Print this page
Լուսինե Բարսեղյան

Լուսինե Բարսեղյան

(0 votes)

Անհատական գեղեցկությունը ոչ թե փոխում, այլ ընդգծում ենք

Դեռեւս վաղնջական ժամանակներում ապացուցվել է, որ մաշկը օրգանիզմի ընհանուր առողջության ցուցիչն է: Հնագույն բուժակներն ու հեքիմները բազմաթիվ բնական միջոցներ ունեին, որոնք օգնում էին պահպանել մաշկի առողջությունը, թարմությունն ու գեղեցկությունը: Դեռեւս նրանք էին մաշկի  հիվանդությունների պատճառները որոնում ու գտնում այլ օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարման կամ հիվանդության մեջ: Ժամանակակից բժշկագիտությունը եւս մաշկային խնդիրներին ուղղված տարբեր մոտեցումներ ունի, եւ գիտական, ապացուցողական բժշկությունը հաճախ է համադրվում ժողովրդական միջոցների հետ:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է «Աջափնյակ» բժշկական կենտրոնի մաշկաբան, բժիշկ-կոսմետոլոգ Լուսինե Բարսեղյանը: Չնայած բավականին երիտասարդ տարիքին, նա տիրապետում է բժշկի իսկական որակներին` միեւնույն ժամանակ պահպանելով կնոջը բնորոշ նուրբ եւ փխրուն հատկությունները:   

-Բժշկուհի, խոսենք Ձեր անցած ուղու մասին:

-Ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, կլինիկական օրդինատուրա անցել ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ դերմատովեներոլոգիա մասնագիտությամբ, ունեմ 10 տարվա աշխատանքային փորձ: Վերապատրաստվել եմ Մոսկվայի ՌԴ ԱՆ Մոսկվայի Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում, մասնագիտացումը` մաշկաբանություն:

-Ի՞նչ կասեք ակնե մաշկային հիվանդության մասին:

-Ակնեն ֆոլիկուլյար ցան է, որն արտահայտվում է կոմեդոնների առաջացմամբ, որոնց մի մասը հետագայում կարող է վերափոխվել պապուլաների, պուստուլների, հանգույցների եւ կիստաների: Մաշկի ճարպի բաղադրության քանակական փոփոխությունները (գերճարպարտադրություն)  ակնեի առաջացման որոշիչ գործոն են,  ընդ որում, որքան ճարպարտադրությունը ակտիվ է, այնքան մեծ է հիվանդության ծանրության աստիճանը: Ակնեն կարող է հանդիսանալ այնպիսի հիվանդությունների համախտանիշ, ինչպիսիք են  ձվարանների պոլիկիստոզը, մակերիկամների բնածին հիպերպլազիան եւ այլն:

Երբեմն ակնեն բակտերիալ ծագում ունի:  Պրոպիոնոբակտերի ակնե  կոչվող բակտերիայի առկայությունը հիվանդության զարգացման նախապայմաններից մեկն է: Այս բակտերիաները բազմանում են անաէրոբ պայմանններում,  իսկ մաշկի փակ կառուցվածքներում ստեղծված են այնպիսի պայմաններ, որոնք նպաստում են դրանց բազմացմանը: Մեծ նշանակություն ունի նաեւ օրգանիզմի ժառանգական նախատրամադրվածությունը: Ապացուցված է, որ, եթե ծնողների մոտ առկա է ակնե, հավանականությունը մեծ է, որ երեխաների մոտ կարող են զարգանալ ակնեի ծանր ձեւերը: Սխալ սնունդը եւ հատկապես սննդակարգում ածխաջրերի շատ կիրառությունը, ոչ բարենպաստ աշխատանքային միջավայրը (չօդափոխվող սենյակներ, թունավոր նյութեր, արտադրական միջավայր), ինչպես նաեւ սթրեսներն ու դեպրեսիաները, կոսմետիկ միջոցների ոչ ճիշտ ընտրությունը, դեմքի մաշկի ոչ պատշաճ խնամքը ակնե հիվանդությունը խթանող գործոններից են:

Ակնեի բուժումը սահմանելուց առաջ անհրաժեշտ է հստակ իմանալ հիվանդության առաջացման պատճառը: Այս նպատակով կատարվում են մի շարք հետազոտություններ: Լաբորատոր պայմաներում որոշվում է բակտերիաների առկայությունը: Երբեմն գործիքային հետազոտությունների անհրաժեշտություն է լինում՝ պարզելու ենթամաշկային շերտում հիվանդության տարածվածությունը: Հատկանշական է, որ ակնեի բուժումը խիստ անհատական է, այն սահմանվում է՝ ելնելով  անամնեզի տվյալներից, ինչպես նաեւ` հիվանդության պատճառի հիման վրա: Կիրառվում են թե տեղային, թե համակարգային ազդեցության դեղամիջոցներ: Ակնեն ի հայտ է գալիս հիմնականում դեմքի, պարանոցի, ուսերի եւ  թեւերի շրջանում: Մարդկանց առավելապես նյարդայնացնում են դեմքի եւ մարմնի տեսանելի հատվածների վրա դուրս եկող բշտերը: Շատերը խոստովանում են, որ մարմնի քողարկված հատվածների ցանավորումը նույնքան ցավալի է, բայց դա այնքան տհաճությամբ չեն ընդունում, որքան դեմքինը:

-Իսկ ի՞նչ է սեբորեան:

-Բժշկության մեջ սեբորեա է կոչվում  ճարպագեղձերի ինչպես քանակական, այնպես էլ որակական փոփոխությունը, որը լինում է չոր կամ յուղոտ: Վերջինի դեպքում մաշկը ծածկվում է հաստ ու հավասարաչափ ճարպային շերտով, իսկ չորի դեպքում ճարպազատումը կրկին ակտիվ է, սակայն մաշկը ճարպաշերտի փոխարեն մանր թեփուկներով  է պատվում: Նորմայում ճարպագեղձերը շաբաթական 100 գ ճարպ են արտադրում, իսկ սեբորեայի դեպքում` մինչեւ 300 գ ճարպային զանգված, որը պարունակում է պալմետին, օլեին, աղ, ճարպային զանազան թթուներ, սպիտակուցներ, խոլեստերին:

-Ոմանք նախընտրում են սոլյարիի միջոցով արեւայրուքները: Ի՞նչ կասեք դրա մասին:

-Շատ բացասական եմ վերաբերվում սոլյարիի միջոցով կատարվող արեւայրուքներին, քանի որ դրանք յուրաքանչյուր մարդու հակացուցված են: Դա ոչ միայն մաշկի, այլ նաեւ շատ այլ օրգան-համակարգերի համար է վտանգավոր: Ամիսներ, տարիներ հետո կարող է մարդու մոտ քաղցկեղ առաջանալ: Քսուկներ օգտագործելիս էլ խորհուրդ եմ տալիս անպայման ուշադրություն դարձնել բաղադրությանը: Ցանկալի է այդպիսի միջոցները գնել դեղատներից եւ ուշադրություն դարձնել արտադրության ժամկետին ու բաղադրությանը:

-Արեւայրուքի հետեւանքով հիմնականում ի՞նչ խնդիրներով են պացիենտները դիմում:

-Եթե այրվածք են ստանում, դիմում են այրվածքաբանին: Իսկ հիմնականում արեւայրուքի հետեւանքով պեպեններ են առաջանում, բայց այդտեղ ոչ մի վտանգավոր բան չկա:

-Իսկ մաշկավեներաբանության եւ էսթետիկ բժշկության բնագավառում Հայաստանի փորձը շա՞տ է:

-Մաշկավեներաբանության մեջ հայ բժիշկների փորձը շատ մեծ է, չնայած միջոցներն ու հնարավորություններն են սահմանափակ, որոնք էլ, հուսով եմ, կլրացվեն տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է էսթետիկ բժշկությանը, ապա կարող եմ ասել, որ այդ հարցում միջազգային մակարդակներին հասել ենք, դեռ մի բան էլ` ավելին:

-Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հետզհետե ավելանում են այն բժշկական հաստատությունները, որտեղ իրականացվում է շուրթերի ձեւի եւ չափերի փոփոխություն: Գեղեցիկ եւ գայթակղիչ շուրթեր ուզում են ունենալ գրեթե բոլոր կանայք, սակայն լինում են դեպքեր, երբ տարբեր մեթոդներով իրականացվող շուրթերի ծավալի մեծացման արդյունքում առաջանում են բարդություններ, երբեմն շուրթերը տգեղ տեսք են ստանում: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Շուրթերի ծավալի մեծացման եւ ձեւի փոփոխության զանազան մեթոդներ կան, դրանք իրականացվում են տարբեր նյութերով, որոնք բացարձակապես անվնաս են: Ներարկումը  տեւում է 15-20 րոպե՝ տեղային ցավազրկմամբ, իսկ արդյունքը պահպանվում է 6-18 ամիս:

-Իսկ շրթունքների ծավալի ավելացումն անհարմարության զգացողություն չի՞ առաջացնում:

-Բացառվում է անհարմարության զգացողության վարկածը, քանի որ ֆիլերներն իրենց փափկությամբ համապատասխանում են հյուսվածքների փափկությանը: Եվ գրագետ մասնագետի կողմից կատարված ներարկումներից հետո դիսկոմֆորտի առաջացման հավանականությունը նվազագույն է:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ կանանց:

-Բժիշկ լինելը ներքին հոգեկան լիարժեքությունն է: Երբ կարողանում ես մարդկանց օգնել, ինքդ քեզնից գոհ ես լինում, ներքին գոհունակությունն ու հպարտությունը երջանկացնում են քեզ: Խորհուրդ կտամ կանանց սիրել սեփական անձը եւ տեսնել անհատական գեղեցկությունը, որը մենք ոչ թե փոխում, այլ ընդգծում ենք: