Print this page
Կարինե Կիրակոսյան

Կարինե Կիրակոսյան

(0 votes)

Երեխայի առաջին ճիչը մոռացության է մատնում բարդ ու դժվարին պայքարի ողջ ուղին...

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու եւ կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Կարինե Կիրակոսյանն ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, որից հետո՝ Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի օրդինատուրան: Ապա Մոսկվայի մանկաբարձության ու գինեկոլոգիայի կենտրոնում պաշտպանել է թեկնածուական թեզը կենտրոնի տնօրեն, ինչպես նշում է մեր զրուցակիցը, ՌԴ այդ ոլորտի հայր, երջանկահիշատակ Վլադիմիր Կուլակովի ղեկավարությամբ: Չնայած մի քանի կլինիկայից, ինչպես նաեւ վերոնշյալ կենտրոնից աշխատելու առաջարկներ է ստացել, սակայն որոշել է վերադառնալ հայրենիք:

-Եվ ինչպիսի՞ գործունեություն ծավալեցիք Հայաստանում, ինչպիսի՞ մասնագիտական ճանապարհ եք անցել:

-Անմիջապես աշխատանքի անցա «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ այն ժամանակ ​ ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքը նոր միայն ստեղծվում էր, ավելի ճիշտ՝ հենց մենք պետք է այն ստեղծեինք: 2010 թվականից մինչեւ 2018 թվականը ես բաժանմունքի վարիչն էի, ապա տեղափոխվեցի ու նույն գործունեությունն եմ ծավալել «Աստղիկ» բժշկական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժնում: Արդեն Մոսկվայում իմ գիտական ղեկավարների հետ ծրագրել էի պաշտպանել դոկտորական ատենախոսություն եւ, վերադառնալով Հայաստան, հավաքագրեցի նյութը, ապա Մոսկվայում պաշտպանեցի դոկտորական թեզը: Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն նշեմ, որ իմ թե՛ թեկնածուական, թե՛ դոկտորական թեզերը նվիրված են ռեպրոդուկտոլոգիայի կարեւորագույն խնդիրներին, որտեղ անպտղության հարցում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ ազգային առանձնահատկությունները:

-Մեր բժշկությունը, մասնավորապես՝ ձեր ոլորտը կարելի՞ է համեմատել ռուսականի կամ որեւէ այլ երկրի նույն ոլորտի հետ:

-Ես երբեք ոչ մի երկրի հետ համեմատական չէի անցկացնի, որովհետեւ ամեն երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում եւ Հայաստանում, կա լավ, խելացի, բարեխիղճ մասնագետ, եւ կա ոչ բարեխիղճ, ոչ խելացի մասնագետ: Մասնագիտացում անցնելու նպատակով եղել եմ նաեւ եվրոպական մի քանի երկրում ու կարող եմ ասել, որ բժշկության մեր ոլորտը քայլում է եվրոպական չափանիշներին համաչափ, որովհետեւ մենք այսօր ունենք բոլոր այն ժամանակակից սարքավորումները, որոնք պետք է ունենալ առաջընթաց ապահովելու համար: Բացի այդ, ունենք նաեւ համապատասխան որակավորում անցած մասնագետները, եւ ուշադրությամբ հետեւում ենք գիտության ժամանակակից միտումներին, անպայման մեկնում ենք գիտաժողովների, բացի այդ, օգտվում ենք համացանցի ընձեռած լայն հնարավորություններից: Մի խոսքով՝ անընդհատ կատարելագործում ենք մեր գիտելիքները, եւ վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում բժշկության տվյալ ոլորտը որեւէ երկրի նույն ոլորտին չի զիջում:

-Ո՞ր դեպքում է ախտորոշվում անպտղություն։

-Անպտղությունն ախտորոշվում է այն զույգերի մոտ, որոնք, կանոնավոր սեռական կյանքով ապրելով, չօգտագործելով հակաբեղնավորիչներ, չեն հղիանում մեկ տարվա ընթացքում: Սակայն, եթե ամուսնական զույգի մոտ կան առողջական խնդիրներ (օրինակ`ամուսնու մոտ սերմի որակի հետ կապված, կնոջ մոտ` դաշտանային ցիկլի խանգարումներ, արգանդի բացակայություն եւ այլն), այդ դեպքում պետք է դիմել ավելի վաղ, քան մեկ տարի: Կարեւորվում է նաեւ կնոջ տարիքային շեմը: 35 եւ ավելի տարիք ունեցող կանայք 6 ամիս անց արդեն բժշկի դիմելու անհրաժեշտություն ունեն:

-Էնդոկրինոլոգիական հիվանդությունները կարո՞ղ են բերել անպտղության:

-Անպայման: Ընդ որում, դրանք Հայաստանում զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը անպտղության պատճառների թվում: Հորմոնալ խախտումները կնոջ մոտ հանգեցնում են ձվարանների ​ գործունեության վատթարացմանը: Տղամարդկանց մոտ հորմոնալ խանգարումները անդրադառնում են սերմի որակի վրա: Այդ իսկ պատճառով մանրակրկիտ հորմոնալ հետազոտությունն անպտղության բուժման առաջին քայլն է:

-Ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:

-Իմ ուսուցիչ համարում եմ պրոֆեսոր Տատյանա Նազարենկոյին՝ Ռուսաստանում շատ ճանաչված գիտնականի: Եվ հենց նրա հետ էլ որոշեցինք դոկտորական ատենախոսության թեման: Իմ երկրորդ ուսուցիչը ՌԴ ԳԱԱ-ի թղթակից անդամ Քսենյա Կրասնոպոլսկայան է: Այդ երկու գիտնական կանայք մեծ դեր են ունեցել իմ մասնագիտական կյանքում: Մեր համագործակցությունը տեւում է արդեն 18 տարի:

-Ձեր արմատներում բժիշկներ կա՞ն:

-Այո՛: Բժշկությունը մեր ընտանիքում ժառանգաբար անցնում է սերնդեսերունդ: Պապիկիս եղբայրը՝ Արտաշես Թոխիյանը, ոչ միայն հանրապետությունում, այլ ամբողջ Սովետական Միությունում հայտնի վիրաբույժ էր: Հայրս` Էդուարդ Կիրակոսյանը, երկար տարիներ դասախոսել է բժշկական համալսարանի, այնուհետեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոններում (բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ): Մայրս` Նոննա Թոխիյանը, Հայաստանում առաջին ռեֆլեքսոթերապեւտներից է (ասեղնաբույժ): Նույնպես դասախոսել է բժշկական համալսարանում (բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ): Իսկ մորաքույրս պրոֆեսոր Կարինե Թոխունցն է: Ավագ քույրս հոգեբույժ է:

-Ձեր գերբեռնվածությունը ընտանիքին չի՞ խանգարում:

-Ես երջանիկ եմ, քանզի ամուսինս խիստ մեծարանքով ու ըմբռնումով է մոտենում իմ մասնագիտությանն ու աշխատանքին: Բոլոր բարդ իրադրություններում ինձ հետ մտահոգվում են իմ ընտանիքի բոլոր անդամները, եւ այդ ամենն օգնում է ինձ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ի դեպ, նշեմ, որ վերարտադրողական բժշկությամբ զբաղվող բժիշկները մեծամասամբ չեն վարում հղիություն եւ ծննդաբերություն, սակայն ես ե՛ւ հղիություն եմ վարում, ե՛ւ ծննդաբերություն, որպեսզի ձվաբջջից հասցնեմ մինչեւ երեխայի ծնունդ, իսկ ծնված երեխայի ճիչը, իր լայն տարածած ձեռքերը, որոնցով նա կարծես աշխարհն է գրկում, մոռացության է մատնում բարդ ու դժվարին պայքարի ողջ ուղին: Այդ երկար սպասված երեխայի ծնունդն իմ եւ երեխայի ծնողների համառ աշխատանքի արդյունքն է, որը երջանկացնում է շատերին:

-Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

Ւնձ համար, որպես այս կյանքի ձեռքբերում, համարում եմ ամեն նոր երեխայի ծնունդը, որը ոչ միայն երջանկացնում, այլեւ ամրապնդում է կարծես արդեն փլուզվող ընտանիքներ: Այս աստվածահաճո գործն իմ կյանքի իմաստն է: Եվ, չնայած իմ քսանամյա գործունեությանը, նույն ապրումներն եմ ունենում յուրաքանչյուր երեխայի սրտի զարկը լսելիս ու ծնունդն ընդունելիս:

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում թեւածեն սերն ու երջանկությունը, լսվի մանկան չարաճճի ծիծաղն ու խինդը: Թող մարդիկ ապրեն հույս ու հավատով: