ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆ

(0 votes)

Բացառվում է սկոլիոզի բուժումը մերսումներով ու բուժական ֆիզկուլտուրայով

Ցանկացած առողջական խնդիր կյանքի ինչ–որ մի փուլում մարդու թե՛ ապրելակերպի, թե՛ օրգանիզմի ֆունկցիոնալ գործունեության «սխալի» արդյունք է։ Նշանակում է՝ ֆունկցիոնալ մակարդակում առաջացած «սխալը» ժամանակին հայտնաբերելու, ուղղելու եւ ճիշտ ուղղորդելու դեպքում հնարավոր է բուժել հիվանդին՝ խուսափելով հետագա բարդություններից։
Այսօր արդի բժշկությունն ունի գերժամանակակից կլինիկական ախտորոշիչ եւ բուժական հնարավորություններ, որոնց մեծամասնությունը կարող է ֆիքսել եւ գնահատել մարդու օրգանիզմում տեղի ունեցող ախտաբանական պրոցեսների հետեւանքները: Տեխնիկական միջոցների ընդլայնմանը զուգընթաց նորարարական մոտեցումների բազմազանությունը թույլ է տալիս հասնել այն ամենին, ինչը ժամանակին անհավանական էր թվում։

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է  օրթոպեդ-վերտեբրոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարային ախտաբանության բաժանմունքի ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆՆ է՝ բժշկության մեջ մեծ ավանդ ունեցող մասնագետ, ով ջանք եւ եռանդ չի խնայում իր հիվանդներին բարեհաջող բուժելու նպատակով: Պարոն Մոմջյանի հետ մեր զրույցը ծավալվեց ողնաշարային հիվանդություների տեսակների, դրանց դրսեւորման ձեւերի ու թեմային առնչվող այլ կարեւոր հարցերի շուրջ:

-Պարո՛ն Մոմջյան, խնդրում ենք կատարել սկոլիոզ, կիֆոզ հիվանդությունների տարանջատում, ի՞նչ բուժական մեթոդներ են կիրառելի այդ հիվանդությունների դեպքում:

-Իրականում դրանք տարբեր ողնաշարային խնդիրներ են: Կիֆոզը հիվանդություն չէ, այլ ողնաշարի թեքում է կրծքային հատվածից դեպի առաջ, նորմալ ձեւավորված ողնաշարի դեպքում հանդիպում է նաեւ գերկիֆոզ, որը բերում է ցավային սինդրոմի, սակայն այն խիստ վնասակար է եւ շատ քիչ դեպքերում կարիք ունի վիրահատական միջամտության:

Ինչ վերաբերում է սկոլիոզին, ապա դա անբնական վիճակն է, երբ ողնաշարը թեքված է լինում կողմնային հարթության մեջ, որը կարող է ի հայտ գալ տարբեր մակարդակներով` պարանոցային, կրծքային, հիմնականում՝ գոտկային հատվածներում: Այն աջակողմյան, ձախակողմյան կամ երկկողմյան հիվանդություն է, որն ունի մի քանի տարատեսակներ, կարող են լինել բնածին եւ ձեռքբերովի, որոշակի նյարդամկանի հիվանդությունների ժամանակ ձեւավորված սկոլիոզներ: Սկոլիոզի բուժումը հիմնականում մինչեւ 45 աստիճանը կոնսերվատիվ է, որի դեպքում կիրառվում են կորսետային բուժում եւ բուժական ֆիզկուլտուրա: Քանի դեռ երեխան դեռեւս աճ ունի, սակայն հիվանդությունը ակտիվ պրոգրեսիվող ձեւն է, առաջարկվում է անհապաղ վիրահատություն: 45 աստիճանից ավելիի դեպքում, երբ տարիքն առած հիվանդ է, պահանջվում է վիրահատական բուժում: Սկոլիոզի ժամանակ մեծահասակների դեպքում վիրահատություն արվում է արտահայտված ցավային ախտանիշների դեպքում: Կա կարծիք, որ սկոլիոզը դիրքի, ծանրության եւ այլ պատճառերից է առաջանում, ու, երբ երեխան աճում է, այն կարելի է բուժել դիրք տալով, մերսումների օգնությամբ եւ այլն: Սակայն միայն մերսումներով ու բուժական ֆիզկուլտուրայով սկոլիոզը բուժվող չէ:

-Ինչպիսի՞ բուժական նորարարական մեթոդներ եք կիրառում:

-Այսօր որոշակիորեն փոխվել է գործիքավորումը, կորսետավորումը պահպանվել է, եւ Հայաստանում առկա ու կիրառելի են վերջին սերնդի լավագույն կորսետները: Վիրահատական առումով հիմնականում իմպլանտների տեսակները եւ որակն է լավացել, կոտրվածքների դեպքում քիչ քանակությամբ սկսել են կիրառելի լինել մինի ինվազիվ մեթոդները, իսկ համապատասխան գործիքների առկայության դեպքում դրանք կիրառելի կլինեն նաեւ սկոլիոզի դեպքում: Որոշ տեսակի սկոլիոզների համար կան հատուկ գործիքներ, որոնք կիրառելի են աշխարհով մեկ, բայց մենք չենք կարող դրանք ձեռք բերել, քանի որ շատ թանկ արժեն, եւ Հայաստանում նման հիվանդներ քիչ են հանդիպում, որպեսզի նրանց համար գործիքը ներմուծվի եւ կիրառվի: Իսկ քիչ քանակության դեպքում ոչ մի ընկերություն չի համաձայնի համագործակցել մեզ հետ: Իմպլանտները պետության աջակցության ծրագրի մեջ չեն մտնում, դրանք գնվում են հիվանդների կողմից, իսկ պետությունը հոգում է բուժման ծախսերը:

-Բժի՛շկ, վերապատրաստման վերջին անգամ ե՞րբ եք եղել:

-Եղել եմ նախանցյալ տարի եւ կասեմ, որ վերապատրաստումները հնարավորություն են տալիս ծանոթանալ նորագույն մեթոդներին, փորձի փոխանակություն կատարել: Ի դեպ, տարբեր ժամանակներ դրսում աշխատելու հնարավարություններ են եղել, սակայն ես ի վերջո հասկացա, որ ինձ Հայաստանից պետք չէ գնալ:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Այսօր կան լավագույն կադրեր, որոնք մեր աջակցության կարիքն ունեն, եւ մենք նրանց օգնում ենք գիտելիքների ամրապնդման հարցում, ուղղորդում ճիշտ ճանապարհով: Ընդ որում, ինտերնետ պորտալի շնորհիվ նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեր տարիներին էին: Նրանք ավելի շատ են շփվում արտերկրի տարբեր մշակույթների, բարքերի հետ, նրանց հնարավորություններն ավելի լայն են,  քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, եւ տեղի է ունենում փորձի փոխանակում:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում, ժողովրդական լեզվով ասած, ողնաշարի «գրիժան»` ճողվածքը:

-Դա այն է, երբ դիսկի ամրությունը թուլանում է, ու դոնդողանման կորիզի նյարդարմատը դուրս է գալիս դեպի պատռված հատվածները եւ դուրս եկած ճողվածքներով սեղմվում է՝ պատճառելով սուր ցավեր ու նյարդարմատի աճի խանգարում: Փոքր չափերը ոչ վիրահատական են, իսկ մեծ չափերի դեպքում անիմաստ է սպասել, քանի որ հիվանդներն ունենում են սուր ցավեր, կարիք կա նյարդարմատն ազատել ճնշումից, եւ պետք է իրականացվի վիրահատություն:

-Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:

-Կցանկանամ հասարակությունը լինի միշտ առողջ, աչալուրջ, երբեւէ չդիմի այնպիսի մարդկանց, որոնցից միայն վնաս կստանա: Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան: Ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաեւ կանխարգելիչ ստուգումների, որպեսզի ժամանակ չկորցնեն ու վնասեն առողջությունը: Եղեք առողջ, սիրեք ձեզ եւ ձեր մարմինը:   

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր