Սեդրակ Նարիմանյան

(0 votes)

Մեր ազգը բժիշկներին հարգելու, սիրելու ավանդույթ ունի»

Վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան բժշկության ճյուղ է, որն իրականացնում է ոսկրամկանային համակարգի պաթոլոգիաների ախտորոշումը, բուժումը եւ կանխարգելումը ինչպես տրավմատիկ ծագմամբ, այնպես էլ՝ զարգացող տարբեր հիվանդությունների ժամանակ: Վնասվածքաբանությունը ուսումնասիրում է վնասվածքների պատճառները, դրանց մեխանիզմը, կլինիկան, այսինքն՝ մարդու մարմնի տեղային ու ընդհանուր գործընթացները եւ վիճակները, որոնք առաջանում են արտաքին գործոնների ազդեցության տակ, ինչպիսիք են մեխանիկական, ջերմային (բարձր եւ ցածր ջերմաստիճան), քիմիական, էլեկտրական ու ճառագայթային գործոնները: Վնասվածքաբանությունը մշակում է վնասվածքների եւ դրանց բարդությունների կանխարգելման ու բուժման մեթոդները:

Այս հիվանդությունների բուժման վիրահատական նորագույն մեթոդներին ու եղանակներին է անդրադառնում օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության ոլորտում փորձառու բժիշկ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի, «Ուիգմոր քլինիք» եւ «Աջափնյակ» բժշկական կենտրոնների վնասվածքաբան-օրթոպեդ Սեդրակ Նարիմանյանը: Փորձառու բժշկի հետ ունեցած ընդամենը մեկ հանդիպումն էլ բավական է հասկանալու համար, որ նա բժիշկ է իր ողջ էությամբ ու հոգով։ Բժշկի գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ են առողջացել, ներդրվել են բուժման ժամանակակից ու արդյունավետ մեթոդներ: Մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, եւ հիվանդները հեռանում են կյանքի նկատմամբ հավատը վերագտած ու երախտապարտ: Յուրաքանչյուր մարդ, մասնագետ կյանքի տարբեր ժամանակահատվածներում իր աշխատանքի վերագնահատում է կատարում: Եվ գալիս է մի պահ, երբ զգում ես, որ տվյալ ոլորտում հնարավոր ամեն բան արել ես ու նոր բան ասելու, անելու, ստեղծելու կարիք ունես: Կարծում եմ` այս մոտեցումը բնորոշ է բոլոր ոլորտներում աշխատող ստեղծագործ մարդկանց, ավելին` այն կենսական անհրաժեշտություն է:

ժի՛շկ, ընտրել եք շատ պատասխանատու եւ ռիսկային մասնագիտություն: Ուղղորդողներ եղե՞լ են, ձեր արմատներում բժիշկներ կա՞ն:

-Մասնագիտությունս ընտրել եմ ինքնուրույն, ընտանիքում բժիշկներ, բուժաշխատողներ չեն եղել, ես առաջինն եմ: Ընտրությունը պայմանավորված էր մասնագիտության նկատմամբ հետաքրքրությամբ  եւ մարդկանց օգնելու, բարի գործ կատարելու իմ ներքին ինտուիտիվ պահանջով: Իսկ բժշկությունը, թերեւս, միակ մասնագիտությունն է, որն արտահայտում է հումանիզմի ամենավեհ  որակները:

-Ի սկզբանե որոշել էիք վնասվածքաբա՞ն դառնալ:

-Ոչ, վնասվածքաբանությունն ընտրել եմ հինգերորդ կուրսում, երբ անցնում էինք այդ առարկայի ցիկլային դասընթացները, եւ այն ինձ հրապուրեց: Այն իր մեջ ներառում է, կարելի է ասել, երկու մասնագիտություն՝ վնասվածքաբանություն եւ օրթոպեդիա, դրանցից յուրաքանչյուրը շատ բարդ է եւ պահանջում է ճշգրիտ, համակարգային ու արագ լուծումներ: Կոնկրետ օրթոպեդիա մասնագիտությունն ավելի «գեղագիտական» տարրեր ունի իր մեջ, ու  երբեմն դեֆորմացիաների ուղղումը կարելի է նմանացնել քանդակագործի աշխատանքի:

-Տեղյակ եմ, որ մասնագիտական ասոցիացիայի քարտուղարն եք, ընդհանրապես դրանք ի՞նչ են տալիս բժշկին:

-Ասոցիացիաները մեծ հնարավորություններ են տալիս, առաջին հերթին, բժիշկների շփման, փորձի փոխանակման առումով, ինչպես նաեւ դրանց  աջակցությամբ կազմակերպվում են համագումարներ, որտեղ ներկայացվում է ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա մասնագետների փորձը: Ու մանավանդ երիտասարդ բժիշկների համար այդ ամենը աճի մեծ հնարավորություններ է տալիս: Տեղեկատվական առկա հորձանուտի պայմաններում պրակտիկ բժիշկների համար անհրաժեշտություն է դառնում հավաստի, գիտականորեն հաստատված տեղեկատվության ստացումը, որի տրամադրման մեջ մեծ  դերակատարություն ունեն մասնագիտական ասոցիացիաները:

- Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչն այս բնագավառում:

-Վստահաբար կարող եմ ասել՝ պրոֆեսորներ Վաչագան Պետրոսի Այվազյանին եւ Արմեն Վաչագանի Այվազյանին: Մասնագիտական ուսումնառությունս կլինիկական օրդինատուրայի շրջանակներում, հետագայում նաեւ աշխատանքային գործունեությունս սկսել եմ նրանց գլխավորությամբ՝ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում: Այդ կենտրոնը մի քանի տասնամյակ եղել է վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի «դարբնոցը» Հայաստանում, ու պրոֆեսոր Այվազյանի շնորհիվ կայացել են վնասվածքաբանների մի քանի սերունդներ:

-Կոնկրետ Ձեր գործառույթների մեջ ո՞ր հիվանդություններն են մտնում:

-Ես ավելի կոնկրետ հիմա մասնագիտացված եմ ոտնաթաթի վիրաբուժության մեջ, որը զբաղվում  է ոտնաթաթի բնածին եւ ձեռքբերովի հիվանդությունների ախտորոշմամբ ու բուժմամբ: Իհարկե, Հայաստանում առանձին որպես ոտնաթաթի վիրաբուժություն մասնագիտություն  գրանցված չէ, շատ քիչ են հենց կոնկրետ ոտնաթաթի խնդիրներով զբաղվող մասնագետները, եւ այդ հիվանդությունների բուժմամբ զբաղվում  են օրթոպեդները: Սակայն այս հիվանդությունները բավականին շատ են ու տարածված, առավելապես՝ առաջային հատվածի դեֆորմացիաները, ինչի հետեւանքով էլ  ամբողջ աշխարհում անհրաժեշություն է առաջացել առանձնացնել ոտնաթաթի վիրաբուժությունը որպես առանձին կլինիկական դիսցիպլին:

Ուրախությամբ պետք է նշել որ Հայաստանում եւս օրթոպեդիայի այս ճյուղը զարգանում է, ու նորագույն տեխնոլոգիաներով եւ մեթոդներով այստեղ մենք իրականացնում ենք արդի համաշխարհային մոտեցումներին  համահունչ վիրահատական միջամտություններ:  

Ոտնաթաթի դեֆորմացիաները բազմազան են, սակայն դրանց գերակշռող մասը առաջային հատվածի դեֆորմացիաներն են, որոնց մեջ ամենատարածվածը լայնական հարթաթությունն է, որի հիմնական արտահայտությունը բութ  մատի թեքվածությունն է, այսպես կոչված, «կոճերը»: Երկրորդ հաճախակի հանդիպող պաթոլոգիան երկայնակի հարթաթաթությունն է, որը նույնպես ենթարկվում է վիրահատական ուղղման: Կան վիրահատական ուղղման նորագույն եւ նվազ ինվազիվ եղանակներ, որոնք թույլ են տալիս այդ վիրահատությունը կատարել կարճ ժամկետում ու հիվանդի շատ արագ վերականգնման պայմաններում: Պետք է նշել, որ ոտնաթաթը հենաշարժողական համակարգի հիմնական, այսպես կոչված, «ստարտային» հենարանային կառուցվածքային միավորն է, եւ այնտեղ առաջացող պաթոլոգիաները շատ արագ կարող են հանգեցնել ծնկահոդի, կոնքի ու ողնաշարի կենսամեխանիկայի խանգարման եւ, որպես բարդություն, այդ տեղամասերում պաթոլոգիաների առաջացման: 

եր կարծիքով մեր բժշկությունը համընթաց քայլո՞ւմ է եվրոպական չափանիշներին: 

-Եթե հաշվի առնենք բժիշկների պատրաստվածությունը, մասնագիտական կարողությունները, ունակությունները, գիտելիքները, կարող եմ ասել, որ շատ դեպքերում չենք զիջում եվրոպական մասնագետներին, նրանց մոտեցումներին: Տարբերություն կա մեր եւ իրենց բժշկական համակարգերի միջեւ, առողջապահության կազմակերպման եւ պետության կողմից առողջապահության ֆինանսավորման մեջ, սակայն հուսով եմ, որ հետագայում այդ խնդիրն էլ կլուծվի: Իհարկե, բավականին մեծ է տեխնիկական հագեցվածության տարբերությունը, սակայն այդ առումով առաջընթացը հուսադրող է: Որպես օրինակ կարող եմ բերել օրթոպեդիայում օգտագործվող իմպլանտների բազմազանությունը Հայաստանում. առկա են համաշխարհային համբավ վայելող գրեթե բոլոր ընկերությունների իմպլանտները: 

-Այսինքն՝ մեր առողջապահությունը բարձր մակարդակի վրա՞ է:

-Այո՛: Եթե կոնկրետ ոտնաթաթի վիրաբուժության մասին ենք խոսում, պետք է նշել, որ վերջին տարիներին կատարվում է բոլոր տեսակի դեֆորմացիաների շտկում, ընդ որում, նույն տեխնոլոգիաներով, վիրահատական եղանակներով, որոնք կիրառվում են արտերկրներում: Նույնը վստահաբար կարող եմ ասել նաև օրթոպեդիայի մյուս ճյուղերի վերաբերյալ:

-Ձեր աշխատանքային ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում:

-Եթե բժիշկը համարում է, որ արդեն ձեռք է բերել այն ամենը, ինչ իրեն բավարարում է, նա դադարում է կատարելագործվելուց, իսկ բժշկության բնագավառում ամենակարեւորը, անկախ տարիքից, փորձից եւ մասնագիտական հմտություններից, ամենօրյա կատարելագործումն է, նոր գիտելիքների ձեռքբերումը, այդ գիտելիքների ներդնումը պրակտիկ աշխատանքում, ինչպես նաեւ շփումն այլ բժիշկների հետ, փորձի փոխանակումը: Եվ այդ առումով ձեռքբերումը համարում եմ այն նպատակասլացությունը, որն ամեն օր մասնագիտական առումով կատարելագործվելու է մղում:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին: 

-Կոնկրետ ոտնաթաթի խնդիրների հետ կապված մեզ դիմող հիվանդների թիվը բավականին շատացել է: Դա պայմանավորված է երկու հանգամանքով. դեֆորմացիաները շատացել են, իսկ առողջության հարցում մարդկանց մտածելակերպը վերջին չորս-հինգ տարում, կարծես թե, փոխվել է: Դրան նպաստել է նաեւ բժշկական կուլտուրայի բարձր մակարդակը, մարդկանց ենթագիտակցության բարձրացումը: Մեծահասակների մոտ, ցավոք, դիմելիության կուլտուրան դեռեւս մնում է ցածր: 

-Ի՞նչ կասեք Ձեր ոլորտի երիտասարդ կադրերի մասին:

-Ունենք շատ խելացի երիտասարդներ: Ի տարբերություն նախորդ տարիների, այսօր տեղեկատվական բազան ավելի հարուստ է, հասանելի է համաշխարհային գրականությունը, ավելի շատ են շփումները, փորձի փոխանակումը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, մի խոսքով՝ հնարավորություններն ավելի են շատացել, բժշկության որակն ավելի է բարձրացել, դրա մասին խոսում է նաեւ երիտասարդ բժիշկների մեծ ներգրավվածությունն աշխատանքներին: Կարծում եմ՝ այդ առումով որեւէ խնդիր չունենք: 

-Ընտանիքը չի՞ տուժում Ձեր գերլարված աշխատանքից, գերզբաղվածությունից:

-Իհարկե տուժում է այն առումով, որ ծանրաբեռնված գրաֆիկը ընտանիքի հետ անցկացնելու ժամանակ գրեթե չի թողում, սակայն ընտանիքը, բնականաբար, հարմարվում է այդ մասնագիտությանը, ըմբռնումով է մոտենում:

-Ձեր կարծիքով բժիշկը գնահատվա՞ծ է:

-Կարծում եմ՝ գնահատված է: Իհարկե, առանձին դրվագներով կարելի է նաեւ հակառակն ասել, բայց ընդհանուր առմամբ համարում եմ, որ Հայաստանում բնակչության կողմից բժիշկներին գնահատականը ճիշտ է տրվում: Մեր ազգը բժիշկներին հարգելու, սիրելու ավանդույթ ունի:

-Բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:

-Բժշկությունը կոչում է այն առումով, որ բժիշկն իր գործին պետք է վերաբերվի ոչ միայն որպես զուտ մասնագիտություն, այլ նաեւ որպես արվեստ, ապրելակերպ, ապրի դրանով: Իհարկե, շատ կարեւոր է նաեւ մասնագիտական ակադեմիական մոտեցումը բժշկի աշխատանքին, դրա համար կարծում եմ՝ բժշկությունը ե՛ւ կոչում է, ե՛ւ մասնագիտություն միաժամանակ:

-Բժիշկը պետք է լինի նաեւ հոգեբա՞ն:

-Ես կասեի՝ բժիշկը պարտավոր է լինել հոգեբան: Հիվանդի համար բուժումը սկսելու որոշիչ գործոնը վստահությունն է բժշկի հանդեպ: Իսկ բժիշկը առօրյայում շփվում է տարաբնույթ մարդկանց հետ, ու բոլորի հետ միանման շաբլոն մոտեցումը կարող է վնասել թե՛ բժշկին, թե՛, առավել եւս, հիվանդին: Դրա համար յուրաքանչյուր հիվանդին յուրօրինակ մոտեցում է անհրաժեշտ, իսկ դա պահանջում է նաեւ հոգեբանության որոշակի տարրերի իմացություն: 

-Որպես վերջաբան Ձեր հորդորը հասարակությանը:

-Խորհուրդ կտամ, որպեսզի առավել ուշադիր լինեն առողջության նկատմամբ, հետեւեն  ֆիզիկական վիճակին, խուսափեն սթրեսներից, թեկուզ չնչին անհանգստությունների դեպքում դիմեն մասնագետի, որպեսզի հետագայում չառաջանան  բարդություններ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր