բժիշկներին, և դա այսօրվա իրական պատկերն է: Այն տեղեկատվությունը, որը ստանում ենք նրանցից, հանգիստ կարող ենք ինտերնետից էլ ստանալ:

-Ո՞ւմ  եք  համարում Ձեր  ուսուցիչը:

-Շատ բարդ հարց տվեցիք: Նեղ մասնագիտական կրթությունս ստացել եմ Խարկովում` հրեա մասնագետների մոտ:

-Ի՞նչ կասեք ներկա սերնդի, բժշկության ապագայի մասին:

-Այսօր դեռ չեմ տեսնում զարգացման լուրջ միտումներ: Եթե, օրինակ, համեմատենք քսան տարի առաջվա ու հիմիկվա բուհ ընդունվելու գործընթացը, ապա կտեսնենք, որ այն ժամանակ լուրջ մրցակցություն կար: Բացի այդ, հիմա դասավանդող դասախոսների մակարդակն էլ շատ բարձր չէ: Հասարակ օրինակ բերեմ. այսօր համալսարանում դասախոսում են «Հայբուսակ» և նման կարգի բուհեր ավարտած մարդիկ: Ես կարծում եմ` այսօր բավականին թույլ է հսկողությունը դասախոսական կազմի նկատմամբ, չի կատարվում լիարժեք ատեստավորում:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են ծնողների ընտրած ճանապարհը, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Ոչ, երեխաներս իմ ընտրած ճանապարհով չեն գնացել: Ես կարծում եմ` դա պարտադիր և ինքնանպատակ չէ: Ամեն մարդ ունի իր ճանապարհը: Մանավանդ մեր մասնագիտությունը պահանջում է հոգեբանորեն պատրաստ լինել, քեզ ստիպելով չես կարող: Դա հասկանալով` ես ազատություն եմ տվել երեխաներիս մասնագիտության ընտրության հարցում, և նրանք ընտրել են բժշկության հետ բացարձակապես կապ չունեցող մասնագիտություններ:

-Բժշկությունը կոչո՞ւմ է, թե մասնագիտություն:

- Բշկությունը պետք է մարդու մեջ լինի: Սա այն ոլորտն է, որ պիտի կարողանաս նվիրվել դրան, իսկ եթե չնվիրվես, կդառնաս շարքային ինչ-որ մի բան ու չես հասկանա` բժի՞շկ ես, թե ոչ: Պիտի բժշկության մեջ արածիդ արդյունքը ոչ միայն դու տեսնես, այլ նաև հանրությունը: Տեսնի ու համապատասխան գնահատականը տա:

-Առողջապահության նախարարությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Ես բացարձակապես չեմ տեսնում որևէ քայլ, որը մշակված է նախարարության կողմից և ուղղված է առողջապահության ոլորտը բարելավելուն: Կարծում եմ` պետք է ընդհանուր մակարդակը բարձրացնելու ծրագիր լինի, բայց նայեք, թե ինչ է կատարվում մեր մարզերում: Կան նույնիսկ ժամանակակից սարքավորումներով հիվանդանոցներ, բայց արի ու տես` բժիշկ չկա, զրո, անգամ կասեի` խայտառակ մակարդակ: Պայմաններ պետք է ստեղծել, հրավիրել երիտասարդ լավ բժիշկների մի քիչ ավելի բարձր աշխատավարձով, և կարծում եմ` այդ դեպքում բավականին շատ մարդ կգնա մարզեր, ու դրանից ընդհանուր մակարդակը կբարձրանա: Բայց այդ ամենը չի արվում, և բժշկությունը միայն Երևանի մի քանի կլինիկայով կամ մի քանի բաժանմունքով չի զարգանա: Իմիջիայլոց, այս խնդիրը նույնիսկ զարգացած Եվրոպայում է առկա, բայց այնտեղ գոնե փորձում են ինչ-որ ձևով մարդկանց շահագրգռել, ուղարկել շրջաններ, որ կարողանան ապահովել այնտեղի բժշկական մակարդակը: Իսկ մեզ մոտ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում, և այդ ժամանակ բնական հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է առողջապահության նախարարություն պահելու իմաստը, եթե առողջապահության ընդհանուր մակարդակը չի բարձրանում:

-Ամեն դեպքում հասարակությունը համաբուժարանին, այսպես ասած`առաջնային օղակին շատ կարևորություն չի տալիս, դա ինչի՞ հետ է կապված:

 -Շատ բան պետք է փոխվի ընդհանուր բժշկական կուլտուրան բնակչության մեջ էլ զարգացնելու համար: Օրինակ, զարգացած երկրներում երեխան պարտավոր է վեց ամիսը մեկ, անկախ պրոբլեմից, գնա, ասենք, ատամնաբույժի մոտ: Դրանով պետությունը աջակցում է, որ այդ երեխաները հետո էլ պրոբլեմ չունենան: Դա ծրագիր է, իսկ այստեղ նման բան գոյություն չունի:

-Իսկ ուղեղների արտահոսք կա՞:

-Լավագույն ուղեղների համար պիտի պայմաններ ապահովել, որ չգնան: Եթե լինեն ապահով, ոչ մի տեղ էլ չեն գնա: Ո՞ւմ համար է հաճելի գնալ ուրիշ երկիր, դառնալ երրորդ կարգի մարդ: Հավատացեք՝ ոչ մեկի;

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Ես լուրջ հույսեր ունեմ, որ մեր երկրում ամեն ինչ շատ լավ պիտի լինի: Եթե կարողանան հանցագործ խավի ստեղծած պրոբլեմներն ու դրանց հետևանքները վերացնել, կարծում եմ`մեր երկրին բավականին լուրջ ապագա կսպասի, որովհետև մեր ազգը խելքի, աշխատասիրության, մակարդակի պակաս չունի: