Print this page
Աննա Չոբանյան

Աննա Չոբանյան

(0 votes)

«Շատ եմ ցանկանում, որ բժիշկներն այսօր ավելի գնահատված եւ պաշտպանված լինեն»

Ժամանակակից աշխարհն այսօր նորագույն մոտեցումների եւ ծրագրերի ներդրման ճանապարհով է ընթանում հատկապես բժշկագիտության ոլորտում` բուժծառայությունները դարձնելով առավել արդյունավետ: Թեեւ Հայաստանը փոքր երկիր է եւ տնտեսական հզորություններով չի կարող հավասարվել զարգացած երկրներին, սակայն ձգտում է համընթաց քայլել արդի զարգացումներին` ինչպես բուժծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ որակյալ կադրերի պատրաստման գործում:

Բժիշկ-ռեանիմատոլոգի գլխավոր խնդիրն է պահպանել պացիենտի կյանքը ամենակրիտիկական իրավիճակներում, իսկ, եթե ավելի կոնկրետ, կլինիկական մահվան, սրտի կանգի եւ նման դեպքերում:  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկ-ռեանիմատոլոգ  ղեկավարում է կենտրոնի ամենաբարդ` մանկական վերակենդանացման բաժանմունքը։

Բժշկուհու խոսքերով, Հայաստանում դեռեւս չհաղթահարվող երեւույթ կա։ Ամեն ամիս մեկ կամ մի քանի երեխա է շենքերի տարբեր հարկերից ընկնում։ Հիմնականում նրանք նոր քայլել սկսող կամ էլ ակտիվ երեխաներն են։ Բայց, ամեն դեպքում, կարծում է, որ դա ծնողի անփութության հետեւանքն է: Իսկ ամենացավալի ու անդառնալի ելքով դեպքերի մասին նախընտրում է լռել։

Տարիների ընթացքում այնպես է ձեւավորվել, որ, եթե գիտես` մահվան ելքն անխուսափելի է, փորձում ես քեզ հոգեբանորեն պաշտպանել։ «Դժբախտ դեպքերից, իհարկե, ազդվում ենք, բայց ինչ-որ տեղ դա մեզնից կախված չէ, երեխայի վիճակով է պայմանավորված, առողջական խնդիրներով: Ավելի շատ առողջացած երեխաներից ենք ստանում ուրախություն, երբ արդյունք ենք տեսնում, ու ծնողի ուրախությունից էլ ենք ուրախանում»,-նշում է բժշկուհին:

Աննա Չոբանյանի ղեկավարած բաժանմունքը զբաղվում է ինտենսիվ թերապիայով, բժշկուհին շատ է եղել եվրոպական երկրներում եւ նկատել, որ հագեցվածության տեսակետից տարբերությունը մեծ է: Օրինակ, Եվրոպայում սարքավորումներ կան, որ 3-4 տարին  մեկ փոխվում են, մաշվածության աստիճան չկա, եւ միշտ գնում են նորագույնը:  

Խոսելով անցած մասնագիտական ճանապարհի մասին` մեր զրուցակիցը նշեց, որ  ծնողներն այլ մասնագիտություն ունեին, իսկ ահա հորաքույրն ու մորաքույրը բժիշկներ էին:  Այսօր, արդեն լինելով բաժանմունքի վարիչ, գիտակցում է, որ շատ մեծ պատասխանատվություն է վերցրել իր ուսերին, բայց այնքան շատ է սիրում աշխատանքը, ապրում դրանով, որ, եթե կրկին մասնագիտություն ընտրելու հնարավորություն ընձեռվի, ապա միանշանակ կընտրի բժշկության բնագավառը:

-Բժշկուհի, ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Այդ ուղղությամբ այսօր դանդաղ քայլերով առաջնթաց է նկատվում: Պարզապես միշտ չէ, որ դիմում են առաջնային օղակ` պոլիկլինիկա, մինչդեռ հիվանդանոցի ընդունարանում օրական մոտավորապես 40-50 պացիենտ են ընդունում, որոնցից հոսպիտալիզացվում է երեւի մեկ երրորդը: Ցավոք, հասարակության մեջ թյուր կարծիք է ձեւավորվել առաջնային օղակի մասին, ու մենք նաեւ այդ ուղղությամբ ենք աշխատանքեր տանում: Քանի որ ես Երեւան քաղաքի գլխավոր մանկաբույժն եմ, քաղաքապետարանի հետ մանկաբույժների համար դասախոսություն էինք կազմակերպել` կապված սեզոնային գրիպի հետ, որին  շատերն էին մասնակցում, այդ թվում` առաջնային օղակի աշխատակիցները: Նրանք  հետաքրքրվում են նորություններով, աշխատում են իրենց վրա, փորձում բարձրացնել գիտելիքների մակարդակը:

-Ըստ Ձեզ, բժիշկներն այսօր պաշտպանվա՞ծ են:

-Ես շատ եմ ցանկանում, որ բժիշկներն այսօր ավելի գնահատված եւ պաշտպանված լինեն, քանի որ շատ դեպքերում հիվանդներն իրենց մեղքը փորձում են բարդել բժշկի վրա: Ի դեպ, նույն խնդիրը կա նաեւ եվրոպական երկրներում: Բժշկի հեղինակության բարձրացման հարցում մեծ դերակատարում ունեն լրատվամիջոցները, սակայն այսօր լուսաբանվում են ոչ թե լավ, դրական դեպքերը, այլ, հիմնականում, վատ վախճան ունեցած դեպքերը, որն էլ ձեւավորում է բացասական վերաբերմունք բժշկի հանդեպ: Մինչդեռ հաճախ վատ վախճանի պատճառը օբյեկտիվ է լինում:

սկ ասոցիացիաները ի՞նչ են տալիս բժշկին:

-Օրինակ, մանկաբուժական ասոցիացիան տարին 2-3 անգամ հավաքում է պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների մանկաբույժներին, եւ դա անվանում ենք մանկաբույժների դպրոց,: 2-3 օրվա ընթացքում ներկայացնում ենք հետաքրքիր թեմաներ, դեպքեր, եւ մեր գործընկերները մեծ ոգեւորությամբ են մասնակցում նմանատիպ դպրոցներին:

ժշկությունը կոչո՞ւմ է, թե մասնագիտություն: Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իմ կարծիքով, եւ կոչում է, եւ մասնագիտություն:

Շատ ուսուցիչներ եմ ունեցել, սակայն ուզում եմ առանձնացնել պրոֆեսոր, բժիշկ-գիտնական, շատ  լավ մարդ Վիլեն Աստվածատրյանին, քանի որ մեծ է նրա դերը մանկաբուժության բնագավառում: Անվանի մանկաբույժը մի քանի տարի ղեկավարել է հանրապետության պուլմոնոլոգիական մանկական կենտրոնը՝ ամուր հիմքերի վրա դնելով այդ բուժական կենտրոնում կատարվող բուժկանխարգելիչ աշխատանքը, միաժամանակ պատրաստելով կադրեր եւ նրանց մասնակից դարձնելով ոչ միայն կլինիկական, այլեւ գիտական գործունեությանը: Կարող եմ նշել նաեւ Մարիանա Վասիլեւնայի անունը: Եվ էլի շատերը կան, որոնք մեծ դերակատարություն են ունեցել նոր սերնդի դաստիարակության գործում, եւ նրանց էլ ինչ-որ չափով կարող եմ համարել իմ ուսուցիչը:

-Իսկ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Մանկաբուժական ֆակուլտետը փակվելուց հետո զգացվեց նոր կադրերի պակաս, եւ անչափ ուրախալի փաստ է, որ արդեն երկու-երեք տարի Երեւանի Մխիթար Հերացու անվան համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ փորձում են երիտասարդ կադրերի հարցը լուծել, լրջորեն  զբաղվում են նրանց հետ: Բավականին լավ երիտասարդներ կան, որոնք սրտացավորեն են մոտենում իրենց գործին, եւ կարծում եմ` նրանցից ոմանք կդառնան մեր հանրապետության լավագույն բժիշկները:

-Օրվա գերլարված աշխատանքից հետո ո՞րտեղ եք գտնում Ձեր անդորրը:

-Հանգստանում եմ ընկերական շրջապատում, արվեստի մեջ, սիրում եմ հաճախել թատրոն, համերգ:

-Կարո՞ղ եք նշել Ձեր բնավորության ուժեղ եւ   թույլ կողմերը:

-Իմ բնավորության ուժեղ կողմ համարում եմ այն, որ երբեք ընկերներիս չեմ դավաճանում, շատ նվիրված եմ նրանց: Կավելացնեմ նաեւ աշխատասիրությունը, նորություններով հետաքրքվելը, մի քանի լեզուների` անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ուսումնասիրությամբ զբաղվելը: Բացի բժշկությունը, հետաքրքված եմ գրականությամբ եւ երաժշտությամբ: Բնավորությանս թույլ կողմ կարող եմ համարել այն, որ, տեսնելով դիմացինի լկտիությունը, ինձ թույլ չեմ տալիս նրան հակահարված տալ:

երջում ի՞նչ կմաղթոք մեր հասարակությանը:

-Մեր հասարակությանը կցանկանամ միմիայն առողջություն, համբերատարություն եւ լավատեսություն: Կցանկանամ, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին, եւ մեր երկրում վերջապես վերանա հայկական այն մտածելակերպը, երբ դանակը ոսկորին հասնելու դեպքում միայն դիմեն բժշկի: Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ եւ լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում եւ կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն: Սիրեք ձեզ եւ ձեր մարմինը: